«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանում Սահմանադրության բախտը չի բերում

Հայաստանում Սահմանադրության բախտը չի բերում
18.12.2015 | 01:58

Սահմանադրական բարեփոխումների 11-րդ օրն արդեն խորհրդարանում հավաքվել է 18 ստորագրություն՝ Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար: Գլխավոր հարցը դարձել է՝ կհավաքվի՞ նվազագույն 27 ստորագրությունը, թե՞ ոչ: ՈՒ միաժամանակ՝ բոլորն էլ հայտարարում են, որ ՍԴ դիմելը ոչինչ չի փոխելու՝ ՀՀ Սահմանադրական դատարանը երբևէ որևէ հանրաքվեի կամ ընտրության արդյունքներ չեղյալ չի հայտարարել: Մենք չափազանց պոզիտիվ Սահմանադրական դատարան ունենք: Նույնիսկ արդեն ասվել է, որ մասնավոր զրույցներում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ինքնաբացարկի խոստում է տվել, եթե հարցը, այնուամենայնիվ, ՍԴ մտնի: Փաստացի ստորագրահավաքին ամբողջությամբ ստորագրել են ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ը, եթե Հրանտ Բագրատյանը հասցնի գործուղումից վերադառնալ ու ստորագրել: Նախկին արտգործնախարարներ Ալեքսանդր Արզումանյանն ու Վարդան Օսկանյանն էլ են ստորագրել, թեպետ Ալեքսանդր Արզումանյանը խորհրդարանական կառավարման կողմնակից է, բայց կարևորում է հանրաքվեի լեգիտիմությունը: 18-րդ ստորագրողը Լյուդմիլա Սարգսյանն էր, որ խորհրդարանական մակարդակով մինի սենսացիա է: Իսկ մյուսները սկսել են մանր-մունր առևտուր՝ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը, օրինակ, ասել է, որ 26 պատգամավոր ստորագրի, ինքը պատրաստ է լինել 27-րդը։ Էլինար Վարդանյանը Փարիզում է: Միքայել Մելքումյանի համար «հարիր չի» ինքնանպատակ դիմումի տակ ստորագրելը: «Գլուխգործոցը» Ռուբիկ Հակոբյանն է՝ իբր Սահմանադրության բարեփոխումների պատճառով «ոչ» ասող «Ժառանգությունից» դուրս եկավ, բայց պատրաստ է միանալ ստորագրահավաքին, պայմանով՝ եթե ՀԱԿ-ը հայտարարի, որ այս հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների հիմքերը դրվել են 1995-ի հանրաքվեի ժամանակ։ Սկզբունքայնության գագաթնակետն է՝ խոսք չկա: Փշրվեց նաև ՀՅԴ-ի բյուրեղապակե երազանքը՝ 1995-ից ՀՅԴ-ն հայտարարում էր, որ առաջին Սահմանադրությունը լեգիտիմ չէ, երբ ՀՅԴ-ն մեկ տարի արդեն «Դրո»-ի գործով կամ բանտերում էր, կամ մեկուսացած քաղաքական դաշտից, երբ երեք տարի հետո վերադարձան ու արդեն 2005 առաջինի բազմակի «լեգիտիմ» սահմանադրական բարեփոխում ստացան, նորից առաջինն էին հիշում, հիմա ի՞նչ է ասելու ՀՅԴ-ն 2015-ի հանրաքվեի մասին, որ կատարեց իրենց քաղաքական երազանքը՝ անցումը խորհրդային կառավարման՝ ինչպես եղել է Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակ: ՀՅԴ-ն հիմա գերադասում է լեգիտիմությունից չխոսել, այլ՝ «վստահել հանձնաժողովի մեր անդամների և մեր դիտորդների տեսակետներին, որոնց բերած ինֆորմացիան բավարար եզրակացություն չի տալիս մեզ ասելու, որ «այո»-ն չի անցել»՝ ինչպես Արծվիկ Մինասյանն է ասել։ Նրանք վստահում են իրար կուսակցության ներսում, բայց ինչպես վստահես մի կուսակցության, որ պարբերաբար տեսողության կորուստներ ու վերականգնումներ է ունենում՝ քաղաքական դրդապատճառներով: Մինչդեռ հանրաքվեից առաջ խրոխտ հայտարարում էին, որ չեն ընդունի ընտրակեղծիքներով անցկացված Սահմանադրությունը: Փաստորեն արդեն որոշել էին ասել՝ կեղծիք չի եղել: Հարմար կեցվածք է: Աղվան Վարդանյանն էլ հոգնել է «անընդհատ նույն փոցխի վրա ոտքը դնել», բայց չի ասում՝ փոցխը ինչո՞ւ տեղը չեն դնում: Հընթացս էլ ՀՅԴ-ին է աշխարհի պորտի տեղը դնում ու մեղադրում ՀԱԿ-ին, որ. «Իրենք աշխարհի պորտն են, իրենք իրենց տեղում նստած պիտի մնան, մենք էլ գնանք ասենք՝ վայ, բերեք ստորագրենք»: Աղվան Վարդանյանը կարծում է, որ 800 հազարից ավելի «այո» կա, 400 հազար՝ «ոչ»: Վերջ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, որ ՀԱԿ-ը ստորագրահավաքը սկսել է «դեմքը պահելու համար, ուրիշ ելք չունեին», բայց չի ասում՝ եթե իրենց լեգիտիմ հանրաքվե էր պետք, եթե արդարությունը վերականգնելու համար դիմում էին ներկայացնում ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի համար, ինչո՞ւ Սահմանադրական դատարանին չեն դիմում, որ վերջին կասկածները ցրի: Համենայն դեպս ասեմ՝ գլխավոր դատախազությունն ամփոփել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ ստացված ահազանգերի ուսումնասիրությունները։
«Քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 16-ի դրությամբ ուսումնասիրվել է 487 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ)»,- ասված է դատախազության հաղորդագրությունում, որից պարզվում է, որ 435-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, 14 հրապարակում ուղարկվել է ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 38 դեպքով հարուցվել է քրեական գործ: Հիմա արդեն ԱՄՆ դեսպանատունը կարո՞ղ է ասել, թե իշխանությունները հետամուտ չեն ընտրախախտումների բացահայտմանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀԱԿ-ը, իհարկե, դանայան տակառները լցնելու գործընթաց է ձեռնարկել՝ մինչև վաղը, ժամը վեցը ևս ինը պատգամավոր կստորագրի, թե ոչ՝ կարևոր չէ: ՀԱԿ-ը ոչ թե իր դեմքն է փորձում փրկել, ՀԱԿ-ը փորձում է ապացուցել, որ բոլորն են նույն խմորից ու ոչնչով իրենցից լավը չեն: ՀՀԿ-ն դեռ կարող է հասցնել ու փրկել իր դեմքը՝ ՀԱԿ-ի համար ապահովել ինը և ավելի ստորագրություն ու հարցը մտցնել Սահմանադրական դատարան: Դա շատ ավելի շահեկան տարբերակ է, քան՝ մինչև հաջորդ սահմանադրական փոփոխությունները անվերջ լսել, որ հանրաքվեն կեղծված էր այնքան, որ ՀՀԿ-ն նույնիսկ թույլ չտվեց ՍԴ մտնել: Թեպետ բոլորս էլ գիտենք՝ ինչ որոշում է կայացնելու Սահմանադրական դատարանը Գագիկ Հարությունյանով, թե առանց Գագիկ Հարությունյանի: Ոչ ոք ոչինչ չի կորցնում, ոչ ոք ոչինչ չի շահում, բայց ապահովվում է ժողովրդավարությունը կամ այն, ինչ Հայաստանում այդպես է կոչվում:

Դիտվել է՝ 1152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ