«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ստատուս քվո, որի վրա կրակում են

Ստատուս քվո, որի վրա կրակում են
18.12.2015 | 01:53

Տարին իր լրումին է մոտենում. 52 շաբաթներից 51-ն ապրել ենք: Հասարակական նշանակության խնդիրներից քանի՞սն են լուծվել: Չունեմ վիճակագրություն, որևէ մեկը Հայաստանում այդ խնդիրները չի ցուցակել: Ապրում ենք օրվա խնդիրը օրվա մեջ լուծելու, հիմնականում՝ հետաձգելու ավանդույթով: Չի լուծվել և ԼՂՀ հարցը: Այս հարցը մշտապես Հայաստանի քաղաքական օրակարգում է, և այն եզակի հարցն է, որի լուծումը ուզում են բոլորը, բայց ոչ ոք չի շտապում: Նաև այն եզակի հարցն է, որ շտապողականություն չի ակնկալում: Ստատուս քվոն այսօր նշանակում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակ՝ մինչև բանակցությունները որոշարկեն կոնֆլիկտի կողմերի փոխհարաբերությունները, և ստորագրվի խաղաղության համաձայնագիր: Ստատուս քվոն պահպանվում է հրադադարից հետո, թեև բազմիցս հայտարարվել է, որ արդեն սպառել է իրեն ու չի արտահայտում իրերի իրական վիճակը: Բայց եթե պահպանվում է, ուրեմն արտահայտում է: Այլ հարց է, թե որքանո՞վ է բխում կողմերի շահերից: Ստատուս քվոյի ավարտը երկու տարբերակ ունի՝ խաղաղության համաձայնագիր կամ պատերազմ: Որքան հեռու ենք խաղաղության համաձայնագրից, այնքան մոտ ենք պատերազմին: Վերջին մի քանի տարում մենք իմացանք պատերազմի ամենատարբեր ձևերը՝ գիշերային, սողացող, քնած: Շարունակվող տեղեկատվական պատերազմի պայմաններում: Նյարդերի պատերազմի: Հիբրիդային պատերազմի: Հակառակորդի հետ շփման գծում այս տարի 40 զոհ ենք ունեցել: 40: 40 շիրիմ ավելացավ Հայաստանում: 40 երեխա այլևս երբեք չի ծնվի: 40 ու ավելի: Հողը թեթև լինի նրանց վրա, որ Հայրենիքին տվել են առավելագույնը՝ կյանքը: Ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին: Կրակում են: Այս տարի սկսել են կրակել ծանր հրետանուց ու նույնիսկ տանկով են հրետակոծել: Կրակել են ոչ միայն դիրքերի վրա, այլև գյուղերի: Հայաստանի գյուղերի: Զոհվել են խաղաղ բնակիչներ, որ սահմանից այն կողմ ադրբեջանցի զինվորի կյանքին ոչնչով չէին սպառնում՝ իրենց տանը, այգում ու բակում գտնվելով: Համարժեք պատասխան ստացել են: Ստանում են: Ստանալու են: Դա միակ երաշխիքն է, որ Ադրբեջանը քայլ առաջ չի անի: Չի կարողանալու, իսկ փորձելու է: Համենայն դեպս՝ հայտարարում է: Անդադար հայտարարում է, որ «ազատագրելու է իր հայրենիքը»: «Ագրեսորներից», որ մենք ենք: Ադրբեջանական ագրեսիայի հիմքում ռազմական տեխնիկայի ու թվական գերակշռությունն է, բացարձակ, անմտած ու սանձարձակ ռազմատենչությունը: Նրանք ռևանշ են ուզում, որովհետև պարտվել են: Պարտվել են, երբ ունեին ռազմական տեխնիկայի ու թվական գերակշռություն, բայց պատերազմի աստվածն արդարամիտ էր ու գիտեր՝ ով ում հայրենիքի վրա է հարձակվում, ով ինչ է պաշտպանում, ով պիտի հաղթի: Իսկ աստվածները մարդկանց նման փոփոխամիտ ու թեթևամիտ չեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս տարի էլ մի քանի անգամ տարածաշրջան եկան ու գնացին: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի Ղարաբաղից Ադրբեջան անցնելիս նրանց վրա կրակեցին: Պարզ էր՝ դիմացի՞ց, թե՞ թիկունքից են կրակում, բայց համանախագահները վերստին հերթական անդեմ ու «կողմերին»՛ ուղղված հայտարարությունն արեցին։ Դժվար է դիվանագետի գործը. ոչ կարող է մի կարգին հայհոյել, ոչ մտածածն ասել, ոչ ուզածն անել: Ոտքից գլուխ «կատարյալ» դիվանագետների կողքին առանձնանում էր ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ նախ նա համարյա խմբի ոչ պաշտոնական մամուլի քարտուղարն է դարձել, հետո ակտիվ հանդիպումներ է ունենում՝ վերջերս էլ հանդիպեց ԱՄՆ-ում գտնվող ԼՂՀ արտաքին գործերի նախարարին՝ հարուցելով Ադրբեջանի հերթական նոտան ու ասեկոսեները, որ ԱՄՆ-ը փոխելու է համանախագահին: ԱՄՆ-ը արագ հերքեց ապատեղեկատվությունը: Միևնույն է՝ Բաքուն հնարավոր ջանքերը գործադրում է հակամարտության կարգավորումը Մինսկի խմբից տեղափոխելու միջազգային բոլոր կառույցներ, որտեղ կարող է ստանալ տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը հավաստող գոնե մեկ տող:

Եթե ՖԻՖԱ-ն կամ ՈՒԵՖԱ-ն էլ համաձայնեին, Ադրբեջանը կհայտարարեր, որ միայն ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն են ի զորու անաչառ, միջազգային իրավունքի նորմերից բխող որոշում կայացնել: Ինչո՞ւ: Ադրբեջանն իրականում չունի սեփական որոշումը, թե ինչպես պիտի հարցը լուծվի: Բաքուն խախտում է միջազգային իրավունքը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հավասարազոր սկզբունքներից շեշտը դնելով միայն տարածքային ամբողջականության վրա և շրջանցելով ուժի չկիրառումն էլ, ազգերի ինքնորոշման իրավունքն էլ: Որովհետև ունի ռազմական գերազանցություն և իր լոբբինգով բացահայտ ու անաղմուկ զբաղվող երկրներ ու պաշտոնյաներ: Առաջին հայացքից: Իրականում Բաքվի հույսը ոչ թե նրանց վրա է, այլ սեփական նավթով ու գազով Եվրոպային ապահովելու, և ինչպես Ռուսաստանը, էներգակիրների եվրոպական շուկայում հաստատվելով՝ քաղաքական հարցեր լուծելու: Բաքուն ունի մանևրի հնարավորություն՝ քանի դեռ հետխորհրդային տարածքի միավորումը նոր կազմավորման մեջ՝ մնում է Մոսկվայի քաղաքական, տնտեսական ու ռազմական օրակարգում: Հարցը միայն ԵԱՏՄ-ն չէ: Հարցը տնտեսական մրցակցությունն է: Երբ Հուլիոս Կեսարը բացահայտեց իր դեմ դավադրության կազմակերպիչներին, ի զարմանս Սենատի ու Հռոմի, մահվան դատապարտելու փոխարեն՝ ներեց նրանց ու բարձր պաշտոններ տվեց, այնպիսի պաշտոններ, որ նրանք հայտնվեցին իր անմիջական ենթակայության տակ ու միշտ աչքի առաջ էին: Ինչո՞ւ: Մեծ մարդասե՞ր էր, թե՞ Հռոմում այլ թեկնածու չկար: Կար, մարդասիրությունն էլ պետության ղեկավարների համար հարաբերական է: Հուլիոս Կեսարը թշնամուն վնասազերծելու ու վերահսկելու այն տարբերակն էր կիրառում, որը նոր դավադիրների հասարակական պահանջարկն էր սպանում: Կրեմլը Կեսարի՞ դիվանագիտությունն է կիրառում: Գուցե: Բայց Հուլիոս Կեսարին նրա սենատորները հերթական դավադրության ժամանակ սպանեցին՝ առանց հասարակական պահանջարկի: Ռիգայի գագաթնաժողովում Բաքուն հրաժարվեց ստորագրել եզրափակիչ հայտարարությունը, և Իլհամ Ալիևի փոխարեն Ադրբեջանը ներկայացնող Էլմար Մամեդյարովը ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին ու ԵՄ դիվանագիտության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին փոխանցեց Արևելյան գործընկերության փոխարեն՝ ԵՄ-Ադրբեջան բազմակողմ հարաբերությունների առաջարկ-փաթեթ: Մի քանի օր առաջ ԵՄ-ն արձագանքեց, որ պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ, այն ԵՄ-ն, որի բոլոր կառույցները (բացառությամբ ԵԽԽՎ-ի) բանաձևեր են ընդունել Ադրբեջանի դեմ՝ ժողովրդավարության վիճակից ելնելով: Բաքվին մեկուսացումից դուրս գալու շանս տրվեց: Հավանաբար՝ Բրյուսելը ևս նախընտրում է Կեսարի նվիրական ոտնահետքերով գնալը, որ այսօր նշանակում է սեփական ազդեցության արեալում պահել՝ կանխելով այլոց ներգործությունը: Բաքուն դա համարելու է իր համար մրցակցություն Բրյուսելի ու Մոսկվայի միջև ու փորձելու է օգտագործել: Որքանո՞վ կհաջողվի: Ժամանակի մեջ կերևա: Բաքվին նոր հովանավորներ են պետք, երբ Թուրքիան խորապես խրվել է Մերձավոր Արևելքում ու հատկապես ԻՊ-ի հետ իր փոխհարաբերություններում՝ մի կողմից՝ նավթի առևտուր, մյուս կողմից՝ հակաահաբեկչական կոալիցիայի անդամություն, որն ԻՊ-ի դեմ է պայքարում: Մասնակցությունը կոալիցիային Անկարան օգտագործում է հնարավորինս քրդական զինուժը ոչնչացնելու համար: Դա թուրքական պետական քաղաքականությունն է հարյուրամյակներով. հենց որևէ տեղ կրակում են, Թուրքիան սկսում է իր հարցերը լուծել՝ պետության ներսում ու պետությունից դուրս ոչնչացնելով իր թիրախները: Իսկ թուրքական պետության, որ ստեղծվել է ուրիշների հողի վրա, թիրախում միշտ ոչ մուսուլմաններն են եղել ու ոչ թուրքերը: Անկարան անթաքույց փորձում է վերականգնել Օսմանյան կայսրության տարածքները՝ ի հաշիվ Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի, ինչ հնարավոր է՝ պոկել ու ուրիշի հայրենիքը սեփականը դարձնել: Այս հարցում Բաքուն ու Անկարան հարազատ եղբայրներ են: Ռուս-թուրքական հարաբերությունների ներկան Մոսկվային կզգուշացնի՞ Ադրբեջանի նկատմամբ իր վարած քաղաքականության վտանգավորության մասին, կհասկանա՞ Կրեմլը, որ Բաքվին վաճառվող զենքն առաջին իսկ հարմար առիթի դեպքում ուղղվելու է իր դեմ: Հավանաբար՝ ոչ: ՌԴ նախագահի համար իրականությունը բացահայտվում է, երբ կրակում են: Կրակում են բացահայտ: Այդ ժամանակ նա զայրանում է ու ասում, որ իրեն թիկունքից խփեցին: Բայց ո՞ր զորավարն է թշնամուն թողնում թիկունք թափանցել, թեկուզ դաշնակցի անվան տակ: Անկարան միշտ անհավատարիմ դաշնակից է եղել՝ ռուս-թուրքական պատերազմները դա են վկայում, անցյալ դարասկզբին բոլշևիկյան կառավարությունը ևս խաբվեց՝ Լենինից սկսած: Էնվեր փաշայից՝ Մուստաֆա Քեմալ: Մինչդեռ Մոսկվան հեղափոխական թուրք ասկյար էր որոնում ու համաշխարհային հեղափոխություն էր արտահանում, Էնվերը խոստացավ Միջին Ասիան Մոսկվայի դրոշի տակ բերել ու… տեղ հասնելով բասմաչների ապստամբություն բարձրացրեց: Հերթը հասավ Մուստաֆա Քեմալին, որ բոլշևիկյան ոսկով ու հացահատիկով դիրքերն ամրապնդելով՝ Թուրքիայի Հանրապետություն ստեղծեց ու արագ անցավ Մոսկվայի թշնամիների կողմը: Հայրենական պատերազմի ժամանակ Թուրքիան, հակառակ, որ Երկրորդ աշխարհամարտում չեզոքություն էր պահպանում, պատրաստ էր սահմանը հատել, երբ գերմանացիները Ստալինգրադը գրավեին: Եվ ինչո՞ւ պիտի Ռեջեփ Թայիբ Էրդողանը շեղվի իր նախնիների ու նախորդների ավանդույթներից ու օրակարգից: Ժամանակները փոխվել են, իսկ շահերը նույնն են:
Երբ այս պայմաններում հանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, ի՞նչ են քննարկելու: Կանդրադառնա՞ն ԱՄՆ 80 կոնգրեսմենների առաջարկին՝ երեք կոնկրետ քայլ տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության համար: Կհամաձայնի՞ Իլհամ Ալիևը դիպուկահարներին հանել շփման գծից, ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող կրակորսիչ համակարգեր և ձայնային սարքավորումներ տեղակայել՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար, և ԵԱՀԿ դիտորդներ՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերը վերահսկելու համար: Կբացատրի՞՝ ինչու էր պաշտպանության նախարարը հայտարարել. «Մենք պատրաստվում ենք էլ ավելի ավերիչ հարձակումներ իրականացնել»: Սերժ Սարգսյանը կշնորհավորի՞ խորհրդարանական ընտրություններում «Ենի Ազերբայջանի» աներկբա ու անայլընտրանք հաղթանակը, կհարցնի՞՝ տանկերն ինչու եք մեջտեղ բերել, չգիտե՞ք, որ մենք էլ ունենք: Կասի՞՝ ես ՀՀ նախագահն եմ, իսկ Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէ, հաջորդ անգամ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ եմ գալու, կամ՝ չեմ գալու: Դուք եք, չէ՞, ասում «ադրբեջանաղարաբաղյան կոնֆլիկտ»: Եթե Ադրբեջանը միայն պատերազմ է դավանում, Հայաստանը՝ խաղաղություն, կարմիր գիծը գծվե՞լ է: ԼՂՀ կարգավիճակի հարցը ե՞րբ և ինչպե՞ս է պարզվելու: Գերտերություններից որի՞ն ի՞նչ է պետք տարածաշրջանում՝ տարատեսակ պատերազմնե՞ր, թե՞ համընդհանուր խաղաղություն: Ինչքա՞ն ու մինչև ո՞ւր են նրանք պատրաստ հասնել իրենց շահերի պաշտպանության մեջ ոչ պատերազմի, ոչ խաղաղության շրջանակներում: Առասպելական «մեկ միլիոն փախստականները» կա՞ն ու ուզում են վերադառնա՞լ, Բաքուն պատրա՞ստ է Ադրբեջանից բռնագաղթվածներին ընդունել: Հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ հայտարարություն կանեն՝ հանուն խաղաղության բանակցային գործընթացը պարտադիր շարունակելու անհրաժեշտության մասին, նախագահները կվերադառնան իրենց երկրները, որոնց բնակիչները ամեն առավոտ անհամբեր լուրեր են կարդում, որ իմանան՝ ինչպես է անցել գիշերը շփման գծում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իլհամ Ալիևը պետք է շտապի, եթե մինչև 2018-ը չհասցնի սովորել Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքները, հետո այլևս Սերժ Սարգսյանին չի տեսնելու: ՀՀ նախագահին էլ չի հանդիպելու: Միայն՝ վարչապետին: Բայց դա մանրուք է, իսկ գլխավորը ստատուս քվոն է, որի վրա կրակում են և որը կրակում է, իսկ վառոդի մեջ ապրում է մահը:

Դիտվել է՝ 1353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ