«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կ. Պոլիսը սեպտեմբերի 6-7-ից հետո 1955-ին դարձավ Ստամբուլ

Կ. Պոլիսը սեպտեմբերի 6-7-ից հետո 1955-ին դարձավ Ստամբուլ
18.12.2015 | 00:54

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Մենք հասել ենք համարյա անցյալ դարակեսին, ի՞նչ էր կատարվում հետո Թուրքիայում հայերի հետ:
-1938-ին Դերսիմի ցեղասպանությունից մինչև 1955-ը հայերիս հետ տեղի ունեցավ ևս երեք շատ կարևոր իրադարձություն, որոնցից յուրաքանչյուրը ցեղասպանության անհերքելի դրսևորումներ էր պարունակում։ Երկրորդ համաշխարհային պատերազմում իբր թե չեզոքություն պահպանող Թուրքիայի Հանրապետությունը, օգտվելով պատերազմի քաոսային վիճակից, երկրում 27-40 տարեկան բացառապես հայ, հույն և հրեա տղամարդկանց 1941-ի ապրիլին բանակ զորակոչեց և նրանց իբրև «Աշխատանքային գումարտակի» զինվորներ՝ անտանելի բնակլիմայական պայմաններում և վայրերում ճանապարհաշինարարության, թունելների բացման, և այլ ծանր գործերում իբրև բանվորական ուժ օրական մի նեխած սև հացի դիմաց աշխատեցրեց։ Այդ մարդկանց մեծ մասը բանակում արդեն ծառայած ու զորացրված, գրեթե բոլորը ամուսնացած, ընտանիք կազմած ու փոքր երեխաների տեր մարդիկ էին, սակայն ինչպես ֆաշիստական Գերմանիան էր սեփական քաղաքացիներին համակենտրոնացման ճամբարներում ռազմագերու կարգավիճակով պահում, նույնն անում էր նացիստների «գաղտնի դաշնակիցը» և նրանց մյուս զինվորներից տարբերելու միտումով սրճագույն համազգեստներ հագցրած Թուրքիան։ Մոտ 12 հազար հոգու ուղարկեցին ճահճուտներ, որտեղ մոծակներ էին վխտում, տարածված էր մալարիան, խոնավությունից, ցեխից և շոգից խեղդվում էին: Նրանց օգտագործեցին Զոնգուլդակի թունելի շինարարության, Անկարայի Երիտասարդության զբոսայգու կառուցման, Աֆյոնկարահիսար, Կարաբյուք, Կոնիա, Քյութահիա նահանգներում քար ջարդելու, ճանապարհ բացելու և այլ ծանր աշխատանքներում: Այս մղձավանջը տևեց մինչև 1942-ի օգոստոսը, և այդ տարաբախտ գումարտակներում դաժանագույն աշխատանքներ կատարողները թեկուզ շատ հյուծված ու հիվանդ, միայն կաշին ու ոսկորը մնացած՝ մի կերպ տուն վերադարձան։
-Տնտեսական «պատժամիջոցնե՞ր» էլ եղան:
-Այս աղետից երեքուկես ամիս էլ չէր անցել, երկրի հայ, հույն և հրեա փոքրամասնության գլխին ավելի մեծ աղետ եկավ։ Իմ ընտանիքից մշտապես իբրև «տնտեսական ցեղասպանություն» եզրույթով լսածս եղելությունը մերոնց «անիծյալ» անվանած «ՈՒնեցվածքի հարկն» էր: 1942 թ. նոյեմբերի 11-ին Շյուքրյու Սարաջօղլու անունով, Ադոլֆ Հիտլերի երկրպագու լինելը չթաքցնող, ծայրահեղ ազգայնամոլ վարչապետի գլխավորած կառավարությունը իբրև թե պատերազմի ժամանակ առաջացած ֆինանսական խնդիրները հաղթահարելու հիմնավորմամբ մեջտեղ բերեց «ՈՒնեցվածքի հարկը»: Թիրախ ընտրված հարկատուների 87 տոկոսը ոչ մուսուլմաններն էին: Հայ առևտրականներն ու խանութպանները պիտի հարկվեին իրենց կապիտալի 232 տոկոսով, հրեաները` 179 տոկոսով, հույները` 156 տոկոսով, որպեսզի քաղաքացիների միջև խտրականություն չդրվի, մուսուլման թուրք առևտրականներն էլ պիտի հարկվեին, բայց 4,94 տոկոսով: Նրանց, ովքեր անհնար հարկերը չէին կարողանում երկու շաբաթվա մեջ պետական բյուջե մուծել, ուղարկում էին Էրզրում՝ Աշքալեի, Էսկիշեհիր՝ Սիվրիհիսարի, Նիղդե՝ Քարանլըքդերեի աշխատանքային ճամբարներ: Այդ ընթացքում հավաքված հարկերը կազմեցին 394 միլիոն լիրա, որը պետական բյուջեի 80 %-ից ավելին էր։ Ըստ 1935 թ. մարդահամարի տվյալների՝ երկրի ազգաբնակչության միայն 1,98 %-ը կազմող ոչ իսլամ փոքրամասնությունից էր այդքանը հավաքվել։ Մինչև 1944-ի մարտը տևած «ՈՒնեցվածքի հարկի սարսափի» ժամանակ շատերը կորցրին իրենց ամբողջ ունեցվածքը, ոմանք` կյանքը, ոմանք` պատիվը, գրեթե բոլորը` Հանրապետական Թուրքիայի հանդեպ հավատը: Սակայն ամենասարսափելի հետևանքը երկրի իրական բնիկներ հայերին և հույներին ուղղված «Դուք այս երկրի լիիրավ քաղաքացին չեք» ուղերձն էր, որ բերեց վստահության կորուստ և այդ սերնդի մարդկանց կյանքում ու հիշողություններում շատ ցավալի հետքեր թողեց: ՈՒստի եղածը պետք չէ ազգային փոքրամասնություններից անօրինական հարկահանություն ընկալել կամ այդպես անվանել, ստիպողական արտագաղթի շատ ավելի հեռուն գնացող քաղաքականություն էր, որ իր նպատակին հասավ։ Այդ տագնապալի շրջանին հետևող տարիներին ազգային փոքրամասնությունների թվաքանակը երկրում նախ՝ 1,56 %-ի, իսկ 1955-ին Կ. Պոլսի աղետից հետո 1,08 %-ի ընկավ։ «ՈՒնեցվածքի հարկի» անվան տակ պետական մակարդակով կողոպուտի օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուն իրենց «Այո»-ներով մասնակից ու մեղսակից դարձան հայազգի պատգամավոր Գրիգոր Պերճ Քերեսթեջյանն ու հույն պատգամավոր Իսթամաթ Օզդամարին: Նրանք սեփական ժողովուրդների գլխին բերված աղետի անմիջական մասնակիցների մեղքը գործած լինելով՝ մինչ օրս էլ անիծվում են։
-Պատերազմի ավարտը փոփոխություններ չբերե՞ց: Գերմանիայի պարտությունը ոչինչ չփոխե՞ց:
-Երկրորդ համաշխարհայինի ավարտից քիչ հետո, 1946 թ. առաջին անգամ թույլատրվեց համալսարանավարտ ոչ մուսուլմաններին ևս բանակում ծառայել որպես պահեստային սպա: Մինչ այդ, անկախ իրենց ուսման մակարդակից, ոչ մուսուլմանները բանակում կարող էին միայն շարքային զինվոր լինել՝ առանց զենքի: Սակայն օրենքով թույլատրված լինելով հանդերձ՝ մինչև այսօր էլ Թուրքիայի զինված ուժերում ոչ մուսուլման ոչ մի հրամանատար չի եղել և հետո էլ հազիվ թե լինի:
1946-ին Մուստաֆա Քեմալի կողմից նախկին իթթիհադականների բազայի վրա հիմնադրված ժողովրդա-հանրապետական կուսակցության 9-րդ բյուրոյի հրապարակած «Փոքրամասնությունների զեկույցում» կա մի պարբերություն, որ բացահայտ նշում էր ազգային փոքրամասնություններին երկրից հեռացնելու խնդիրը. «Ստամբուլում հատկապես հույների դեմ լուրջ միջոցներ պետք է ձեռնարկենք: Այս իմաստով անհրաժեշտ է իմանալ, որ պետք է ամեն ինչ անել Ստամբուլի զավթման 500-ամյակին այս քաղաքում մեկ հույն անգամ չթողնելու համար»: Ըստ զեկույցի` նախքան այս խնդրի լուծմանն անցնելը պետք էր Անատոլիայի մնացած հատվածներն էլ ոչ մուսուլմաններից մաքրել: Առիթն առավել քան նպաստավոր էր, որ երկրի ամբողջ հայությունը կարողանար Խորհրդային Հայաստանում հաստատվել, սակայն ընդդեմ Ստալինի կողմից 1945-1947-ին Թուրքիային պաշտոնապես ներկայացված Կարս-Արդահան-Արդվինի հողային պահանջի, նրանց այդ հողերում բնակեցման վտանգից զերծ մնալով, այդ ծրագիրը խափանելու համար հայերին չթույլատրվեց դեպի իրենց հայրենիք ներգաղթի կազմակերպումը։ Իմ ծնողներն էլ հազարավոր հայերի հետ, օրեր շարունակ հերթ էին կանգնել, դիմումներ լրացրել ու հանձնել Կ. Պոլսի Խորհրդային դեսպանություն, որ ժամ առաջ կարողանային իրենց ծննդավայրերը լքելու գնով ընդմիշտ հաստատվել սեփական հայրենիքում, սակայն այս երազանքը չիրականացավ։ Գրեթե նույնը կատարվեց նաև 1948-ին, երբ թուրքաբնակ հրեաները որոշեցին գաղթել նորաստեղծ Իսրայել, ինչպես հայերը` Հայաստան, տարիներ շարունակ նրանց երկրից փախչել տալու համար ձեռքից եկածն արած պետությունը և այդ պետությունից հովանավորվող ազգայնամոլ մամուլն այս անգամ էլ դեպի իրենց պետությունները գաղթել ցանկացող հայերին և հրեաներին սկսեց «դավաճան» համարել:
-Հետո այդ ալիքը մարե՞ց, թե՞ ավելի խորացավ:
-Այս անտանելի ընթացքը շարունակվեց երկար, մինչև քեմալական ժողովրդա-հանրապետական կուսակցության 9-րդ բյուրոյի 1946-ին հրապարակված «Փոքրամասնությունների զեկույցում» նախանշված՝ «Ստամբուլի զավթման 500-ամյակին այս քաղաքում մեկ հույն անգամ չթողնելու» ֆաշիստական պատգամն իրականացնելու հարմար առիթի սև օրերը։ Կիպրոսի խնդրով Լոնդոնում եռակողմ կոնֆերանսի ժամանակ Թուրքիան «իր ձեռքը» զորեղացնելու համար 1955 թ. սեպտեմբերի 6-7-ին գլխավորապես Կ. Պոլսի հույների դեմ հարձակում կազմակերպեց: Հոսանքը տարածվեց նաև Զմյուռնիա-Իզմիր, Ադանա և Տրապիզոն, դեպքերը չսահմանափակվեցին միայն հույներով, հայերն ու հրեաներն էլ անմասն չմնացին: Սեպտեմբերի 6-ին և 7-ին Կ. Պոլսի ջարդերի հիմնական թիրախը քաղաքի 150000-անոց հունական համայնքն էր։ Քաղաքի հայ բնակչությունն ու նրանց ունեցվածքը ևս զոհ գնացին ջարդերին։ Ջարդերը կազմակերպել էր թուրքական կառավարությունը, Թուրքիայի գաղտնի սպասարկության նախաձեռնությամբ իրենց գործակալներից մեկը ռումբ էր տեղադրել Հունաստանում Մուստաֆա Քեմալի ծնված տան դռան շեմին, որի պայթյունը վերագրվեց Սալոնիկի հույն բնակչությանը: Ռումբի պայթյունից միայն կոտրվել էին տան դռների ու պատուհանների ապակիները, փոխարենը Կ. Պոլսում խումբ-խումբ բաշիբոզուկ խուլիգաններին տրվել էր զանգվածային ջարդերի, բռնաբարությունների, թալանի հրաման։ 48 ժամում ավերվել ու թալանվել էին հույներին և հայերին պատկանող 4348 խանութ, 110 հյուրանոց, 27 դեղատուն, 23 դպրոց, 21 գործարան, 73 եկեղեցի, 2 վանք, 1 սինագոգ, 1500 բնակարաններ:
-Միայն թալանո՞ւմ էին, թե՞ նաև սպանում էին:
-Սպանությունների հրահանգ չէր տրվել, այնուամենայնիվ, մեկ գիշերում սպանվել էր 16 հույն և 2 հայ, բռնաբարվել էին հայ և հույն բազմաթիվ քաղաքացիներ` անկախ տարիքից և սեռից: Ըստ պաշտոնական թվերի` հարձակումների էին ենթարկվել 5300-ից ավելի մարդ, իսկ ոչ պաշտոնական թվերի համաձայն` մոտ 7000 մարդ, հասցվել էր տասնյակ միլիոնավոր դոլարի վնաս: Պոլսում ապրող 150-հազարանոց հունական համայնքից հիմա մնացել է ընդամենը 2500 հույն: «Սեպտեմբերի 6-7»-ին Կ. Պոլսում բռնկված հակահունական պոռթկումներից տուժած մեծ թվով հայեր ստիպված են եղել արտագաղթել Ֆրանսիա, Կանադա և ԱՄՆ: Կ. Պոլիսը եղել է հանրապետական Թուրքիայի վերջին քաղաքը, որը բռնի ուժով քրիստոնեաթափվել է, իսկ այդ ջարդն ու թալանը մինչ օրս չի դատապարտվել: Հունաստանը բազմիցս բարձրաձայնել է ջարդերի մասին, սակայն Թուրքիան իր զանգվածային բռնարարքի համար չի պատժվել։ Կ. Պոլիսը սեպտեմբերի 6-7-ից հետո 1955-ին դարձավ Ստամբուլ։ Սեպտեմբերի 6-7-ը Հունաստանում հիշատակվում է այնպես, ինչպես ապրիլի 24-ը` Հայաստանում:


-Իսկ հայոց պատրիարքարանը ի՞նչ դեր ուներ հայության կյանքում:
-Իր հողերում ապրել շարունակող հայության դեմ 1915-ից հետո ևս չընդհատված ցեղասպանության տարաբնույթ դրսևորումների այսքան տխուր դեպքերի կողքին, երևի թե հրաշքով, այնուամենայնիվ, տեղի ունեցած միակ շատ լուսավոր իրադարձությունը, որ ուղղակի կապված է թե Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայության և թե իմ կենսագրության հետ, առնչվում էր պատրիարքարանին: 1461-ից Կ. Պոլսում գոյություն ունեցող Հայոց պատրիարքարանն իր ողջ պատմության ընթացքում երեք անգամ ստիպված է եղել գործունեությունը դադարեցնել։ Առաջինը՝ 1915 թ. Թալեաթ փաշայի հրամանով, երբ 1913-ին պատրիարք ընտրված Զավեն Տեր-Եղիայանն աքսորվել է Բաղդադ ու միայն 1919-ին աքսորյալ պատրիարք հայրը վերադառնալով՝ ստանձնել է իր պարտականությունները մինչև 1922-ը: Երկրորդ անգամ քեմալականներն են նրան ստիպել իր պաշտոնը լքելով ընդմիշտ հեռանալ երկրից։ Մինչև Մեսրոպ Նարոյան Մշեցի պատրիարքի Կ. Պոլսում գահակալությունը, 1922-27-ին պատրիարքական աթոռը թափուր էր։ Նույնը երրորդ անգամ կրկնվել է Պատրիարք հոր 1944-ին վախճանվելուց հետո: 1944-50-ին չկար աթոռակալ պատրիարք։ Քանի որ ըստ Թուրքիայի օրենքների՝ այդ պաշտոնում կարող է ընտրվել միմիայն Թուրքիայում ծնված հայ հոգևորականը, Անկարան կանգ է առնում այդ ժամանակ Լատինական Ամերիկայի հայկական համայնքների առաջնորդ, ծնունդով տրապիզոնցի Գարեգին սրբազան Խաչատուրյանի թեկնածության վրա: Սրբազանն առաջարկությունն ընդունելու դիմաց պայման է դնում՝ Թուրքիայի հայության հոգևոր կարիքները հոգալուն անհրաժեշտ ճեմարան ունենալու հնարավորության ընձեռումը։ Չնայած Լոզանի պայմանագրով հայերին դպրության նորաստեղծ կառույցներ ունենալու արգելքին, շնորհիվ դեմոկրատ կուսակցության երևելիներ, հայազգի Անդրե Վահրամ Բայարի, Մկրտիչ Շելլեֆյանի և Զաքար Թարվերի, պետական բարձր մակարդակով հարցը դրական լուծում ստացավ: 1950 թ. Տ. Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանը Արգենտինայից Կ. Պոլիս է ժամանում և ընտրվում Թուրքիայի Հայոց 81-րդ պատրիարք։ Իր գահակալության առաջին գործը լինում է հիասքանչ Բոսֆորի բարձրադիր բլուրներից մեկին Սկյուտարի սոխակ Պետրոս Դուրյանի շիրիմից ոչ հեռու գտնվող պատմական Սուրբ խաչ եկեղեցուն կից հողատարածքում սկսել ու երեք տարում ավարտին հասցնել նորակառույց մի շենք, որն անվանվում է Սուրբ խաչ դպրեվանք։ 1953 թ. դռները բացած գիշերօթիկ վարժարանի բոլոր սաներն առանց բացառության լինում են դեռևս Պոնտոսում, Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Գամիրքում, Կապադովկիայում և Թրակիայում ապրող 1915-ի եղեռնից մազապուրծ հայերի որդիները։ Մեծ եղեռնից հետո սա Թուրքիայի Հանրապետությունում հայության անունից պաշտոնապես գործող միակ հիմնարկի՝ պատրիարքության ջանքերով իր կորցրած նախկին իրավունքներն ու դերը վերականգնելու առաջին փորձն էր, որը, ի հեճուկս Լոզանի, հաջողվել էր ստեղծել ու կայացնել: Նորաբաց կրթօջախը երկրի տարբեր հատվածներում գոյատևող հայկական համայնքների մտահոգևոր զարթոնքին նպաստելով, իր կրթական ծրագրի հայեցիությամբ նպաստելու էր հայկական ցրված համայնքների համախմբմանը, ազգային ինքնուրույնությանն ու հայոց լեզվի և մշակույթի պահպանմանը: Ի սկզբանե եղել են թե՛ միջնակարգ, թե՛ լիցեյ և թե՛ հոգևոր կրթության համար նախատեսված ընծայարանի բաժիններ։ Թուրքական կառավարությունը, սակայն, 1967-ին դպրեվանքի ընծայարանի բաժինը փակել է՝ վերածելով Սուրբ խաչ լիցեյի։ Ամեն ամռան արձակուրդներին ՍԽԴ-ի սաները շրջել են ամբողջ երկրով մեկ և ինքնության կորստի դեմ հանդիման գտնվող հայության բեկորներ են փնտրել, գտել ու նրանց համոզել իրենց զավակներին մայրենի լեզվով սովորելու նպատակով Պոլիս՝ հայկական վարժարան ուղարկել։ Այսպիսի մի ամառ էլ, 1915 թվի մնացորդների մնացորդներից մեկի զավակս, կարծես ի հեճուկս թշնամու Հայոց Էրգրում ծնվածներից մեկը հանդիսացող ես ևս, ծնողներիս համաձայնությամբ Պոլիս ուղարկվածներից էի։ Դպրեվանքը յուրօրինակ մի դարբնոց էր, որտեղ ցեղասպանությունից հետո վերստին գործի էր դրվել իր հողի վրա ապրողներիցս գիտակից հայ մարդ ձևավորելու գործընթացը։ Այդտեղ, երջանկահիշատակ Գարեգին պատրիարք Խաչատուրյանի ստեղծած այդ սուրբ կրթօջախն այն եզակի վայրն էր աշխարհում, ուր ամեն ինչ պատկանել է բոլորին՝ մանկությունը, գիտելիքը, խաղերը, սերը, կարոտը, Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան, ամեն ինչ և ամեն վայրկյան պատկանել է մեզ՝ բոլորիս։ Ամեն ինչ ընդհանուր էր և ամենքիս համար։ Մեկս եղել է բոլորի համար, բոլորը եղել են թե մեկիս, թե բոլորիս համար։ Չգիտեմ՝ Կ. Պոլսի Սուրբ խաչ դպրեվանքի նմանը կա՞ աշխարհում, թե՞ ոչ, այդ պատերից ներս անցկացրած գիշերօթիկ վեց տարիների ընթացքում եմ դարձել՝ ինչ կամ։ Լինելով Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի վերջին հայ մոհիկանների շառավիղներից՝ իմ փրկված հայկական ինքնությունը պարտական եմ Սուրբ խաչ դպրեվանքին։


(շարունակելի)
Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ