«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Միջազգային ահաբեկչությունը որպես «հիբրիդային պատերազմի» եղանակ

Միջազգային ահաբեկչությունը որպես «հիբրիդային պատերազմի» եղանակ
04.12.2015 | 00:57

Հետադարձ հայացք նետելով վերջին թե՛ ամիսների, թե՛ տարիների ահաբեկչության բոլոր դրսևորումներին, ակամա միտք ես անում այն մասին, որ ահաբեկչությունն այլևս ուժեղի դեմ թույլի քաղաքական պայքարի եղանակ չէ։ Ասենք, օրինակ, թույլ (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության սահմաններում) կաթոլիկ իռլանդացիները պարզապես այլ հնարավորություն չունեին պայքարելու հանուն Օլսթերի ազատության՝ անհագ Անգլիային Իռլանդական հանրապետական բանակի (ԻՀԲ) դրոշի ներքո ահաբեկչական պատերազմ հայտարարելուց զատ։ Կամ՝ իրենց քուրդ համարող ժողովուրդներն ու ցեղերն այլ կերպ չէին կարող պայքարել ֆաշիստական Թուրքիայի դեմ (նույնիսկ ոչ թե հանուն անկախության, այլ հանուն քուրդ համարվելու իրավունքի)՝ քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դրոշի ներքո տեռորից ու դիվերսիաներից զատ։ Սակայն մոտավորապես Աֆղանստանում խորհրդային բանակի «ինտերնացիոնալ պարտքի» կատարման ժամանակներից ի վեր ահաբեկչությունը, ըստ էության, վերածվել է այն բանի տիպական մարտավարության, ինչ հիմա անվանում են «հիբրիդային պատերազմ»։ Եվ, ի դեպ, ժամանակին այս արտահայտությունը շրջանառության մեջ են դրել նրանք, ովքեր ահաբեկչությունն ի սպաս էին դրել նույն ԽՍՀՄ-ի դեմ ուղղված ռազմավարական պայքարի շահերին. խոսքը ԱՄՆ-ի կառավարող ու զինվորական շրջանակների մասին է։
Բազմամյա ահաբեկչական ակտեր, թվում է, «ժողովրդավարացված» Իրաքում, նույնքան «ժողովրդավարացված» Աֆղանստանում, երբեմնի մերձավորարևելյան «Շվեյցարիայում»՝ Բեյրութում, բազմաչարչար Սիրիայում... Իսկ 2014-15-ի դրությամբ, Դոնբասի քաղաքացիական բնակչության դեմ պետական մակարդակով կատարված ահաբեկչական ակտեր։ Ավելի խոր գնանք՝ կատաղի ահաբեկչություններ հնդկական Մումբայում։ Որպես կանոն, այդ ահաբեկչական ակտերն ու դրանց զոհերն այնքան էլ չեն հուզում տխրահռչակ «քաղաքակիրթ արևմտյան աշխարհին»։ ՈՒ բավական է, որ ինչ-որ բան տեղի ունենա, և այն էլ տարվա ընթացքում երկու անգամ, եվրոպական Փարիզում, ցասման ու բողոքի ալիքներ են բարձրանում։ Բավական է նշել «11.09.2001» թիվը՝ և «քաղաքակիրթները» դառնում են վշտաբեկ։ Կամ արտասանել «Ցարնաև եղբայրներ» ու «Բոստոնյան մարաթոն» բառերը՝ և «քաղաքակիրթները» դառնում են համակ սուգ ու ցասում... Նույնիսկ Սինայի երկնքում խփված ռուսական Սու-24-ը և Մի-8-ը, ընդ որում՝ բացահայտորեն ահաբեկիչների ձեռքով, զոհված երկու ռուս զինծառայողները նույնպես առանձնապես չեն շարժում «քաղաքակիրթ աշխարհի» գութը։ Միայն կոշտ ու համարժեք պատասխանից հետո Արևմուտքն արթնացավ և սկսեց խմբովին ափսոսանք ու ցավակցություն հայտնել։ Բայց ոչ դատապարտման խոսքեր Թուրքիայի ու նրա անպատասխանատու կառավարության հասցեին։ Կարևոր է, որ Հայաստանն ու հայ ազգը հասկանան այս ամենը։
Հենց մենք ենք աշխարհում առաջինը պետական ամենաբարձր մակարդակով կազմակերպված ահաբեկչական բնույթի հարձակումների ենթարկվել։ Ովքե՞ր էին այն աֆղան «դուշմանները», որոնք Անդրկովկաս էին եկել ու կռվում էին Արցախի և Հայաստանի դեմ։ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և ամերիկյան, թուրքական, պակիստանյան և այլ հետախուզական ծառայությունների լափակերները։ Ովքե՞ր էին չեչեն ահաբեկիչներ Շամիլ և Շիրվանի Բասաևները, որոնք ևս Անդրկովկասում կռվում էին մեր դեմ։ Դեռ 1999-ից նրանք աշխարհի կողմից ճանաչված են իբրև միջազգային ահաբեկչության շղթայի օղակներ։ Իսկ «Իսլամական պետություն» խմբավորման նկատմամբ Թուրքիայի «խնամակալությամբ» տեղի ունեցող իրադարձություններն ապացուցել են, որ չեչենական և Հյուսիսային Կովկասի մյուս ահաբեկիչները թուրքական MIT հատուկ ծառայության մարտական ջոկատն են, իսկ այդ տականքներին ֆինանսավորել են Սաուդյան Արաբիան, Կատարը, Բահրեյնը... Ովքե՞ր են անգամ Թուրքիայում ահաբեկիչներ ճանաչված և արգելված «Բոզ կուրդ» («Գորշ գայլեր») կազմակերպության զինյալները, որոնք օրերս երկու ռուս սպանեցին... Սիրիայում։ Ըստ էության, սրանք ևս թուրքական MIT հատուկ ծառայության առանձնակի ջոկատի զինյալներ են։ Իսկ մենք, ի՞նչ է, մոռացե՞լ ենք, թե հենց նույն «Բոզ կուրդ»-ի անդամ որքան թուրք վարձկաններ էին մեր դեմ կռվում Արցախում, և իբր «թուրքական կառավարությունը տեղյակ չէր այդ մասին»։ Հերիք ձևացնենք ու «հանդուրժող ժողովրդավարություն» խաղանք, ժամանակն է իրերն իրենց անուններով կոչելու։ Իսկ հետևությունը կասկած չի հարուցում. ԱՄՆ-ը, Թուրքիան, Պարսից ծոցի ամեն տեսակի արաբական միապետությունները, Պակիստանն ու այլք ահաբեկիչների ձեռքով կռվում էին Հայաստանի, Արցախի, ամբողջ հայ ազգի դեմ։ Չէ՞ որ 1991-94 թթ. պաշտպանական պատերազմն իրոք մեր համազգային գործն էր։
Հիմա, իհարկե, ավելի հեշտ է. նպատակակետը, ինչպես և «11.09.2001»-ից հետո, վերջապես, նշված է. «Իսլամական պետություն» կամ «խալիֆայություն», և պետք է ոչնչացնել։ Բա ո՞նց։ Սակայն միջազգային ահաբեկչությունը, որպես «հիբրիդային պատերազմի» եղանակ, փորձարկեցին հենց մեզ՝ հայերիս վրա։ Իսկ ի՞նչ կասեք բոլոր նրանց ոչնչացնելու մասին, ովքեր ստեղծեցին այդ ԻՊ խմբավորումը և նրան առատորեն ողողեցին ֆինանսներով, այնպես որ, արդեն 2014-ի ամռանը այն թափթփուկների (ինչու չէ՝ նույն Ալ Քաիդայի) աննշան խառնակույտից հանկարծ վերածվեց ամենակուլ հրեշի։ Ապուշն իրենք են։ Ո՞վ չի հասկանում, որ դա ինչ-որ «Աբու Բաքր ալ Բաղդադի» կամ էլ մեկ այլ «աբու բաքր» չէ, թեև այդ անձնավորությունը, քանի որ արքավայել ապրում է ամերիկյան գաղտնի բանտերից մեկում, չի կարող համարվել ո՛չ իրաքցի, ո՛չ էլ արաբ։ Մի՞թե «աբուբաքրներն» են ստեղծել «դուշմանների» շարժումն Աֆղանստանում, իսկ ավելի ուշ, այդ հիմքի վրա ամեն տեսակի «ալքաիդաները», «թալիբանները» և այլ հանցախմբեր։ Գոնե մեկ-մեկ կարդացեք պարոն Զբիգնև Բժեզինսկու խոստովանությունները, եթե դեռ այն կարծիքին եք, թե արդի աշխարհում ահաբեկչությունն ու ահաբեկիչները նման են խեղճուկրակ անզեն իռլանդացիներին ու քրդերին։ Եվ, ի դեպ, նույն ԻՀԲ-ն ու քրդական աշխատավորական կուսակցությունն էլ են ծառայեցնում իրենց նպատակներին, այնպես որ, ահաբեկչության ուղին բռնած խմբավորումներից և ոչ մեկը զերծ չի եղել և զերծ չէ քաղաքական պատվեր կատարելուց։ Եվ հենց այն ուժերի կողմից, որոնց առջև խնդիր է ծառացած կամ զավթելու աշխարհը (այսպես կոչված «գլոբալացում»), կամ էլ դիմակայելու աշխարհի զավթմանը։
Ահաբեկիչների դեմ ուղղված հատուցման գործողություններ են տեղի ունենում և՛ Ֆրանսիայում, և՛ Սիրիայում։ Եվ ի՞նչ կանեն այս աշխարհի հզորները, եթե Եվրոպայի ևս մի քանի երկրում նորից ահաբեկչական պայթյուններ ու կրակահերթեր հնչեն ընդդեմ անզեն քաղաքացիական բնակչության։ Կռմբակոծե՞ն «Իսլամական պետությունը» այդ ժամանակ, թե՞ ոչ. հարցը որքան հռետորական, նույնքան էլ հիպոթետիկ է։ Բա որ հանկարծ Եվրոպայում ահաբեկչության ալիք բարձրացնի, ասենք, ինչ-որ վերածնված «Ռոտի Արմի Ֆրակցիոն»՝ արմատներով Գերմանիայից և գերմանական BND հատուկ ծառայությունում կապեր ունեցող մի խմբավորո՞ւմ (դե, աշխարհի այլ ծագերում կատարվող ահաբեկչական ակտերի վրա «քաղաքակիրթները» բացահայտորեն թքած ունեն)։ Կստեղծե՞ն, արդյոք, միջազգային կոալիցիա և կռմբակոծե՞ն Գերմանիան։ Թե՞ մեկ էլ հանկարծ ինչ-որ մեկի «մտքին կգա», որ մի ժամանակ Իտալիան իր հատուկ ծառայություններին կից ուներ նույնիսկ երկու տեսակի ահաբեկչական խմբեր. ահա քեզ և՛ «սև բրիգադներ», և՛ «կարմիր»։ Չէ՞ որ մինչև հիմա էլ դժվար է ճշգրիտ իմանալ, թե ում հատուկ ծառայությունների համար էին «աշխատում» ամեն տեսակի «Կառլոսներն» ու «Գուսմանները»՝ իրենց տարատեսակ «Սենդերո լումինոսոներով»... Իսկ ի՞նչ կասեք Պերուն, Էկվադորը, Կոլումբիան էլ հետը ռմբակոծելու մասին։ Հիմա, 2015-ի ավարտին, կարծես հեշտացել է, դե բոլորն ուզում են և համաձայն են ռմբակոծելու ԻՊ-ի նավթի կարողությունները, բոլորը պատրաստ են ոչնչացնելու Իրաքից ու Սիրիայից մաքսանենգ ճանապարհով նավթ տեղափոխող ավտոքարավանները, բոլորն սկսել են ավելի ու ավելի համարձակորեն ասել, որ հարկավոր է «բռնել ձեռքը» նրանց, ովքեր գնում ու վերավաճառում են այդ նավթը և այլն։ Համապատասխանաբար, բոլորը համաձայնում են, որ հարկավոր է ահաբեկիչներից ազատագրել Մոսուլն ու Ռաքքին և այլն, և այլն։ ՈՒստի և հարկավոր է ռմբակոծել Մոսուլը, Ռաքքին ու Մերձավոր Արևելքի մյուս քաղաքներն ու բնակավայրերը։
Այսպես անհնար է արմատախիլ անել ահաբեկչությունը։ Ամեն ինչ պարզունակության աստիճանի պարզ է. քանի դեռ կան առանձին անձինք կամ անձանց խմբեր, որոնք պատրաստ են ֆինանսավորելու հերթական «հիբրիդային պատերազմը» (ասենք՝ ընդդեմ Իրանի. այնտեղ, օրինակ, հոկտեմբերի 16-ին Դեզֆուլ քաղաքավանում նույնպես փորձ արեցին և դարձյալ «գործուղված հեղափոխականների» ձեռքով) ինչ-որ «թավշյա հեղափոխության» կամ «արաբական գարնան» միջոցով, կգտնվեն նաև վերոհիշյալ անձանց կամ անձանց խմբերի պատվերները կատարող ահաբեկիչներ։ Եվ, ասենք, հիմա, հանցանշանների ճնշմամբ, արդեն «ռմբակոծվելու» նոր հավակնորդ է դիտվում Թուրքիան, քանի որ այդ անունն սկսել են հոլովել թե՛ Ֆրանսիայի նախագահը, թե՛ ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմից ոմանք, եթե հավատալու լինենք ամերիկյան «The Wall Street Journal» հանդեսին։ Չէ՞ որ դժվար է առարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ նա փաստաթղթերով, օպերատիվ հետախուզման լուսատեսանյութերով ապացուցում է, որ ամեն ինչ կենտրոնացած է Թուրքիայում և պտտվում է Թուրքիայի շուրջը։ Անհնար է պատասխանել այն հարցին, թե ինչ են անում թուրքական «Բոզ կուրդ» ֆաշիստական կազմակերպության զինյալներն ու ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվող ահաբեկչական ընդհատակի զինյալները Սիրիայի այն տարածքում, որի երկնքում խփվեցին Սու-24-ն ու ՄԻ-8-ը։ Իսկ երբ Ռուսաստանի նախագահն առանձնակի ընդգծում է, որ Սիրիայում թալանվող նավթի վաճառքից ահաբեկիչների ստացած միջոցներն օգտագործվում են ահաբեկչական ակտերի ֆինանսավորման համար, հիշեցնելով Փարիզում կատարված սպանությունների և Եգիպտոսում ռուսական Ա-321 ինքնաթիռում իրականացված ահաբեկչական ակտի մասին, այստեղ արդեն Ֆրանսուա Օլանդի նյարդերն էլ են տեղի տալիս։ «Գոյություն ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ բանաձև, որն արգելում է ուղղակիորեն նավթ գնել ահաբեկիչներից, քանի որ այդ տակառներում պարզապես նավթ չէ, այլ մեր քաղաքացիների արյունն է, որովհետև այդ փողերով ահաբեկիչները զենք, զինամթերք են գնում ու արյունալի ակտեր են իրականացնում»,- աշխարհին հիշեցնում է Պուտինը։
Ահա և արձագանքեց մոլորակի «հիբրիդային պատերազմների» գլխավոր սկզբնաղբյուրը. Վաշինգտոնի տեսակետից, նոյեմբերի 28-ին գրում է WSJ հանդեսը, «անհրաժեշտ է փակել սահմանի այն մոտավորապես 100-կիլոմետրանոց հատվածը, որ ԻՊ-ն օգտագործում է օտարերկրյա վարձկաններին մարտական գործողությունների գոտի նետելու և այնտեղից դուրս թողնելու համար»։ Այդ տեղամասը հատելուց հետո, թերթի տվյալներով, ահաբեկիչները, մասնավորապես Թուրքիայի տարածքով մեկնում են Եվրոպա։ «ԱՄՆ-ի պաշտոնական անձինք ասում են, որ Թուրքիայի սահմանին լրացուցիչ զորախումբը կարող է դառնալ այն առանցքային տարանցիկ ուղիները փակելու ամենաարդյունավետ եղանակը, որոնց վրա հույս են դնում ԻՊ զինյալները Սիրիայում, ինչպես նաև դադարեցնել օտարերկրյա զինյալների հոսքը «Եվրոպա»։ «Խաղի կանոնները փոխվել են։ Հերիք եղավ։ Սահմանը հարկավոր է փակել»,- հանդեսը մեջբերում է ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչի խոսքերը։- Սա միջազգային մասշտաբի սպառնալիք է, այն բխում է Սիրիայից և անցնում է Թուրքիայի տարածքով»։ Այնպես որ, «պետք լինի», կռմբակոծեն նաև Թուրքիա՞ն։ Այդ դեպքում ո՞վ կլինի հաջորդը։ Սպասենք առաջատար գերտերությունների պատասխանին, իսկ առայժմ Սիրիայի կանոնավոր բանակը ընդհուպ մոտեցել է Թուրքիայի սահմաններին։ Եվ ԱՄՆ-ը փոխում է խաղի կանոնները։ Տեսնես երկա՞ր ժամանակով։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ