«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ե՞րբ է վերադառնալու Մովսեսը

Ե՞րբ է վերադառնալու Մովսեսը
16.10.2015 | 01:19

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետությունում նշանակված է հանրաքվեի օր: Կմտնի՞ այդ օրը Հայաստանի պատմության մեջ, թե՞ ոչ, ցույց կտան հանրաքվեի արդյունքները: Այդ օրը կորոշվի՝ կկայանա՞ն 2018-ի նախագահական ընտրությունները, թե՞ 2013-ը վերջինն էր, ու Սերժ Սարգսյանը ՀՀ վերջին նախագահն է, որ ընտրվեց ուղիղ ընտրությամբ ու առաջնային մանդատ ուներ պետական կառավարման համակարգում: Այդ օրը կորոշվի նաև 2017-ի խորհրդարանական ընտրությունների կարգավիճակը՝ ի՞նչ խորհրդարան ենք ընտրելու՝ միայն օրենսդի՞ր, թե՞ քաղաքական իշխանության կրող, թեպետ բաժանումը պայմանական է: Այնուամենայնիվ, երկրում խորհրդարանի դերի ու նշանակության փոփոխությունը կտրուկ մեծացնելու է խորհրդարանի պատգամավորների կշիռը, ուրեմն և հերթական խորհրդարանական ընտրությունների կարևորությունը: Մինչև 2017-ի խորհրդարանական ընտրությունները փաստացի մնացել է միայն 2016-ը և մի քանի ամիս՝ թերևս մինչև մայիս, իսկ 2015-ի այս երկուսուկես ամիսները դեռ գարնանից սկսած ծառայում են քաղաքական դաշտի վերակազմավորմանը: Սա միանգամայն օբյեկտիվ ու անխուսափելի գործընթաց է, որ կա և լինելու էր՝ անկախ սահմանադրական հանրաքվեից: Պարզապես հանրաքվեն արագացնում էր ու առավել հստակեցնում է գործընթացները: Հաշվի առեք, որ Սահմանադրության փոփոխության դեպքում փոխվելու են մյուս օրենքները, առաջին հերթին՝ Ընտրական օրենսգիրքը, որ կարող է կուսակցությունների ընտրություններին մասնակցության համար շեմ սահմանել, ուստի քաղաքական դեմքերն ու քաղաքական ուժերը հիմա պիտի ձևակերպեն իրենց հայտերը: Ի՞նչ են անում Հայաստանի քաղաքական ուժերը: Արձանագրեք նաև, թե մինչև հիմա քանի՞ նոր կուսակցություն ստեղծվեց՝ «Քաղաքացիական նախաձեռնություն», «Ալյանս», «Լուսավոր Հայաստան», ՕԵԿ-ը վերակազմավորվեց «Վերածնված Հայաստանի»: Հավելեք, որ կարող է ևս մեկը ստեղծվել, եթե Վարդան Օսկանյանը գտնի որոնված «սնդուկը», որտեղ ֆինանսներն են ու Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը: Իսկ ի՞նչ է կատարվում այդ կուսակցություններում: Համաշխարհային փորձը վկայում է, որ ընտրություններում պարտություն կրած ցանկացած կուսակցություն փոխում է նախագահին, քանի՞ կուսակցությունում է Հայաստանում նախագահ փոխվել: Գործնականում ոչ մի: Որոշ դեպքերում կուսակցություններն են վերացել կամ վերածվել մարդ-կուսակցությունների, որ հետո հայտնվեն ՀՀԿ համամասնական ընտրացուցակում կամ պետական կառավարման համակարգի տարբեր պաշտոններում: Ինչո՞ւ: Որովհետև մինչև հիմա Հայաստանում կուսակցությունների ստեղծման կամ տրոհման շարժիչ ուժը ոչ գաղափարներն են, ոչ ընտրություններում արդյունքները, այլ ֆինանսները: Կուսակցության նախագահն է պահում կուսակցությունը, ուրեմն ո՞վ կարող է պահանջել կուսակցական իշխանափոխություն, իսկ դա նշանակում է, որ, բացի ամեն ինչից, Հայաստանում չկա ներկուսակցական ժողովրդավարություն, և նույն օլիգարխիկ կառավարման սկզբունքն է ղեկավարում: Օրինակները բազում են՝ հերթով թվարկեք բոլոր խորհրդարանական, նաև նախագահական ընտրությունները ու հաշվեք ինքներդ՝ սկսած Վազգեն Մանուկյանից մինչև Րաֆֆի Հովհաննիսյան, չմոռանաք Ստեփան Դեմիրճյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին: Իբրև գործընթացի հավելված ներառեք Գագիկ Ծառուկյանին և ընդունեք, որ քաղաքական երկրորդ ուժի նախագահի քաղաքականությունից հեռանալը նոնսենս է նույնքան, որքան նոնսենս է ԲՀԿ-ի քաղաքական ասպարեզում տիրոջ փոփոխությամբ 180 աստիճանի տեսակետների փոփոխությունը, որ այդպես էլ որևէ հոդաբաշխ բացատրություն չի ստանում: Չի էլ ստանալու, ամեն ինչ պարզ է առանց բացատրության:
Հանրաքվեի պարագան քաղաքական դաշտի ստատուս քվոն փոխելու առաքելություն փաստացի չի կատարում: Բայց հանրաքվեի պարագան ի հայտ է բերում նախկին ստատուս քվոյի արհեստականությունը, դիտարկեք, թե որտեղ են ու ինչ տեսակետներ են այսօր պաշտպանում նախկին ոչիշխանական քառյակի ուժերը և առանձին ներկայացուցիչներ: Նույնը՝ եռյակի դեպքում: Եթե այսօր միանգամայն հստակ է սահմանադրական «այո»-ի ցուցափեղկը, «ոչ»-ի ցուցափեղկը չի դասավորվում:

Խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունները իրենց «ոչ»-ը չեն կարողանում մի պլատֆորմի բերել նույնիսկ այն պարագայում, երբ հայտարարում են, որ խնդիրը ոչ թե հանրաքվեն է, այլ իշխանափոխությունը: Հենց դա է փորձաքարը: Ընտրությունների ու հանրաքվեների փորձը վկայում է՝ Հայաստանում օրենսդրական ճանապարհով, համենայն դեպս ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինում, նույնիսկ այնպիսի հետընտրական գործընթացների պարագայում, երբ իշխանությունը կրակ է բացում ցուցարարների վրա: ՈՒրեմն՝ որքանո՞վ է ռեալ հիմա սահմանադրական հանրաքվեն իշխանափոխության կարգախոսով անցկացնելու ռազմավարությունը, հերթական պարտությունը որքանո՞վ է նպաստելու իշխանության թուլացմանն ու ընդդիմության ուժեղացմանը: Առավել ևս, այս պարագայում շեշտը դնել բողոքական զանգվածի վրա, որ ցանկացած ընտրության ժամանակ «ոչ» է ասելու իշխանությանը, եթե նույնիսկ իշխանությունը հայտարարի, որ արևը լուսավորում է ցերեկը, լուսինը՝ գիշերը: Դա սկզբունքային «ոչ» է, որի համար պատճառներ պետք չեն: Համարյա նույնքան տոկոսային հարաբերությունով Հայաստանում կա ընտրախավ, որի միակ կարգախոսը 5-10 000 դրամ աշխատելն է, նայած իշխանության համար լուծելիք խնդրի կարևորության` այդ զանգվածը 30-40 % -ից կարող է վերաճել 50-60 %-ի: Այս դեպքում հետընտրական գործընթացներն էլ դառնում են առավել կառավարելի. չես կարող այսօր փողը վերցնել, վաղը տվողի հրաժարականը պահանջել, կպատժեն: Ընտրական գործընթացի այս քաղաքական ու բարոյական այլասերումը միայն իշխանությա՞ն մեղքն է, թե՞ նաև հասարակության: Փոխադարձ՝ մի կողմից տալիս են, որովհետև վերցնում են, մյուս կողմից՝ վերցնում են, որովհետև տալիս են: Եվ հետևանք է ոչ թե իշխանության փչացածության ու ժողովրդի ընչաքաղցության, օրենքների երկկողմանի խախտման ու բացարձակ անպատժելիության, այլ հենց գործող համակարգի տրամաբանության: Իշխանությունը պարզ խնդիր ունի՝ հաղթել բոլոր միջոցներով, ընտրողը պարզ խնդիր ունի՝ ընտրել: Իսկ ի՞նչ ընտրել, եթե բոլոր կուսակցությունների ծրագրերը նույնն են, եթե բոլոր կուսակցությունների նույն ղեկավարները ընտրարշավում քարոզում են նույն գաղափարները՝ հավելելով միմյանց քարկոծումը: Այդպես ի՞նչ ընտրելը վերածվում է ո՞ւմ ընտրելու: Ընդ որում՝ նորից ոչ մի տարբերություն. ընտրությունից հետո, միևնույն է, ծրագրերը դրվում են գզրոցն ու վարվում է նույն՝ անփոփոխ քաղաքականությունը, ընդամենը նույն պաշտոնյաները թեթևակի փոխում են պաշտոնները, ռոտացիոն կարգով: Ինչո՞ւ, ուրեմն, չստանալ ընտրություններից գոնե նվազագույն օգուտ: Կասեք՝ քաղաքացիական նախաձեռնությունները, որ բացահայտորեն քաղաքական կուսակցություններին ասպարեզից տեղաշարժեցին ու իրենք առաջ եկան իբրև հանրային հարցեր լուծողնե՞ր: Լավ, իսկ ի՞նչ են անում քաղաքացիական նախաձեռնությունները: Կամ տրոհվում են, կամ սերտաճում են իշխանությանը՝ չգտնելով գաղափարական ու կենսական հենք, ժողովրդի հետ կապը համարելով երկրորդական, փողոցի դերը հաջողության հասնելու ու հաղթանակի համար ստորադասելով Բաղրամյան պողոտայի միջնամասում տեղակայված նախագահական նստավայրի հետ կապին: Սա նույն կլասիկ սխալը չէ՞, որ գործեց ՀՀ առաջին նախագահ, քաղաքական փորձառությամբ ու իմաստնությամբ կասկածից դուրս Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ժամանակին քաղաքական երկխոսության գնալով իշխանական կոալիցիայի հետ ու փոշիացնելով փողոցի ներուժը: Որովհետև նա էլ ելք չտեսավ միայն փողոցի մեջ, նա էլ ելքը սպասում էր դրսի աջակցությունից: Իսկ այդ աջակցությունը տրվում է իշխանությանը, եթե խոսքը Ռուսաստանին է վերաբերում: Եթե խոսքը վերաբերում է Արևմուտքին, Արևմուտքը արդեն քսան տարի նույն կլասիկ սխալն է գործում ու խրվել է իր սխալի որոգայթը՝ Արևմուտքը սպասում է համաժողովրդական աջակցություն վայելող առաջնորդի ի հայտ գալուն, պարզապես սպասում է, իսկ այդ առաջնորդը Հայաստանում հենց այնպես չի կարող ի հայտ գալ, երբ նրա դեմ գործում է ոչ միայն ամբողջ իշխանական համակարգը, այլև ռուսական ենթակայության տակ գործող ոչիշխանական համակարգը: Այս փաստը հաշվի առնելով՝ Հայաստանի քաղաքական դաշտը բաժանվում է երկու մասի՝ իշխանություն և ընդդիմություն ռուսական կողմնորոշումով և ընդդիմություն, որ չունի ռուսական կողմնորոշում, չունի արևմտյան աջակցություն, բայց ունի հայկական խնդիրների հստակ գիտակցում ու այդ խնդիրները ոչ թե կողմնորոշումով, այլ ինքնորոշումով լուծելու անհրաժեշտության նույնքան հստակ գիտակցում, որովհետև ցանկացած կողմնորոշում վտանգում է անկախությունը: Անկախության կորուստը իմաստազրկում է ոչ միայն քաղաքական պայքարը, այլև բուն քաղաքականության գոյությունն է դարձնում ձևական ու երևութական՝ դու ինչ էլ հայտարարես, ծրագրես, խոստանաս, անում ես այն, ինչ քեզ թույլատրվում է: ՈՒրեմն՝ ի՞նչ պետություն, ի՞նչ պետական կառավարում, ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ կիսանախագահական կամ խորհրդարանական մոդել, ի՞նչ արտաքին քաղաքականություն, ի՞նչ տնտեսական զարգացում, ի՞նչ անվտանգություն ու ի՞նչ խաղաղություն: ՈՒ՝ ի՞նչ: Պարզ չէ՞, որ պետական կառավարման որևէ մոդել հաջող կամ անհաջող գործելու է, երբ կա պետականություն, և այդ պետականությունը գործում է ազգային շահի ուղղությամբ, ունի երկրի բոլոր, առանց բացառության բոլոր՝ պատմական, դիվանագիտական, աշխարհաքաղաքական, աշխարհագրական, տնտեսական, արդյունաբերական, գյուղատնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, գիտական, բարոյահոգեբանական, ներքին ու արտաքին ռեսուրսների ճշգրիտ տվյալներ, և նպատակը այդ ռեսուրսների արդյունավետ կառավարումն է: Օլիգարխների ու օլիգոպոլիաների դեմ պայքար հայտարարելու փոխարեն ավելի շահեկան չէ՞ նույն այդ օլիգարխներին ու օլիգոպոլիան ծառայեցնել ազգային ու պետության խնդիրներին՝ նրանց համար ստեղծելով իսկապես շուկայական տնտեսությունում գործելու հնարավորություն, առանց հարկային «բազմահարկ» մեքենայությունների, արտոնությունների ու արգելքների: Այսօր դա նրանց դարձնում է կառավարելի, բայց նույնքան կառավարելի են դառնում իշխանությունները: Նախագահին այդ գործընթացից հանելով և պատասխանատվությունը վարչապետին փոխանցելով ոչինչ չի փոխվում, վարչապետը դառնում է կամ ստվերային նախագահ, կամ ուրիշ մեկին է փոխանցում ստվերային կառավարումը, կամ ձախողում է անկառավարելի դարձած կառավարումը: Եվ ստացվում է, որ ինչ խնդիր էլ Հայաստանում լուծման դրվի, բովանդակային, ռեալ լուծում չի ստանալու, քանի դեռ լուծված չէ միակ, բայց անխուսափելի լուծում պահանջող հարցը՝ իրական անկախության գոյության: Անկախության հռչակման երրորդ տասնամյակում այս մասին խոսելը չպիտի դառնա հոռետեսության պատճառ, հակառակը՝ սա ազդակ է, խթան առաջ գնալու ու հարցերը գիտակցած, պատճառները պարզած ու այդ պատճառների հետևանքները ազգովին ապրած՝ լուծումներ տալու: Որևէ ժողովուրդ, որևէ պետություն աշխարհում չկա, որ ամեն ինչ ստացել է ի վերուստ, երկնային մանանան նույնիսկ հրեաների վրա հենց այնպես չթափվեց, նրանք քառասուն տարի դեգերեցին անապատում, մինչև ծնվեց ու հասունացավ անկախության համը հասկացող ու գերության գոյությունը մոռացած սերունդը: Սա ընթացք է, որքան արագ ու որքան դանդաղ՝ մեզնից է կախված: ՈՒ պետք չէ պարբերաբար մեղավորներ որոնել ու քարկոծել նրանց, դա ամենահեշտ ճանապարհն է: Ելք է պետք որոնել՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, որը ինքնագիտակցություն ու ինքնորոշում ունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Երբ թոթովախոս Մովսեսը գնացել էր Սինա լեռ տասը պատվիրանները բերելու, նրա պերճախոս եղբայր Ահարոնը չկարողացավ ցեղակիցներին հետ պահել գայթակղությունից, և բոլորի հոգեպահուստ ոսկիները հավաքեցին ու հին աստվածներին ի հայտ բերեցին՝ Ոսկե հորթի արձանը ձուլելով: Բոլորի հոգեպահուստ ոսկիները: Խնդիրը՝ երբ կվերադառնա Մովսեսը, և երբ իրական կյանքը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն՝ պատվանդանից վար բերելով կեղծ արժեքները ու հաստատելով անկախության արժեհամակարգ: Դա է մեր Ավետյաց երկրի ճանապարհը:

Դիտվել է՝ 1008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ