Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Սահմանամերձ հայրենիք ունեցողը խաղեր խաղալ չի կարող

Սահմանամերձ հայրենիք ունեցողը խաղեր խաղալ չի կարող
13.10.2015 | 00:39

Ի՞նչ է կատարվում Թուրքիայում: Հարցը արդեն քաղաքական չէ: Հարցը դարձել է կենսական: Այն պահից, երբ ի պատասխան ռուսական կործանիչների Թուրքիայի օդային տարածք հոկտեմբերի 3-ին և 4-ին մտնելու՝ Հայաստանի օդային տարածքում հայտնվեցին թուրքական ինքնաթիռները: Անկարան հարցը դարձրեց համաշխարհային աղմուկի թեմա՝ հասնելով նրան, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարի, թե Թուրքիայի օդային տարածքը խախտելը ՆԱՏՕ-ի օդային տարածք մտնել է: Ավելին՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդաչուներին, որ մասնակցում են Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծմանը, թույլատրվեց պատասխան կրակ բացել ռուսական կործանիչների հարձակման դեպքում և հրահանգվեց խուսափել նրանց հետ բախումից: Իսկ ի՞նչ եղավ Հայաստանի օդային տարածքը խախտելուց հետո: Հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական մարտական ուղղաթիռներն Արմավիրի կողմից մտել են Հայաստանի օդային տարածք, 2-4 րոպե մնացել Հայաստանի երկնքում: Անկարայից հարցմանը պատասխանել են, որ պատճառը վատ եղանակն էր: Ի՞նչ է արել Հայաստանը: Ոչինչ: Թուրքիայի ու Իրանի հետ սահմանները հսկում են ռուս սահմանապահները: Հայաստանի երկինքն էլ պետք է պաշտպանի ռուս-հայկական ՀՕՊ-ը: Գերադասել են ոչինչ չանել՝ Թուրքիայի հետ սկանդալը չխորացնել: Համեմատության համար՝ վերջին անգամ թուրքական ինքնաթիռները Հայաստանի սահմանը հատել են սառը պատերազմի ժամանակ: Երկու-երեք անգամ: Եվ՝ խփվել են Սովետական Հայաստանի տարածքում: Իսկ եթե թուրքական կործանիչները հիմա հայտնվեին ռուսական օդային տարածքում, նույն լռությունը կտիրե՞ր, թե՞ կխփվեին: Արձագանքե՞լ է գոնե Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: Ոչ: Պաշտպանության նախարարությունը՝ ևս: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է Թուրքիայի նախագահին՝ հոկտեմբերի 10-ին Անկարայի ահաբեկչությունից հետո և զոհվածների հարազատներին մաղթել տոկունություն, ոգու արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց մարդկությունը մարդկություն է: Մինչև նոյեմբերի 1-ը երկու շաբաթ է մնացել, իսկ ահաբեկչությունները Թուրքիայում չեն դադարում: Անկարայում 86 մարդ է զոհվել, եռօրյա սուգ է հայտարարվել: Էրդողանը առիթը չկորցրեց՝ ասելու, որ ահաբեկչության նպատակը հանրության պառակտումն է: Թուրք հանրության: Կա՞ թուրք հանրություն, որ պառակտվի էլ: Ներառո՞ւմ է «թուրք հանրությունը» քրդերին: Թուրքիայում միշտ էլ բոլոր ազգությունները եղել են «թուրք», լավագույն դեպքում՝ «օսմանցի»: Թեպետ «Քրդական աշխատավորական կուսակցությունը» հայտարարել է, որ դադարեցնելու է հարձակումներն ընդդեմ ուժային կառույցների մինչև նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները, վտանգված չէ՞ բուն ընտրությունը երկրում (որ հաստատ ունենալու է հետընտրական գործընթացներ): Իսկ եթե Էրդողանը արտակարգ դրություն հայտարարի և հետաձգի՞ ընտրություններն անորոշ ժամանակով: Եթե Թուրքիայում քաղաքացիական պատերազմ ծավալվի, Հայաստանի սահմանները բացվելո՞ւ են փախստականների առաջ, թե՞ մնալու են անպաշտպան, ինչպես երկինքը: Ովքե՞ր են լինելու փախստականները՝ կանա՞յք, երեխանե՞ր, թե՞ ահաբեկիչներ: «Կիկոսի մահը» չեմ հիշել, ոչ էլ «եթե-ապա» խաղը: Սահմանամերձ հայրենիք ունեցողը խաղեր խաղալ չի կարող:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը հայտարարեց, որ Սիրիայում ռուսական ռազմական միջամտության գլխավոր խնդիրն է «կայունացնել օրինական իշխանությունը և քաղաքական կոմպրոմիսի պայմաններ ստեղծել»: Ո՞Ւր մնաց ԻՊ-ի դեմ պայքարը: Ռազմական գործողությունները «սպոնտան չեն, այլ՝ նշված ծրագրերի կատարում»: Նա հերքեց, որ Մոսկվան ու Դամասկոսը սուննիների ու շիաների կոնֆլիկտին մասնակցում են և շիաներին են պաշտպանում: Առավել ևս՝ նպատակ չունեն ցամաքային գործողությունների դիմել: Սեպտեմբերի 30-ից սկսված գործընթացների մասին տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունն այնքան են միահյուսված, որ որևէ մեկը չի կարող ասել՝ իրականում ինչ է կատարվում:

Օրինակ՝ Կասպյան նավատորմից արձակված բոլո՞ր հրթիռներն են հասել Սիրիայի տարածք, թե՞ մի քանիսը Իրանի տարածքում են իջևանել: CNN-ը հաղորդում է, որ Իրանում են ընկել, Իրանն ու Ռուսաստանը հերքում են: Իսկ ԻՊ-ի զինյալներն արդեն ռուս զինվորների համար գլխագին են նշանակել: Պատերազմում՝ ոնց պատերազմում:
Անցած շաբաթ Երևանում էին ֆրանկոֆոնները: Մի 500 հոգով: Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանն էր: Հմայիչ գլխավոր քարտուղար Միկայել Ժանով, ելույթներով, հանդիպումներով, համերգով՝ Շառլ Ազնավուրն էր ժամանել: Հընթացս՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ ԵՄ արտգործնախարարները Լյուքսեմբուրգում մանդատ կտան՝ ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև նոր համաձայնագրի պաշտոնական բանակցություններին: Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրն էլ բացատրեց, որ բանակցություններից հետո կնքվելիք նոր փաստաթուղթը Հայաստանին հնարավորություն կտա համագործակցել ԵՄ-ի հետ ձևաչափով, որը չի խոչընդոտի Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին:
Շաբաթ-կիրակի քաղաքապետարանը Երևանի 2797-րդ տարեդարձն էր նշում: 34 միջոցառում՝ երգ ու պար, պար ու երգ, հրավառություն: Վերջ: Որ Երևանը 2797 տարեկան է, գոնե 100 տարվա որևէ պատմական վկայություն ունի՞: Չասեք ունի, քաղաքապետարանն իմանա, տեղնուտեղը կհայտարարի հանրային նշանակության տարածք ու կքանդի՝ տեղը հյուրանոց, առևտրի կենտրոն, էլիտար շենք կառուցելու համար: Երևանին ավանդույթ է պետք: Քաղաքապետարանը ոչ թե դհոլ-զուռնա-քյաբաբ-խորովածի ավանդույթ պետք է ստեղծի, այլ ամբողջ տարին վերականգնի ու քաղաքամայր Երևանին իր ծննդյան օրը իր իսկ պատմությունը արձանագրող կառույց նվիրի: Զուռնա-դհոլ-հրավառությունը տոն չեն, տոնի ծաղրանկար են, որ ամեն տարի հրամցվում են երևանցիներին, թե երջանիկ եղեք, որ Երևանում եք ապրում, մենք էլ այսքան մտածում ենք ձեր ուրախության ու ժամանցի մասին: Ժամա՞նց է երևանցի լինելը: 0:3 հաշվով Հայաստանի ազգային հավաքականը տոնի օրը պարտվեց Ալբանիային ու հրաժեշտ տվեց 2016-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը: Ֆուտբոլ է՝ ինչ արած: Կամ՝ նոր ավանդույթ է հաստատվում՝ մրցակիցդ չի խփում, ինքդ քեզ գոլ խփիր՝ ինչքան շատ, այնքան լավ: Իրականում ոչ էլ նոր է, հին հայկական ավանդույթ է՝ քաղաքականության մեջ հաստատ:
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ մտադիր է կուսակցություն ստեղծել և մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության 5-րդ համագումարում ասաց, որ ցանկանում է իր ներդրումը բերել Հայաստանի զարգացման գործում՝ «Մենք որևէ վատ բան չենք անում, ոչնչից չենք վախենում։ Հայաստանը նաև մեր հայրենիքն է։ Եթե այսօր ոչ մի բան չանենք, հետո կզղջանք»։ Այդպե՞ս է: Շատ հաճախ զղջում են արածների համար նախ, և հետո՝ եթե «վատ բան» չի անում, ինչո՞ւ է արդարանում ու ինչո՞ւ է զգուշացնում, որ ոչնչից չի վախենում: Նվազագույնը տրամաբանական չէ, որ լավն ես անում ու պիտի վախենաս: Հայաստանի զարգացման գործում ներդրում ունենալու համար երբվանի՞ց է պարտադիր Հայաստանում իշխանություն դառնալը: Տնտեսական զարգացման գործում ներդրումը լինում է ֆինանսական: Թերևս նա նկատի է ունեցել քաղաքական զարգացումը: Իր պարագայում դա նշանակելու է հերթական փողի տոպրակի քաղաքական ասպարեզ մտնելը՝ առանց գաղափարական ծրագրի: Թեպետ 100 առաջատար փորձագետներ աշխատում են կուսակցության ծրագրի վրա՝ ինչպես նա ավետել է: Եթե ծրագրի նպատակներից մեկը պետք է լինի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը, Արա Աբրահամյանը սխալ է ընտրել երկիրը՝ նա պիտի փորձի իշխանության գալ Ռուսաստանում։ Առավել ևս, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌՀՄ-ի 15-ամյակը շնորհավորելիս՝ վստահություն է հայտնել, որ ՌՀՄ-ն այսուհետ էլ կմասնակցի պետության և հասարակության կյանքին, իր ավանդը կբերի ՌԴ-ի հաջող զարգացման և միջազգային հեղինակության բարձրացման գործում: Իսկ Հայաստանն այլևս ոչինչ չունի Ռուսաստանին տալիք, առավել ևս առևտրատնտեսական հարաբերությունների այս ամռան ու աշնան «զարգացումներից» հետո: Ի՞նչ է ուզում Արա Աբրահամյանն իրականում: Ոչինչ: Նա միշտ էլ կատարել է ՌԴ նախագահի հանձնարարությունները տարբեր երկրներում: Ինչո՞ւ չկատարի Հայաստանում: Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո քաղաքական ասպարեզում պարապ է տարածքը: Փաստացի՝ Ռուսաստանը Հայաստանում իր վարելիք քաղաքականության վերաբերյալ ոչ վերջնական, բայց ընթացիկ ինչ-որ քաղաքականություն փորձում է ձևավորել: Եվ ի՞նչ սպասել:
1. Ռուսաստանը միանգամից «թոշակի» ուղարկեց Հայաստանի՝ ռուսական շահերը սպասարկող ընդդիմությանը մի փաթեթով՝ նրանք այլևս գործի մեջ չեն, ուրեմն ինքնուրույն պիտի լուծեն իրենց քաղաքական ճակատագրի ու ֆինանսական հարցերը:
2. Ռուսաստանը «թոշակի» մեջ թողեց Ռոբերտ Քոչարյանին, հընթացս մասնակի ֆինանսազրկելով իր տարածքում և պատրանքազրկելով, որ կստանա Մոսկվայի աջակցությունը՝ քաղաքականություն հիմնավորապես վերադառնալու համար:
3. Ռուսաստանը, ի վերջո, կարող է «թոշակի» ուղարկել գործող իշխանությանը, եթե չկատարի իր բոլոր պայմանները: Իսկ պայմանները, ինչպես միշտ, ոչ միայն շատ են, այլև տրամաբանությունից դուրս: Հայկական տրամաբանությունից, լիովին տեղավորվում են ռուսական շահի տրամաբանության մեջ:
4. Ռուսաստանը տրոյական ձիու կարգավիճակով խաղի մեջ է բերում հայկական համայնքը, որը վաղուց ռուսադավան է: Տրանսֆերտների կրճատումով՝ ռուսական ազդեցության թուլացմանն ի հատուցում՝ Մոսկվան համայնքը ներքաշում է քաղաքական դաշտ: Սրանք միանշանակ խաղալու են ռուսական շահի թելադրանքով՝ փորձելով ներգրավվել ընտրություններում: Եթե Ընտրական օրենսգիրքն էլ համապատասխան փոփոխությունները կրի, Հայաստանի իշխանությունը ձևավորվելու է Ռուսաստանում:
5. Նոր կուսակցության ստեղծումը և այդ կուսակցությունը միանգամից խորհրդարան մտցնելը Մոսկվայի համար մեկով մեկ է: Հայաստանում երբեք չեն դիմադրել ընտրացուցակների Կրեմլի «հաստատմանը», նույնիսկ եթե չեն հասկացել՝ ով և ինչու: Խորհրդարանական կառավարման պարագայում, եթե ոչ առաջին, երկրորդ խորհրդարանական ուժն ունենալ Հայաստանում, Մոսկվայի նպատակն է՝ այլևս չմտածելու՝ եթե ոչ նախագահի, ո՞ւմ հետ է հնարավոր Հայաստանում հարցեր լուծել կառավարման մոդելի փոփոխությունից հետո:
6. Միայնա՞կ կգործի Արա Աբրահամյանը, թե՞ դաշնակից կունենա «Հայկական վերածնունդը» կամ այլ ուժեր: Նայած՝ իրավիճակին: Նայած Հայաստանի իշխանությունների արձագանքին ու առևտրի արդյունքներին:
7. Քաղաքականության մեջ բարոյականության մասին ընդունված չէ խոսել, բայց որքանո՞վ է բարոյական Արա Աբրահամյանի քայլը, որ իրականության վերածվելու դեպքում վերջին հարվածն է լինելու Հայաստանի Հանրապետության անկախությանը: Բարաք Օբաման կասեր՝ «Նա փառքի որսորդ է» ու փառքի հետ իշխանությունն է ուզում զուգակցել: Ի՞նչ կստացվի: Թող ՀՀԿ-ն մտածի: Լավ մտածի: Գուցե վարչապե՞տ փոխի: Կամ՝ ԱԺ նախագա՞հ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ ընդհանրապես սա պատասխանն է հարցի՝ ի՞նչ վերաբերմունք ունի Ռուսաստանը Հայաստանում սահմանադրական փոփոխություններին: ԿԸՀ-ն հաստատել է դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակացույցը։ Քարոզարշավը սկսված է: Այս հրապարակումը կարդացեք այդ շրջանակներում:

Դիտվել է՝ 1296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ