Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ո՞վ կասի՝ Աֆրիկա, դու իմ գրկում ես

Ո՞վ կասի՝ Աֆրիկա, դու իմ գրկում ես
21.07.2015 | 01:09

Լուրջ հոդված էի ուզում գրել՝ համեմատելով առաջին, երկրորդ ու առաջարկվող երրորդ սահմանադրությունները, ծանրակշիռ եզրակացություններ էի ուզում անել 1995, 2005, 2015 թվականների քաղաքական կյանքի մասին, իրավիճակների, որոնցում կայացել են երկու հանրաքվեները: Չստացվեց: Հիշողություններն առաջ ընկան, ու լուրջ հոդված գրելու ցանկությունս անհետացավ, ինչպես ջուրն ավազի մեջ: Առաջին Սահմանադրությանը սպասում էինք բոլորս, բոլորիս համար էր կարևոր Սահմանադրություն ունենալը՝ անկախ էինք համարում մեզ, ու պետությունը մերն էր: Սահմանադրական հանձնաժողովի նիստերին ուշադիր էինք՝ Վլադիմիր Նազարյանն ինչ ասաց, Էդուարդ Եգորյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Պարույր Հայրիկյանը ու մյուսները՝ անուններն ու կարծիքները թվարկելով տեղ չեմ թողնի գրելիքիս: Գուցե սխալ էր սահմանադրական հանրաքվեն խորհրդարանական ընտրությունների հետ համատեղելը, բայց ինքնըստինքյան ստացվեց: ՈՒ կուտ գնաց առաջինը՝ այնքան աղտեղություն լցրին Սահմանադրության գլխին իրենց քաղաքական հավակնությունների մեջ ձախողվածները, որ անկախ պետության անկախ քաղաքացու Սահմանադրություն ունենալու հպարտությունը կծկվեց ու նմանվեց հիվանդ երեխայի, որ վախենում է ասել՝ ցավում է: Երկրորդ Սահմանադրության նկատմամբ կայուն անտարբերություն կար, բոլոր պաշտոնյաները հայտարարում էին նախագահի լիազորությունների սահմանափակման, վարչապետի լիազորությունների մեծացման, իշխանության թևերի հավասարակշռման, զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ու էլի չգիտեմ ինչ հույժ անհրաժեշտությունների մասին, մեզ համար մեկ էր: Վենետիկի հանձնաժողովը ամիսը մեկ եզրակացություն էր տալիս: Հանրաքվեն անցավ նույնքան իներտ, պարզվեց՝ րոպեում 45 քվեարկող ենք ունեցել: Բացահայտորեն չկար տոնի զգացողություն, տոնի, երբ անմիջականորեն հաղորդակցվում ես քո երկրի ճակատագրին: Խթան չկար, կոնկրետ մի քանի պաշտոնյայից բացի ոչ մեկին չէր հետաքրքրում՝ ինչ փոխվեց ու ինչու: Բոլորս էլ գիտեինք, որ փոխվի-չփոխվի, մեր կյանքում ոչինչ չի փոխվում: Ընդհանրապես հոկտեմբերի 27-ից հետո փոփոխություններից սպասելիքները գրեթե վերացան: Չգիտեմ, գուցե շատ սուբյեկտիվ զգացողություն է, բայց մեր ու մեր երկրի միջև ապակե պատ բարձրացավ, սառը պատ, բոլորս բոլորիս տեսնում ենք, բայց ջերմություն չկա, պաշտպանվածության ու հարազատության զգացողությունը բթացել է, ու պարզապես անում ենք անհրաժեշտն ու հնարավորը: Մթնոլորտը փոխվել է: Ես գիտեմ, որ դա բնական ու անխուսափելի է, նոստալգիայի ալիքի վրա չեմ, բայց հիմա հնչի շեփորը, քանի՞սս ենք ոտքի կանգնելու:
Իշխանության նկատմամբ անվստահություն կա՝ ասում է իշխանությունը: Զարմանալի է, որ նոր են նկատել: Ավելի զարմանալի է, որ նկատել են ու ասում են: Անվստահություն կա ամեն ինչի նկատմամբ: Ծտի կյանքով ենք ապրում՝ օրը բացվեց, օրը տվեց՝ կերանք, խմեցինք, քնեցինք, արթնացանք, նոր օրը՝ նույնը: Ապագայի ծրագրեր, գործնական հարցեր, որոշումներ, անհետաձգելի գործեր՝ ամեն ինչ կա, անում ենք ինքնաբերաբար, որովհետև պետք է անենք: Քանի՞սս ենք մտածել, թե որտեղ ենք մենք այդ ընթացքում: Մե՜նք, մեր պայծառ անձը, որ 100 տարվա կյանք չունի: Մեծ Բրիտանիան չունի Սահմանադրություն: Չի էլ ունեցել: Միապետություն է: Խորհրդարանական միապետություն: Ապրում են, լավ ու վատ՝ Սահմանադրության մասին չեն էլ մտածում մի քանի հարյուր տարի: Փաստորեն՝ հնարավոր է ապրել և առանց Սահմանադրության:
Ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ մենք այդ փոփոխություններն արտացոլող նոր Սահմանադրության անհրաժեշտության առաջ ենք:
Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ, նոր Սահմանադրության հայեցակարգը այդ փոփոխությունները չի տալիս: Արձանագրում է խաղի նոր կանոններ:
Հասկանալի ու անհասկանալի: Անանց զգացողություն է, որ ամեն ինչ վերաբերում է նախագահին, վարչապետին, կառավարության անդամներին, խորհրդարանին, մասամբ՝ ՏԻՄ ընտրիչներին, ու՝ վերջ: Մեզ չի վերաբերում, եթե մենք այդ կառույցներում չկանք: Պետական կառավարման համակարգը ինքնակարգավորման նոր մեխանիզմ է մշակել, թեպետ հինն էլ գործում է անխափան: Մենք այդ համակարգում ունենք ձևական մասնակցություն՝ հինգ տարին մեկ գնում ենք ընտրության ու վերջ: Համակարգն ինքն իրեն նշանակում է, ընտրում ու վերընտրում: Մեզ համար ոչ մի նշանակություն չունի՝ ով է նախագահը, ով է վարչապետը, ովքեր են նախարարներ ու պատգամավորներ: ՈՒ ովքեր՝ չեն: Դա ամենաիդեալական տարբերակն է, երբ պետությունը ժամացույցի պես է աշխատում, ու քաղաքացիները քաղաքականության մեջ խառնվելու կարիք չունեն: Բայց դա մեր դեպքը չէ: Մենք բոլորս քաղաքականության մեջ ենք՝ մեզնից անկախ ու անհետևանք:
Ի՞նչ տարբերություն, թե ով է ընտրում նախագահին: Ի՞նչ պարտադիր է, որ նախագահը չունենա առաջնային մանդատ: Եթե խորհրդարանական կառավարման մոդելը դա է պահանջում, ինչո՞ւ ենք ընտրիչների ինստիտուտ հնարում ու մեզ երևակայում, թե նրանց ընտրությամբ նախագահը ներկայացնում է ոչ թե խորհրդարանական կայուն մեծամասնության շահերը, այլ ժողովրդի: Ո՞ր ժողովրդի: ՀՀԿ-ի՞: Տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի դերի ու քաղաքական նշանակության մեծացո՞ւմ է խոստանում: Նվազագույնը 101, առավելագույնը անհայտ թվով նախագահի ընտրիչ ունենալու հանգամանքը չնչին խթան է ՏԻՄ մարմինների դերի ու նշանակության բարձրացման համար: ՈՒ ընդհանրապես ձեզ չի՞ թվում, որ այս տարբերակը ոչ թե նախագահ ընտրելուն է վերաբերում, այլ նախագահ չընտրելուն: «Եթե ես նախագահ չեմ լինելու, ինձնից հետո նախագահ չի լինելու՝ իմ իրավասություններով» սկզբունքով:Կամ՝ «Եթե նախագահ լինելու է՝ իմ իրավասության տակ»: ՈՒ խորհրդարանական «կայուն մեծամասնության» անհրաժեշտությունն էլ, որ ամրագրվում է, մահախոսական է խորհրդարանական հանրապետությանը: Կայուն մեծամասնությունը ապահովում է մեկ քաղաքական ուժի կայուն իշխանությունը, բայց ոչ բազմակուսակցական քաղաքական համակարգի, ոչ երկրի կայունությունը: Խորհրդարանական հանրապետության ուժը բազմակուսակցականության մեջ է, իշխանության ու ընդդիմության հավասարակշռության՝ այդպիսով նրանց դերի ու նշանակության իրեղենացման: Նրանք պիտի ընդունեն այնպիսի որոշումներ, որ իրենց ընտրեն, սխալվեն՝ չեն ընտրելու: Սա է առանցքը, որ զարգացնում է ժողովրդավարությունը, ոչ թե խորհրդարանում կայուն մեծամասնության առկայությունը, որ կառավարության ներկայացրած օրինագծերն անխափան ընդունվեն: Հենց այդ հարահոս «այո»-ն կառավարությանը դարձնում է անվերահսկելի ու վերացնում է զսպումների ու հակակշիռների մեխանիզմը: Ի՞նչ հակակշիռ եք տեսել գործող համակարգում, ի՞նչ հակակշիռ պիտի լինի կայուն մեծամասնություն սահմանող համակարգում: Ես իսկապես չեմ հասկանում՝ ինչո՞ւ հիմա Հայաստանի օրակարգի թիվ մեկ խնդիրը պետք է լինեն սահմանադրական փոփոխությունները: Ինչո՞ւ հիմա քաղաքական ուժերի ու հասարակության ուշադրության կենտրոնում չպիտի լինեն երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը՝ տնտեսության զարգացումը, արտագաղթը կանխելու ու աշխատատեղեր ստեղծելու համար: Աշխատատեղեր: Սա է թիվ մեկ խնդիրը: Գործող Սահմանադրությամբ, առաջարկվող Սահմանադրությամբ կայուն մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի վարչապետի գլխավորած կառավարությունը շարունակելու է հեղինակել օրինագծեր, ու խորհրդարանն էլ ընդունելու է օրենքներ, որ ունեն մեկ նպատակ՝ լցնել պետական բյուջեն հարկատուների հաշվին: Հարկատուների թվից շարունակելու են վեր լինել օլիգարխները՝ նույնիսկ եթե այլևս խորհրդարանում չլինեն ու խորհրդարանը հաճելիորեն երիտասարդանա՝ ի թիվս քաղաքացիական նախաձեռնությունների ընթացքում քաղաքականապես հասունացած ու կոփված քաղաքական նոր էլիտայի, որ ունի զգլխիչ կարգախոսներ, բայց շարունակելու է «ավագ սերնդի» զգետնիչ գործը, որովհետև նույն ալիքի երկարությամբ են գործում:
Գերմանիան առաջին երկիրը դարձավ, որ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղարկեց Թեհրան՝ տնտեսական համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու: Տարածաշրջանում իրավիճակ է փոխվում՝ քաղաքական ու տնտեսական: Հայաստանը Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հայտ է ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպության մակարդակով ու՝ ավարտե՞լ է «համագործակցությունը»: Պատժամիջոցներից ազատվող Իրանի տնտեսությունը տասնյակ կարիքներ ունի, բայց հարյուրավոր հնարավորություններ, որոնք կարող են Հայաստանի տնտեսությունն էլ տեղապտույտից հանել: Սա պիտի լինի հիմա քննարկման թեմա: Գործողության թեմա՝ վերջապես:
Երուսաղեմից Բեթղեհեմ ճանապարհը մի ժամ էլ չկա: Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը շարունակվում է, բայց թե Իսրայելը, թե Պաղեստինը, թե Հորդանանը որևէ խոչընդոտ չեն հարուցում սահմանները ամեն օր հատող հազարավոր զբոսաշրջիկների ու ուխտավորների առաջ: Սահմանն անցնելը տևում է 5-10 րոպե, բոլորն էլ հասկանում են, որ զբոսաշրջիկն ու ուխտավորը շահավետ են՝ փող են բերում, ու խելամիտ չէ միմյանց հետ հակասությունների պատճառով նրանց ճանապարհը փակելը: Հայաստանը տարածաշրջանի տնտեսական ծրագրերից մեկուսացած է Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով՝ սա մեծ միֆ է, որին արդեն ինքներս էլ հավատում ենք: Համենայն դեպս՝ հիմա Հայաստանին Պարսից ծոց դուրս գալու ու Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի կառուցման ծրագրերում ներգրավվելուն Ղարաբաղը չի խանգարում: Ոչ էլ Թուրքիան, որից բարեհաջող թշնամու կերպար ենք կերտել ու 100 տարի հավատում ենք: Անկարային ու Բաքվին կապողը տնտեսական շահն է, որը նույնքան կարող է կապել, որքան բաժանել: Մենք կնստենք գետի ափին ու կսպասենք, որ հոսանքը մեզ բերի մեր թշնամու դին՝ ինչպես չինական իմաստնությունն է ուսուցանում: Բայց մենք արդեն այնքան ենք նստած այդ ափին, որ գետը փոխել է հունը, իսկ մենք սպասում ենք: Երբ Հուլիոս Կեսարը գնաց Եգիպտոսը նվաճելու, Հռոմում սպասում էին նրա պարտությանը: Նավը կանգնել էր Ալեքսանդրիայի նավահանգստում, եգիպտացիները շարվել էին նավամատույցում ու սպասում էին նրան՝ վախով ու տագնապով: Տիրակալի ձյունաճերմակ տոգայով Կեսարը կանգնել էր նավախելին ու հայացքը Ալեքսանդրիայի փառահեղ պալատին ուղղած մտածում էր, որ միայն Եգիպտոսում հաջողության հասնելը իրեն կվերադարձնի իշխանությունը Հռոմում: Կեսարը ոտքը դրեց փայտե սանդուղքին ու սայթաքեց: Եթե վայր ընկներ, ոչ միայն եգիպտացիները, հռոմեացիներն էին հավատը կորցնելու նրա հաղթանակի ու նրա ամենազորության նկատմամբ: Բայց Կեսարն ընկնում էր՝ փայտը թաց էր, սայթաքել էր: Նա աջ ու ահյակ տարածեց թևերը ու որքան ուժ ուներ բացականչեց՝ «Աֆրիկա, դու իմ գրկում ես», ու շրմփաց ջրի մեջ: Ափը որոտաց ողջույնի ճիչերով՝ տիրակալը իրենց սիրում է: Նրանք նույնիսկ չհասկացան, որ Հուլիոս Կեսարը սայթաքեց ու ընկավ: Երբևէ որևէ սենատոր, անգամ ամենակատաղի թշնամի, չի ասել, որ Հռոմի ժողովուրդը չի հավատում Հուլիոս Կեսարին, Հուլիոս Կեսարի իշխանությանը: Հայաստանում դա ասելն ամենահեշտն է՝ Հայաստանում դա ասելը հետևանքներ չի ունենում: Հայաստանում նույնիսկ Սահմանադրությունը 10 տարին մեկ փոխելը հետևանքներ չի ունենում: Հայաստանում իշխանությունն ու ժողովուրդը ապրում են ապակե պատով միմյանցից բաժանված ու զբաղված են յուրաքանչյուրն իր ինքնասպասարկմամբ՝ առիթից առիթ մեկ օրով հանդիպում են ու նորից գնում ամեն մեկն իր գործին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Բայց դա չի նշանակում, որ այդպես էլ լինելու է 10-15 ու նույնիսկ այս տարի: Ապակին հայելի դարձնող ամալգամն արդեն կա, իսկ հայելին ապակի փշրելու հիանալի միջոց է:

Դիտվել է՝ 1797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ