«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եթե այսպես շարունակվի, հնարավոր է ապագայում քարտեզի վրա «Հայաստան» անունով երկիր չմնա՞

Եթե այսպես շարունակվի, հնարավոր է ապագայում քարտեզի վրա «Հայաստան» անունով երկիր չմնա՞
20.07.2015 | 12:04

Այսօր Երևան են գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի բանակցային հաղթահարման գործընթացները շարունակվու՞մ են, թե՞ համանախագահներն արձանագրելու են բանակցային դադարի տևականության նոր ռեկորդ:

Բանակցային այս փուլից առաջ նորից իր գործընկերներից առանձնացավ Ջեյմս Ուորլիքը՝ ընդ որում՝ Մոսկվայում: Նրա հարցազրույցը «Վեդոմոստին» առիթ տվեց արձանագրելու պաշտոնական Երևանի լռության և պաշտոնական Ստեփանակերտի ընդդիմության փաստերը: Երկուսն էլ բնական են՝ Ջեյմս Ուորլիքը նոր ոչինչ չի ասել, նա բարձրաձայնել է բանակցության բովանդակային կողմը ու շեշտել, որ չի կարող տարածքային ամբողջականության Բաքվի պահանջը անջատ քննարկվել մյուս սկզբունքներից: Այս տեսակետը քանիցս արտահայտել է հայկական կողմը՝ նախագահի ու արտգործնախարարի մակարդակով՝ հայտարարություններով, ելույթներով, հարցազրույցներով: Ստեփանակերտի արձագանքը ևս բնական է՝ ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան և իր տեսակետը ներկայացնի իր ճակատագրի վերաբերյալ, առավել ևս ազատագրված տարածքների վերադարձի հարցը, որ ԼՂ անվտանգության գոտին են կազմում, չի կարող առանց Ստեփանակերտի քննարկվել:
Ավելի կարևոր ուղերձ կար ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու տարածաշրջանային հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինի խոսքում: Հանդես գալով Բրուկինգսի ինստիտուտում՝ նա վերահաստատեց ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ առաջընթացի հասնել ղարաբաղյան հարցի խաղաղ լուծման մեջ, քանի որ «այլընտրանքներն այնքան ահավոր են, որ նույնիսկ քննարկել պետք չէ»: Նա համաձայն է, որ կարգավորման համար կողմերը մի շարք հարցերում դժվար ընտրություն պետք է անեն: «ԱՄՆ-ը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացմանը, քանի որ տնտեսությունը ներգործում է կայունության ամրապնդման վրա, իսկ տնտեսական իրավիճակի վատացումը ապակայունացնում է տարածաշրջանը: ԱՄՆ-ը ցանկանում է աջակցել Հարավային Կովկասի վերածմանը գլոբալ տրանսպորտային հանգույցի՝ զարգացած ինֆրակառույցնրով, որը վիթխարի հնարավորություններ է բացում տարածաշրջանի բնակչության համար: Ամերիկյան կողմի ջանքերը դրան են նպատակաուղղված: Արդեն մեկ տարի անց բեռնատար կոնտեյները Չինաստանից կարող են հանգիստ հասնել Եվրոպա՝ Հարավային Կովկասի տարածքով: Հարավային Կովկասում այս ծրագրերի իրականացման համար պետք է տարածաշրջանի բոլոր երկրները ներգրավվեն, իսկ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն»՝ ԱՄՆ-ի ծրագրերն է ներկայացրել Էրիկ Ռուբինը:
Հուլիսի 14-ին կնքված Վիեննայի համաձայնագրի աշխարհագրական ու պատմական առանաձնահատկությունները փոխում են աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում: Հաջորդ կոնֆլիկտը, որ պետք է լուծվի, դառնում է Լեռնային Ղարաբաղի հարցը: Հնարավոր է՝ արդեն Թեհրանի մասնակցությամբ: Ադրբեջանի ջանքերը՝ բանակցային գործընթաց բերել Անկարային, գործնականում ձախողվեցին: Ավելին՝ ՌԴ-Արևմուտք հարաբերությունների վատացումից հետո կտրուկ սրվեցին Ադրբեջան-Արևմուտք հարաբերությունները: Բաքվի եվրոպական խաղերը դարձան ոչ թե Իլհամ Ալիևի իշխանության համաեվրոպական փառաբանության, այլ քարկոծման առիթ: Կառավարության՝ 2015-ի առաջին կիսամյակն ամփոփող նիստում Ադրբեջանի նախագահը հակադարձեց Արևմուտքին՝ հայտարարելով որ Եվրոպան խոր տնտեսական ու բարոյական ճգնաժամում է, ու մեղադրեց կրկնակի ստանդարտների խաղարկման մեջ: Իբրև օրինակ՝ նա բերեց ԵԽԽՎ հայտնի բանաձևը. «Բանաձևի նախագծում հստակ գրված էր, որ ասամբլեան հաշվի է առնում, որ Ադրբեջանի տարածքները օկուպացված են: Ու՝ ի՞նչ: Այդ նախադասությունը փոխեցին Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի առկայության անորոշ հղումով: Դա բացահայտ հակաադրբեջանական քայլ էր»: Հայտարարելով, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում վերջին ամիսներին որևէ առաջընթաց չի եղել, որովհետև Հայաստանը բոյկոտում է բանակցություններն ու ջանում հնարավորինս հետաձգել հարցի լուծումը՝ Ադրբեջանի նախագահը նորից սպառնաց. «Եթե այսպես շարունակվի, հնարավոր է ապագայում քարտեզի վրա «Հայաստան» անունով երկիր չմնա»: Եվրոպական խաղերից հետո սպասվող սահմանային միջադեպերը ավելացան՝ ի հաստատումն Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների:
Իսկ մի քանի օր առաջ Մոսկվա մեկնեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկելու տարածաշրջանում ստեղծվող աշխարհաքաղաքական նոր իրավիճակը ու, իհարկե, ներգործությունը ԼՂ հարցի վրա: Բանակցություններից հետո Լավրովը հայտարարեց, որ հասել է բանակցությունները ավելի ինտենսիվ դարձնելու ժամանակը՝ «Բոլոր հիմքերն արդեն կան»: «Հիմքերը», բնականաբար, բացահայտվեցին: Ու հիմա հարց է՝ համանախագահները գալիս են տարածաշրջան նո՞ր առաջարկներով, որոնք ձևավորված են այդ «հիմքերով», թե՞ հերթական, հերթապահ այցն է, որի ընթացքում կփորձեն նաև Իրանի հետ երկու երկրների հարաբերությունների հնարավոր զարգացման վեկտորները շոշափել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Շատերն են կարևորում, որ Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների համապատկերում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով համագործակցությունը շարունակվում է անփոփոխ: Ձևաչափը չկազմաքանդելը, սակայն, համագործակցություն չէ, համագործակցությունը պիտի արդյունքներ ունենա, իսկ բանակցություններում արդյունքների բացակայությունը հենց հետևանք է այդ համագործակցության, մեղմ ասած, ոչ արդյունավետության, գոնե որ տեսակետների ոչ միասնականության: Իլհամ Ալիևի հարթմնի երազների իրավունքը, համենայն դեպս, Մինսկի խումբը չի վիճարկում, նույնիսկ այլևս նախկին պարիտետային հայտարարությունները չեն հնչում սահմանային միջադեպերից հետո:

Դիտվել է՝ 1367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ