«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ավարտվեց Բաղրամյան պողոտա 1-ը, սկսվում է 2-ը

Ավարտվեց Բաղրամյան պողոտա 1-ը, սկսվում է 2-ը
30.06.2015 | 01:26

Դուք նկատեցի՞ք, որ անցած տասնօրյակում մենք խտացված ժամանակում վերապրեցինք անկախության հաստատման պատմությունը՝ սկսած 88-ից: Ո՞վ էր 1988-ին մտածում անկախության մասին: Մեզ պետք էր Ղարաբաղը, մեզ պետք էր միացում, և Թատերական հրապարակի հարթակում հայտնվեցին մարդիկ, որ լռող (միայն «Ավանգարդն» էր տեղեկատվություն հրապարակում երեք օրը մեկ) հեռուստատեսությամբ ու թերթերի փոխարեն տեղեկատվություն տան ու ասեն՝ ինչ անել: Փետրվարին ոչ ոք քաղաքական պահանջներ չէր դնում, որևէ մեկի մտքով չէր անցնում հարցը քաղաքականացնել: Այդպես սկսվեց: Ղեկավարների քանի՞ շրջան փոխվեց հարթակում՝ մինչև «Ղարաբաղ» կոմիտեն: ՈՒ նորից որոշումները գրողների միության շենքում են կայացվում: Այսօր հեռուստաալիքները կարող են լռել, կարող են կցկտուր անդրադառնալ, կարող են ուղիղ եթերով հաղորդումներ տալ, նրանց լսարանը անդառնալի վերցրել է ինտերնետը՝ այս օրերին հրաշալի էին աշխատում կայքերի լրագրողները՝ գիշեր ու ցերեկ, ուղիղ եթերում: Տեղեկատվության պակաս, ինչպես 88-ին, չկա: Կա 88-ի խելահեղ ու անկոտրում էներգետիկան: ՈՒ դա այն անանց արժեքն է, որ վերականգնվեց: Վերականգնվեց անսպասելի ինչպես այն ժամանակ՝ ոչ մի տեղից, միանգամից ու հաստատ ավելի երկար ժամանակով:
Այսօր փողոցում անկախության սերունդն է, որ չունի խորհրդային ժամանակների նոստալգիան, կաշկանդված չէ տասնամյակներով ձևավորված մտածողության կաղապարներով ու պայմանականություններով, դնում է խնդիր և պահանջում լուծում: Ո՛չ ընթացիկ, ո՛չ կիսատ-պռատ, ո՛չ անորոշ ու խաբուսիկ:
Եթե նկատեցիք, նաև շատ տարբեր էին անցած օրերն ու կիրակի օրը: Եթե հունիսի 23-ի լուսաբացի բռնություններից հետո մինչև հունիսի 28-ը 5-օրյա զինադադար էր, համարյա եղբայրություն ցուցարարների ու ոստիկանների միջև, կիրակի օրը պատկերը փոխվեց: Ավելի ճիշտ՝ պատկերը փոխվեց շաբաթ օրվանից, ու արդեն ակնհայտ էր, որ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը կա՛մ պառակտվելու է, կա՛մ կորցնելու է իրավիճակը կառավարելու ունակությունը: Կիրակի առավոտյան Բաղրամյան պողոտան շարունակում էր նախորդ օրերի կյանքը, սպասվում էր, որ ժամը 18-ին նախաձեռնությունը կասի ինչ է որոշել: Հայտարարությունը կցկտուր էր, իմաստը՝ հեռանում ենք Բաղրամյանից, պայքարը շարունակում ենք Ազատության հրապարակում: Ճերմակ վերնաշապիկով Վաղինակ Շուշանյանը շատ էր տարբերվում ինքն իրենից՝ ակնհայտ էր, որ նյարդերը տեղի են տալու՝ կամ որոշումն էր պարտադրված, կամ պատասխանատվությունն էր ուժերից վեր: Նրանց մի մասը հեռացավ Ազատության հրապարակ, ցուցարարների մեծ մասը մնաց ու տեղում հայտարարվեց, որ պայքարը շարունակվում է: Կեսօրից դեռ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրել էր, որ ժամը 23-ից հետո ոստիկանությունը «փորձելու է վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում, իսկ իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության: «Հասարակական կարգը վերականգնելու» փորձերը սկսվեցին շատ ավելի վաղ՝ արդեն ժամը 7-ից պայթյունավտանգ վիճակ էր՝ ոստիկանական ուժերը շրջափակել էին ցուցարարներին բոլոր կողմերից ու պարբերաբար պահանջում էին ցրվել: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ ցուցարարների մեջ կան սադրիչներ, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց դադարեցնել անօրինական գործողությունները և բացել Բաղրամյան պողոտան, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կես ժամ տվեց:

Ցուցարարները չհեռացան, ավելին՝ ոստիկանների ու ցուցարարների միջև արդեն ոչ միայն ու ոչ այնքան պատգամավորներն էին ու շոուբիզնեսմենները, որքան կանայք ու երեխաներ: Ոստիկանությունը ձեռնպահ մնաց ուժային գործողություններից իր հայտարարած ժամին:
Կողմերին հանդարտության և ժողովրդավարության շրջանակներում գործելու կոչ ուղղեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը: Ի՞նչ կատարվեց Հայաստանում անցած 10-օրյակում:
1. Անցած ուրբաթ օրը Ազատության հրապարակում սկսված նստացույցը քչերն էին լուրջ ընդունում, հաջորդած զարգացումներն անակնկալ էին: Նույնքան անակնկալ, բայց օրինաչափ էր, որ Ազատության հրապարակից սկսելով՝ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը վերադարձավ Ազատության հրապարակ՝ հեռանալով «զոռբայության» սեփական ձեռագրից:
2. «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությանը «օգնեց» առաջին լուսաբացը՝ ոստիկանական ջրաշիթերն ու բռնությունները արթնացրին ու ձևավորեցին ընդհանրական պայքարի էներգետիկան: Բաղրամյան պողոտան տրենդ դարձավ՝ չե՞ս եղել այնտեղ, բա դու երևանցի՞ ես: Սա պայքարի նոր, աննախադեպ որակ է:
3. Պայքարը քաղաքական դարձնելու գերագույն ճիգեր գործադրեցին ռուսական լրատվամիջոցները, Բաղրամյան պողոտան դիմադրեց դրսից պարտադրվող կարծրատիպերին ու քաղաքական նպատակներին: Իսկ նպատակները երկակի էին՝ ոչ միայն մայդանավորել ու հակաօրինական պայքարի, պետական հեղաշրջման փորձի և այդ զինանոցի մյուս պիտակներով ցրել, այլև քաղաքացիական պայքարի մեջ ներգրավել արևմտամետ ուժերին ու նրանց ևս քաղաքական ասպարեզից «փաթեթով» դուրս բերել, ինչպես «անգլիական» հեռացավ ԲՀԿ-ն իր հրաշալի քառյակ-եռյակով:
4. ՀՀ նախագահի առաջարկը նոր իրավիճակ և՛ ստեղծեց, և՛ չստեղծեց՝ մի կողմից «Ո՛չ թալանին» նախաձեռնության պահանջը կատարված է՝ սպառողների համար օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա, մյուս կողմից՝ եթե փոխհատուցում է պետական գանձարանը, կատարված է ՀԷՑ-ի պահանջը, և ի՞նչ տարբերություն՝ ժողովրդի անձնական, թե ընդհանրական գրպանն են դատարկում: Սա լուծում չէ: Փորձը ցույց է տալիս, որ պետությունը շատ արագ ավելացնելու է հարկային բեռն ու գները, այսինքն՝ այն, ինչ ինքը տալու է ՀԷՑ-երին, միևնույն է, տալու են սպառողները, ընդամենը՝ միջնորդավորված:
5. Խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահը չբացառեց ՀԷՑ-երի հնարավոր պետականացումը և հետագա մասնավորեցումը: Սա միակ ճանապարհն է հետագա թանկացումները կանխելու:
6. «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը գործնականում ավարտվեց, բայց ասպարեզ բերեց նոր նախաձեռնություն, որ դեռ անուն չունի, նույնիսկ անելիքը չգիտի ու գուցե կայանալու ժամանակ չունենա, բայց, միևնույն է, ջինը շիշ չի վերադառնա: Կարո՞ղ եք, օրինակ, այս ժողովրդին այսուհետ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի տանել՝ հանձնարարված արդյունքով: Կամ՝ կոնսոլիդացիայի մասին հեքիաթներ պատմել, երբ կայացել է իրական կոնսոլիդացիա՝ չհանձնարարված սցենարով:
7. Որևէ աուդիտ չունի սակագնի կասեցման ֆունկցիա, ուրեմն աուդիտից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը կարող է ուժի մեջ մտնել: Աուդիտը բավականին անորոշ հեռանկար է՝ ովքե՞ր են անցկացնելու, ի՞նչ են պարզելու, ի՞նչ լիազորություններով, որքա՞ն են հավաստի լինելու աուդիտի արդյունքները: Անցյալի փորձը վկայում է, որ նման դեպքերում կայացվում են քաղաքական որոշումներ: Չի՞ ստացվում, որ աուդիտի գաղափարը ժամանակ շահելու և Բաղրամյան պողոտան բացելու խնդիր է լուծում:
8. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ խոսեց երկար ու հուզիչ՝ միասնությունից, ժողովրդավարությունից, քաղաքացիական հասարակությունից, բոլորից ու յուրաքանչյուրից, Աստծուց, իրար կորցնելուց այս բարդ աշխարհում, «մենք»-ը կորցնելուց, ուրիշ «մենք» դառնալուց, 1988-ից: Բացատրեց, համոզեց, հորդորեց, վախեցրեց, գնահատեց, արժևորեց, հույս տվեց, քայլերի մշակված քարտեզը տվեց աուդիտով ու սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր որակեց, նաև ասաց. «Թող որևէ մեկի մտքով չանցնի, թե սակագնի բարձրացման խնդիրների հետ կապված մեր երկրում կան հակադիր կողմեր, թող որևէ մեկի մտքով չանցնի, թե կան մերոնք և ձերոնք. դա անհեթեթ է այնքան, որքան վտանգավոր է»: Համարյա խնդրեց. «Աստծո սիրուն, հերիք է կաթվածահար անեք քաղաքի կենտրոնը, պատասխանատվության բեռը բոլորիս ուսերին գնալով միայն ավելանալու է»: Բայց ակնհայտ էր, որ նրա խոսքն ուղղված էր դեռ հունիսի 17-ին նոր սկսվող պայքարին: ՀՀ նախագահը վրիպեց՝ հունիսի 27-ին Ազատության հրապարակից դուրս եկած ու Բաղրամյան պողոտա հասած, ջրված, ծեծված, նույն օրը բարիկադներ վերադարձած ժողովուրդը այլևս ուրիշ խոսք էր սպասում, ու հենց այդ պատճառով չհեռացավ:
9. Բաղրամյան պողոտան նաև արդյունքներ գրանցեց՝ գազի համար Հայաստանը հունվարի 1-ից վճարելու է 165 դոլար, նախկին 189 դոլարի փոխարեն, ՌԴ-ն 200 մլն դոլարի արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ ԶՈՒ-ն ժամանակակից սպառազինությամբ ապահովելու համար, ռուսական կողմը Հայաստանի քննչական կոմիտեին է փոխանցում Ավետիսյանների ընտանիքի ոճրագործության քննությունը (ճիշտ է, տեղնուտեղը ՌԴ ռազմաբազան Գյումրիում մեծացրեց իր տարածքը պայմանագրով), Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման և գործունեության երկարացման պայմանագիրը՝ ռուսական վարկով և տեխնիկական աջակցությամբ:
10. Բացահայտվեց, որ իր վարած քաղաքականությամբ Ռուսաստանը կարող է կորցնել բացարձակ ու անվերահսկելի մենաշնորհային դիրքերը Հայաստանի տնտեսության մեջ: Տնտեսական հաղթաթուղթը կորցնելով՝ կորցնելու է քաղաքականը, ուստի պարտավոր է հանդիպակաց քայլեր անել ՀԷՑ-ի հարցում: Չի բացառվում, որ ՀՀ կառավարությանը 25 միլիարդ դրամ սուբսիդիա կտա ՌԴ-ն:
ՈՒ ի՞նչ:
1. Երկու ամիս առաջ Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող հայ ժողովուրդը վերջապես ինքն էլ հասկացավ՝ որն է իր ուժը:
2. Մարտի 1-ի ուրվականը Հայաստանից պիտի հեռանա:
3. Ոչ ոք չէր ծրագրել, բայց Հայաստանում սկսվում է նոր 88, վաղ թե ուշ քաղաքացիական էներգետիկան վերաճելու է քաղաքականի, պատահական չէր «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը, անկախության սերունդը պայքարելու է Հայաստանի իրական անկախության համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ճգնաժամային կիրակին անցավ առանց բախումների, ու դա հաղթանակ է՝ թե՛ իշխանության, թե՛ ժողովրդի: Բախումն անկանխատեսելի հետևանքներ կունենա՝ արտաքին քաղաքական, ներքաղաքական: Երկուշաբթին սկսվեց «աղբամանների պատերազմով»: Իսկ այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Խեցգետնի ամառը դժվար որոշումների ժամանակ է միշտ, ի՞նչ կորոշի նա ու ինչո՞ւ: Այդ հարցի պատասխանը կախված է նաև Բաղրամյան պողոտայից, որ ավարտեց իր պատմության առաջին էջը ու տեղնուտեղը բացեց նորը: Սերժ Սարգսյանը դա հիանալի գիտի ու կարող է հիանալի օգտագործել՝ արդեն 7 տարի նա դա ապացուցում է բոլորին ու յուրաքանչյուրին: Շնորհավորում ենք ՀՀ երրորդ ու գուցե վերջին նախագահի ծննդյան օրը, հուսանք, որ Խեցգետնի ամառը նրան կթելադրի հատվածական որոշումներից անցնելու արմատական լուծումների: Ոչ միայն ՀԷՑ-երի հարցում: Անցած 10-օրյակը ի հայտ բերեց պետական կառավարման համակարգի ողջ խոցելիությունն ու անպատրաստությունը իր գործառնությունները կատարելուն: Ոստիկանությունը չի կարող փոխարինել պետությանը՝ կառավարության և խորհրդարանի չլուծած խնդիրները առաջին գիծ բերեցին ոստիկաններին, իսկ դա արտակարգ իրավիճակ է ցանկացած պետության համար: Առավել ևս՝ նախագահական կառավարման համակարգով: Միշտ չէ, որ ժամանակ շահելը ժամանակ չկորցնել է:

Դիտվել է՝ 1619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ