«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կանխատեսելի հիբրիդ

Կանխատեսելի հիբրիդ
02.06.2015 | 00:46

Ռուսական իրականությունը հավերժական հարցեր ունի` «ի՞նչ անել» և «ո՞վ է մեղավոր», որոնք այսօր փոխակերպվել են հայոց հարցերի: Եվ եթե վերջին հարցին նույն ռուսական «փոխակերպմամբ» էլ պատասխանենք, ապա «մեղավորներն» են` «дураки и дороги»:
Մինչ մեզանում հայրենի կառավարությունն ու իշխանությունը զբաղված են տեղական ինքնակառավարման մարմինների «հույժ» արդիական ու «կարևոր» ընտրություններով, նույն այդ «շրջանակներում» բացվող եկեղեցիներով… մի պահ ձգենք պաուզան` փոքրիկ վերհուշի համար. օրերս ոչ անհայտ, «կարգին տղա» Արթուր Մեսչյանը հարկ էր համարել բոլորիս հիշեցնել, թե ինչպես էին մեր նախնիները եկեղեցիներ կառուցում. քարերը եփում էին, դնում արևի տակ` օրերով, շաբաթներով` աղոթքով ու ծոմով, հետո նոր միայն շարում: Ասել է` փոխում էին քարի էներգետիկան, դարձնում այն հոգու ու հավատի նշան ու նոր դնում եկեղեցու պատին: Իսկ Փարաջանովի «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմն ընդհանրապես այս պատումի գլուխգործոցն է. ամրոցը կառուցելիս գյուղի ամենագեղեցկատես երիտասարդին դրեցին պատի մեջ ու շարեցին պատը, որպեսզի երիտասարդի կյանքն ու գեղեցկությունը «անցնեն» ամրոցին, որպեսզի ամրոցը հավերժանա, որպես կյանք։ Սա որպես փոքրիկ էքսկուրս` եկեղեցաշինությամբ տառապող մեր իշխանավորա-օլիգարխների և նրանց զավակների «կենդանության» մասով:
Անցնելով էլ առաջ` հայոց այս «բուռն» իրականությունն ու տեղական «ինքնակառավարումը» բաղդատենք ռուսական «ճանապարհների» և «հիմարների» հետ, հասկանալու` ինչ է կատարվում հայոց մեջ և այն էլ Ռիգայից հետո, երբ տեղի ունեցավ ցույց` վասն էլեկտրաէներգիայի չթանկացման, և միտինգի էներգետիկան այնքան բարձր էր, որ խորհելու ու մտածելու տեղիք պիտի տա բոլորիս, այդ թվում՝ «եկեղեցաշիններին» և այս օրերին այդ եկեղեցիների գավիթներում հայտնվողներին, որոնց մեջ հաստատ քիչ չեն նրանք, ովքեր շատ լավ են հասկանում` հիբրիդային պայքարի այս օրերին Հայաստանն ու տարածաշրջանը կարող են հայտնվել ֆորս-մաժորի մեջ: Նկատենք` Իսլամական պետությունը Սիրիան «իրենով» է փորձում անել, դանդաղորեն մոտենում է Թուրքիայի սահմաններին: Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Թուրքիայում առաջիկայում ընտրություններ են ¥մեկ շաբաթից կվերջանան¤, մյուս կողմից` Ադրբեջանում Եվրոպական օլիմպիադա է, այն ևս «մի քանի օրից» կվերջանա:
Ասել է` արտաքուստ հարաբերական խաղաղ է, սակայն սողացող գործընթացների պակաս նույնպես չկա:
Ինչու է թուրքական ընտրությունների շեմին Իսլամական պետությունը գրեթե «հասել» Թուրքիա, դա զուտ աշխարհի «կառավարիչները» կիմանան, որովհետև անգամ այս դեպքում «հիբրիդը» շատ մեծ է. գիտենք, որ Թուրքիան ու Իսլամական պետությունը «ընդհանուր շահեր» ունեն, պետք չէ նաև մոռանալ, որ նույն Իսլամական պետության դեմ առերես պայքարող ԱՄՆ-ը ևս ունի իր լուրջ շահերը, և որ Իսլամական պետության առաջնորդները հենց ԱՄՆ-ի դրածոներ են, ինքն է նրանց պատրաստել «հիբրիդի». մեկին` ոչ անհայտ Աբու Գրեյբի բանտում, մյուսին` Գուանտանամոյի:
Եվ այս ֆոնին, գրեթե Սերժ Թանկյանի համերգի էներգետիկայով օժտված հայոց ցույցը` առերևույթ ընդդեմ էներգիայի թանկացման, իրականում` ռուսական «հիմարի», այն է` վատ կառավարման, ուղիղ ճանապարհ է` անհրաժեշտ պահին «ի՞նչ անել» ավանդական հարցին պատասխանելու` «իհարկե, հեղափոխություն»` հիբրիդային խմորումով, քանզի ակնառու են սողացող գործընթացները, որ տեղի են ունենում մեր շուրջը. մի կողմից՝ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին իր կողմը` ԵԱՏՄ քաշել` Ղարաբաղի և Հայաստանի հաշվին, մյուս կողմից՝ Արևմուտքը, Ռուսաստանի հարավկովկասյան ախորժակը զսպելու համար կրկին «միտինգ» է բորբոքում Հայաստանում` ընդդեմ ռուսաստանյան ընկերության: Ընդ որում, միտինգն էլ իր հերթին անչափ օբյեկտիվ «կոնտեքստում» է ընթանում:
Ի դեպ, եթե Գյումրու և Պերմյակովի «դեպքը» կարելի է ընդդեմ Ռուսաստանի` ենթագիտակացության մեջ խրված ցից համարել, որը պետք է պտտվեր և իր «սև գործն» աներ, ասել է` «հեղափոխությունը» տեղի ունենար հայոց մտքում ու հոգում, ապա էլեկտրաէներգիայի թանկացումը (դատելով միտինգի «ծավալներից»)` հեղափոխության համար ամբողջական և լուրջ դրդապատճառ է, որում, ի դեպ, իր ուրույն «փաթեթն» ունի նաև հայոց իշխանությունը` Ղարաբաղի խնդրին առնչվող իր «կետերով», ինչու ոչ` նաև սահմանադրական բարեփոխումների «դրույթներով»` ընդդեմ համապատասխան «կողմերի»:
Սա էլ առայժմ կանխատեսելի է դարձնում հիբրիդը: Ինչ կլինի հետո` այս պահին դժվար է ասել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ