«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ճանապարհ դեպի ագորա, կամ՝ ագորան որպես ճանապարհ

Ճանապարհ դեպի ագորա, կամ՝ ագորան որպես ճանապարհ
19.05.2015 | 00:57

Ագորան հին հունական քաղաքներում հրապարակն էր, որտեղ քաղաքացիները հավաքվում էին քաղաքին վերաբերող հարցերը քննարկելու: Հրապարակը քաղաքի կենտրոնում էր, հարևանում էր շուկային ու վարչական շենքերին: Ագորան շրջանակում էին ոչ միայն առևտրի տաղավարներն ու արհեստանոցները, այլև տաճարները և ամբողջ տրամագծով շարվում էին արձաններ: Ագորան քաղաքի ¥հույների դեպքում՝ պետության¤ վարչական ու տնտեսական կենտրոնն էր, որտեղ հրապարակվում էին օրենքները, քարի վրա փորագրված կարևորագույն հրամանագրերը: Սկզբում ագորաները բաց հրապարակ էին՝ ժողովատեղի, տարերային կառույցներով, բայց որքան զարգանում էին քաղաք-պետությունները, այնքան կատարելագործվում էր ագորան՝ իբրև կառույց: Հետո արդեն ագորան դարձավ քաղաքից առանձնացած ու քաղաքի հետ դարպասներով հաղորդակցվող կառույց՝ Հին Հռոմից մինչև Փոքր Ասիա: Մ.թ.ա. 4-1 դարերում գործած հարյուրավոր ագորաներից պահպանվեցին Աթենքի, Սպարտայի ու Կորնթոսի ագորաները: Հրապարակում կարգուկանոնի պահպանման համար պետական պաշտոնյաներ կային՝ ագորանոմները, նրանց պարտականությունն էր հետևել, որ ճիշտ կատարվեն ընդունված որոշումները: Հունական քաղաք-պետություններում ինչ ասես եղել է, ինչո՞ւ ագորան եկավ ու կպավ չգիտեմ՝ հիշողությանս, չգիտեմ՝ տրամադրությանս, չգիտեմ՝ մտքերիս, կպավ ու պոկ չի գալիս: Աթենական ժողովրդավարության համակարգում ագորան էր որոշումների ընդունման հիմքում:
Խառը, խառը շաբաթ էր Հայաստանում:
Սահմանադրության փոփոխության չափ ու ձևը չպարզած՝ էլեկտրաէներգիայի հերթական թանկացումը մեջտեղ եկավ: Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի զգետնիչ կեցվածքը եթե դատախազությանը հաղորդում չէր հանցագործության մասին, հրաժարականի հիմք է: Պետության ներկայացուցչի բացարձակ անզորությունը պետության տարածքում գտնվող, տնտեսության ու բնակչության համար ռազմավարական կարևորություն ունեցող, բայց պետությանը չպատկանող ՀԷՑ-երի հարցում, նրա փիլիսոփայական, կիսաանտարբեր-կիսահամակերպված վերաբերմունքը էլեկտրաէներգիայի թանկացման օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներին, տագնապի հերթական ազդանշանն էր՝ Հայաստանի Հանրապետությունը խնդիրներ ունի ոչ միայն պետական կառավարման ոլորտում, այլև անկախությանն առնչվող: Երվանդ Զախարյանն այն պաշտոնյան չէ, որ չհասկանա՝ ինչ է կատարվել ու կատարվում, և ինչ են իր խոսքերը նշանակում: Առաջինը նա գիտի, որ էլեկտրաէներգիայի գործող 41,85 դրամ սակագնի պայմաններում ՀԷՑ-ը ամեն կիլովատից 12,46 դրամ եկամուտ ունի և միայն անցած տարի 5 միլիարդ 571 մլն 920 հազար կվտ.ժ էլեկտրաէներգիայի առաքումից ՀԷՑ-ը 69 մլրդ 426 մլն 123 հազար դրամ եկամուտ է ունեցել, պահպանման համար ծախսելով 39 միլիարդը: Մնացածն ի՞նչ է եղել, որ 17 դրամով թանկացում է ուզում: Հերթականը: Իհարկե, դեռ կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, բայց որևէ մեկը սպասո՞ւմ է հանձնաժողովից անկախ որոշում: Կա՞ նախադեպ: Հանձնաժողովը, լինելով անկախ, մշտապես կայացնում է քաղաքական որոշում: Ինչո՞ւ: Որովհետև որոշումների կայացման հիմքում ագորա չկա, կա քաղաքական նպատակահարմարություն: ՀԷՑ-ի սեփականատիրոջը խայտառակ մենեջմենտի, անարդյունավետ կառավարման և պետությանը վնասելու մեղադրանքով դատի տալու փոխարեն Սողոմոնի որոշում կկայացվի՝ ոչ ինձ, ոչ քեզ, կթանկացվի, բայց քիչ, ասենք ոչ թե 17, այլ 7 դրամ:

Ագորան աղմկի՝ հազար դրամի փոխհատուցում կավելացվի նպաստներին: ՈՒ՝ վերջ, մինչև եկող տարի: Որովհետև ագորան իր դերում չէ, ագորանոմներ չկան:
Մայիսի 16-ին նոր կուսակցություն ստեղծվեց՝ «Ալյանս»: Առաջադիմական ցենտրիստական՝ իրենց հայտարարությամբ: Հիմնադիր համագումարը ընտրեց նախագահ՝ Տիգրան ՈՒրիխանյանին, ավելի ճիշտ հակառակը՝ Տիգրան ՈՒրիխանյանը կուսակցություն ստեղծեց: Չշտապեք ԲՀԿ-3 որակել, հետո ինչ, որ Տիգրան ՈՒրիխանյանը ԲՀԿ-1-ից է ու հեռացել է ԲՀԿ-2-ից: Ամեն ինչ կատարվում է ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին: «Ալյանսը» կարող է մնալ «Ալյանս», կարող է դառնալ ԲՀԿ-1՝ լուծելու այն խնդիրները, որ նա չլուծեց ու դարձավ ԲՀԿ-2: Ամեն ինչ կախված է հանգամանքներից, առաջին հերթին կառավարման մոդելի ընտրությունից, ներքաղաքական համաձայնությունների կայացումից կամ չկայացումից: Մինչև համապետական ընտրություններ ժամանակ կա՝ կայացման համար: Հայաստանում կուսակցության կայացման-չկայացման համար ժամանակը խնդիր չէ, փողն է խնդիրը, ու՝ իշխանության հետ հարաբերությունը: ՀՀԿ-ին համագումարի չհրավիրելը նշանակություն չունի՝ ճիշտ պահին ճիշտ մարդիկ, պետք եղավ՝ կհանդիպեն: Սա նաև կամուրջ է՝ նետված խորհրդարանական կուսակցություններին, եթե չկոալիցվեք, եթե չհամագործակցվեք, ալյանսվեք՝ հեռանկար կարող է լինել: Ագորան անտարբեր է. ԲՀԿ-1-ից ակնկալիքները ոչ ԲՀԿ-2-ը կտա, ոչ ԲՀԿ-3-ը: Ագորան ինքը պիտի խոսի:
Մայիսի 17-ին Տավուշի, Սյունիքի և Լոռու 23 համայնքներում հանրաքվե անցկացվեց՝ պարզելու բնակիչների կարծիքը համայնքների խոշորացման վերաբերյալ: Համայնքները կողմ կլինեն, թե դեմ՝ համայնքների խոշորացմամբ կառավարությունն ուզում է տնտեսել ֆինանսական միջոցները՝ աշխատակիցների աշխատավարձերը, համայնքապետարանների պահպանման ու շահագործման ծախսերը, և ուղղել կապիտալաստեղծ ծախսերի։ ՈՒրեմն՝ ի՞նչ իմաստ ունի հանրաքվեն: Ագորայի ձա՞յնը լսել: Լսել, բայց անտեսե՞լ: Ժողովրդավարության ֆանտաստիկ պատկերացումներ են Հայաստանում:
Չե՞ք հավատում: Անձրևի տակ ամբողջ մեկ օրուգիշեր «Նաիրիտի» աշխատակիցները նստացույց արեցին կառավարության շենքի առաջ, որևէ պաշտոնյա «չտեսավ»։ Կառավարությունն ունի Համաշխարհային բանկի աուդիտի հոգեպարար արդյունքը՝ իմաստ չունի վերագործարկել: Որևէ պետության համար նման աուդիտները ունեն խորհրդատվական նշանակություն, Հայաստանն ընդունում է ի կատարումն: Ինչո՞ւ: Չկա քաղաքական կամք՝ վերագործարկման քաղաքական որոշում կայացնելու: Նորից ամեն ինչ բախվում է ռուսական պատին: Թվում էր՝ գոնե «Նաիրիտի» աշխատակիցները պիտի այնքան հասուն լինեն, որ բացի աշխատավարձից, աշխատանք ու «Նաիրիտի» վերագործարկում պահանջեն: Մի թեթև եղան: Ասուլիսում բացի աշխատավարձերի վերադարձի ժամանակացույցը պահանջելը, ասացին, որ վերագործարկման դեպքում «Նաիրիտը» 17 միլիոն դոլարի շահույթ կապահովի, տարեկան 80 մլն խմ գազ Իրանից ստանալու դեպքում ապրանքային փոխանակման տարբերակով կաուչուկի արտադրությունը հնարավոր է վերականգնել: 55 միլիոն դոլարի ներդրում է պետք: Կառավարությունը պատրաստ է գումար տրամադրել ոչինչ չորոշող հանրաքվեների, բայց ոչ «Նաիրիտին»: Իսկ ագորան մեկ օր ու մեկ գիշերում արդյունքի չհասնելով՝ տուն գնաց, որովհետև դեռ չի դարձել ագորա, որովհետև իշխանությունն ինքն իրեն ագորայում չի զգում՝ վաղուց փակել է դարպասները ու արձանների փոխարեն ոստիկաններ շարել: Շատ խառն է ամեն ինչ Հայաստանում:
Հայաստանի Հանրապետության տարածքում բիզնեսը դեռ երկու տարի կարող է աշխատել ազգային օրենսդրության հիման վրա՝ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Հայ արտադրողին ժամանակ են տալիս պատրաստվելու աշխատանքի նոր պայմաններին, ձևակերպելու փաստաթղթերը, կատարելագործելու արտադրությունը։ Աշխարհում ճգնաժամ է՝ կասեր Ղազախստանի նախագահը: Իսկ Բելառուսի նախագահը հայացքը Արևմուտքից չի կտրում: Երկու տարվա ազատություն: ԵԱՏՄ կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնյովը Երևանում հայտարարեց, որ միության անդամ երկրներում առևտրի ծավալը կրճատվել է տասնյակ տոկոսներով, հորիզոնական անկում է, պահանջարկը նվազել է, գնալու տեղ չկա: Նա, իհարկե, հույս տվեց, որ մայիսի 29-ին Աստանայում կքննարկեն ինչպես մեծացնել առևտուրը: Հույսի աղբյուրը Վիետնամն է: Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստից հետո հնարավոր է, որ Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրվի: Բոլորն էլ գիտեն, որ խախուտ է հույսը: Փաստացի՝ ԵԱՏՄ անդամներին ազատ նավարկության են ուղարկում՝ ինքներդ պահեք ձեր տնտեսությունը: Բայց՝ ԵԱՏՄ-ի անդամակցության շրջանակները չխախտելով: Այդպես չի լինում: Հանուն մի կառույցի հեռակա անդամակցության հնարավոր չէ փոխել վաղուց գործող միությունների օրենքները: Հիմա ԵԱՏՄ-ն քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական միություն է: Եթե տարբեր պատճառներով տնտեսական խնդիրները հնարավոր չէ լուծել, քաղաքական սահմանափակումները ի՞նչ հիմքեր ունեն: Լավ, երկու տարի առաջ պետք էր, որ գոնե Հայաստանը չեվրաասոցացվի: Ստացվեց: 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը ԵԱՏՄացավ: Բայց՝ արդեն բոլորովին այլ կառույցի՝ այլ քաղաքական ու տնտեսական վիճակով ու խնդիրներով: ՈՒ ստացվեց, որ Հայաստանը շտապեց լինել այնտեղ, որտեղ ոչինչ չի կատարվում: Ավելի ճիշտ՝ կատարվում է, բայց հայտնի չէ՝ ինչ: Երկու տարվա արձակուրդը, սակայն, այս պայմաններում կարող է հարկադիր պարապուրդ դառնալ, և դեռ հայտնի չէ՝ երկու տարուց աշխարհում կավարտվի՞ ճգնաժամը ԵԱՏՄ-ի համար, թե՞ այդ ժամանակ էլ սկսվում է ԵԱՏՄ անդամ երկրներում ընտրական ցիկլը և, բնականաբար, չեն լինի կտրուկ շարժումներ: Ճիշտ է՝ ընտրությունները ծես են, բայց պետք չէ ագորային մեղվի փեթակի պես բզբզել, մեկ էլ ու կծեց:
Մայիսի 21-22-ին Ռիգայում ԵՄ գագաթնաժողովն է՝ Վիլնյուսից հետո: Այն Վիլնյուսից, որտեղ Հայաստանը պիտի ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, բայց ստորագրեցին Մոլդովան ու Վրաստանը: ՈՒկրաինան ստացվեց առանձին պատմություն: Երկու տարի առաջ: Այսօր եվրոպացիներն արդեն ընդունում են, որ Արևելյան հարևանության քաղաքականությունը ի սկզբանե պետք է լիներ անհատականացված և նախկին ԽՍՀՄ հանրապետություններին չէր կարելի ընդհանրական պայմաններ առաջադրել: Ընդունելն ընդունում են, բայց պարզ չէ, թե որքանով են պատրաստ սխալն ուղղել: Նրանք հիմա էլ համարում են, որ Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ կախվածությունը՝ և տնտեսության, և անվտանգության առումով համարժեք չէ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին և հիմա էլ համոզված են, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացումը չի խանգարում ՀՀ-ՌԴ փոխհարաբերություններին: Հիմա ԵՄ-ն ընդամենը աջակցում է Հայաստանում բարեփոխումներին և չի խառնվում տնտեսական խնդիրներին՝ չհակասելու համար Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության պայմաններին: Այսօր ԵՄ-ն Եվրահանձնաժողովից նոր մանդատ է սպասում՝ Հայաստանի հետ բանակցությունների համար, որոնք նախորդից, ակնկալվում է, որ ավելի արագ կավարտվեն և տրամաբանական վերջ կունենան: Բացի բարեփոխումներից, կհայտնվի՞ ազատ առևտուրը այդ բանակցություններում, հարց է, որի պատասխանը Հայաստանի համար հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ից երկամյա «արձակուրդը»:
Խառն է, խառն է կյանքը Հայաստանում: ՈՒ՝ աշխարհում: Նախ՝ Ջոն Քերին եկավ, հետո՝ Վիկտորյա Նուլանդը: Մնաց Օբաման գա, կամ՝ Պուտինը գնա: Իսկ Սերժ Սարգսյանն այդպես էլ չգնաց Թեհրան, ու Հասան Ռուհանին Երևան չեկավ: Գոնե «արձակուրդը» օգտագործվեր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ոչ միայն հին հույները, նրանցից հետո բոլորը ագորայի ու իշխանության միջև դռներ դրեցին: Պետության ժողովրդավարության մակարդակը որոշվում է այդ դռների բաց ու փակ, կիսաբաց ու կիսափակ վիճակներով: Ամենաբարդը ագորանոմների գործն է` սովորաբար այս կողմից են, բայց վճարվում են այն կողմից:

Դիտվել է՝ 2367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ