«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Քաղաքական թմբի՞ր, թե՞ փոթորկի նախատոնակ

Քաղաքական թմբի՞ր,  թե՞ փոթորկի նախատոնակ
08.05.2015 | 09:21

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գեներացիայից ուշքի եկող քաղաքական դաշտը ոչ մի կերպ չի կողմնորոշվում` դեռ ինչքան է իր քունը տանելու, սովա՞ծ է, թե՞ ժամն է արդեն պայքարի: Որովհետև սահմանադրական բարեփոխումներով մեծ և փոփոխված ժամանակաշրջան է սկսվելու հայոց մեջ, և եթե «չելնի, զենքերը չկապի», ապա «Դավիթ կգա-կանցնի», ու իրենք կմնան քաղաքական լուսանցքում, որովհետև տրանսֆորմացիաների այն փունջը, որը նախատեսված է սահմանադրական բարեփոխումներով (չնայած իր տարատեսակ փաթեթավորումներին ու անվանումներին` երկու նախագիծ, կիսանախագահական… և այդպես շարունակ), մեկ նպատակ ունեն` ապահովել անցնցում ու սահուն անցում դեպ խորհրդարանական կառավարում:
Ակնհայտ է, սակայն, որ փոփոխություններին ընդդիմացողների դաշտը ոչ միայն «քնած» է, այլև այս պահին ռեսուրսների, մարդ-ուժի ու կուսակցությունների ուղղորդված պայքարի լուրջ դեֆիցիտ ունի: Չկան նաև ակնառու լիդերներ: Կյանքն էլ ցույց տվեց, որ «փարդի քամակից» ոմանք որքան էլ փորձեն ասել` «մունք իդ պարը չինք պարում», երաժշտություն պատվիրողները պարում ու դուրս են գալիս «մեյդանից»` խիստ շռնդալից` «շաբաշները» ձեռներին, «շաբաշավորելով» այլոց:
Ընդ որում, բարեփոխումների ջատագովները (հասկանանք` ՀՀԿ-ն և յուր սատելիտները) գործում են անչափ գրագետ` դանդաղ շտապելով, հետ-առաջ քաղտեխնոլոգիայով, որպեսզի «կոնկուրենտ ֆիրման» կրկին, ինչպես եղավ Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հրաժեշտ տալու խաղի ժամանակ, անակնկալի գա և չհասցնի մինչև «մեկը» հաշվել: Էլ ո՞ւր մնաց` խոր «հակադարձումներ» անել:
Հետո էլ կյանքն ապացուցեց, որ «կոնկուրենտը», որը, ի պատիվ իրեն, ամեն ինչ արեց այս և մնացյալ խաղը շահելու համար` թե՛ քաղտեխնոլոգիաների, թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ քարոզչական, թե՛ հոգեբանական բոլոր կարգի մեխանիզմները գործի դրեց, այնուհանդերձ, «կոնկուրենտը» նաև հասկացավ, որ «գետի ու ջրի» խնդիր կա: Այն է` նույն ջուրն անհնար է երկու անգամ մտնել, էլ չենք ասում, որ արտքաղաքական դասավորությունները երբեք իր համար նպաստավոր չեղան, չնայած փորձեց լրջորեն խաղալ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ:
Ընդ որում` վերջիններիս առանց այն էլ բանի չնման գործերն է՛լ ավելի վատացան հենց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների արդյունքում, որը ցանկանում էին նախ հարամել Բերձորով, ապա «Հիմնադիր խորհրդարանի» անչափ անհասկանալի գործողություններով: Ցեղասպանության միջոցառումներն իրենց կազմակերպվածությամբ, ոգեղեն-քաղաքակրթական, ինչու ոչ` քաղաքական երանգապնակով, որքան էլ «կոնկուրենտների» համար ցավալի, ծառայեցին Հայաստանի, այդ թվում` նրա իշխողների շահերին` մասնակիորեն վերականգնելով վերջիններիս «մունդիրի» ահագին խունացած պատիվը։ Իսկ սկսել նման էջից է՛լ ավելի դժվար է լինելու` Սահմանադրությանը դեմ «քարոզիչների» կողմից, որոնք, որպես այդպիսին, կարծես չկան էլ: Առավել ստույգ` բացարձակ ինստիտուցիոնալ չեն, ի տարբերություն իշխողների և նրանց` Մելիք-Ադամյանով ևս մեկ անգամ անցնելու վճռականության:
Կա ևս մեկ շատ նուրբ բաղադրիչ: Սահմանադրական բարեփոխումներին դեմ ուժերը մի մասով խիստ իմիտացիոն և իներցիոն են, ընդ որում, չի բացառվում, որ այդտեղ ևս իշխանությունների «մատը» շարժված լինի` նախ բարեփոխումներին առնչվող բուռն քննարկման էֆեկտ ստեղծելու, ապա և` հարկավոր պահին նրանց խաղից հանելու, խաղը փոխելու, հետ քաշելու քաղտեխնոլոգիայի կիրառմամբ, որը անչափ «հոգեհարազատ» է իշխողներին:
Եվ կան «դեմ» ուժեր, որոնք երբեք ու երբեք դեմ չեն լինի հրաժարվելու իրենց «դեմությունից»` որոշակի խոստումների դիմաց:
Եթե իշխանությունը գնա դրան:
Գնա, որ ի՞նչ անի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ