«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երկու ըմպանակ` երկու ձեռքերում

Երկու ըմպանակ` երկու ձեռքերում
21.04.2015 | 00:30

Իսկական նարեկյան վիճակ է ապրիլի 24-ից առաջ: Բոլոր առումներով:
Բայց նախ այն մասին, որ Բակո Սահակյանը չի մասնակցելու Եղեռնի 100-րդ տարելիցի հայաստանյան միջոցառումներին: Պատճառաբանությունն էլ, կարելի է ասել, պատճառաբանություն չէ (Բակո Սահակյանը մասնակցելու է Արցախում կազմակերպվող միջոցառումներին), քանզի «ամենաթեթև» միջոցառումներին իսկ Արցախի առաջնորդը միշտ կանգնած է եղել Հայաստանի առաջնորդի կողքին:
Կարո՞ղ ենք կարծել, որ հրավիրյալ կողմերն են ինչ-ինչ պայմաններ դրել: Կարող ենք: Նորմալ է: Նաև` հասկանալի: Մերոնք էլ համաձայնել են: Ճի՞շտ են վարվել:
Ո՛չ: Դրսից չպետք է մեզ ասեն` «ինչ անենք, ինչպես անենք, ումով անենք»:
Կա մեկ այլ տարբերակ ևս: Մերոնք են այդպես որոշել: Ճի՞շտ են վարվել:
Այո՛:
Ինչո՞ւ: Բացատրեմ: Պաշտոնական Երևանը հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը, սահմանի բացումը, համատեղ արձանագրության գոյություն-չգոյությունը երբեք չի խարսխել նախապայմանների վրա: Իսկ այս պահին հայոց օրակարգը մեկն է` Ցեղասպանության 100-րդ տարելից, և ինչ-որ առումով ամենևին պետք չէր «թեմային» շաղախել Արցախի հարցը, իսկ Բակո Սահակյանի ներկայությունը` ենթագիտակցորեն, էլ չենք ասում` շատերի համար բացառապես նշանակելու էր` հայկական կողմը փորձում է օգտվել «առիթից» ու ղարաբաղյան «թեման» խառնել եղեռնին, «դիվիդենդներ» շահել, ադրբեջանա-թուրքական կողմին ինչ-որ բան ցույց տալ: Մանավանդ, տարելիցին ներկա են լինելու, ընդ որում, նաև հանդիպելու են ԵԱՀԿ ՄԽ երկու համանախագահ երկրների առաջին դեմքերը` Պուտինն ու Օլանդը: Եվ քաղաքականապես գրագետ չէր լինի «խաղեր» տալ այդ հողի վրա` Արցախի նախագահին «մտցնելով» նրանց արանքը, խնդիրը շեղել այլ դաշտեր, աղմուկի տեղիք տալ` փչացնելով դեռևս շատ լավ ընթացող գործընթացը:
Նաև այն պարզ պատճառով, Արցախը, անկախ մեր մոտեցումներից, դեռ ճանաչված չէ, և քաղաքական` իրադրային, զսպված ու շրջահայաց մոտեցումն այս դեպքում շատ ավելի կարող է օգնել խնդրի լուծմանն ու ապագային, քան Ադրբեջանի չունեցած աչքերը հանելու, մեր հյուրերի ձեռքով թուրքերին «հաթաթա» տալու ձգտումը:
Անցնելով առաջ` անդրադառնանք նարեկյան հաջորդ երկու «ըմպանակներին»:
Ի տարբերություն հայկական կողմի, որը, այո, բավականին շրջահայաց է գտնվել, ադրբեջանական կողմը, կարծես, ազդել է մեր ԵԱՏՄ-ական «ոխերիմ բարեկամ» Բելառուսի և Ղազախստանի վրա, ընդ որում, այնքան և այնպես, որ Բատկան վերցրել ու ապրիլի 24-ին գնում է Վրաստան, իսկ Նազարբաևից ձեն-ձուն չկա:
Քարը նրանց գլուխը, մի բան էլ լավ է, որ նրանք և ոչ թե մենք ենք «ապացուցողական բազա» ստեղծում, որ ԵԱՏՄ-ն ոչ միայն տնտեսապես, քաղաքականապես, այլև բարոյապես մեռած կառույց է: Ընդ որում, եթե նարեկաբար խոր նայենք նրանց ձեռքերում առկա «ըմպանակների» մեջ, ապա կհասկանանք, որ նրանց ոչ բարոյական պահվածքն ուղղված է ոչ այնքան Հայաստանին ու մեր հիշատակներին, որքան ուղիղ պարոն Պուտինին ու նրա ստեղծած ԵԱՏՄ-ին: Քանզի դրանով ԵԱՏՄ այդ անդամներն ապացուցում են, որ չկա նման կառույց (որքան էլ դա ցավ պատճառի ոմանց):
Մեզ մնում է լոկ այս օրերին մեր աչքերը հառել ո՛չ Արցախին, ո՛չ Օլանդին, ո՛չ Պուտինին, ո՛չ Թուրքիային ու, է՛լ առավել` «ազերիկներին», այլ Նարեկին ու նրանով Երկնին` առնելու այնտեղից մեզ ուղղված հիշեցումները:
Քանզի այդ հիշեցումների կորուստն է, որ ցեղասպանություններ է ծնում քաղաքականության հորձանուտում խեղդված աշխարհում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ