«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչո՞ւ խոսեց Էրդողանը

Ինչո՞ւ խոսեց Էրդողանը
15.04.2015 | 12:27

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայերի ցեղասպանության մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը որակել է զառանցանք և նախազգուշացրել՝ այլևս չկրկնել սխալը. «Երբ քաղաքական գործիչները, հոգևորականները ստանձնում են պատմաբանների պարտականությունները, արդյունքը՝ զառանցանքն է, ոչ թե փաստերը: Ես ուզում եմ կրկնել մեր կոչը՝ համատեղ պատմաբանների խումբ ստեղծելու մասին, և շեշտում եմ, որ մենք պատրաստ ենք բացելու մեր արխիվները: Ես ուզում եմ զգուշացնել պապին այլևս չկրկնել այս սխալը և դատապարտում եմ նրան»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահը: Փաստորեն, պարզվում է՝ Էրդողանը պատմաբան է և հոգևորական, որ կարող է խոսել ցեղասպանության մասին, և՝ միակ պատմաբանն է ու հոգևորականը, որ իրավունք ունի խոսել այդ թեմայով: Ինքնահակասության այս թակարդում՝ ի՞նչ է ուզում Թուրքիայի նախագահը: Միջպետական հարաբերությունների ու դիվանագիտության էթիկան ոտնահարելով՝ ինչի՞ է ձգտում: Ի՞նչ իրավունքով է «դատապարտում»: Ի՞նչ է նշանակում այդ «դատապարտումը»: Ինչո՞ւ ռուս-թուրքական դիվանագիտությունը հարցը արագ տեղափոխեց կրոնական հարթություն՝ հայտարարելով, որ խնդիրը քրիստոնյաների ու մուսուլմանների միջև է: 100 տարի խնդիրը եղել է Օսմանյան Թուրքիայի սեփական՝ օսմանյան հանրապետություն կառուցելը և հայկական ինքնավարության կամ պետության ձևավորումը կանխելը, հիմա դառնում է քրիստոնյաների ու մուսուլմանների պայքա՞ր: Այդպես ավելի հե՞շտ է տարածաշրջանում քրիստոնյաներին լռեցնել: Չկա ու չի եղել միջկրոնական պայքար, պայքարը եղել է ու մնում է քաղաքական: ՈՒ Էրդողանը դա հիանալի հասկանում է: Եվ Հռոմի պապի հայտարարությունը քաղաքական հայտարարություն էր: Հենց այդ պատճառով է Անկարան անվայել դիվանագիտական բառապաշարի դիմում բոլոր մակարդակներով՝ նախագահից նահանգապետ: Հռոմի պապի դեմ պայքարը քաղաքական պայքար է: Բայց՝ անօգուտ: Կաթոլիկների ու շիաների կամ սուննիների պայքար չի լինելու: Մուսուլմաններն իրենք իրենց մեջ նախ թող հարաբերությունները պարզեն: Հայ-թուրքական հարաբերությունները չեն կայանում ոչ այն պատճառով, որ հայերը քրիստոնյա են, թուրքերը՝ մուսուլման: Ի՞նչն է միմյանց դեմ հանել սլավոն ռուսներին ու ուկրաինացիներին: Հռոմի պա՞պը: Թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվ գործում է Հռոմի պապի դեմ, բայց դա նույն քաղաքական խնդիրն է, որ եղել է, կա ու լինելու է: Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ կրոնական, ոչ տարածքային խնդիր է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի ստորադասումը տարածքային կամ կրոնական հարթություններին ոչինչ չի տվել ու չի տալու: Հռոմի պապը ասաց՝ ինչ պիտի ասեր ու հաստատեց՝ Սուրբ Պետրոս տաճարում պատարագից հետո նա Սուրբ Մարթա եկեղեցում պատարագի ժամանակ կոչ է արել միշտ ասել ճշմարտությունը և չվախենալ. «Եկեղեցու ուղին անկեղծությունն է: Եկեղեցին պետք է ազատ խոսի: Դա ապացուցում է Քրիստոսի Հարությունից հետո սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկ՝ դառը: Սուրբ հոգին ի վիճակի է փոխել մեր կյանքը և համարձակություն ու քաջություն տալ»: Սա նրա պատասխանն է բոլորին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Որ Հռոմի պապի հայտարարությունների դրդապատճառը նրա արգենտինացի լինելն է, 12 կանանց թվում 4 հայ կին ունենալը, լավ գիտեն թուրքերը, իրենք այդպես են ապրել, օսմանյան որևէ սուլթան թուրք ծնողների զավակ չի եղել: Թուրքերի միակ նեցուկը այս պարագայում մնում են բոլոր նրանք, ովքեր հարյուր տարի առաջ թուրքերի հետ են եղել ցեղասպանություն ծրագրելիս ու իրականացնելիս, ովքեր քաղաքական հաշվարկներից ելնելով Անկարային նայում են ըստ տարածքի, բնակչության թվի ու ՀՆԱ-ի ցուցանիշի: Դա էլ տեսակետ է: Օրինակ՝
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 1915-ի հայերի հալածանքները դաժան հանցագործություն է համարում և չի շտապում տեղի ունեցածը որպես ցեղասպանություն որակել: Գլխավոր քարտուղարը համոզված է, որ ոգեկոչելով զոհերի հիշատակը, հիշելով 1915-ի իրադարձությունները, տեղի ունեցածի վրա լույս սփռելուն ուղղված համագործակցություն ծավալելով` մենք կամրապնդենք մեր ընդհանուր ձգտումը` երբեք այլևս թույլ չտալ նման ոճրագործության կրկնությունը»:
Իսկ Գերմանիայի կառավարության խոսնակ Քրիստիան Վիրցը շարադրում է թուրքական տեսակետը. «Սա հարց է, որով պետք է զբաղվեն փորձագետներն ու պատմաբանները»: Եվ շատ մեծ հարց է՝ Գերմանիա՞ն է առաջինը այդ տեսակետն առաջադրել, թե՞ Թուրքիան: Բայց կա նաև այլ իրականություն՝ ապրիլի 24-ին Բունդեստագում նախատեսվում է քննարկում՝ Ցեղասպանության նոր նախագծի շուրջ: Ձախերն առաջարկում են նոր բանաձև ընդունել` օգտագործելով ցեղասպանություն բառը: Կանաչները կողմ են նախաձեռնությանը: Իշխող կոալիցիայի (ՔԴՄ/ՔՍՄ և սոցիալ- դեմոկրատներ) մեջ կան պատգամավորներ, որ կառավարությունից պահանջում են հստակ դիրքորոշում` 1915-ի կոտորածները ցեղասպանություն որակելով: Tagesspiegel օրաթերթը գրել է, որ խորհրդարանական կոալիցիայի և ԱԳՆ-ի ճնշմամբ ցեղասպանություն բառը նախագծից պետք է դուրս մնա: Գերմանիայի նախագահն ուզում է իրերն անվանել իրենց անուններով: Ապրիլի 23-ին Բեռլինի տաճարում Յոախիմ Գաուկը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին: Գերմանիայի պատմության մեջ երկրի նախագահը դեռ չի մասնակցել նման արարողակարգի: Գերմանիայում ևս խոսվում է Հայոց ցեղասպանության հարցում գերմանական պատասխանատվության մասին: Դեռևս 2005-ին Բունդեսթագի բանաձևի մեջ նշվում էր Գերմանիայի պատասխանատվության մասին, այս թեմայով լուսաբանումները հաճախակի են դարձել գերմանական լրատվամիջոցներում, լույս է տեսել գերմանացի լրագրող Յուրգեն Գոթշլիխի գիրքը «Աջակցություն Ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման գործում»: ՈՒ Հռոմի պապը հաստատ այս ամենի հետ կապ չունի:
Քիմ Քարդաշյանից Հռոմի պապ՝ տեղեկատվական պատերազմում մենք այսօր հաղթում ենք, բայց դա այսօր: Առնվազն դավաճանություն կլինի այսօրվա ձեռքբերումները չօգտագործել ազգային օրակարգի հարցերում, ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը հենց այդ պատճառով է տագնապում՝ ցանկացած իրեն հարգող երկիր ստեղծված հնարավորությունը կօգտագործի իր շահերն առաջ մղելու համար, իսկ Հայաստա՞նը:

Դիտվել է՝ 1395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ