«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՒմ՝ ինչին է պետք ՀԱՊԿ-ը

ՈՒմ՝ ինչին է պետք ՀԱՊԿ-ը
15.04.2015 | 12:08

ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հընթացս հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը «պատրաստ է դիտարկել ցանկացած երկրի անդամակցության հայտ» և թվարկել էր մի քանի երկրներ՝ Պակիստան, Իրան, Չինաստան, Ադրբեջան, Վրաստան: Դժվար է ասել՝ ինչո՞վ է պայմանավորված հենց այս երկրների թվարկումը: Գրեթե անհնար է, օրինակ, Պակիստանին պատկերացնել ՀԱՊԿ-ում, որ պարբերաբար հայտարարում է, թե պատրաստ է պայքարել ահաբեկչության դեմ: Կամ՝ ի՞նչ խնդիրներ պիտի ինքն իրեն առաջադրի Իրանը, որ ցանկանա լուծել ՀԱՊԿ-ի միջոցով, եթե, իհարկե ՀԱՊԿ-ը չունի Իրանի կարիքը: Առավել ևս՝ Չինաստանը: ՈՒմի՞ց է ՀԱՊԿ-ով պաշտպանվելու Պեկինը և ի՞նչ է Պեկինին տալու ՀԱՊԿ-ը՝ լրացուցիչ լծա՞կ՝ Ռուսաստանի վրա ներգործությունն ավելացնելու: Վրաստանը առավել ևս՝ եվրաինտեգրվող երկի՞ր ՀԱՊԿ-ում, որ ՆԱՏՕ-ին անդամակցության կուրս է վերցրել: Ստացվում է, որ Նիկոլայ Բորդյուժան պարզապես Ադրբեջանին է հրավիրել ՀԱՊԿ: Ավելի ճիշտ՝ վերահրավիրել: Տարիներ առաջ Ադրբեջանը եղել է ՀԱՊԿ-ի անդամ: Հեյդար Ալիևի նախագահության օրոք: Եվ Հեյդար Ալիևը առանձնապես չի էլ թաքցել, որ ՀԱՊԿ-ը իրեն պետք է Ստեփանակերտ մտնելու համար: Այնքան չի թաքցրել, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների խորհրդի նիստում ուղիղ դիմել է ՌԴ նախագահ Բորիս Ելցինին այդ հարցով ու ստացել է նրա պատասխանը՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խումբն է զբաղվում: Բայց ժամանակներն ու նախագահները փոխվել են՝ ոչ Բորիս Ելցինը կա, ոչ Հեյդար Ալիևը: Ի՞նչ պատասխան կստանա Իլհամ Ալիևը, եթե Վլադիմիր Պուտինից ՀԱՊԿ-ին անդամակցելու դիմաց Ստեփանակերտը պահանջի: Որ այդ հարցով Մինսկի խո՞ւմբն է զբաղվում: Դժվար թե: Իլհամ Ալիևը դժգոհ է Մինսկի խմբից, Վլադիմիր Պուտինը գործնականում նրա հետ համաձայն է: Նիկոլայ Բորդյուժան, օրինակ, կարծում է, որ Ադրբեջանին անդամակցությունը ՀԱՊԿ-ին պիտի լինի «ոչ միայն քաղաքական քայլ, որից հետո ոչինչ տեղի չի ունենում, այլ հաշվարկված, կշռադատված որոշում»: Ի՞նչը պիտի հաշվարկի ու կշռադատի Ադրբեջանը: Զենքի այլևս «օրինական» վաճառքն Ադրբեջանի՞ն: Վերադասավորո՞ւմ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխությո՞ւն: Ռազմաբազա Ադրբեջանի՞ տարածքում: ՈՒ ի՞նչ կարող է Հայաստանը հակադրել ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների նոր զարգացմանը: ՀԱՊԿ կանոնադրությո՞ւնը, վետոյի իրավո՞ւնքը խորհրդում կոնսենսուսով ընդունվող որոշումներում, որի կիրառումը վիրտուալ է: Իսկ գուցե մի օր էլ ՀԱՊԿ-ը հայտարարի, որ բաց է Թուրքիայի առաջ, հետո ինչ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Համագործակցությունը համագործակցություն է: Ասենք՝ նոր պայմաններում Իրանի դեմ, որին ՌԴ-ն արդեն պատրաստ է մինչև տարեվերջ S-300 հրթիռներ տրամադրել, ինչպես Պուտինն է բացատրել՝ պաշտպանության համար, իսկ իրականում նոր բարդություն առաջացնելու համար Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման գործընթացում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը իսկապես տոն է, տոն, որը տոնելու իրավունքը հայ ժողովուրդը իր արյունով ու պայքարով է վաստակել: Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար չէ միայն այդ օրը, բոլորիս համար է, որովհետև Երկրորդ աշխարհամարտը ևս անցել է մեր տնով ու մեր սրտով: Բայց ինչո՞ւ ու ի՞նչ միջպետական համաձայնագրի շրջանակներում են
Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը մայիսի 9-ին շքերթներ անցկացնելու Երևանում և Գյումրիում: Ինչու՞ այդ մասին հայտարարում է ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի զինված ուժերի հարավային օկրուգի մամուլի ծառայությանը՝ առաջին անգամ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու վրայով, մարտական օղակ կազմած, կթռչեն 4-րդ սերնդի ժամանակակից «ՄԻԳ-29» ինքնաթիռները, իսկ ռուսաստանցի 200 զինծառայողներ կմասնակցեն մայրաքաղաքի կենտրոնում անցկացվելիք հանդիսավոր շքերթին: Գյումրիի զինվորական շքերթին մասնակցելու են ավելի քան 800 ռուսաստանցի զինծառայող և 200 միավոր ռազմական տեխնիկա:
Հայաստանն այլևս իր տարածքն ու պետականությունը անժամկետ օգտագործմա՞ն է հանձնել ՌԴ-ին: Ի՞նչ իրավունք ունի այլ պետության զինուժը շքերթ անցկացնել Հայաստանում, ո՞ր երկրի դրոշի տակ: Զինուժի ցուցադրությունը ո՞ւմ է ուղղված: Ռազմավարական դաշնակից Թուրքիայի՞ն, որի հետ «Թուրքական հոսք» են կառուցում: Ռազմավարական դաշնակից Ադրբեջանի՞ն, որին ՀԱՊԿ են հրավիրում: «Ավանդական բարեկամ» Իրանի՞ն, որը տարածաշրջանում ներգործության մեծացման ու էներգակիրների սպառման շուկայում մրցակից է դառնում: Հետխորհրդային Վրաստանի՞ն, որին 2008-ին խաղաղություն պարտադրելուց հետո, կասեցնում են ԵՄ-ի հետ ասոցացումը: Հայաստանը անկախ պետությո՞ւն է, թե՞ ռուսական զինուժի պոլիգոն՝ անվերջ զորավարժությունների համար: Իսկ անհնազանդության ցանկության դեպքում՝ կամ ռուսական զենքն է սահմանի այն կողմից կրակում, կամ՝ պերմյակովները:

Դիտվել է՝ 1122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ