«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վերադարձ դեպի Եվրոպա՞

Վերադարձ  դեպի Եվրոպա՞
20.03.2015 | 01:43

Անցնող շաբաթը Հայաստանում ամենաբարձր մակարդակով հայտարարվեց եվրոպական: Երևանում անցկացվեցին Եվրանեստի ԽՎ չորրորդ նիստը և «Արարատի ստորոտին» միջազգային հինգերորդ մեդիահամաժողովը: Երկուսում էլ ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկու ելույթի թեման էլ նույնն էր՝ Հայաստանի տեղն ու դերը աշխարհում: Եվրոպացիները եկան ու գնացին: Գնաց նաև ՀՀ նախագահը: Բրյուսել՝ ԵՄ մայրաքաղաք: Մարտի 20-ին էլ նա ներկա չի լինի ԵԱՏՄ նախագահների հանդիպմանը, փոխարենը ապրիլի 24-ին ՌԴ նախագահը կգա Երևան: Իսկ Լուկաշենկո՞ն, Նազարբաև՞ը...

Ի՞նչ իմացանք եվրոպական շաբաթվա ընթացքում.
1. Եվրանեստի ԽՎ նիստից պարզեցինք, որ ժամանակն է մտքեր փոխանակել Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շուրջ, այսինքն՝ պիտի ենթադրենք, որ Սերժ Սարգսյանը Ռիգա կմեկնի:
2. Որ՝ Հայաստանն ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն: Հաճոյախոսություն էր, իհարկե, բայց մեր մասին չէր ու մեզ չէր ուղղված:
3. Որ՝ Հայաստանում ժողովրդավարական գործընթացները խորացնելու նպատակով նախաձեռնել ենք սահմանադրական բարեփոխումներ: Խոստումնալից է, բայց մենք ավելին գիտենք:
4. Որ՝ «Հենվելով ընդհանուր արժեքների վրա՝ Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ»: Նորություն չէր, մենք միշտ ամեն ինչի պատրաստ ենք, բայց Եվրոպայի արժեքների ու արժանիքների համակարգում մենք ԵՄ անդամներից ու ԵՄ-ի հետ ասոցիացիայի համաձայնագիր կնքած պետություններից հետո երրորդ հարթակում ենք, որի կարգավիճակը ոչ ԵՄ-ն գիտի, ոչ մենք ենք պատրաստ որոշարկել:
5. Որ՝ հնարավոր է համատեղել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը և ԵՄ-ի հետ խոր և ընդգրկուն օրակարգը, ու փորձելու ենք համադրելի եզրեր գտնել: Մենք կփորձենք, բայց քանի կարգավորված չեն ԵՄ-ՌԴ, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները, մեր փորձերը արդյունք չեն տալու:
6. Որ՝ հիշում և արժևորում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Եվրոպական խորհրդարանի դերը, որը համաեվրոպական կառույցներից առաջինը 1987-ին բանաձևով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ ոճրագործությունը` Թուրքիայի կառավարությանը ճանաչելու կոչ անելով: Իսկ Թուրքիան չի ճանաչում ու չի հիշում:
7. Որ՝ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը եվրոպական արժեհամակարգի այն հենասյունն է, որն ընկած է մեր համագործակցության հիմքում, ու կարևորեցինք Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն աշխարհում և ԵՄ քաղաքականությունը. 2013» զեկույցը, որտեղ անդրադարձ կա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կոչ ԵՄ պետություններին` ճանաչել ցեղասպանությունը, իսկ ԵՄ կառույցներին՝ նպաստել գործընթացին: Լավ, ասենք, ճանաչեցին, նպաստեցին, հետո՞: Գուցե եվրոպացիներին ավելի արդյունավետ գործելու համար ասվեր հաջո՞րդ քայլը: Պրագմատիկ Եվրոպան երեք քայլ առաջ է ծրագրում: Բարոյականությունը՝ բարոյականություն, իսկ նպատա՞կը, թե՞ մենք էլ դեռ չգիտենք, թե մինչև ուր ենք գնալու: Ե՞րբ ենք մեր տեսակետը հայտնելու Թուրքիայում քրդական հարցի վերաբերյալ՝ պատմական Հայաստանի տարածքում ստեղծվող ինքնավարության:
8. Որ՝ Եվրանեստի հարթակը չենք պատրաստվում վերածել ժողովուրդների միջև թշնամանք սերմանելու միջոցի, ինչպես Ադրբեջանը, այլ փորձում ենք վեհաժողովի հնարավորությունները ծառայեցնել ժողովուրդների խաղաղ գոյակցության և համագործակցության ընդլայնմանը: Իսկ Բաքուն ընդառաջ չի գնում կառուցողական երկխոսության քայլերին:

9. Որ՝ Բաքուն ապակառուցողական և առավելապաշտական կեցվածք ունի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ հետ կանգնելով պայմանավորվածություններից, փորձելով փոխել Մինսկի խմբի ձևաչափը, առաջ մղել պայմանագրի շուրջ բանակցությունները՝ առանց համաձայնության գալու հիմնարար սկզբունքների շուրջ: Բայց մենք աներեր ենք, ու աներեր է մեր ստատուս քվոն: ՈՒկրաինան ինչքան ուզում է մեզ սխալ համարի:
10. Որ՝ ԼՂՀ խնդրի լուծման բանալին գտնվում է ոչ Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում: Փաստորեն բանալին կա, մնում է դուռը գտնել:
«Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովից, 150 անվանի լրագրողների ներկայությամբ, պարզեցինք նույնը և հավելեցինք.
1. Որ մենք կցանկայինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաև թուրք ժողովրդի հետ՝ ազդարարելով հաշտեցման և հարաբերությունների հաստատման նոր հանգրվան, բայց նորից բախվեցինք ժխտողականության հետ:
2. Որ պաշտոնական Անկարայի անհեթեթ նախապայմանների հարթությունում այլևս անհնարին էր հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչել: Գործընթացը տրամաբանական ավարտին չհասավ, և բոլորին հայտնի է՝ ում պատճառով:
3. Բայց մենք չենք փակում Թուրքիայի հետ հաշտեցման պատուհանը, թեև մտադիր չենք դառնալ երրորդ երկրի ապակառուցողական կամայականությունների զոհ:
4. Որ՝ կարծում էինք՝ Թուրքիայի իշխանությունների «0 խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության մեջ ամրագրված են անկեղծ մտադրություններ՝ կարգավորել հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ, բայց Թուրքիան կանգնեց «0 հարևան և բազմաթիվ խնդիրներ» իրողության առջև:
5. Որ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցվել է տարբեր համակարգերի փոխլրացման, տարածաշրջանում խոշոր տերությունների շահերի համադրման վրա: Արդյունքները կան, հետևանքները հաշվի չեն առնվում:
6. Որ՝ ՌԴ-ի հետ փոխգործակցությունը մեր անվտանգության, տնտեսական զարգացման և կայունության կարևոր բաղադրիչներից է: ՌԴ-ն Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, 2014-ին առևտրաշրջանառությունը եղել է 1,4 մլրդ դոլարից ավելի, Հայաստանում ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություն կա, ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ գերազանցել են 3 մլրդ դոլարը: Բայց՝ «ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին: Խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը, և սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տևական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, պրոբլեմ, և այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»: Իսկ եթե «լուծումը» ԵԱՏՄ-ում հայտնված Ադրբեջա՞նը լինի:
7. Որ՝ մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության, Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդմանը: Մեր գործընկերությունն ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա է, կարևորում ենք ԱՄՆ-ի դերը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում, հատկապես՝ նրա ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
8. Որ՝ բարձր ենք գնահատում հայ-իրանական փոխշահավետ և բազմաբնույթ համագործակցությունը: Հայ-իրանական հարաբերություններն ամենատարբեր բնագավառներում գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը վկայում են քաղաքական ակտիվ շփումներն ու պայմանավորվածությունները՝ միտված համատեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Այսինքն՝ ամեն ինչ ու կոնկրետ ոչինչ:
9. Որ՝ աշխուժացել են հայ-վրացական բարձր մակարդակի շփումները, ունենք երկկողմ օրակարգի արդիական հարցերի օպերատիվ կարգավորման արդյունավետ մեխանիզմներ:
10. 2015-ի հունվարից դարձանք ԵԱՏՄ լիիրավ անդամ: Հաշվի առնելով մեր երկրի տնտեսության կառուցվածքը, արտահանման աշխարհագրությունը, ԵԱՏՄ անդամ-պետությունների հետ տնտեսական կապերը, ԵԱՏՄ անդամակցությունը լուրջ հեռանկարներ է բացում զարգացման համար:
Իսկ հիմա փորձենք ամփոփել ու տեղեկատվության այս հորձանքից հասկանալ հիմնականը.
1. Սա քարոզչություն է, քաղաքականության հիմնական զենքը, որ մենք վատ ենք օգտագործում: Բոլոր դրույթները համադրելիս որևէ օտարերկրացի անմիջապես կնկատի մեր քաղաքականության հակասականությունը՝ իրողությունների գնահատականների ու եզրակացությունների անհամապատասխանությունը՝ մեկ, մեր սեփական քաղաքականության բացակայությունը՝ այլոց շահերի համադրումներում՝ երկու, և իբրև արդյունք՝ մեր անկանխատեսելիությունը, որ ապացուցել ենք ԵՄ-ին: Եվ երրորդ՝ Հայաստանը շարունակում է վիրտուալ քաղաքականություն վարել՝ հավատալով, թե անդամակցելով ԵԱՏՄ-ին, կարող է կապող օղակ դառնալ ԵԱՏՄ-ի և արևմտյան երկրների գործարար համայնքների համար: Ոչ քաղաքական, ոչ գործարար դաշտում Հայաստանը կապող օղակ չի դառնա, քանի դեռ Ռուսաստանը Արևմուտքի հետ հարաբերությունները չի նորմալացրել, իսկ Ղազախստանն ու Բելառուսը առանց Հայաստանի ու առանց Ռուսաստանի էլ հիանալի կապվում են Արևմուտքին էլ, Չինաստանին էլ ու Հայաստանի կարիքը բնավ չեն զգում:
2. Եվրաասոցացման համաձայնագիրը պատմության դատին հանձնած Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության երրորդ ամսին արդեն հասկացել է, որ ԵԱՏՄ-ն քաղաքական անխուսափելիություն էր, բայց երկիրը պահել է պետք: Որ ԵԱՏՄ-ից ինչ-որ ձեռքբերում ունենալու համար պետք է վերականգնի անկախությունը, պետք է այլընտրանք ունենա, որ կարողանա հավասարակշռել ԵԱՏՄ-ի ճնշումը: Կգտնի՞ Հայաստանը հավասարակշռման կետ ԵՄ-ում: ԵՄ-ն պետությունների հավասարության սկզբունքով կայացած միավորում է, վետոյի իրավունքը կարող են կիրառել բոլոր անդամները՝ հին ու նոր, ուժեղ ու թույլ: Հայաստանը հայտնվում է հակասական դիրքում. մի կողմից՝ ԵՄ-ն չի ուզում ներգործությունը թուլացնել տարածաշրջանում, բայց ասոցացման համաձայնագիր կնքած Վրաստանի հետ էլ լուրջ ծրագրեր չի սկսում՝ Ռուսաստանի պատճառով, մյուս կողմից՝ գնահատում ու փորձում է Արևելյան գործընկերության շրջանակներում պահել Հայաստանը, ուստի քաղաքական մակարդակով անհրաժեշտ հայտարարություններ կհնչեն, բայց հարաբերությունների զարգացումը դեռ կառկախվի:
3. Եվրոպական շաբաթը սկսվեց և ավարտվեց, բայց դեռ կա ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության նիստը: Սպասեք քարոզչական նոր լիցքերի, բայց կողմերին հավատացեք այնքանով, որքանով՝ քաղաքականությունը հնարավորի արվեստն է ու շատ տարբեր են հրապարակային ու ռեալ քաղաքականությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Հիմա ի՞նչ, փորձում ենք «Վերադարձ դեպի Եվրոպա» պիե՞սը: Ո՛չ: Շարունակում ենք քայլ առաջ, քայլ աջ, քայլ ձախ, քայլ հետ, հետո՝ նույնը՝ վերջից առաջ ու հակառակ: Հավանականության տեսությունն ասում է՝ իրականության հետ համընկնումներ հնարավոր են: Երբևէ: Սպասենք, ժամանակներն արագացել են:

Դիտվել է՝ 1340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ