«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայկական communico

Հայկական communico
10.02.2015 | 11:36

Փետրվարի 5-ին բարգավաճ Հայաստանի մայրաքաղաք Աբովյանում հանդիպեցին ոչիշխանական քաղաքական-հասարակական ուժերը: Փաստը ինքնին կարևոր է ու հետաքրքիր: Նաև՝ նախապատմությամբ: Խորհրդաժողովին չմասնակցեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ավելին՝ ՀԱԿ-ը հայտարարեց, որ նախընտրում է ԲՀԿ-ի հետ քննարկումներն անցկացնել ոչիշխանական եռյակի ձևաչափով: «Ժառանգությունը» եկավ՝ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի: Եթե հանդիպումն անվանվել էր խորհրդաժողով, տրամաբանական էր, որ ԲՀԿ նախագահը ելույթ ունեցողներին լսի, հետո իր խոսքն ասի: Բայց Գագիկ Ծառուկյանը բացեց խորհրդաժողովը, մի քիչ մնաց ու հեռացավ՝ խիստ կարևոր գործերով: Ստացվեց՝ ԲՀԿ նախագահը իր քաղաքական գործընկերների համար ոչ ժամանակ ունի, ոչ նրանց լսելու հավես: Իսկ նրանք պատրաստվել են, հագել-կապել, ելույթները մի քանի անգամ կարդացել-ճշտել-փոխել-փոփոխել ու եկել են, որ իրենց կարծիքն ասեն, իրենց ելքերն առաջարկեն, խորհուրդ տան, խորհուրդ առնեն, ու… Բայց ամեն ինչ ճիշտ է: Գագիկ Ծառուկյանը փոխել է մարտավարությունը: Նրա ելույթում ասված էր գլխավորը՝ իրենք պատրաստվում են ընտրությունների, ու չէր ասված ամենագլխավորը՝ արտահե՞րթ, թե՞ հերթական: Մնացածը պետք է ասեին ելույթ ունեցողները, իսկ նրանք անհապաղ գործողությունների կողմնակից են: Վարդան Օսկանյանը, օրինակ, ասաց. «Միակ ելքն իշխանափոխությունն է: Ժողովրդի համբերությունը սպառվել է»: «Մենք բոլորս սպառել ենք սխալվելու իրավունքը»՝ երկրորդեց Ռուբիկ Հակոբյանը և պահանջեց, որ իշխանությունը հրաժարվի սահմանադրական բարեփոխումներից և արդար ընտրություններ կազմակերպի: «Հակառակ դեպքում շարժումը պետք է հասնի արտահերթ ընտրությունների»: «Բոլորիս եզրահանգումը մեկն է՝ օր առաջ իշխանափոխություն. հապաղելը երկիրը տանելու է վերջնական կործանման»,- խորհրդաժողովն ամփոփելով՝ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ի՞նչ էր ասելու Գագիկ Ծառուկյանը, եթե մնար, լսեր ու ինքն ամփոփեր խորհրդաժողովը, այսքան մարտական ելույթներից հետո կարո՞ղ էր նորից հորդորել սպասել: Տեղյակ լինելով բոլոր ելույթների տրամադրություններին՝ խորհրդաժողովի աշխատակարգի այդ տարբերակը Գագիկ Ծառուկյանին Ազատության հրապարակի էֆեկտը տվեց՝ հիմա ԲՀԿ նախագահը մանևրի տեղ ունի. նա կարող է ասել, որ ինքը փոխանցում է խորհրդաժողովի մասնակիցների կամքն ու վճռականությունը, իսկ ինքը դեռ չի որոշել՝ ինչ անել: Գագիկ Ծառուկյանի քաղաքական փորձառությունը նրան թելադրեց ընտրել ամեն ինչ ասելու, բայց եզրակացությունը չասելու այս տարբերակը: Բայց ո՞ւմ էր ուղղված նրա խոսքը: Իշխանությա՞նը, թե՞ ժողովրդին: Հազիվ թե Գագիկ Ծառուկյանն արդեն իշխանության հետ հրապարակային ելույթներով է հարաբերվում: Իսկ հասարակությանը Գագիկ Ծառուկյանը նորից վճռական խոսք չասաց, արձանագրեց. «Եթե իշխանությունները ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ժողովուրդը ունենում է մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, և եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում է իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի», ու՝ գնդակը նետեց իշխանության դաշտ՝ հավելելով, որ քայլերի ժամկետը անսահմանափակ չէ: Հռետորական «անսահմանափակության» կոնկրետ բովանդակությունը խոստացավ հրապարակել Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելուց հետո, իսկ այդ հանդիպմանը նա արդեն հանգիստ կարող է եռյակում իր լիդերությունը վիճարկող Լևոն Տեր-Պետրոսյանին հակադրել խորհրդաժողովի ձևաչափը, եթե ռազմավարության ու մարտավարության անցանկալի տարբերակներ առաջադրվեն:

ՀՀԿ-ն այն կարծիքին է, որ նոր իշխանություն կարող է ձևավորվել հերթական ընտրություններով, և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի շուրթերով հաստատեց. «Մեր դռները բաց են, ովքեր կկիսեն պատասխանատվությունը, և ոչ թե վերահսկողություն առանց պատասխանատվության, ովքեր կկիսեն, մենք պատրաստ ենք համագործակցել»:
Հաջորդ օրը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասպարեզ բերեց «Ով է գրել Գագիկ Ծառուկյանի ելույթը» հարցը ու կիսեց իր տպավորությունը. «Գործի մարդ» ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասությունները աղաղակող էին: Տպավորություն ստացա, որ մի քանի հոգի են աշխատել ու մեխանիկորեն կպցրել իրար»: Կատարյալ հայերենի անուրանալի մասնագետ Գալուստ Սահակյանը նաև ճշտեց. «Ես կարծում եմ, որ մեր կուսակցության գործադիր մարմինն իր գալիք նիստերից մեկում կքննարկի Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված այդ մի քանի դրույթները և քաղաքական արձագանք կտա»: ԲՀԿ-ն «օր առաջ» է ասում, ՀՀԿ-ն պատասխանում է «գալիք նիստերից մեկում»։ Հենց այդ պատճառով Գագիկ Ծառուկյանը անհյուրընկալաբար հեռացավ իր հրավիրած խորհրդաժողովից՝ վերջին խոսքի իր իրավունքը ժամանակի մեջ տեղափոխելով: Կլինե՞ն, թե՞ չեն լինի մարզային ու մայրաքաղաքային հանրահավաքներ: Ասենք՝ եղան, ի՞նչ խնդիրներ են դնելու: Որ ոչ մի քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չպիտի՞ ունենա: Այսինքն՝ կոալիցիոն կառավարությո՞ւն: Բայց եղել է, չէ, ԲՀԿ-ն կոալիցիայում, ու Գագիկ Ծառուկյանն է, չէ՞, հրաժարվել 2012-ին կոալիցիայից: Ի՞նչ կոալիցիայի մասին կարող է խոսք լինել, եթե իշխանափոխության խնդիր է դրվում: Հիմա՝ իշխանափոխությո՞ւն, թե՞ քաղաքական մենաշնորհի վերացում: Հանրահավաքների ու արտահերթ ընտրությունների դագանակը ԲՀԿ-ն ձեռքն է առնում ՀՀԿ-ին ասելու՝ սահմանադրական բարեփոխումներով մեզ չեք կարող նորից գնացքից ցած գցել, առավել ևս տասը տարի: Սահմանադրությունը կփոխվի՞, չի՞ փոխվի՝ ոչ մեկին չի հետաքրքրում, քաղաքական պայքարի առանցքում իշխանության հարցն է: Հանրահավաքներ կլինեն, եթե մինչև մարտ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ սահմանադրական բարեփոխումները լինելու են: Եթե ոչ, «ԲՀԿ և ընկերություն» ՍՊԸ-ն նախապատրաստվելու է հերթական ընտրություններին: Իշխանությունները ԲՀԿ-ին մերժում են արդեն յոթ տարի, իսկ ԲՀԿ-ն սպասում է ՀՀԿ-ի հետ իշխանությունը կիսելուն: ԲՀԿ-ն սպասում է, իսկ իշխանությունը ոչիշխանությունից հավաքած բեկորներով իր համար նոր, ավելի հավաստի ու ավելի հուսալի «ընդդիմություն» է կերտում, ծրագրելով թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններում հակակշռել նրանցով ոչիշխանականներին, որ ուզում են լինել իշխանություն, բայց չեն ուզում դառնալ ընդդիմություն: Համենայն դեպս՝ պետք կգա: Քաղաքական դաշտում կյանքը իր կանոններն ունի, բոլոր տրամաբանական քայլերը կարող են որակվել ոչտրամաբանական, իսկ անտրամաբանական որոշումները՝ խիստ տրամաբանական: Հայաստանի քաղաքական կյանքում երկարակեցությունը որոշվում է հավատարմության ու նվիրվածության սկզբունքներով: Խորապես սխալվում եք, եթե կարծում եք, որ հավատարմությունն ու նվիրվածությունը հայրենիքին, գաղափարին կամ գործին պիտի ուղղված լինեն: Ոչ ու նորից ոչ: Կա շահ, կա ավելին, քան շահը, և կոչվում է իշխանություն: Իշխանության դեպքում ամենազարգացածը ևւ ամենակենսականը ինքնապահպանության բնազդն է, որ կանխում է քաղաքական էլիտայի փոփոխությունը: Նոր դեմքերը հայտնվում են ի հաշիվ նույն ռեսուրսների: Պատահական չէ, որ նոր ձևավորված կառավարություններում Հայաստանում եղել են կամ հին պաշտոնյաները, կամ նույն պաշտոնյաների համար փոխվել են նախարարությունները: Համակարգը արգելափակում է որևէ փոփոխություն, որը կարող է ազդել համակարգի վրա: Փոփոխության միակ տարբերակը համակարգի փոփոխությունն է, որը հնարավոր է, եթե համարժեք այլ համակարգ ձևավորվի: Ոչ պակաս ուժեղ, ոչ պակաս ինքնապահպանման բնազդով, բայց նոր գաղափարներով ու հարցերի լուծման գործուն մեխանիզմներով: Իշխանական լծակները միջոց, այլ ոչ թե նպատակ համարող: Կա՞ նման համակարգ Հայաստանում: Սա է խնդիրը: «Նոր որակի իշխանություն»-ը քաղաքական մենաշնորհի վերացումը չէ, ոչ էլ կրթված, նոր արժեքային համակարգով մարդիկ են, մի կուսակցությունը մեխանիկորեն փոխարինել մյուս կուսակցությամբ, մի անձին` մյուսով: Նոր որակի իշխանությունը նոր արժեքային համակարգի ձևավորման հետևանք պիտի լինի: Որքան էլ Գագիկ Ծառուկյանը կոչ է անում կրթված, գրագետ մարդկանց հուսահատ և չգնահատված չհեռանալ Հայաստանից, այլ դառնալ Հայաստանի շարժիչը, իշխանության մեխանիզմը նրանց կարիքը չունի, որովհետև ինքնաբավ է ու օտարում է նորը:
Իրական բազմակուսակցական խորհրդարանը, իրական կոալիցիոն կառավարությունը, իրական կոալիցիոն ավագանիները, տարբեր կուսակցությունների պատկանող կամ անկուսակցական նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Երևանի քաղաքապետը, մարզպետները միամիտ ուտոպիա են համակարգի ներսում, ու նրանց խաղի միակ կանոնը չի կարող լինել օրենքը, պետության շահը և հասարակական կարծիքը, նրանց խաղի միակ կանոնը համակարգի շահն է, այլապես համակարգը նրանց դուրս կնետի ճզմված կիտրոնի պես: Հազիվ թե Գագիկ Ծառուկյանը դա չգիտի՝ համակարգի մաս ու ստնտու լինելով, ուրեմն բոլոր այս խորհրդաժողովները, ելույթները, արած ու չարած քայլերը մասն են խաղի, որի նպատակը համակարգում առավել բարձր դիրք ունենալն է:
Առավել ևս, որ պարզ չէ՝ ո՞ւմ թեկնածությունն է ԲՀԿ-ն առաջադրելու կամ պաշտպանելու հերթական կամ արտահերթ նախագահական ընտրություններում: Գագիկ Ծառուկյանը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ քաղաքական դաշտից, միաժամանակ՝ որ պատրաստ է նախագահ առաջադրվել: Ո՞րն է այս երկվության մեջ Ռոբերտ Քոչարյանի դերը, թե՞ նա գնալու է Լևոն Տեր-Պետրոսյանի նվիրական ոտնահետքերով ու հետընտրական տասնամյակը «նվիրելու է» նրան, ով ասպարեզում իրենից ուժեղ է:
Ստացվում է, որ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը սահմանադրական բարեփոխումների հարցն է, բայց ոչ բուն բարեփոխումները իրենց բովանդակային փոփոխություններով, այլ փաստը, որը որոշում է՝ Սերժ Սարգսյանը կմնա՞ քաղաքական դաշտում, թե՞ չի մնա: Եթե մնում է, ով ինչ է անում: Քաղաքական ապագայի խնդիր է լուծվում: Իսկ այս հարցի պատասխանը Հայաստանում չէ: Քանի որ Կրեմլը կամ վերաբերմունք դեռ չունի, կամ ռուսական քաղաքական էլիտայում կան տարակարծություններ, և ՀՀԿ-ն, և ԲՀԿ-ն դիրքավորվելու են երկարատև պայքարի՝ ընթացքում խորհրդաժողովներ ու հանրահավաքներ անելով: Մյուս քաղաքական ուժերը ավելի հարմար են տեղավորվելու իրենց խրամատներում՝ մինչև պարզվի՝ ո՞ր կողմից է հրաձգությունն ավելի ուժեղ, ո՞ր կողմից է վտանգը մեծ, ո՞ւմ հաղթանակի շանսերն են առավել:
Բոլորն ուզում են ապրել: Իսկ մինչ այդ Երևանում փակվում են ավտոբուսային երթուղիները՝ ուղևորափոխադրումների պակասի պատճառով, ու ամեն օր արթնանում ենք՝ սպասելով, թե ինչ կասի Արծրուն Հովհաննիսյանը սահմանային գիշերվա մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Հավարտ ԲՀԿ խորհրդաժողովի՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կլինի «կոմյունիկե անելիքների մասին»: Կոմյունիկեն ֆրանսերեն բառ է՝ communique, լատիներեն communico՝ «տեղեկացնում եմ» բառից, նշանակում է պաշտոնական տեղեկատվություն միջազգային հարաբերություններում՝ պետական ու հասարակական գործիչների, պատվիրակությունների բանակցությունների ընթացքի ու հետևանքների մասին: Եթե ԲՀԿ-ի անելիքները կոմյունիկեով են որոշվելու, մնում է սպասել, թե միջազգային հարաբերություններում ինչ կորոշեն:

Դիտվել է՝ 1257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ