«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աշխարհում չինական փողերի համար հերթը միայն մեծանում է

Աշխարհում չինական փողերի համար հերթը միայն մեծանում է
30.01.2015 | 00:30

Արդեն մի քանի անգամ առիթ եղել է ասելու, որ չինացիները ոչ միայն շատ զգուշավոր են գնահատականներ տալիս, այլև, ի տարբերություն շատ շատերի, նախընտրում են չմեծամտել, նույնիսկ նսեմացնել իրենց հաջողություններն ու հնարավորությունները։ Բայց եթե «միայն դատարկ տակառն է հնչուն ձայն հանում» հին ճշմարտությունը ոչ միշտ է աքսիոմ երկրի քաղաքացիների, հատկապես վերջին տարիներին հարստացածների համար, ապա այժմ բառացիորեն պետական վարքականոնի է վերածվել։ Օրերս ՉԺՀ-ի պետական վիճակագրական վարչությունը հայտարարեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից ՉԺՀ-ի տնտեսությանը տրված գնահատականը կոռեկտ չէ, որ Չինաստանը ՀՆԱ-ի ծավալով չի անցել ԱՄՆ-ից, այլ զբաղեցնում է միայն երկրորդ տեղը։ Հիշեցնենք, անցած տարեվերջին այդ գերատեսչությունը պնդում էր, թե 2014-ին չինական տնտեսության ծավալը գնողունականության չափանիշով կազմում էր 17,6 տրիլիոն դոլար, մինչդեռ ԱՄՆ-ի այդ ցուցանիշը հավասար էր 17,4 մլն դոլարի։ Այսպիսով, Չինաստանը Միացյալ Նահանգներից խլել է աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրի կոչումը, որ նա իր ձեռքին էր պահում 1872-ից ի վեր։ Սակայն չինացիներն ասում են, թե «ՉԺՀ-ի տնտեսության ծավալն աճում է, բայց ահա բնակչության մեկ շնչին ընկնող ցուցանիշները դեռևս ցածր են», այսինքն, Չինաստանը դեռևս զարգացող տնտեսություն ունեցող երկիր է։ Ավելին, Դավոսի միջազգային համաժողովում Չինաստանի ներկայացուցիչները պնդում էին, թե ՉԺՀ-ի իշխանությունները պատրաստ են հրաժարվելու պետության տնտեսական ցուցանիշների աճից, որպեսզի ապահովեն տնտեսության կայունությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Այսինքն, չինացիները վերստին իրենց մասին խոսեցին որպես «զարգացող տնտեսություն» ունեցող երկրի, և ամենևին էլ չեն ուզում անցում կատարել ավելի բարձր կարգավիճակի։

Իրոք, չինական տվյալներով, երկրում 200 մլն մարդ ապրում է աղքատության մեջ, ու թեև այդ վիճակի շտկումը խիստ օրախնդիր հարց է համարվում, եկամուտների մեծ անհավասարությունը թույլ չի տալիս Չինաստանը դասել առաջատար տնտեսություն ունեցող երկրների շարքում։ Սակայն պետք է նաև նկատել, որ իրեն զարգացած երկիր համարելուց ՉԺՀ-ի հրաժարումը, ըստ երևույթին, մեկ այլ պատճառ ևս ունի, այն է՝ նրա ներկա «դինամիկորեն զարգացող տնտեսության» կարգավիճակը մի շարք միջազգային համաձայնագրերի գծով որոշակի շահավետություն է պարունակում։ Մինչդեռ մյուս, ի դեպ շատ կարևոր ու պերճախոս, տնտեսական ցուցանիշը, այսինքն՝ այն, որ Չինաստանն աշխարհում առաջատար դիրքեր է դուրս գալիս այլ շուկաներում ներդրումների գծով, դժվար է ժխտել։ ՉԺՀ-ի առևտրի նախարարության տվյալների համաձայն, 2013 թ. չինական ձեռնարկատերերը 5090 ձեռնարկությունների ստեղծման համար աշխարհի 156 երկրներում և շրջաններում 90,17 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներ են արել։ Չինական արտաքին ներդրումների առաջնային ուղղությունները եղել են նավթի-գազի և բնական հանածոների արդյունահանման ոլորտները՝ 44,1 %, ինչպես նաև ֆինանսների ոլորտը՝ 14,4 %։ Վերջին տարիներին դրանց ավելացել է նաև գիտատար ոլորտը (որոշ տվյալների համաձայն՝ Smart Grid՝ «խելացի էներգետիկա» ձևաչափի սարքավորանքի ու համակարգերի ասպարեզում կատարվող ներդրումների, ինչպես նաև «խելացի ենթակառուցվածքի» մեջ կատարվող ռազմավարական ներդրումների մակարդակով ԱՄՆ-ը հետ է ընկել ու հիմա սոսկ երկրորդ տեղն է գրավում Չինաստանից հետո)։ Վերջին հինգ տարում ՉԺՀ-ի արտաքին ներդրումների ծավալը տարեկան 30 % աճ է ունեցել։ Չինական կապիտալի համար առավել գրավիչը եղել են Աֆրիկայի, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Եվրամիության երկրները, ընդ որում, «փողի ներարկման» գծով ՉԺՀ-ի առաջնայնության աշխարհագրությունն անշեղորեն ընդլայնվում է։ Այսպես, վերջերս չինական լրատվամիջոցները հաղորդեցին, որ առաջիկա տասը տարում Չինաստանը ծրագրում է Լատինական Ամերիկայի երկրներում ներդնել մոտ 250 մլրդ դոլար։ Այս մասին ասել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Չինաստանի և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների համաժողովի շրջանակներում նախարարների մակարդակով կայացած առաջին հանդիպման բացման արարողության ժամանակ։ Բացի այդ, նրա ասելով, ՉԺՀ-ի տնտեսությունը մոտ ժամանակներս կպահպանի աճի արագ տեմպերը և ավելի մեծ հնարավորություններ կառաջարկի ամբողջ աշխարհին։ Սի Ցզինպինը նաև նշեց, որ նպատակ է հետապնդվում մինչև 2035 թ. Չինաստանի և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասցնելու 500 մլրդ դոլարի։

Այն, որ Չինաստանը դարձել է ոչ միայն խոշորագույն ընդունող, այլև խոշորագույն դոնորներից մեկը, անշուշտ, պետական քաղաքականության ուղղակի նվաճումն է։ Չինական կազմակերպությունների ներդրումային գործունեությունը հիմնականում կարգավորում է ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը։ Այդ գերատեսչությունը նախապես հաստատում է չինական ընկերությունների արտաքին ներդրումային նախագծերը, խրախուսելով օտարերկրյա տնտեսությունների որոշակի ճյուղերում կատարվող ներդրումները։ Ներդրումային նախագծերը հաստատվում են պարզեցված եղանակով. կազմակերպությունն էլեկտրոնային կապով դիմում է ներկայացնում ներդրումային նախագծի հաստատման վերաբերյալ, որը ենթակա է հաստատման երեք աշխատանքային օրում, պայմանով, որ դիմումը ճիշտ լրացված լինի։ Սակայն կան նաև սահմանափակումներ։ Նախ, չինական ներդրողներն իրավունք չունեն իրենց օտարերկրյա ձեռնարկությունների անվանումներում օգտագործելու «ՉԺՀ», «Չինաստան», «չինական» կամ «պետական» բառերը։ Երկրորդ, ներդրողների վրա պարտավորություն է դրվում «անաչառորեն գնահատելու սեփական հնարավորությունները» և ընդունող պետությունների ներդրումային կլիման, գործունեության ընթացքում հետևելու ՉԺՀ-ի և ընդունող պետության օրենսդրության պահանջներին։ Բացի այդ, չինական ձեռնարկությունները պարտավոր են ստեղծել ռիսկերի կառավարման համակարգ, որը հնարավորություն կտա ապահովելու իրենց աշխատակիցների կյանքի և ունեցվածքի անվտանգությունը և արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում հետևելու գտնվելու վայրի ՉԺՀ դեսպանության կամ հյուպատոսության ցուցումներին։ Օգտակար հանածոների արդյունահանման գործում ներդրումներ կատարելիս նախարարությունը պարտավոր է հարցնել չինական համապատասխան առևտրական պալատի և ճյուղային միավորման կարծիքը, որը հաշվի է առնվում որոշում ընդունելիս։

Հարկ է նկատել, որ Չինաստանը բաց է արտաքին առաջարկությունների համար։ Բայց կան որոշ նրբություններ, որոնց մասին հաճախ խոսում են չինացիների հետ աշխատող գործարարները, և որոնց չէր խանգարի ուշադրություն դարձնել։ Նախ, ներդրումային նախագիծը մշակելիս և չին գործընկերների հետ քննարկելիս աշխատեք առավելագույնս բաց ներկայացնել նախագծին վերաբերող ամբողջ տեղեկությունը, դրա իրացման տրամաբանությունը չինական ներդրումների, հետևաբար և՝ չինական բիզնեսի համար։ Իսկ ինչպե՞ս հասնել դրան։ Շատ հեշտ՝ չինական արտադրանքի կամ չինական ընկերությունների հետ տարվող աշխատանքը համարեք բիզնես նախագծի մի մաս։ Չինացիները լավ են ընդունում այդպիսի «համակեցական» տարրերը, առավել ևս, չինական ընկերությունների կողմից կատարվող ֆինանսական ներդրումների պարագայում։ Նման բիզնես-համագործակցությունը սովորաբար հիանալի է ստացվում և հնարավորություն է տալիս հասնելու առավելագույն արդյունքի։ Կան նաև որոշակի «քմայքներ». չինացի ներդրողները գրեթե միշտ ձգտում են ստանալ այն ներդրումային նախագծերի լիակատար վերահսկողությունը, որոնց մասնակցում են, քանի որ ուզում են նվազագույնի հասցնել ֆինանսական ռիսկերը։ Նրանք ձգտում են նաև ստանալ բուն նախագծի փուլերի կատարման վերահսկողությունը։ Ցանկացած խնդրահարույց վիճակի դեպքում չինացիները նախընտրում են ներգրավել ուրիշների, սակայն միշտ չինական ընկերությունների։ Այդուամենայնիվ, կատարելով առանձին չինական ներդրողների հանդեպ ունեցած պարտավորությունները, դուք, ասես, ստանում եք ձեր տարածաշրջանի ամբողջ չինական բիզնեսի լռելյայն աջակցությունը։ Այսինքն, մեկ անգամ ևս ընդգծենք, հնարավոր է, կարևոր առանցքային գործոններից մեկը չինական բիզնեսի հետ ձեր նախագծի փոխադարձ կապն է, ու եթե դուք կարողանաք ձեր ուշադրության կենտրոնում պահել դա և այն ճիշտ ցուցադրել, ապա զգալիորեն կմեծանա չինական ներդրումների ներգրավման հավանականությունը։ Ներդրումային նախագիծ կազմելիս հաշվի առեք այս առանձնահատկությունները, շնորհանդես անցկացնելիս դրանք հասցրեք չինացի ներդրողներին, և հնարավոր է նրանց հետաքրքրեն ձեր առաջարկությունները։ Համենայն դեպս, վերջին 20 տարում Չինաստանը մոտ 1 տրիլիոն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ է կատարել, և աշխարհում չինական փողերի համար հերթը միայն մեծանում է։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ