«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դիմադրունակության հայկական տոկոսադրույքները

Դիմադրունակության  հայկական տոկոսադրույքները
19.12.2014 | 01:11

Այս շաբաթ պաշտոնյաները վերջապես հասկացան, որ Հայաստանը գլոբուսից դուրս ինչ-որ ապրիորի տարածք չէ, որտեղ ապրում են իրենք, ուրեմն աշխարհներից լավագույնում ամեն ինչ լավից գնում է դեպի ամենալավը: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից Հայաստանը չի տուժի՝ խոստանում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պատահական չէ, որ իբրև վարչապետ առաջին անգամ կառավարության ծրագիրը Ազգային ժողովին ներկայացնելիս խոսքը համեմել էր միջնադարյան բանաստեղծներից մեջբերումներով: «Կիրթ մարդն ուրիշ է» գնահատեցին շատերն ու ավելի շատերը չհասկացան, որ Հայաստանում միջնադարյան մտածողությունը գնահատելի է խոսքի իմաստնության ու գեղեցկության առումով, 21-րդ դարում տնտեսության մեջ միջնադարյան մտածողությունը երբևէ տալու էր իր դառը պտուղները: Ե՞րբ է վերջապես ընկալվելու, որ Հայաստանը մանր ու միջին բիզնեսով, զբոսաշրջիկային դրախտ դարձնելու հույսերով, աշխատուժ արտահանելով չի պահվի, մեծ արդյունաբերության վերագործարկում է պետք: Պետության դիմադրունակությունը ապահովում է նրա տնտեսական ներուժը: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ամենամեծ վնասները կրած տնտեսության փորձը ոչինչ չասաց, սակայն, ոչ քաղաքական, ոչ տնտեսական որոշումներ կայացնողներին: Դեռ մեկ ամիս առաջ իշխանությունն ու ոչիշխանությունը միաբերան հաստատում էին՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները Հայաստանի վրա չեն ազդի: Հատուկենտ կասկածում էին՝ գուցե և ազդեն, մեկ-երկուսը միայն տրանսֆերտների նվազումն էին վտանգ անվանում, ընդհանրականն անդորրն էր: Ալպիական մանուշակի առէջների մեջ քնած բզեզի նման՝ աշխարհը քնքուշ ու մթնոլորտը անխռով էր թվում: Աշխարհն՝ իր ճանապարհով, Հայաստանն՝ իր: Եվրասիական տնտեսական միությունը կախարդական բանալի էր, որ բացելու էր երկրային դրախտի դռները: Կբացի, բայց դրախտ ընկնելուց առաջ նախ անցնում են քավարանով: Պատահում է՝ քավարանից հետո նաև դժոխք են ուղևորվում: Ամբողջ աշուն ռուսական ռուբլին գահավիժում էր, պետք չէր տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ հայկական դրամը ևս այդ ճանապարհին է: ՈՒ՝ ի՞նչ: Ճգնաժամը կանխելու, հետևանքները մեղմելու ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին աշնանը, որ ձմռան սկզբին, արդեն դեկտեմբերի կեսից Հայաստանի տնտեսությունը չհայտնվի մի վիճակում, երբ տնտեսագետները արված սխալներն ու չարված քայլերն են թվարկում, նախարարներն ու Կենտրոնական բանկի նախագահը խոստովանում են, որ ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու, որ վիճակը անկանխատեսելի է, որ ԿԲ-ն ու կառավարությունը այլևս ձեռնարկելիք քայլեր չունեն, որ դրամի արժեզրկումը ինքն իր ռեկորդները գերազանցել է ու նույնիսկ վարչական մեթոդներով անհնար է գնաճը կասեցնել: Շատ մեծ գյո՞ւտ էր, որ տնտեսությունը օբյեկտիվ կենդանի է ու խորապես անտարբեր է քաղաքական շահերի նկատմամբ, իր պահանջներն ունի ու իր պատիժները: Հիմա ափիբերան սպասում են, որ Պուտինը կանգնեցնի ռուսական ռուբլու անկումը, իսկ Պուտինը սև երեքշաբթիի ու սև չորեքշաբթիի առաջ ասելիք չունեցավ: Գուցե այս պահին օբյեկտիվորեն չունի, բայց ազգային-ազատագրական, կայսերապաշտական տրամադրությունների գագաթնակետին անգամ մարդ սովածանում է: Եվ ուտել է ուզում: Երկու շաբաթ առաջ արտաքին գործերի նախարարության մակարդակով առաջադրվեց պոստուլատ, որ Արևմուտքի նպատակը Ռուսաստանում իշխանափոխությունն է, որ պատժամիջոցները սահմանված են այդ խնդիրը լուծելու համար: Ասենք, հետո՞: Չի՞ ստացվում, որ ՌԴ երկրորդ նախագահը գնաց նույն ճանապարհով, ինչ ԽՍՀՄ առաջին ու միակ նախագահը: Միխայիլ Գորբաչովը լավագույն մտադրություններով պերեստրոյկա ու բացախոսություն հայտարարեց, արգելեց ոգելից խմիչքները, բեռլինյան պատը քանդեց ու էլի մի տասնյակ բարեփոխումներ սկսեց:

Հետևանքը՝ հայտնվեց Ֆարոսում, ու ամեն ինչ հանգեց Բելովեժյան թավուտում Ռուսաստանի, ՈՒկրաինայի ու Բելառուսի նախագահների հանդիպմանը: Լավագույն մտադրություններով Վլադիմիր Պուտինը սկսեց ռուսական հողերի հավաքման կայսերական ծրագիրը՝ համարելով, որ ռուսական տնտեսությունը արդեն կարող է քաղաքական հայտեր ներկայացնել: Բայց այսօր ռուս տնտեսագետներն էլ են փաստում, որ ռուսական տնտեսության անկումը պատժամիջոցների պատճառով չէ, պատժամիջոցներն ու նավթի գնի անկումը արագացնում են գահավիժումը, բայց տնտեսությունը արդեն երկու-երեք տարի տեղապտույտի մեջ էր: ՈՒ՝ ի՞նչ: Շա՞տ մեծ գաղտնիքներ էին, պետական «գաղտնի» մակնշումով փաստե՞ր, որ Հայաստանում չքննարկվեց ու չվերլուծվեց իրավիճակը, որ քայլեր չմշակվեցին: Թե՞ ամբողջ հաշվարկը կատարվում էր տրանսֆերտների, մեկ էլ՝ մեկ է՝ «Փող կտան՝ կապրենք» բանաձևի վրա: Իսկ եթե քննարկվեց-վերլուծվեց ու մշակվեց, ո՞րն է արդյունքը:
Երեքշաբթի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շտապ խորհրդակցություն է հրավիրել՝ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման խնդրով: Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը քննարկումից հետո հայտարարեց. «Իրավիճակը շատ բարդ է և շատ կարևոր է ապահովել Կենտրոնական բանկի և կառավարության գործողությունների միասնությունը» ու հավատացրեց, որ իրենց գործողություններն ուղղված են լինելու պահանջարկի և առաջարկի միջև ավելի մեծ հավասարակշռության ստեղծմանը՝ այդ թվում վերաֆինանսավորման շեշտադրումները ռուբլուց դոլարի վրա դնելով։ «Սև երեքշաբթի» օրը 1 դոլարի փոխարժեքը հասել էր 82 ռուբլու, եվրոյինը՝ 100 ռուբլու շեմն էր հատել։
Հայկական «սև չորեքշաբթի» օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից: Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար:
Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսավարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Բոլոր ավանդատուները պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ն ունի գործուն ավանդների երաշխավորման համակարգ, որ թե կառավարությունը, թե Կենտրոնական բանկը անում են և կանեն ամեն ինչ՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար:
Այսօր ժամը 14:00-ին Կենտրոնական բանկի խորհուրդը հանրությանը կտա մանրամասն պարզաբանումներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կառավարությունը մշտական կապի մեջ է նաև իր միջազգային գործընկերների հետ, և վստահ է, որ համատեղ ջանքերով և սառը դատողությամբ մենք կարող ենք ապահովել կայունություն թե ֆինանսական, թե ապրանքների շուկաներում՝ այդ թվում բացառելով սպառողական ապրանքների անհիմն թանկացումները»:
Սքանչելի ու ոչինչ չասող հայտարարություն, երբ փակվել էին խանութները՝ վերահաշվարկի համար, իսկ բացվելուց հետո առանց բացառության բոլոր մթերքների գները բարձրացել 500-1000 դրամով: Շատ քչերը գուցե արձանագրեցին, որ կրկնապատկվել, որոշ դեպքերում եռապատկվել են դեղերի գները: Տաքսիստները գործադուլ են անում՝ գազի գնի բարձրացման պատճառով, ու համառորեն բոլորը խոսում են տրանսպորտի վարձի թանկացման, առաջիկայում նաև գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման մասին: ՈՒ՝ ի՞նչ: Ոչինչ, վարչապետից սկսած պետական բոլոր կառույցները կսկսեն հիմնավորել այդ «անհիմն թանկացումները»: Ազգային ժողովը ևս մի դռնփակ նիստ կանի՝ քննարկելու դոլար-դրամ տատանումներն ու դրանց հետևանքները: Կուսակցական պոպուլիզմի՞ց խուսափելու, թե՞ իրերի իսկական վիճակը չհրապարակելու համար: Արդեն կարևոր չէ: Սա է այն խաղի գինը, որ իշխանությունն ու ոչիշխանությունը այս ամբողջ տարի խաղացին՝ իշխանափոխություն ենք պահանջում, չենք պահանջում, նորից ենք պահանջում, ընդմիշտ ենք պահանջում, մինչև վերջ ենք պահանջում: Պայքար-պայքար խաղերի համար մեկը պիտի վճարեր: Իսկ վճարում են նրանք, ովքեր միշտ էլ հարկադրված են եղել իրենց դրամապանակի բոլոր լումաների տեղն իմանալ ու ամեն օր ընտրել՝ ո՞րն է ավելի անհրաժեշտ՝ դե՞ղը, թե՞ հացը, հա՞ցը, թե՞ հարկավոր է նաև պանիր առնել, գուցե նաև միս, ու այդ օրն ապրել տոն օրվա պես: Որ այդ մարդկանց թիվը մի քանի օրում բազմապատկվեց, կասկած չկա: Կասկած չկա, որ բազմապատկվեց նաև այն մարդկանց թիվը, ում տարեմուտի սեղանին կոկորդիլոսը նույնն է, ինչ մեծամասնության սեղանի սփռոցը: Կասկած չկա նաև, որ այս օրերին Հայաստանից իսկապես կատարվեց դոլարի արտահոսք: Դեպի Ռուսաստան, թե ուր՝ նշանակություն չունի, մեզնից գնաց: Ռուսները նորից են սկսել ամենաբարձր մակարդակով քննարկել՝ պաշտոնանկ կարվի՞ վարչապետը, ու նույնիսկ ֆինանսների նախկին նախարար Իգոր Կուդրինի անունն են տալիս, բայց վարչապետի փոփոխությունը տեխնիկական հարց է, Պուտինի քաղաքականությունը չի փոխվում: Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության մասին նույնքան անիմաստ է խոսելը. ով էլ փոխարինի, ստեղծված պայմաններում քաղաքական լիցքաթափման հարց է լուծելու, իսկ փլուզվող տնտեսությունը լիցքաթափմամբ ոտքի չեն հանում:
ՈՒ բոլորովին էլ իրավիճակ չի փոխում, որ ազգային տարադրամը արժեզրկվել է Վրաստանում: Մեկ շաբաթում՝ 3 տոկոս: Համեմատեք, եթե կարող եք, իսկ չեք կարող, որովհետև հայտնի չէ, թե կա՞նգ կառնի, ե՞րբ ու ո՞ր թվի վրա դրամի անկումը: Կունենանք կենսամակարդակի 30 %-անոց անկում և աղքատության ցուցանիշի բարձրացում մինչև 46-50 %։ Կարևոր չէ, որ թուրքական տարադրամը Ստամբուլի ֆոնդային բորսայում պատմական նվազագույն ցուցանիշ արձանագրեց` 2,41 լիրա 1 դոլարի դիմաց: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին ուղիղ եթերում ասաց. «Չեմ կարծում թե այս զարգացումները որևէ վտանգ են ներկայացնում թուրքական տնտեսության համար: Վստահ եմ նաև, որ լիրայի փոխարժեքի անկումը ի վերջո կկարգավորվի շուկայական մեթոդներով և կառավարության կողմից ինտերվենցիայի կարիք չի զգացվի»: Դեռ դիմադրում է ադրբեջանական մանաթը, բայց Բաքվում մանաթի փոխարժեքի անկում սպասում են արդեն հունվարին:
Կարևորը, որ հենց հայերի «սև չորեքշաբթի» օրը ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Իսկ հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամենամյա հարցազրույցում խրոխտ հավաստիացրեց, որ Ռուսաստանին հնարավոր չէ ծնկի բերել: Այդպես է, Ռուսաստանը այնքան ռեսուրսներ ունի, որ կդիմանա նավթի գնանկմանն ու պատժամիջոցների հետևանքներին, կծնկի էլ, կբարձրանա էլ, իսկ Հայաստանը, որ առանց այդ էլ ծնկած էր, դեռ երկար պիտի փորձի ոտքի ելնել: Երբ պետության մեջ իշխանության շահը գերադասվում է պետական շահին, ծնկի է գալիս ժողովուրդը: Եզրակացությունները թողնում եմ ձեզ ու հավարտ հիշեցնեմ, որ իշխանության մեջ քչերն են բարձրաձայն արտահայտվում, բայց շատերն են ուզում Ռուսաստանի ստրուկը լինել՝ հույս ունենալով, որ ստրուկին սոված չեն թողնում՝ պիտի կուշտ լինի, որ իրենց ծառայի: ՈՒ նաև դեմ չեն, որ ոմանք էլ զբաղվեն ականջ կտրելով ու գլուխ կոտրելով: Մի գործ պիտի՞ լինի էս գործազրկության պայմաններում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ կա՞ հետգրության կարիք:

Դիտվել է՝ 1633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ