«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Համակարգի սակրալ խնդիրը

Համակարգի սակրալ խնդիրը
28.11.2014 | 01:31

Երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով մեկնելու է Անկարա՝ մասնակցելու բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի 5-րդ նիստին: Թուրքական թերթերի կանխատեսումներով՝ դեկտեմբերի 1-ին քննարկումների օրակարգում գերակշռելու են տնտեսական հարցերը: Կքննարկվեն նաև տարածաշրջանային խնդիրներ՝ ներառյալ Մերձավոր Արևելքն ու Սիրիան, Ղրիմի ու Կիպրոսի հարցերը: Գերակայում է տեսակետը, որ հանդիպումից հետո երկու պետությունների հարաբերությունները տարածաշրջանային ու գլոբալ հարցերի կարգավորման նոր մակարդակի կհասնեն: Թուրքիայի ու Ռուսաստանի տեսակետների տարբերությունը թուրքական թերթերը տեսնում են «սիրիական վարչակարգի, Ղրիմի անեքսիայի ու Կիպրոսի հարցում»: Նրանք համարում են, որ Արևմուտքի պատժամիջոցները և նավթի գնի անկումը թուլացնում են, բայց չեն կոտրել ռուսական տնտեսության ողնաշարը: Նշելով ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի կանխատեսումը, որ պատժամիջոցների ու նավթի գնի անկման պատճառով Ռուսաստանի կորուստները կարող են գերազանցել 100 միլիարդ դոլարը, իսկ ռուսական ռուբլին 3 ամսում դոլարի համեմատ կորցրել է գնի 23 %-ը, նրանք կարծում են, որ Թուրքիան ստեղծված իրավիճակում Ռուսաստանի համար հատուկ նշանակություն է ստանում: Թուրքիան Ռուսաստանի թիվ 1 էներգետիկ գործընկերն է, ուստի բնական է, որ ՌԴ նախագահը նշված ժամկետից շուտ է ուզում հասնել երկու երկրների ապրանքաշրջանառության 100 միլիարդ դոլարի մակարդակին: Թուրքերը մտադիր են բանակցել գազի գնի իջեցման վերաբերյալ: Նրանք նաև հույս ունեն, որ ռուսական շուկան դռները լայն կբացի Թուրքիայի գյուղմթերքների առաջ: Նրանք շատ կցանկանային, որ Ռուսաստանը պաշտպաներ Սիրիայի Ազատ բանակին և ապստամբների մյուս կազմավորումներին, բայց Ռուսաստանը Բաշար Ասադի կողմնակիցն է, և այս հարցում կողմերի տարաձայնությունները պահպանվում են: Որ այս հարցը լուրջ քննարկվելու է՝ վկայում է երկու օր առաջ Սոչիում ՌԴ նախագահի հանդիպումը Սիրիայի արտգործնախարարի հետ, որը միայն իրազեկվեց՝ առանց մանրամասների: Իսլամական պետության հարցում երկու պետությունները ընդհանուր հայտարարի եկել են: Խոսուն է, որ առաջիկա այցի շրջանակներում թուրքական թերթերը կամ չեն անդրադառնում, կամ քիչ են անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ քաղաքական առումով, թերևս հարցը նրանց համար արդեն ունի միայն տնտեսական նշանակություն: Բոլոր դեպքերում, բարձրաձայնվի, թե ոչ, հարցը լինելու է հանդիպման օրակարգում: Անկարան նորից է փորձելու տեղավորվել Մինսկի խմբի շրջանակներում կամ նոր ձևաչափ ստեղծելու հնարավորությունները շոշափել՝ սպասարկելով Ադրբեջանի շահերը: Տնտեսական շահերին գերակայություն տալը չի նշանակում, որ քաղաքական հարցերը ստվերում են մնալու, առավել ևս, որ տարածաշրջանում ¥ինչպես ամենուր¤ քաղաքական ու տնտեսական շահերը շաղկապված են:
Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում` դրամի արժեզրկումից բացի, որի վերաբերյալ Կենտրոնական բանկն օլիմպիական հանդարտությամբ հայտարարություն է անում: Գուցե իրոք ԿԲ պահուստները բավարար են կանխելու փոխարժեքի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունություն։

Գուցե իրոք թելադրված են տարածաշրջանի և միջազգային ֆինանսական շուկաների զարգացումներով։ Գուցե նպաստում են արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, բնակչության ստացած տրանսֆերտների գնողունակության աճին։ Բայց ԿԲ-ն պարտավոր է հաշվի առնել, որ այդքան հրաշալի նորությունների հետ դրամի արժեզրկումը բերում է կենսամակարդակի անկում: Երբ դու սեփական արտադրությանը գերադասում ես ներկրումները, թանկացող դոլարը թանկացնում է ապրանքներն ու ծառայությունները: Իսկ գնաճը հաստատ չի մեծացնելու ընդհանուր գնողունակությունը, նույնիսկ եթե ապահովի տրանսֆերտների գնողունակությունը, չի նվազեցնելու աղքատությունը, հետևաբար դրամի արժեզրկման շնորհիվ եթե արտահանման մրցունակությունը բարձրանա, ներկրման գինն էլ է բարձրանալու: ԿԲ-ն արձանագրել է՝ իր գնահատականով, դրականը, իսկ բացասականը թողել է՝ կյանքը հավելի: Ի վերջո՝ եթե այդքան կարևոր խնդիրներ հնարավոր էր լուծել, ինչո՞ւ դրամը շուտ չէր արժեզրկվում: Հանուն բարեկեցության: Բայց՝ ո՞ւմ: Խնդիրը Կենտրոնական բանկի՞նն է միայն, թե՞ կառավարությանը, որ պատասխանատու է այն հարցերի համար, որոնք շարել է ԿԲ-ն՝ հիմնավորելու դոլարի գնի բարձրացումը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ հընթացս պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ վարչապետը պատասխանատու համարել է ԿԲ-ին և ասել, որ կտրուկ թանկացման դրական ու բացասական ներգործությունը պետք է մի համատեքստում դիտարկել: Բացասականը կենսամակարդակի վրա բացասական ազդեցությունն է, դրականը՝ որ կօգնի արտադրողներին՝ կազմակերպել արտադրությունը, իրացումը, արտահանումը և ստեղծել աշխատատեղեր: ՈՒ՝ վերջ:
Վերջ՝ այս հարցով, բայց կա ոչիշխանության հարցը: «Ես ամեն ինչ անում եմ, որ ինձ և կառավարությանը վստահեն»,- ասել է վարչապետը ու «Ի՞նչ եք անում որ» հարցին ի պատասխան հայտարարել. «Իրենց հետ մենք խոսում ենք, բանակցում ենք, շփվում ենք, և ես համոզված եմ, որ ապագայում մենք մեր խոստումներն իրականացնելու ենք: Որևէ կետ չի եղել, որ մենք պայմանավորվել ենք և չենք իրականացրել: Կարող են նաև լինել առաջարկներ, որոնց շուրջ մենք չպայմանավորվենք և նպատակահարմար չգտնենք դրանք իրականացնելը: Մենք նույնիսկ համաձայնել ենք 10-րդ կետից սկսել քննարկումը, մենք կառուցողական ենք և ընդդիմության հետ ուզում ենք աշխատել, մեր նպատակն է դա, իսկ եթե իրենք չեն ուզում մասնակցել, քննարկել, իմ կարծիքով՝ մենք անելիք չունենք»: Այսինքն՝ ոչիշխանության 12 կետերի քննարկումից հրաժարվելու հայտարարությունները բանակցություններ էին բանակցելու շուրջ: Ընդամենը: Իրականում՝ և խոսում են, և բանակցում, և շփվում: Համենայն դեպս՝ Հովիկ Աբրահամյանն ինքն իր հետ չի քննարկում 12 կետերը և իր հետ չի համաձայնում սկսել 10-րդից: ՈՒ ինչպե՞ս է պատկերը կոչվում:
Ի՞նչ պատկեր է ստացվելու հավարտ: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը շարժման ղեկավարի դափնիները հանդիսավոր հանձնեց Գագիկ Ծառուկյանին, իսկ հետո նույնքան հանդիսավոր ՀԱԿ-ը լոկալ բանակցություններով ու հրապարակային հայտարարություններով փորձեց վերադառնալ նախկին դիրքեր՝ մոռանալով, որ չունի այլևս այդ դիրքերը: 2008-ի ժողովրդին ՀԱԿ-ը դավաճանել է իր քաղաքագիտական վերլուծությամբ և առավելագույնը, որ մնում է Լևոն Տեր-Պետրոսյանին՝ Գագիկ Ծառուկյանի մարտիմեկյան առնչությունները «մաքրելուց» հետո օրինակարգ կարգավիճակ տալն է Ռոբերտ Քոչարյանին, ուրիշ անելիք ՀԱԿ-ը ինքն իրեն արդեն չի թողել՝ ոչ վճարովի, ոչ անվճար: ՀԱԿ-ի ինքնաչեզոքացումից հետո փորձեց ասպարեզ գալ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հիշեցնելու, որ օրինակարգ, ավելի ճիշտ՝ իրավատեր վերջին նախագահն ինքն է, ու իբրև իրավատեր՝ իրավունք ունի կոնսենսուս պահանջել որոշումներ ընդունելիս: Իրավունք ունի հրապարակայնություն ու օրակարգ պահանջել: Պահի զգացողությունը, սակայն, առաջին արտգործնախարարին նորից դավաճանեց։ Եռյակի («Ժառանգության» հետ, թե առանց), խնդիրը ոչ իշխանափոխությունն է, ոչ իրավիճակի փոփոխությունը, ոչ արտաքին քաղաքական խնդիրներին արձագանքելը: Նրանց սուրբ պարտականությունն է առաջիկա համապետական ընտրություններում մեծամասնություն դառնալը՝ ԲՀԿ-ն երրորդ փորձից խորհրդարանական ընտրություններում հաղթելու ու նախագահի սեփական հաղթող թեկնածու առաջադրելու խնդիրն է լուծում: Գործող նախագահը, խորհրդարանը, վարչապետն ու կառավարությունը ԲՀԿ-ի համար թիրախ չեն, որքան էլ մերձիշխանական ու միջիշխանական շրջանակներում լուրեր շրջանառեն, որ պայմանավորվածություն է փոխվել կամ իրավիճակ: Թիրախն իշխանությունն է՝ իր ամբողջության մեջ, որ հավուր պատշաճի քաղաքական ու տնտեսական փաթեթավորում է ստանում: Արտահերթ քայլերի զրո ցանկությունը երկու պատճառ ունի: Նախ՝ Ռուսաստանը չափազանց վաղ է համարում Հայաստանի վերաբերյալ որոշում կայացնելը, ուստի ոչիշխանական գործընթացները գերադասում է պահել դոնդողի կարգավիճակում՝ կան, ու՝ ոչ ավելին: Եվ հետո՝ քանի դեռ Ռուսաստանի վճիռը չկա, Գագիկ Ծառուկյանը չի կարող սեփական վճիռը կայացնել՝ Սերժ Սարգսյանից հետո ո՞ւմ ձեռքերում է հայտնվելու համակարգը, ո՞ւմ շանսերն են գերադասելի՝ ի՞ր, որ ակնհայտորեն նախագահի իմիջ չունի, թե՞ Ռոբերտ Քոչարյանի, որ հայտնի է՝ թե ինչ նախագահի իմիջ ունի: Ահա դիլեման, որի շուրջ ծփծփում է քաղաքական դաշտը՝ փորձելով ստեղծել քաղաքական գործընթացների տպավորություն: Իմիտացիայի ստեղծման խաղը, սակայն, միայն իմիջային խնդիր չի լուծում: Ոչիշխանությունն էլ, իշխանությունն էլ հիանալի գիտակցում են, որ երկրում ունեն իրական ընդդիմություն՝ ժողովուրդը: Եթե նախորդ տարիների փորձը մոռացել են, հիշում են 2013-ի պարզ «բարևի» իրենց համար բարդ ներգործությունը, ուստի գլխավոր խնդիրը ընդդիմադիր քաղաքական դաշտը փակ պահելն է՝ որ եղած կամ չեղած որևէ ուժ թափ չհավաքի ու այդ նիշան չզբաղեցնի՝ գլխացավանք դառնալով համակարգի համար: Ճիշտ է՝ Ռուսաստանը կա ու կօգնի, բայց հայտնի է, թե ռուսական աջակցությունը ինչ հետևանքներ է ունենում իրենց համար: Ամբողջ հարցը, որ իշխանությանն ու ոչիշխանությանը համատեղած համակարգը լուծում էր 2014-ին ու լուծելու է 2015-ին, ընդդիմադիր դաշտի ձևավորումը բացառելն է, մնացածը ածանցյալ մարտավարական զորաշարժեր են: Ժողովրդի ներգրավումն այդ զորաշարժերում հիմնարար խնդիր է. երբ հայտարարում ես իշխանափոխություն, երբ հոգեցունց ելույթներ ես ունենում աշխարհացունց հանրահավաքներում, ինքնաբերաբար արժեզրկում ես քաղաքական պայքարի այդ միջոցը՝ մարդիկ դադարում են հավատալ ընդհանրապես հանրահավաք անողին ու ելույթ ունեցողին: Հասարակական հիասթափությունն ու ապատիան, դիմադրունակության ոչնչացումը ավելի կարևոր խնդիր են համակարգի համար, քան՝ ի վերջո ո՞վ է մտնելու Բաղրամյան 26: Ով էլ մտնի, եթե համակարգի ներսից է, երաշխավորելու է համակարգի մյուս անդամների քաղաքական, տնտեսական, ֆինանսական անձեռնմխելիությունը: Համակարգից դուրս որևէ մեկը մահացու թշնամի է ողջ համակարգի համար: Սա է պարզ բանաձևը: Այս պարզության մեջ բացարձակապես կարևոր չէ՝ քառյա՞կ է, թե՞ եռյակ, եռյա՞կ է, թե՞ երկյակ, թե՞ միայն ու միայն մեկն է, որ ներկայացնում է բոլորին: Հայտարարություններ, հանրահավաքներ, երթեր, թերթեր ու եթեր՝ լուծում են պարզ խնդիր՝ ներշնչել հասարակությանը, որ իրենց խոսքը գործ է ու հասարակության համար գործ չանել կամ գործել՝ ելնելով բացառապես համակարգային շահերից, ու՝ նույն այս շրջանակում գիտակցական ու ենթագիտակցական մակարդակով վարկաբեկել ընդդիմության գաղափարն ու հեռանկարները, որպեսզի որևէ շարքային մահկանացու այլևս չհավատա, որ ինչ-որ մեկը անկեղծ ու տրամաբանական ցանկություն կարող է ունենալ իրավիճակ փոխելու, անգամ՝ քայլ անել այդ ուղղությամբ: Կա պատմական փորձ՝ բոլորը բոլորին ստում են, բոլորը շահում են ստելուց, իսկ ժողովուրդը ընտրազանգվածից բացի այլ դեր չունի: Ինչպես եղել է զանգված, այնպես էլ զանգված մնում է՝ զանգվածաբար կեղծվող ընտրություններում մեկ օրում աշխատելով իր 5-10 հազարը միայն ու 4-5 տարի այլևս պահանջարկ չվայելելով քաղաքական դաշտում, միայն ոտքի տակ ընկնելով:
Ի՞նչ կմնա պետությունից ու ժողովրդից: Իշխանափոխության որևէ ցանկություն չունեցող, բայց հայտարարելով՝ հրապարակում կրիտիկական զանգված հավաքող ոչիշխանությունն ու իշխանությունը կկարողանա՞ն երկրում պահպանել պետության գոյությանն անհրաժեշտ կրիտիկական զանգված: Դա արդեն ազգային անվտանգության խնդիր է, ուրեմն թող մտածի Անվտանգության խորհրդի քարտուղարը, որ չկա, և նախագահը, որ չի կարողանում քարտուղար գտնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Երկուշաբթի օրը ԱԺ-ում լսումներ էին կազմակերպվել ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, օգտակար, խոսուն, փառահեղ լսումներ էին, բայց որևէ մեկը չհետաքրքրվեց՝ եթե ԵԱՏՄ-ն այն տարածքն է, որտեղ ապահովվում են կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժի ազատությունները, ինչո՞ւ է Ռուսաստանը արգելել սննդամթերքի ազատ տրանզիտը Ղազախստանի ու Բելառուսի տարածքով, և ինչո՞ւ է Ղազախստանը արգելել իր տարածքում ռուսական օղիների ու գարեջրերի վաճառքը: ՈՒ` արգե՞լքն է գործելու, թե՞ բիզնեսը:

Դիտվել է՝ 1328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ