«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անսկզբունք կադրային քաղաքականություն

Անսկզբունք կադրային քաղաքականություն
24.11.2014 | 17:34

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Տիգրան Հարությունյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Կոնկրետ որոշման մասին խոսել չեմ կարող, որովհետև ոչ ազատված փոխնախարարին եմ ճանաչում և ոչ էլ գիտեմ այն մոտիվները, որոնք դրդել են վարչապետին՝ նման որոշում կայացնելու:
Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ հասարակության համար փակ են մնում այն պատճառները, որոնք ինչ-որ մեկին դարձնում են պաշտոնյա կամ զրկում նույն այդ պաշտոնից: Մինչդեռ այդ պաշտոնյաները վարձատրվում են հենց հարկատուների հաշվին:
Մեզանում կադրային քաղաքականությունը սկզբունքներ չունի, որովհետև պետությունն ինքը, գլոբալ առումով, չի հստակեցրել իր զարգացման հեռանկարը, ըստ այդմ՝ չի ճշգրտել այն գործիքները, չի ճշտել այն կադրերին, որոնց միջոցով իրականացնելու է քաղաքականությունը:
Քաղաքական պաշտոնների մասին չեմ խոսում, այստեղ էլ չկան սկզբունքներ, սակայն ինձ կհակադարձեն, կասեն՝ մենք ենք ստացել հասարակության քվեն, մենք էլ ռեալիզացնում ենք մեր պատասխանատվությունը՝ որոշակի թիմով:
Ես խոսում եմ այն պաշտոնների մասին, որոնք հայեցողական են՝ փոխնախարար, վարչության պետ, մարզպետ, փոխմարզպետ և այլն: Սրանք այնպիսի պաշտոններ են, որոնց տերերը պետք է տիրապետեն որոշակի մասնագիտական հմտությունների:
Ես չեմ ասում՝ մեր պետական համակարգում պրոֆեսիոնալներ չկան, սակայն նրանք հաճախ հեռանում կամ հեռացվում են, որովհետև պրոֆեսիոնալն իրեն խորթ է զգում այս համակարգի պայմաններում:
Թափուր մնացած պաշտոններն արդեն համալրվում են հաճախ ոչ թե պրոֆեսիոնալ հատկանիշներից կամ կառավարման արդյունավետության սկզբունքից ելնելով, այլ խմբային հավատարմության, կլանային պատկանելության գործոնները հաշվի առնելով: Հայրերը հոգում են ոչ միայն իրենց առաջխաղացման հարցերը, այլև «տաքուկ անկյուններում» տեղավորում են իրենց հաճախ անարժան զավակներին՝ նրանց «յուղոտ պատառով» ապահովելու համար:
Պետական համակարգի դեգրադացումը սկսվում է հենց այդ պահից, որովհետև տուժում է պրոֆեսիոնալ առումով ոչ միայն տվյալ ոլորտը, այլև կառավարման փիլիսոփայությունը, որովհետև հոր, քեռու կամ հոպարի կապերով գործի անցած ծառայողը, պաշտոնյան հաշվետու են դառնում ոչ թե իրենց վերադասի, այլ բարեխոսողի, միջնորդողի առաջ:
«Ոչ բանիմաց կադրեր, ոչ արդյունավետ կառավարում» բանաձևը հանգեցնում է մարդկանց կյանքի որակի անկմանը՝ նրանց օտարելով պետությունից կամ հակադրելով լքել հայրենիքը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ