«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Երբ մարդիկ դուրս են գալիս բարեկրթության սահմաններից, դա նրանց թուլությունն է ցույց տալիս»

«Երբ մարդիկ դուրս են գալիս բարեկրթության սահմաններից, դա նրանց թուլությունն է ցույց տալիս»
21.11.2014 | 00:56

Ավստրալիական Բրիսբեն քաղաքում ավարտվեց G-20 («Քսանի խումբ») բարձր մակարդակի իբր տնտեսական գագաթնաժողովը։ Սակայն եթե դատելու լինենք նրա անգամ միջանկյալ արդյունքներից, ապա Արևմուտքը տրամադրված չէր Ավստրալիայում խոսելու հատկապես համաշխարհային տնտեսության վիճակի մասին։ Դատելով ըստ ամենայնի, Պեկինում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովում կրելով բացահայտ ու ակնհայտ աշխարհաքաղաքական պարտություն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր էր Բրիսբենում «վերադարձնել կորցրածը»։ Եվ գլխավորապես հրահրում էր անգլո-սաքսոնական պետությունների կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, հասկանալի է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Այս մարդիկ Ռուսաստանի ղեկավարից առանձնապես դժգոհելու առիթ էլ չունեին, ուստի և ստացվեց, որ անգլո-սաքսոնները ԱՄՆ-ի նախագահի առաջնորդությամբ կոկորդ էին պատռում «ՈՒկրաինայի համար»։
Իրենց վարձու գրչակների միջոցով, ընդ որում` նույնիսկ ռուս, դեռ մի հինգ օր առաջ բարոյական ճորտերը փորձում էին բացահայտ ապատեղեկատվություն տարածել. իբր Պուտինին Ավստրալիայում այնքան կոպիտ են ընդունել, որ նա ժամանակից շուտ է հեռացել G-20 գագաթնաժողովից։ Միևնույն ժամանակ, նույն արևմտյան հեռուստաալիքները, սկսած հեռուստատարածքից վռնդված CNN-ից և իր ռուսերեն հաղորդումները անսպասելի վերսկսած «Euronews»-ից, ամեն օր հեռարձակում էին կադրեր, որոնք վկայում էին, որ Ավստրալիայում առհասարակ որևէ մեկին չէր հետաքրքրում G-20 գագաթնաժողովը, մարդկանց, այդ թվում` շարքային ավստրալիացիներին, հետաքրքրում էր հենց Ռուսաստանի նախագահը։ Նույնիսկ ավստրալիացի ոստիկաններին։ Իսկ դա խորհրդանշական է. ուժայիններն առաջինն են խոստովանում իրական ուժը` ի դեմս իրենց «արհեստակիցների», նույնիսկ արտասահմանցի։ Կազմակերպիչները ռուսական պատվիրակության համար խնդիրներ էին հարուցել անգամ հյուրանոցի ընտրության հարցում. Ավստրալիան իր խոսքի տերն էր` Պուտինին ցուցաբերելու ընդգծված սառը ընդունելություն։ Օդանավակայանում Ռուսաստանի առաջնորդին սպասում էին Ավստրալիայի կառավարության երկրորդ դեմքերը, այնինչ հետո ժամանած նախագահ Սի Ցզինպինին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին դիմավորելու էին եկել երկրի գեներալ-նահանգապետ Փիթեր Կոսգրոուվը և Քվինսլենդի նահանգի վարչապետ Քեմփբել Նյումանը։ Երբ Պուտինի օդանավի սանդուղքը մոտեցրին, ինքնաթիռից բառացիորեն մեկ-երկու քայլի վրա կանգնած երկու պաշտոնյաները, ասես հրահանգով, շուռ եկան թիկունքով։ «Ես չեմ ուզում նրա հետ դեմ առ դեմ հանդիպել»,- տեղի լրագրողներին խոստովանել է պարոն Նյումանը։
Փոխարենն Օբամային նրա ավստրալիական ստրուկ, վարչապետ Թոնի Էբոտտը շողոքորթում ու գովաբանում էր ամեն կերպ։ Օբամայի դեմքը ավստրալիական բոլոր ալիքների հեռուստաէկրաններից չէր հեռանում, իսկ նորությունների և թոք-շոուների հաղորդավարները շնչակտուր հետևում էին նրա ամեն քայլին։ Ամերիկացին ժպտերես էր ու ինքնավստահ։ «Որպես միակ համաշխարհային գերտերություն, Միացյալ Նահանգները եզակի պատասխանատվություն ունի, ինչը մենք ուրախությամբ ընդունում ենք։ Մենք ենք համաշխարհային ընկերակցությանն առաջնորդում «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում։ Մենք մարտնչում ենք Արևմտյան Աֆրիկայում մոլեգնած Էբոլայի դեմ։ Մենք դիմակայում ենք ՈՒկրաինայի դեմ սանձազերծված ռուսական ագրեսիային, որը սպառնում է աշխարհին, ինչպես մենք ականատես եղանք մալայզիական «Boeing»-ի ոչնչացման սարսափազդու օրինակով»,- հայտարարեց Օբաման` Բրիսբենի համալսարանի լսարան հասնելուն պես։ Ի՞նչ էր սա նշանակում։ Սա նշանակում էր, որ ԱՄՆ-ը դարձյալ, նույնիսկ ստացած լինելով ապացույցներ (ընդ որում` սեփական տիեզերական հետախուզությունից), որ տարաբախտ «Boeing»-ը խփվել է ուկրաինական ռազմական ինքնաթիռի կողմից, փորձում է մալայզիական օդանավի ուղևորների զոհվելու համար մեղադրել... Ռուսաստանին։ Ներեցեք, բայց սա, ըստ էության, հավասարազոր է այն բանին, որ Օբաման, այնուամենայնիվ, որոշեց պատերազմ հայտարարել Ռուսաստանին, ուղղակի այդ բանն արեց վախկոտաբար։ Իսկ ավստրալիացիները հլու-հնազանդ պոչները քաշած կուչ են գալիս ամերիկյան նախագահի առջև։ Երկրի առաջատար լրատվամիջոցներից մեկը` «Courier Mail»-ը, ուրբաթ օրը առաջին էջում հրապարակել էր երկու խոսք` անգլերեն «Sorry» և ռուսերեն «Простите» (երկուսն էլ` «ներեցեք»), Ռուսաստանի նախագահին առաջարկելով ներողություն խնդրել մալայզիական ինքնաթիռը կործանելու համար։ Շաբաթ օրը նույն այդ թերթը լույս էր տեսել կոլաժով, որտեղ պատկերված էր մորթե գլխարկով, կրծքին ԽՍՀՄ գերբով գորշ արջ, որը մռնչում էր ատամները բացած կենգուրուի վրա։ Թերթի երկու համարներն էլ զետեղել էին Ավստրալիայի վարչապետ Էբոտտի ծավալուն հակառուսական հայտարարությունները, որն իրեն զգալով իր տանը, խտրականություն չդնելով արտահայտությունների մեջ, Պուտինին մեղադրում էր «ցարիզմի և Խորհրդային Միության կորսված փառքը վերականգնելու» փորձերի համար։ «Ռուսաստանը շատ ավելի հրապուրիչ կլիներ, եթե ձգտեր գերտերություն դառնալ հանուն խաղաղության, ազատության ու բարգավաճման, ոչ թե ինքնավստահ վարքագիծ ցուցաներ»,- հայտարարել էր Էբոտտը` մեկնաբանելով Ավստրալիայի ափերի մոտ ՌԴ ՌԾՈՒ-ի չորս ռազմանավերի, այդ թվում` «Վարյագ» հածանավի հայտնվելու փաստը։ Ավստրալիայի վարչապետին ձայնակցեցին նաև Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը և բրիտանական վարչապետ Դևիդ Քեմերոնը։ Նրանք երկուսն էլ այն կարծիքը հայտնեցին, թե պատժամիջոցները զգալի ազդեցություն են գործել Ռուսաստանի վրա և, եթե իրավիճակն ՈՒկրաինայում չփոխվի, Եվրամիությունը կարող է ուժեղացնել ճնշումը։
Էբոտտն այն նույն անձնավորությունն է, որն իր հայրենակիցներին խոստացել էր, որ հանդիպելու դեպքում ինքն անպայման «բուռը կհավաքի Պուտինի օձիքն ու մի լավ թափ կտա», ինչպես ռեգբիում (ավստրալիացիների սիրած խաղը), որպեսզի Ռուսաստանը վճարի ավիաաղետի զոհերի ընտանիքներին։ Դժվար է ասել, թե իրականում ինչ է ասել Էբոտտը, երբ իրեն հաջողվեց տեսակցել Ռուսաստանի նախագահի հետ։ Սակայն, ինչպես երևում է նրանց անձնական հանդիպման լուսանկարից, Էբոտտն այդ ժամանակ «իր օձիքն է բուռը հավաքել», և ոչ թե դիմացինի, և դեռ ուզում է ժպտալ էլ... Այդ ամենն ավելի շատ նման էր ներողություն խնդրելու, քան Պուտինին «պատասխանատվության կանչելու»։ Արդյունքում, Ռուսաստանի նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, Էբոտտին նույնիսկ դիմում էր անունով` «Տոննի»։ Սովորաբար այդպես խոսում են ոչ թե թշնամիների, այլ, առնվազն, լավ ծանոթների կամ բարեկամների մասին։ Ավստրալիայի նախագահի «գրոհը» բացահայտորեն ձախողվել էր։ Նա Պուտինի հետ նույնիսկ լուսանկարվել է ավստրալիական համակրելի կոալաներ (պարկավոր արջուկ) գրկած։ Այդ ժամանակ Օբաման «գործի դրեց» Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերին, որը ցուցադրաբար, «որպեսզի բոլորը լսեն», հայտարարեց. «Ես կսեղմեմ ձեր ձեռքը, բայց դուք քաշվեք ՈՒկրաինայից»։ Եվ ահա այստեղ Ռուսաստանի նախագահը կատակի ձևով, բայց կոշտ պատասխանեց. «Ինչ-որ բան քաշելուց առաջ պետք է ինչ-որ բան մտցված լինի»։ Հազիվ թե կանադացուն դուր եկած լինի Պուտինի հանգիստ տոնը։
Ավելի ուշ արևմտյան որոշ առաջնորդների ու լրատվամիջոցների հարձակումներին արձագանքեց Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Ավստրալիայում ՌԴ դեսպանության երկրորդ քարտուղար Ալեքսանդր Օդոևսկին «Courier Mail»-ի հրապարակումն անվանեց «Ռուսաստանի վարկաբեկման համաշխարհային արշավի» շարունակություն, նշելով. «Պուտինը ավստրալիացիներից ներողություն խնդրելու պատճառ չունի»։ Իսկ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ-ին բացահայտորեն մեղադրեց հետաքննությունն արհեստականորեն ձգձգելու մեջ։ «Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ոչ առանց ԱՄՆ-ի մասնակցության, հետաքննությունը արհեստականորեն արգելակվում է»,- ընդգծել է նա, ընդունելով, որ Պուտինի և Օբամայի կարճ հանդիպումները երկկողմ հարաբերությունների բեկման չեն հանգեցրել։ Եվ նույնիսկ դիրքերի մերձեցման ազդակ անգամ, ցավոք, չի նկատվում։ Մինչդեռ Պուտինը լիագումար նիստերի արանքում շփումներ է ունեցել ԲՌՀՉՀ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) անդամ երկրների և G-20-ի արհմիությունների ներկայացուցիչների հետ (նրանք այս գագաթնաժողովում բացահայտորեն նեղացած էին, քանի որ Ավստրալիան հրաժարվել էր իրենց համար կազմակերպել հանդիպում մասնակից երկրների աշխատանքի ու ֆինանսների նախարարների հետ, ինչպես արվել էր 2013 թվականին Սանկտ Պետերբուրգում)։ Այդ հանդիպումները ցույց տվեցին, որ ոչ միայն համաշխարհային հանրությանը, այլև Արևմուտքի երկրների արհմիություններին տեղը տեղին զզվեցրել է այն «խրախճանքը», որ ԱՄՆ-ը հորջորջում է «խաչակրաց արշավանք հանուն ժողովրդավարության»։ Բայց մենք ընթերցողների ուշադրությունը չենք բևեռի այդ հանդիպումների ու դրանց արդյունքների վրա։ Սակայն ստացվում է, որ G-20-ի երկրների արհմիություններն իրենց որոշ հույսեր կապում են Ռուսաստանի առաջնորդի և ոչ թե իրենց երկրների ղեկավարների հետ։ Եվ դա հատկանշական է։
Իրավիճակը բառացիորեն մազից է կախված. ԱՄՆ-ի «արբանյակներն» արդեն անցել են բոլոր սահմանները և գռեհկաբանում են այնպես, ինչպես ռուսներին չեն վերաբերվել անգամ սառը պատերազմի ժամանակներում (Ռուսաստանին հրահրելով Արևմուտքի հետ հակամարտության սրման), իսկ ծերուկ Եվրոպան դեռ ջանում է ինչ-որ բան խոսել երկխոսության մասին և հանուն ԱՄՆ-ի շահերի Ռուսաստանի հետ պատերազմել ամենևին չի ուզում։ Մերկելը մնացած Արևմուտքին նոյեմբերի 17-ին նույնիսկ նախազգուշացրեց, որ Ռուսաստանի ազդեցության ընդլայնման սպառնալիք կա, և այն կընդգրկի Վրաստանը, Մոլդովան և անգամ բալկանյան երկրները։ Իսկ ինչո՞ւ ոչ նաև Մերձբալթիկան` Լեհաստանն էլ հետը, ֆրաու կանցլեր։ Դեռ չի մոռացվել Լեհաստանի հայրենասերների այս տարվա մայիսի 15-ի բաց նամակը Ռուսաստանի իշխանություններին ու ժողովրդին, որտեղ նրանք ոչ միայն դատապարտել են ՈՒկրաինայի բանդերացումը և կոչ արել աշխարհը զերծ պահել երրորդ համաշխարհային պատերազմից, այլև առաջարկել են շտապ ստեղծել և գումարել «Սլավոնների համաշխարհային խորհուրդ»` որպես մեր ցեղերի շփման և փոխըմբռնման պլատֆորմ` բաղկացած սլավոնական բոլոր երկրների ներկայացուցիչներից, որոնք առանձին սլավոնական երկրներում ընտրված լինեին խորթ, խամաճիկային վարչակազմերի նկատմամբ ընդդիմադիր կազմակերպությունների գործունեության մեջ ներգրավված անձանցից։ Եվ Չինաստանը չէ՞ր, արդյոք, որ ԱԽՏՀ-ի գագաթնաժողովում հնչեցրած իր մի շարք որոշումներով, ըստ էության, միարժեքորեն հասկանալ տվեց, որ թուլացող «աշխարհի հեգեմոնի» ժամանակը սկսել է ավելի արագ սպառվել։
Ինչ վերաբերում է Պուտինին, ապա նա ինքն էլ Բրիսբենում որոշ բաներ ասաց «բանակցություններ վարելու» անգլո-սաքսոնական ոճի մասին. «Երբ մարդիկ դուրս են գալիս բարեկրթության սահմաններից, դա նրանց թուլությունն է ցույց տալիս»։
Աշխարհի արձագանքը դեռ նոր է լինելու։ Թեև սոցիալական ցանցերի ֆրանսիացի բլոգերները Ավստրալիայում կայացած G-20 գագաթնաժողովի իրենց գնահատականն արդեն տվել են` «նախագահ Պուտինն ու կեղտոտ երեխեքը»։ Հատուկ կերպով չեմ պարզաբանի, թե շարքային ֆրանսիացիներն ում նկատի ունեն «կեղտոտ երեխեք» ասելով. երևի ընթերցողներին առանց դրա էլ հասկանալի է։ Իսկ ֆրանսիացի լրագրող, պատմաբան և գրող Ֆրանկ Ֆեռանը «Le Figaro» թերթում նշել է, որ «Արևմուտքը շտապողականություն դրսևորեց` G-20 գագաթնաժողովում քննադատելով Ռուսաստանին», և «Եվրամիությունը պետք է բացի աչքերը` տեսնելու, որ Վաշինգտոնը սխալվում է Ռուսաստանի հարցում»։ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրել է այն բանին, գրում է հեղինակը, որ տեղի է ունեցել Մոսկվայի և Պեկինի սրընթաց մերձեցում։ Ռուսաստանն այսուհետ Չինաստանի հետ է ակնկալիքներ կապում իբրև գործընկերոջ, հուսալով, որ նա կօգնի իրեն շրջանցելու Արևմուտքի սահմանած պատժամիջոցները։ Ֆեռանի կարծիքով, տնտեսական և ռազմական համագործակցության բնագավառում Մոսկվայի և Պեկինի կնքած պայմանագրերը վկայում են Արևմուտքի անզիջում դիրքորոշումից հնարավորինս մեծ շահ քաղելու մտադրության մասին։ ՈՒստի կարելի է պնդել, եզրափակում է փորձագետը, որ այս ամսվա գլխավոր քաղաքական իրադարձությունը տեղի է ունեցել ոչ թե Բրիսբենի G-20 գագաթնաժողովում, այլ Պեկինում կայացած ԱԽՏՀ-ի գագաթնաժողովում։ Էլ ավելի հեռուն է գնում ամերիկյան արտաքին քաղաքականության ավագ, նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը. ՈՒկրաինան ստիպված է մոռանալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի մասին։
Իսկ հետո... Պուտինը որոշում ընդունեց, իրոք, ժամանակից շուտ հեռանալ Ավստրալիայից։ Ավարտելով ծրագրված բոլոր հանդիպումներն ու բանակցությունները, նա... ցուցադրաբար անտեսեց G-20-ի եզրափակիչ ընդհանուր աշխատանքային նախաճաշը։ Դիվանագիտական ավելի լավ ապտակ Արևմուտքին դժվար էր պատկերացնել։ Եվ չնայած Ռուսաստանի նախագահը, մեկնաբանելով իր հեռանալը, կոչ արեց «չարարկումներ (спекуляция) չանել», այնուամենայնիվ, նրա մեկնաբանությունը պարունակում է այն տարրերը, որոնք էլ հասկանալ են տալիս, թե ինչ քայլ էր դա։ Նա գագաթնաժողովի աշխատանքային նախաճաշին բացակայությունը բացատրեց գրաֆիկի ծանրաբեռնվածությամբ և «մի քիչ քնելու» անհրաժեշտությամբ։ Նրա խոսքերով ասած, Ավստրալիայի վարչապետ Էբոտտն ըմբռնումով է ընդունել այս իրավիճակը։ «Որպեսզի այստեղ ոչ մի չարարկում չլինի, թե ինչու ես նախաճաշի չեմ գնացել, այստեղ է մնացել ֆինանսների նախարարը, նա կհաղորդի, թե մենք ինչ ջանքեր ենք գործադրում Էբոլայի դեմ պայքարի ուղղությամբ»,- ավելացրել է ռուսական պետության ղեկավարը։ Ընթերցողը հիշո՞ւմ է. ռուսական պատվիրակությանը դիմավորել էին երկրորդական կարգի դեմքեր, դե նախաճաշին էլ մասնակցում էր ոչ գլխավոր դեմքը։ Ընդ որում ապտակը նախատեսված էր բացահայտորեն ոչ բոլորին, այլ անգլո-սաքսոններին։ Պուտինին հաջողվեց որոշակի ըմբռնման հասնել որոշ արևմտաեվրոպական ղեկավարների հետ։ Դատելով ըստ ամենայնի, վատ չէր անցել Ռուսաստանի առաջնորդի հանդիպումը Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ, որը Պուտինին հրավիրել է մայիսին այցելել Միլան։ Ռուսաստանի նախագահը որոշակի ըմբռնում գտավ նաև Ֆրանսիայի նախարարների կաբինետի ղեկավարի հետ։ Ֆրանսուա Օլանդի վրա լուրջ ճնշում է գործադրվում ԱՄՆ-ի կողմից, բայց այս պարագայում Փարիզում հասկանում են, թե Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ու տնտեսության համար ինչ բացասական հետևանքներ կարող են ունենալ հակառուսաստանյան գործողությունները, ուստի և խուսանավում են «Միստրալների» (դեսանտային նավեր) մատակարարումների հարցում։
Չեմ ուզում խոսել արդեն Բրիսբենից հետո գերմանական ARD հեռուստաալիքին Ռուսաստանի նախագահի տված հարցազրույցի մասին, որտեղ Պուտինն Արևմուտքին բացահայտորեն մեղադրել է այն բանում, որ նրա «աչքերն ու ուղեղը կուրացած են»։ Կխոսեմ միայն ՌԴ-ի մյուս պատասխանների մասին։ Երբ դեռ Պուտինը նոր էր պատրաստվում հեռանալու Ավստրալիայից, Ռուսաստանում ձերբակալվեց Լատվիայի հատուկ ծառայությունների մի լրտես, որը ռուսական տարածքում կատարում էր ԱՄՆ-ի ԿՀՎ-ի «խնդրանքները», և որը տվել է իր ամերիկացի տերերի անունները։ Նոյեմբերի 17-ին Մոսկվայից արտաքսվեցին Լեհաստանի ու Գերմանիայի մի շարք դիվանագետներ. հասկանալի է, թե ինչպիսի քաջագործությունների համար, ինչպես ընդունված է ասել` «իրենց կարգավիճակին անհարիր գործունեության համար»։ Լեհաստանի արտգործնախարարությունը շտապեց նշել, թե, իբր, վերջ, դիվանագիտական միջադեպը հարթված է, դա Մոսկվայի «համարժեք պատասխանն էր»։ Այո, բայց ՌԴ-ում սպասում էին, չէին շտապում և արտաքսեցին Բրիսբենից հետո։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարեց, թե գագաթնաժողովի մասնակից ԵՄ երկրները չեն ծրագրում նոր պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի դեմ։ «Ոչ հիմա»,- հայտարարել է գերմանացի դիվանագետը «Die Welt»-ին տված հարցազրույցում։ Դեռ ինչե՜ր են լինելու... Աշխարհին հետաքրքիր ու դրամատիկ մի ժամանակաշրջան է սպասում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ef="hyÄÂ�€¯ÄÂ�€¯/1653881157" rel="nofollow">Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
16.07.2024