«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Միֆերի մայրամուտը

Միֆերի մայրամուտը
14.11.2014 | 00:53

Միֆ 1. Հայաստանում գոյություն ունի համաժողովրդական շարժում:
Միֆ 2. Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի լավ է շախմատ խաղում Սերժ Սարգսյանից:
Միֆ 3. ԲՀԿ-ն երբևէ կարող է լինել ընդդիմություն:
Միֆ 4. Եռյակը իշխանափոխության նպատակ ունի:
Միֆ 5. Հայաստանում հնարավոր են արտահերթ քաղաքական գործընթացներ:
Միֆ 6. Հայաստանի գործընթացները Հայաստանում են լուծում ստանում:
Միֆ 7. Երեք նախագահներից որևէ մեկը իր կամքով կհեռանա քաղաքականությունից:


Հոկտեմբերի 24-ի տրամաբանորեն անավարտ մնացած հանրահավաքը պիտի հանգեցներ կամ իշխանափոխության պահանջով շուրջօրյա հանրահավաքների ու նստացույցի, կամ պիտի ավարտվեր եռյակի տարաձայնությունների հուշագրով: Հրաշալի քառյակը, որ հեղափոխության դժվարին ճանապարհներին կորցրեց ՀՅԴ-ին, գնաց տարաձայնությունների բարձրաձայնման ճանապարհով: Նախ՝ ԲՀԿ-ն ազդարարեց հանրահավաքային պայքարից հրաժարումի ու շտաբային նախապատրաստական աշխատանքների անցնելու մտադրությունը, որին կիրակի օրով պատասխանեց ՀԱԿ-ը՝ «ոչ վատ գաղափարը» պահանջելով զուգորդել Ազատության հրապարակում ակտիվ քաղաքական գործողությունների հետ, որոնց «անորոշ ժամանակով հետաձգումը կարող է ճակատագրական սխալ դառնալ՝ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար»։ Հայտարարության իրական դրդապատճառը, սակայն, տարաբախտ շտաբները չեն, որ թե ԲՀԿ-ն, թե ՀԱԿ-ը օգտագործում են իբրև ծխածածկույթ՝ մեկը քաղաքական դադարը պատճառաբանելու, մյուսը իրական զայրույթը սքողելու նպատակով: ՀԱԿ-ի ցասման պատճառը Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումն էր, որ քաղաքական գործընկերության պարագայում նախապես պիտի իմանային, ավելին՝ միատեղեին պահանջները, փաստարկներն ու հակափաստարկները երեք կուսակցությունների նախագահներով: Բայց Գագիկ Ծառուկյանը Բաղրամյան 26-ում ներկայացնում էր ոչ թե հրաշալի եռյակը, այլ ավելի հրաշալի ԲՀԿ-ն՝ փորձելով պարզել, թե իրականում որքան է հրաշալի իր բիզնես-նախագիծ կուսակցության ու անձամբ իր՝ օլիգարխ նախագահի թեկնածուի քաղաքական ճակատագիրը: Գագիկ Ծառուկյանը ոչիշխանական գործընկերներից առանձնանալու պատճառներ ու հիմնավորումներ ուներ: Համատեղեք յոթ միֆերը և կստանաք նրա բացատրությունը: Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը իրենց պատմական հանդիպման համար արել էին ամենակարևորը՝ նրանք եղել էին Մոսկվայում, և գործնականում միմյանց համարյա ասելիք չունեին, մնացել էր միֆերի վերադասավորման ու քայլերի հաջորդականության ճշտումը: Դա ավելի շուտ քաղաքական կյանքի սևագրությունից մաքրագրություն կատարելու անխուսափելիություն էր: Քայլ, որով Սերժ Սարգսյանը միանգամից ապացուցեց, որ. 1. Հայաստանում համաժողովրդական շարժում չկա. ԲՀԿ-ի լցրած հրապարակը ամենաբուռն ցանկության դեպքում էլ համաժողովրդական շարժման հավակնություններ ունենալ չի կարող՝ ոչ փոքրության պատճառով, այլ իրական նպատակի բացակայության: 2. Ինքը Լևոն Տեր-Պետրոսյանից լավ է շախմատ խաղում՝ նա տարիներ է կորցնում ԲՀԿ-ին իշխանությունից պոկելու համար, ինքը մի ժամում վերադարձնում է: Իսկ ավելի ճիշտ՝ ամենալավը շախմատ է խաղում Գագիկ Ծառուկյանը, որ ոչ մի տեղ չգնալով՝ Լևոն Տեր-Պետրոսյանին օգտագործում է ընդդիմություն երևալու համար, Սերժ Սարգսյանից փորձում է ունեցածից ավելին ստանալ ընդդիմություն չդառնալու համար, Ռուսաստանին ցույց է տալիս, որ ինքն էլ է գործի մեջ ու իրեն էլ պետք է հաշվել: 3. ԲՀԿ-ն երբևէ չի կարող լինել ընդդիմություն, ընդդիմությունը գաղափարական հենք պիտի ունենա՝ ներիշխանական փոխատեղման ցանկությունը իշխանություն կորզելու նպատակ ունի, ոչ թե համակարգ փոխելու: 4. Եռյակը իշխանափոխության նպատակ չունի, հերթական ընտրություններում իր հավակնությունները հայտարարելու հող է նախապատրաստում: 5. Հենց այդ պատճառով Հայաստանում հնարավոր չեն արտահերթ քաղաքական գործընթացներ: 6. Հայաստանի գործընթացները Հայաստանում չեն լուծում ստանում, որովհետև Հայաստանի իշխանական ու ոչիշխանական դաշտը լիովին Մոսկվայի վերահսկողության տակ է: 7. Երեք նախագահներից որևէ մեկը մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից:

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գործնականում անելիք չունի, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մտադիր են շարունակել պայքարը՝ փորձելով խաղարկել տարբեր կոմբինացիաներ՝ ըստ Մոսկվայի վերաբերմունքի: ՈՒ դա նշանակում է՝ Սերժ Սարգսյանը հանգիստ պաշտոնավարելու է մինչև ժամկետի ավարտը, հընթացս կյանքի կոչելով սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որի հավանությունը, եթե դեռ չի ստացել Մոսկվայից, ընթացքում հարցը կլուծի: Կամ՝ չի լուծի, բայց այլ ճանապարհ կգտնի գնալով՝ մնալու:
Իրադարձությունները զարգացան արագ՝ Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպումներից հետո միմյանց հետ հանդիպումը, զուգահեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը, Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի հանդիպումը, ԲՀԿ քաղխորհրդի որոշումն ու ՀԱԿ-ի հայտարարությունը, և, առանց վերլուծելու ժամանակ տալու՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցն ու Հովիկ Աբրահամյանի մեկնաբանությունը: Ինչո՞ւ ՀՀ նախագահը հանկարծ հիշեց ու ասպարեզ նետեց հունիսին ոչիշխանության ներկայացրած 12 կետերը, որոնց հոկտեմբերի 1-ին կառավարությունը, իր գնահատականով, հանգամանալից պատասխանել էր, հիշեց ու հորդորեց գործադիրին կրկին անդրադառնալ այդ փաստաթղթին: Նրա ինչի՞ն էր պետք 12-կետանոց ու անգամ առաջարկողի օրակարգից դուրս եկած փաթեթը, որ առաջարկության պահից պարզ էր՝ ոչ մի հարց չի լուծում և ունի ոչիշխանական ուժերի համար զբաղմունք գտնելու նպատակ: Ի՞նչ 12 կետ, եթե հարթակից հնչել է մեկ պահանջ՝ իշխանափոխություն: Բայց, փաստորեն, հենց այնպես է հնչել, այլապես «Մեր խոսքը գործ է» կարգախոսի տեր ԲՀԿ-ն շտաբաշինարարությանը չէր տրվի, ՀԱԿ-ն էլ հարկադրված չէր լինի արալեզներ որոնել՝ վերակենդանացնելու քաղաքագիտական վերլուծությունների ճշմարտացիության միֆերն ու դուրս գալու մարգինալի կարգավիճակից: Սերժ Սարգսյանը 12 կետերի հետ որևէ գործնական նպատակ չի կապում, բայց լուծում է գործնական հարցեր. 1. Երկրում չկա իշխանափոխության պահանջ, կան ոչիշխանության 12 կետեր, որոնք վերաբերում են ոչ թե իրեն, այլ կառավարությանը: 2. Ոչիշխանությունը ոչ մի անգամ չի քննադատել վարչապետին, թող համատեղ զբաղվեն 12 կետերը կյանքի կոչելով: Պատահական չէ, որ հենց հաջորդ օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը զարմանալի պարզաբանում տվեց. «Վերանայելու մասին խոսք չի եղել, մենք մանրակրկիտ գրավոր պատասխանել ենք 12 կետերին և պատրաստակամություն ենք հայտնել ևս քննարկելու, եթե կլինի անհրաժեշտություն ավելի մանրակրկիտ բացատրություն տալու»: Թե ավելի մանրակրկիտ բացատրությունն ի՞նչ է նշանակում՝ արագ պարզվեց, երբ Բաղրամյան 26-ից բացատրվեց, թե նոր հայացքով փաթեթին նայելն ինչ է ենթադրում, և շաբաթվա վերջին վարչապետը ժամադրեց եռյակին: Բայց եռյակը 12-ից որոշեց պահանջել միայն 10-րդի կատարումն իբրև նախապայման ու Գալուստ Սահակյանից ստացավ մերժում՝ Ընտրական օրենսգիրքը անհապաղ չի փոխվի, կփոխվի (եթե փոխվի) ընտրությունների նախօրեին: 3. Իրականում 12 կետերը պետք են Սերժ Սարգսյանին՝ եռյակը պահելու նպատակով՝ այդ ձևաչափը գյուտ է ընդհանուր վերահսկողության համար: Եթե ԲՀԿ-ն մնում է յուրային, ՀԱԿ-ը կարող է անկառավարելի դառնալ: Եվս մեկ քաղաքագիտական վերլուծությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է պարզել, որ ոչ թե պետք էր ԲՀԿ-ին իշխանությունից զատելով՝ իշխանությանը իբր թուլացնել, այլ համագործակցել ԲՀԿ-ի նախահոր հետ: ԲՀԿ-ի ֆինանսական կապիտալի օգտագործումը ՀԱԿ-ին քաղաքական կշիռ չտվեց, ավելին՝ սպառեց 2008-ից մնացած կապիտալը, փոխարենը ԲՀԿ-ն հաջող ֆինանսական ներդրում արեց ՀԱԿ-ում՝ նրա աջակցությամբ քաղաքական ուժի կարգավիճակ ձեռք բերելու ու մարտի 1-ից հնարավորինս ձերբազատվելու ուղղությամբ: Փոխադարձ օգտագործման հանրագումարում ՀԱԿ-ը մնաց իր 00 կետում և ԲՀԿ-ի համար ապահովեց նոր մեկնարկային հնարավորություններ՝ իբրև քաղաքական ու համարյա ընդդիմադիր ուժ: Իր 00 կետում Լևոն Տեր-Պետրոսյանի միակ դաշնակիցը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը՝ ֆինանսապես համարժեք հնարավորություններով, քաղաքականապես լուրջ, լեգիտիմության, ներեցեք օրինակարգության նույն խնդիրներն ունեցող և ԲՀԿ-ից ևս խաբված, եթե Գագիկ Ծառուկյանին շատ խնդրեն ու նա որոշի թագավոր, ներեցեք՝ նախագահի թեկնածու առաջադրվել: Պահպանելով եռյակի ձևաչափը գոնե ֆորմալ 12 կետերով, Սերժ Սարգսյանը կկարողանա կանխել իրեն նախորդած երկու պրագմատիկների անցանկալի ալյանսը՝ քաղաքականապես նախընտրելի Գագիկ Ծառուկյանին առաջնություն տալով, եթե անձնական իշխանության պահպանության հարցը իր ցանկացածի պես չլուծի: ՀԱԿ-ը հանգիստ կարող է ոչ միայն նոյեմբերի 14-ի, 21-ի, 28-ի համար հանրահավաքի հայտ ներկայացնել, այլև դեկտեմբերի բոլոր ուրբաթների: Հանրահավաքը, որպես քաղաքական գործընթաց, ոչ ուրբաթ, ոչ շաբաթվա մյուս օրերին այլևս արդիական չէ: Գագիկ Ծառուկյանին արդեն բացատրվել է, որ ժամանակը ուրույն հասկացություն է՝ մեկ կա, մեկ չկա, բայց իրենից ոչինչ կախված չէ: Ինքը կարող է հանդիպել ՍԴՀԿ նախագահի հետ, ՀԿ-ների ու համատիրությունների, բացել, վերաբացել, բազմաբացել շտաբներ ու անգամ խոսել «համաժողովրդական պայքարին միանալու իրավունք վաստակելու մասին», դա ոչինչ չի նշանակում: ՈՒ ընդհանրապես Մոսկվայում նրան արդեն ասել են, որ ինքը պետք է հեռու մնա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, քանի որ «պարոն Տեր-Պետրոսյանին, չնայած նրա հռետորիկային, չհաջողվեց համոզել Մոսկվային, որ ինքը հանդիսանում է Մոսկվայի գործընկերը»: Նաև ասել են, որ Մոսկվայում կան մարդիկ, որոնց հետաքրքրում է Քոչարյանի վերադարձը Հայաստանի քաղաքական բարձունք, բայց այդ մարդիկ չունեն քարտ բլանշ ու այն տեղում չեն, որ Հայաստանում խնդիրներ լուծեն: Արդեն ոչ Վադիմ Դուբնովի, ավելի պաշտոնական մակարդակով պարզաբանվել է՝ Ռուսաստանին դուր չի գա, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանում ներքին կայունություն չլինի. «Եթե երկրի ներսում լինեն ցնցումներ, նշանակում է, որ արդեն ԵԱՏՄ-ում են այդ ցնցումները, ինչի համար Ռուսաստանում գլուխ չեն շոյում, ավելի ճիշտ հակառակ են շոյում»: Հազիվ թե Գագիկ Ծառուկյանի հայրենասիրական զգացումները վիրավորվեն, որ հետայսու «Մենք այս դեպքում պետք է խորհրդակցենք ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ: Մենք մի միություն ենք, և մեր ներքին ցնցումները կարող են նրանց դուր չգալ», առավել ևս՝ հազիվ թե նա որոշի գոնե ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից պարզել, թե ինչո՞ւ մեկ միության շրջանակներում նրանք մեզ հետ չեն խորհրդակցում, բայց մենք պարտավոր ենք շոյանքի սպասել: Ասված է՝ կենտրոնանալ 12 կետերի վրա, ուրեմն առավելագույնը կարող է ևս մեկ կետ հավելվել՝ 13-րդը, և դա կլինի մեծ նվաճում իշխանություն-ոչիշխանություն երկխոսության գործընթացում, որից խուճապով փորձում էր խուսափել վարչապետը, որովհետև բոլոր այս կոմբինացիաներում նաև Հովիկ Աբրահամյանն է իրեն տեսնում առաջին ջութակ, հետո ինչ, որ ջութակ չի նվագում, փոխարենը լավ պարում է: Վերջերս էլ որոշել է կարդալ: Նախ՝ կառավարության որոշումները, հետո ԱԺ ներկայացվող օրինագծերը, գուցե հասնի և գրքերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ոչիշխանական եռյակի նոյեմբերի 12-ի համատեղ հայտարարությունը չկայացավ, ու դա վերջին միֆն է, որ արդեն նույնիսկ մեկնության կարիք չունի, բայց քաղաքական անհրաժեշտությունը նրանց շարունակելու է պահել կողք կողքի ու ձևավորել նոր միֆեր, որոնք նույնքան իրական են, որքան միրաժն անապատում: Ժամանակ նրանք ունեն՝ Գալուստ Սահակյանն ասել է, որ ՀՀԿ-ն իշխանությունից կհեռանա, երբ աշխարհը ճանաչի ԼՂՀ-ն որպես անկախ պետություն:

Դիտվել է՝ 1578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ