«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Գրողի ծոցը Թուրքիան»

«Գրողի ծոցը Թուրքիան»
07.10.2014 | 00:26

Սեպտեմբերը հետաքրքիր ամիս է դառնում նորագույն Հայաստանի պատմության մեջ։ Ինչպես հիշում ենք, 2013 թ. մեր երկրի նախագահը հենց սեպտեմբերին արեց մի հայտարարություն, որը Հայաստանը «զերծ պահեց ՈՒկրաինայից». հասկացեք` ինչպես ուզում եք։ Բայց մեկ տարի անց Սերժ Սարգսյանը ձեռնարկեց ևս մեկ քայլ, և այն էլ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ամբիոնից։ Մեր քննարկելիք հայտարարության կատարման վայրը շատ կարևոր է. դա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկկողմ և անգամ բազմակողմ խորհրդակցություն չէ։ Դա ամբողջ աշխարհի ասպարեզն է։ Նախ հիշեցնենք Հայաստանի նախագահի խոսքերը.
«Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում։ Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը։ Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին։ Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծոցը վավերացնեք»։ Ժողովրդական լեզվով արտահայտված այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է. հայրենիքը սուրբ է, և ձեր առուծախը հեռու տարեք մեզնից։ Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»,- ասաց Ս. Սարգսյանը։
Այսպես, ուրեմն, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի հանրությունը գործ ունի ոչ թե սոսկ գործող նախագահի ելույթի, այլ ամենաիսկական «մեսիջի» հետ` ամբողջ աշխարհին հասցեագրված ուղերձի հետ, ինչպես նաև նրանց հետ, ովքեր հանդես են եկել և հանդես են գալիս իբրև տխրահռչակ հայ-թուրքական «արձանագրությունների հովանավորներ»։ Դա Թուրքիային ուղղված ուղերձ չէ. Հայաստանի նախագահը Անկարային իր «մեսիջն» ուղարկել էր վաղ, երբ ամռանը այն ժամանակ դեռ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին պաշտոնապես հրավիրեց 2015 թ. ապրիլին այցելել Երևան` Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Ինչպես հայտնի է, թուրքական կողմը փորձեց «խաղալ», սակայն իր նախագահական ընտրությունների շեմին Էրդողանը ստիպված էր դառնալ թուրք ամենամոլի ազգայնականը (նա նույնիսկ բարձրաձայնեց մի գաղափար, թե հայ լինելը վիրավորանք է և այլն), արդյունքում, ըստ էության, Անկարան հրաժարվեց հրավերից։ Թուրքերին Ս. Սարգսյանի «մեսիջը» նշանակում էր ոչ միայն այն, որ այնուհետև Հայաստանի նախագահը բարձրաձայնեց նաև ՄԱԿ-ում. չի լինի «սակարկություն» Արցախի շուրջ։ Այն նշանակում էր նաև, որ Հայաստանը չի հրաժարվի Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման համար մղվող պայքարից, և Թուրքիան ստիպված կլինի հաշտվել դրա հետ։
Նշենք, որ ըստ էության նույն բանը Ս. Սարգսյանը թուրքերին հիշեցրել է նաև ամերիկյան «Internacional New York Times» թերթում իր «Պատմության մութ, անավարտ էջը. Առաջին համաշխարհային պատերազմն ու Հայոց ցեղասպանությունը» հոդվածում, Անկարային կոչ անելով «ընդունել պատմական ճշմարտությունը»։ Հոդվածը լույս էր տեսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Հայաստանի նախագահի ելույթից ոչ շատ առաջ, այնպես որ, ինչպես ասում են, ամեն ինչ տեղին ու ժամանակին է։ Սակայն համարյա առաջին անգամ Ս. Սարգսյանը արտաքին աշխարհին հասկացրեց, որ Հայաստանի իշխանությունները, այնուամենայնիվ, «ականջալուր են ժողովրդին», այսինքն, առաջին հերթին հասկացրեց ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Շվեյցարիային, որ եթե Հայաստանի ու Արցախի շարքային քաղաքացիները, մեծ հաշվով, «թքած ունեն»` հայ-թուրքական սահմանը (ի դեպ, բացարձակապես ոչ օրինակարգ) բաց է, թե ոչ, ապա պաշտոնական Երևանը «Էն գլխից» է պատրաստ հարևանին «ուղարկելու գրողի ծոցը»։ Առավել ևս այնպիսի հարևանին, որը երկկողմ հարաբերությունների վիճակը պայմանավորում է մի երրորդ պետության շահերով ու պահանջներով։ Օրինակ, Հայաստանը թուրքերին նախապայման է առաջադրում. այսպես, ուրեմն, երբ դուք ձեր օկուպացիոն զորքերը կհանեք Հյուսիսային Կիպրոսից, այդ ժամանակ էլ կխոսենք այս կամ այն հարցի մասին։ Ինչպես հայտնի է, Երևանը չի հոխորտացել, թե իրեն հայտնի են Թուրքիայի բոլոր ներքին և արտաքին խնդիրները։ Հնարավոր է, ի դեպ, որ իզուր։ Երևի պետք էր։
Հիմա տեղին է «միտք անել» Ս. Սարգսյանի «թուրքական ուղերձի», ինչպես նաև այն արտքաղաքական մթնոլորտի մասին, որը, ասես, ավելի ցցուն է դարձրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի` քննարկվող շատ հետաքրքրական փուլը։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Շվեյցարիան ամիսներ շարունակ համակված են իրենց ծնած գաղափարով և Հայաստանի վրա ճնշում գործադրելով, նպատակ ունենալով վերակենդանացնել (թեև ինչպես կարելի է վերակենդանացնել մեռելներին) հայ-թուրքական «արձանագրությունները»։ Վաղ թե ուշ Հայաստանը պետք է մի պատասխան տար Թուրքիայի ամերիկացի խնամակալներին ու փաստաբաններին։ Ասենք` նաև ֆրանսիացի. հիշենք, թե նախագահներ Սարկոզին և Օլանդը ինչպես էին «պոչ խաղացնում» Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի շուրջ։ Բայց հիմա Վաշինգտոնն ու Փարիզը գիտեն, որ միլիոնավոր հայեր (ոչ թե միայն Հայաստանի իշխանությունները) անտարբեր են, թե ինչ կլինեն այդ «արձանագրությունները», և ոչ ոք չի աղոթում հայ-թուրքական սահմանի բացման համար։ Եվ բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ս. Սարգսյանը կոշտ խոսեց նաև Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի մասին, ամերիկացիներն ու ֆրանսիացիները իրենք էլ պիտի հասկանան, որ Հայաստանին պետք չէ բարդ ու պայթյունավտանգ սահմանի բաց լինելը։ Առավել ևս վերջին իրադարձություններից հետո, մի հայացք գցենք քարտեզին. «Իսլամական պետություն» խմբավորման օկուպացրած սիրիական ու իրաքյան տարածքներից մինչև Հայաստանի սահման բառացիորեն «ձեռքդ մեկնես` կհասնի»։ Իսկ Արևմտյան Հայաստանի քաղաքներից մեկի քուրդ ղեկավար Լոքման Օզդեմիրի` Անկարային հասցեագրված այն մեղադրանքները, թե «Իսլամական պետության» գրոհայիններին զենքն ամեն օր մատակարարվում է Թուրքիայի տարածքով և որ հենց Թուրքիան ու Ադրբեջանն են աջակցում Սիրիայում և Իրաքում վայրագություններ անող այդ վահաբականներին, մի նոր հաղթաթուղթ է, որը Հայաստանին հնարավորություն է տալիս Վաշինգտոնի և Փարիզի իր գործընկերներին մշտապես հիշեցնելու հենց հայկական ազգային շահերի մասին։
Հիմա Հայաստանին որևէ բան պատասխանելու հերթը ԱՄՆ-ինն ու Ֆրանսիայինն է (այնուամենայնիվ, Շվեյցարիան հիմնական դերակատար չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում)։ Ակնկալել, թե այդ երկու երկրները «հանկարծ» կսկսեն ճնշում գործադրել միայն ու միայն Թուրքիայի վրա, չարժե երևի։ Այդ ամբողջ ճնշումը կարելի էր լիովին գործադրել նաև 2009-10 թթ., սակայն այն ժամանակ Արևմուտքը նախընտրեց «չխանգարել» Թուրքիային, որպեսզի սա փորձեր (Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում) մի փաթեթում շաղկապել և՛ հայ-թուրքական կարգավորման գործընթացը, և՛ Արցախի խնդիրը։ Այդ դեպքում ի՞նչ։ ՈՒզում են մեր երկիրն «արդիականացնել» ուկրաինական կամ հոնկոնգյան «տարբերակո՞վ»։ Բացառված չէ։ Համենայն դեպս, չեմ կարծում, թե ԱՄՆ-ում և Ֆրանսիայում գոհ են Ս. Սարգսյանի այն ուղղակի ակնարկներից, թե «վաղեմության ժամկետը» անցնելու պատճառով Թուրքիայի հետ սահմանը «կորցրել է արժեքը» Հայաստանի համար։
Սեպտեմբերի պարագան առհասարակ շատ հետաքրքիր է։ Եվ ոչ միայն Մերձավոր Արևելքով կամ Նովոռուսիայով։ Չինական Հոնկոնգի մասին մենք հպանցիկ արդեն հիշատակեցինք. ասենք միայն, որ իրավիճակը սպառնում է կտրուկ սառեցնել չին-ամերիկյան հարաբերությունները, իսկ դա էական է ամբողջ աշխարհի համար։ Ամերիկացիները փորձում էին Իրաքի առնչությամբ «նոր կոալիցիայի» մեջ «հրապուրել» թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին, հավանաբար հուսալով, թե իրենք հրամաններ կտան այդ երկրների ցամաքային ուժերին, եթե նրանք համաձայնեն «թնդանոթի միս» դառնալ «Իսլամական պետության» դեմ ուղղված ցամաքային գործողություններում։ Չստացվեց, դրա փոխարեն, ինչպես հետևում է վերջերս ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի տված հարցազրույցից, Թեհրանն ու Մոսկվան էլ ավելի են մերձեցնում իրենց դիրքերը։ Եվ ահա ապոթեոզը. Աստրախանում` մերձկասպյան պետությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովում և՛ ընդհանուր հուշագիր ստորագրեցին, և՛ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան պատրաստեցին, և՛ «կողմերին չպատկանող զինված ուժերի` Կասպից ծովում չգտնվելու» սկզբունքը հաստատեցին։ Տեղեկություններ կան, որ այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի չինովնիկները մոսկովյան այն լրատվամիջոցների խմբագիրների հետ, որոնք նախկինում հոդվածներ և տեղեկությունների արտահոսքեր են տպագրել, պայմանավորվում են հրապարակումներ զետեղել այն մասին, թե Բաքուն մտադիր է և պատրաստ իր տարածքը տրամադրելու ՆԱՏՕ-ի ¥կարդա` ԱՄՆ-ի¤ զորքերի տեղակայման համար։ Շուտով մերձկասպյան երկրների ԱԻՆ ուժերը իրենց առաջին համատեղ զորախաղերը կանցկացնեն Կասպից ծովում։ Սակայն Աստրախանի կասպյան գագաթնաժողովի արդյունքները, այնուամենայնիվ, առանձին քննարկման են արժանի։ Բայց դա հետո։
Ստացվում է, որ, ըստ էության, ԱՄՆ-ը սեպտեմբերի վերջին երկու ցավոտ հարված ստացավ մեր տարածաշրջանում։ Իհարկե, պետք չէ, որ մենք գերագնահատենք (թեև չարժե նաև թերագնահատել) Հայաստանի մեսիջ-հայտարարությունները ԱՄՆ-ի ռազմավարության համար։ Մերձկասպիականում Վաշինգտոնի փաստական աշխարհաքաղաքական պարտությունը ամենուրեք տխրահռչակ «կառավարվող քաոս» սերմանելու ամերիկյան ռազմավարությանը հասցված առավել ցավագին հարվածն է։ Իսկ մենք պետք է այսուհետ ևս նկատի ունենանք, որ ինչպես մերձկասպիականում, այնպես էլ Անդրկովկասում Ռուսաստանն ու Իրանը խորհրդակցում են հենց ԱՄՆ-ի ներկայության հարուցիչներին և ամերիկյան ռազմավարական պլանների իրականացման փորձերին դիմակայելու նպատակով։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ