«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սա Հայաստանն է, ու վերջ

Սա Հայաստանն է, ու վերջ
19.09.2014 | 01:50

Սեպտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 10-ը կա ամբողջ 23 օր: Այսինքն` 23 օր` օր օրի ոչիշխանական քառյակը (մի շտապեք եռյակել) շարունակելու է համոզել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում երկու հարց կա` իր 12 առաջարկները կատարել-չկատարելը և Սահմանադրություն փոխել-չփոխելը: Իրականում Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո քառյակը դադարեց քաղաքական միավոր լինելուց` կորցնելով ոտքի տակի հողը` կառավարությանը քննադատելու առաքելությունը: Վարչապետն անակնկալ փոխվեց (ինչպես միրաժ են տեսնում անապատում` քառյակը համարեց, որ իր ապրիլի 28-ի հանրահավաքի ահից), նախագահի հրաժարականի պահանջ քառյակը չի դնում, համակարգային փոփոխություններ չի նախաձեռնում, հեղափոխություն չի ցանկանում, արտաքին քաղաքական հարցերին չի խառնվում: Ի՞նչ մնաց: Մնաց մինչև հաջորդ ընտրություններ ժամանակը ձգելու ծանր գործը: Այնպես ձգելու, որ խորհրդարանը նորից բացի դռները: Հնարավորինս լայն: Ահա և գտնվեցին 12 առաջարկները, որոնք եթե իշխանությունը կատարի, քառյակի քաղաքական ուժերին միասին կպահի միայն ինքնափառաբանման էյֆորիան: Իսկ իշխանությունը չի կատարում, որպեսզի լավ-վատ, գոնե ձևական ընդդիմություն ունենա` աշխարհին ցույց տալու:
Սեպտեմբերի 17-ին քառյակը նիստ գումարեց և որոշեց, որ տարեսկզբից հայտարարվող հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 15-ին, Ազատության հրապարակում: Օրակարգում ունենալով երկու հարց` 12 առաջարկների ամփոփումը և Սահմանադրության փոփոխությունը: 12 առաջարկները կամփոփվեն ՀՅԴ-ի անունից, որը չի մասնակցի հանրահավաքին: «Մենք չենք պատկերացնում անհամատեղելի մոտեցումներով համատեղ հանրահավաք», ՀՅԴ-ի չմասնակցությունը այսպես հիմնավորեց Արմեն Ռուստամյանը: Եթե հանրահավաքը հրավիրվեր հոկտեմբերի 15-ից հետո, ՀՅԴ-ն կիմանար` կո՞ղմ է, թե՞ դեմ Սահմանադրության փոփոխությանը, ընդունվե՞լ են, թե՞ ոչ իր առաջարկները: ՀՅԴ-ն, բնականաբար, չի մասնակցի նաև մարզային հանդիպումներին` նույն պատճառով:
Ինչո՞ւ են ընտրվել հոկտեմբերի 10-ը ու ժամը 15-ը: Հանրահավաքները, որպես կանոն, հրավիրվում են երեկոյան` 18-ից հետո: Եթե առանց ՀՅԴ-ի եռյակը վախենում է մթից և որոշել է ցերեկը հարցը փակել, այլ հարց է: Բայց ինչո՞ւ հենց հոկտեմբերի 10-ին, երբ որոշվելու է Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության-չանդամակցության հարցը: Ինչ տեսակետ էլ ունենա քառյակը, այս հարցը Հայաստանի ներկայի ու ապագայի առանցքային հարցն է: Եթե նույնիսկ համատեղելով քաղաքական, քարոզչական, ֆինանսական միջոցները` եռյակը Հայաստանի բնակչության մեկ երրորդին հավաքի Ազատության հրապարակում, միևնույն է, հոկտեմբերի 10-ն այլ բովանդակություն ունի: Իսկ ժամը 15-ը գուցե հենց այդ նպատակով էլ ընտրված է` ի՞նչ ասենք, դեռ տեղյակ չենք, թե ինչ է որոշվել: Իհարկե, եթե ժամը չփոխվի, ընտրությունը կհիմնավորվի մարզերից եկածներին վերադառնալու ժամանակ տալու անհրաժեշտությամբ: Պարզ է նաև, որ իր մարզային հանդիպումներում եռյակը փորձելու է վերստին քառյակ դառնալ` չորրորդն ունենալով ժողովրդին: Բայց դա պայմանական ձևաչափ կլինի. երբ չկա գաղափար, իսկ Սահմանադրություն փոխել-չփոխելը չի ձգում միասնություն ստանալու գաղափարի, կլինեն նրա հետ, ով վճարել է, այնտեղ ու այն պահին, որ նա ասել է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Կլինե՞ն հանրահավաքին իրավակարգ Լևոն Տեր-Պետրոսյանը, իրավատեր Րաֆֆի Հովհաննիսյանը և իրավազոր Գագիկ Ծառուկյանը` իբրև հանրահավաք հրավիրած քաղաքական ուժերի ղեկավարներ: Հարցը չի քննարկվել: Դեռ: Չի էլ քննարկվի: Գան ի՞նչ ասեն:

Դիտվել է՝ 1291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ