«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չին-հնդկական կապերը՝ «դարի առավել կարևոր գործընկերություն»

Չին-հնդկական կապերը՝ «դարի  առավել կարևոր գործընկերություն»
19.09.2014 | 01:02

(սկիզբը՝ այստեղ)

Ասիական երկու հսկաների՝ Չինաստանի և Հնդկաստանի, կամ ինչպես երբեմն պերճախոս անվանում են՝ «Վիշապի ու Փյունիկի», հարաբերությունները, թերևս, ներկայումս պահպանված միջպետական հարաբերություններից հնագույնն են։ Հնդկաստանը Չինաստանից բաժանվում է դժվարանցանելի լեռնաշղթայով՝ Հիմալայներով, Տիբեթի լեռներով, սակայն աշխարհագրական դիրքի մոտիկությունը, մշակույթների ինքնատիպությունը հանգեցրել են նրանց բնական փոխադարձ շահերին։ Ենթադրվում է, որ Չինաստանի ու Հնդկաստանի միջև առավել վաղ շփումներ սկսվել են մ. թ. ա. 4-3-րդ դդ.։ Այդ շփումները հազիվ թե պաշտոնական լինեին, քանի որ պահպանվում էին ոչ թե պետական իշխանության կողմից, այլ առանձին վաճառականների (ի դեպ, Չինաստանը «յուրացնելու» գործում հնդկահայ վաճառականների դերը խիստ կարևոր էր ու բազմադարյա պատմություն ուներ)։ Մ. թ. ա. 2-րդ դարում չինական իշխանություններն առաջին փորձերն արեցին միջպետական կապեր հաստատելու Հնդկաստանի հետ։ Այդ պետությունների ավելի մերձեցմանը և նրանց միջև քաղաքական, մշակութային և կրոնական սերտ կապերի հաստատմանը, հետազոտողների կարծիքով, նպաստել է բուդդայականությունը։ Չինական վաղ շրջանի աղբյուրներում դրա մասին առաջին պաշտոնական հիշատակությանը կարելի է հանդիպել մ. թ. 58-78 թթ. միջև ընկած շրջանում (որոշ հեղինակներ այն կարծիքին են, ի դեպ, որ բուդդայականությունը սկսել է Չինաստան թափանցել դեռ մ. թ. ա. 3-րդ դարում)։ Լեգենդը պատմում է, որ Մին Դի կայսրը երազում տեսնում է ոսկեհուռ մի մարդու, որը երկնքից պալատ էր իջել արեգակի ճաճանչներով օծված։ Երազահանները պարզաբանում են, թե կայսրը երազում տեսել է արևմտյան աշխարհի Ֆո-Բուդդա անունով իմաստունին։ Այն ժամանակ Մին Դին Հնդկաստան է ուղարկում մի հանձնախումբ՝ բերելու բուդդայական տեքստերն ու հոգևորականներին։ Շուտով հնդիկ վանականները գալիս են Չինաստան սպիտակ նժույգներով. ի պատիվ նրանց կառուցվել է երկրի առաջին բուդդայական Բայմա-սի վանքը (Սպիտակ նժույգի տաճար)։ Հարկ է նկատել, որ Չինաստանի նոր կրոնը երևան է եկել այն ժամանակ, երբ այնտեղ վաղուց արդեն գոյություն ունեին կոնֆուցիականությունն ու դաոսականությունը։ Բուդդայի ուսմունքը հայտնի չափով հակասում էր բարոյախոսության ու վարքագծի կոնֆուցիական նորմերին (ընտանիքի, կայսեր պաշտամունք) և հոգևոր առողջացման դաոսական մեթոդներին, ու միանգամայն բնական է, որ առաջին գժտություններն ի հայտ եկած լինեն, հնարավոր է, այն վաղեմի ժամանակներում։ Ճիշտ է, կայսեր պալատը, որը 2-րդ դարի կեսերին լավ «յոլա էր գնում» բուդդայականության հետ, սկսել էր նոր ուսմունքը ներկայացնել իբրև վերաձևված դաոսականություն։ Մի լեգենդի համաձայն, բուդդայականությունը Լաո Ցզիի՝ դաոսականության հիմնադրի, վերափոխված ուսմունքն է. նա մի ժամանակ գնացել էր Արևմուտք, հասել Հնդկաստան և այնտեղ տարածել իր ուսմունքը։ Եվ հետագայում առանձնապես նշվում էր այդ երկու կրոնների փոխներթափանցումը։
Հնդկաստանի և Չինաստանի միջև պաշտոնական հարաբերություններն սկսում են աշխուժանալ 5-րդ դարում, և նախաձեռնությունը ստանձնում է Հնդկաստանը։ Այդ փաստը կարելի է բացատրել Չինաստանի պառակտմամբ, որը համակված էր ներքին գժտություններով ու բզկտվում էր օտարերկրյա զավթիչների կողմից։ Չինական աղբյուրներում հնդկական առաջին դեսպանության մասին հիշատակությունը վերաբերում է 381 թվականին։ Չինաստանի հետ պետական կապեր ունենալու գործում Հնդկաստանի ակտիվությունը շատ մեծ էր. ընդամենը 21 տարում Չինաստանում եղել է 18 պաշտոնական պատգամավորություն։ Դիվանագիտական հարաբերությունների աշխուժացման կապակցությամբ ավելի աշխուժացան Չինաստանի ու Հնդկաստանի առևտրական կապերը։ Հնդկաստանից արտահանում էին համեմունք, մարգարտեղեն, թանկարժեք քարեր, փղոսկր և արհեստագործական արտադրանք։ Հակառակ ուղղությամբ բերում էին մետաքս, պղնձե սպասք, դեղորայք, ճենապակե-հախճապակե արտադրանք։
Սակայն այնքան հաջողությամբ զարգացող կապերը խափանվեցին 647 թ. Հնդկաստանի Հարշի կայսրության անկումից հետո։ Կայսրություն ուղարկված չին դեսպան Վան Սյուան Ցեն ու նրա օգնականները հայտնվեցին իշխանության համար մղվող երկպառակտչական պայքարի հորձանուտում, իսկ տեղացի ֆեոդալ տիրակալներից մեկն էլ հարձակվեց չին դեսպանորդների վրա և կոտորեց նրանց գրեթե ամբողջ շքախումբը։ Վան Սյուան Ցեին հաջողվեց փախչել, բայց շուտով նա ծավալեց դեսպանի համար շատ արտասովոր մի գործունեություն. մերձավոր ցեղերից վարձեց մոտ ութ հազար հոգուց բաղկացած հեծելաջոկատներ և նրանց գլուխ անցած ներխուժեց Հնդկաստանի հյուսիսային շրջաններ։ Նախկին դեսպանին հաջողվեց տանել մի շարք հաղթանակներ, գրավել մոտ 580 բնակավայր, և դա ուղեկցվում էր տեղի բնակչության զանգվածային կոտորածով, գերեվարությամբ, ընտանի կենդանիների թալանով ու այլ ավարառություններով, այսինքն, բացահայտ ավազակությամբ։ Դա, թերևս, առաջին ճակատային բախումն էր երկրների միջև։ ՈՒ թեև Կենտրոնական կայսրության իշխանություններն արագորեն հրաժարվեցին իրենց դեսպանորդից, չինական աղբյուրները գրեթե չեն հաղորդում Չինաստանից Հնդկաստան նոր պատգամավորությունների այցելության մասին՝ Վան Սյուան Ցեի առաքելությունից հետո։ Սակայն, քանի որ բուդդայականությունը 7-րդ դարում-8-րդ դարի սկզբին Չինաստանում պետական կրոնի դիրք ուներ, չինացի շատ ուխտավորներ Հնդկաստանում կատարում էին նաև պետական հանձնարարություններ։ Իսկ միառժամանակ անց Հարավային Հնդկաստանի կառավարիչը, արշավ սկսելով արաբների դեմ, որոշեց ստանալ Չինաստանի աջակցությունը։ Նրա դեսպանները 720 թվականին խնդրեցին փառաբանել արշավի ելնող զորքերին։ Չինական արքունիքը, այդ ուշադրությունից շոյված, հնդկական զորքերին շնորհեց «Առաքինությամբ առլեցուն բանակ» պատվավոր տիտղոսը։ Ապա հետևեց երկու երկրների միջպետական հարաբերությունների վերելքների ու վայրէջքների մի երկար շարան։ Եվ այստեղ հարկ է նշել մի մանրամասն, որն ուշադրության են առնում շատ հետազոտողներ. խոսքն ազգային բացառիկության՝ երկու հին քաղաքակրթություններին ներհատուկ հայեցակարգի տարածաշրջանում քաղաքական գերակայության հասնելու ավանդական ձգտման, հարևան երկրներում իրենց ազդեցությունն ապահովելու ցանկության մասին է, որոնք նշանակալի հետք են թողել նրանց կապերի զարգացման վրա։
Արդի հարաբերությունները հաստատվել են 1950 թ., երբ Հնդկաստանն առաջիններից մեկը ճանաչեց ՉԺՀ-ն որպես մայրցամաքային Չինաստանի օրինական կառավարություն։ Բայց, այդուամենայնիվ, նրանց երկար ժամանակ բնորոշ էին սահմանային վեճերը, որոնց հետևանքով տեղի ունեցավ երեք խոշոր ընդհարում. չին-հնդկական սահմանային պատերազմը 1962 թվականին, չին-հնդկական սահմանային պատերազմը 1967 թվականին, չին-հնդկական սահմանային պատերազմը 1987 թվականին։ Հնդկաստանի կառավարող շրջանները ձգտում էին օգտվել Չինաստանի և նրա անհանգիստ Տիբեթի ինքնավարության միջև եղած հակասություններից։ Որպես պերճախոս վկայություն կարող է ծառայել Ջավահառլալ Ներուի որոշումը Դալայ-լամային ու նրա բազմաթիվ գաղափարակիցներին քաղաքական ապաստան տրամադրելու մասին։ Ընդ որում, Հնդկաստանը երբեք չի պնդել, որ ինքնիշխանություն տրամադրվի Տիբեթին։ Վստահություն չէր ավելացնում նաև Հնդկաստանի դիրքորոշումը մերձակա պետությունների նկատմամբ։ Այն հասնում է նրանց ներքին գործերին ուղղակի միջամտության, իսկ Չինաստանը, իր հերթին, չէր հապաղում օգտվելու հնդկական ռազմավարության այդ թերացումից։ Պեկինն սկսեց ակտիվորեն համագործակցել Հնդկաստանից երես թեքած պետությունների՝ Մյանմայի, Բանգլադեշի, Նեպալի, Շրի Լանկայի հետ։ ՉԺՀ-ի ու նրա նոր գործընկերների միջև ռազմատնտեսական լուրջ համագործակցություն սկսվեց։ Չինական դիվանագիտության համար ավանդական «իմ հարևանի հարևանը իմ բարեկամն է» բանաձևը մարմնավորվեց նաև Հնդկաստանի անսքող թշնամու՝ Պակիստանի հետ ռազմաքաղաքական սերտ համագործակցության, ապա և չինական տեխնոլոգիայով ստեղծված «իսլամական ատոմային ռումբի», Քաշմիրի շուրջ շարունակվող կոնֆլիկտում Պեկինի ներգրավվածության մեջ։ Չինաստանը, մասնավորապես, հավակնություններ ունի Ջամուի և Քաշմիրի հյուսիս-արևելքում գտնվող «Աքսայ Չինայի» հողերի նկատմամբ։ 50-ական թվականների վերջին Չինաստանի ազգային ազատագրական բանակի մարտիկները լեռնային մի ճանապարհ գցեցին այդ վայրերում, որը միացնում է ՉԺՀ-ի երկու ինքնավար շրջանները՝ Տիբեթն ու Սինցզյանը, իսկ չինական ռազմատեխնիկական օգնության դիմաց Պակիստանի ղեկավարությունը, 1963 թ. մարտին ստորագրելով պակիստանա-չինական սահմանի մասին համաձայնագիրը, փաստորեն, ճանաչեց Քաշմիրի այդ շրջանը տնօրինելու ՉԺՀ-ի իրավունքը։ Հասկանալի է, որ նման իրավիճակը չէր կարող չմտահոգել և բողոքներ չառաջացնել Հնդկաստանում՝ ջերմություն չավելացնելով նաև հնդկա-չինական հարաբերություններում։ Անցած դարի վերջում և նույնիսկ ընթացիկ դարի սկզբում, փորձագետները միաձայն կանխագուշակել են անխուսափելի «գոտեմարտ» այդ երկու ամենախտաբնակ միջուկային տերությունների միջև։
Սակայն հարկ է նշել, որ, միաժամանակ, 1954-ին Չինաստանն ու Հնդկաստանը ձևակերպեցին «խաղաղ գոյակցության հինգ սկզբունքները»։ Ըստ մտահղացման, նրանք պետք է ոչ միայն ապահովեն տարածաշրջանի երկու առաջատար երկրների փոխադարձ վստահությունն ու հարգանքը, այլև միջազգային հարաբերությունների խաղաղ կարգավորման հիմքը գցեն Ասիայում։ Բայց միայն Դեն Սյաոպինի հռչակած բացախոսության քաղաքականությունը, որը շեշտադրումները գաղափարախոսական գերակայություններից տեղափոխեց տնտեսական զարգացման վրա, հնդիկ դիվանագետների խոստովանությամբ, Հնդկաստանին հնարավորություն տվեց հրաժարվելու Մաո Ցզեդունի ժամանակների կոշտ առճակատումից։ ՉԺՀ-ի նոր քաղաքականությունն օբյեկտիվ բազա ստեղծեց չին-հնդկական հարաբերությունների բարելավման համար, քանի որ Դեն Սյաոպինի ձևակերպած նպատակները, տնտեսության ազատականացումը և բազմաբևեռ աշխարհում խաղաղ գոյակցությունը նկատելի զուգահեռներ գտան Հնդկաստանի ազգային ռազմավարության մեջ։
Եվ արդեն նոր դարասկզբին առաջնորդները եկան ընդհանուր կարծիքի, որ Հնդկաստանն ու Չինաստանը պետք է «հրաժարվեն Ասիայում ազդեցության համար երբեմնի մրցակցությունից և անցնեն փոխշահավետ համագործակցության, հատկապես այնպիսի կարևոր ուղղություններում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ու միջազգային ահաբեկչության դեմ պայքարը»։ Այդ մոտեցումների դրսևորում դարձավ նաև վերջերս ընդունված որոշումը՝ առաջին համատեղ զորախաղերն անցկացնելու ահաբեկչության, ծովահենության դեմ պայքարի և արտակարգ իրավիճակներում օգնության ցուցաբերման գործողություններ մշակելու նպատակով։ Զորախաղերի անցկացման պատրաստակամություն արտահայտվեց հնդկական բանակի շտաբի պետ գեներալ Ջագինդեր Ջասվանթա Սինգհի ՉԺՀ կատարած այցի և չին զինվորականների հետ նրա հանդիպումների ընթացքում։ Ի դեպ, հիմա փորձագետներն ընդգծում են, որ Իսլամաբադի հետ Չինաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը, ինչպես և արդիական զենքի ու ռազմական տեխնոլոգիաների վաճառքը շուտով կարող են վատ հետևանքներ ունենալ հենց Պեկինի համար։ Պակիստանը ներկայացնում է ոչ այնքան միջուկային, որքան էթնոքաղաքական վտանգ, քանի որ նրա տարածքում կան իսլամական ծայրահեղականների բազաներ, այդ թվում՝ ույղուրական։ ՉԺՀ-ում տեղի ունեցած վերջին ահաբեկչական ակտերն արդեն գնահատվել են իբրև հաստատում այն բանի, որ գաղտնի կապեր կան ույղուրական խմբավորումների և Քաշմիրում ու Կենտրոնական Ասիայում գործող իսլամական գրոհայինների միջև։ Նման իրավիճակում կնախընտրի՞, արդյոք, Չինաստանն այսուհետ ևս աջակցել Պակիստանին, թե՞, անհանգստացած լինելով Սինցզյանում իրավիճակի զարգացմամբ, կորոշի ահաբեկչության դեմ պայքարում իր ջանքերը միավորել համաշխարհային ընկերակցության մյուս անդամների, այդ թվում՝ Հնդկաստանի հետ։ Հնդիկ քաղաքագետները Չինաստանի առաջիկա նման ընտրությունը և «իսլամական մարտահրավերին նրա արձագանքը» համարում են Հնդկաստանի հանդեպ նրա իսկական վերաբերմունքի գլխավոր ցուցիչը։ Միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարում Հնդկաստանի ու Չինաստանի լիարժեք համագործակցությունը հենց, նրանց կարծիքով, կարող էր դառնալ հնդկա-չինական փոխըմբռնման ամրապնդման և 21-րդ դարում երկկողմ գործակցության խորացման գլխավոր գործոնը։
Ինչ վերաբերում է տնտեսությանը, այստեղ վիճակը թե՛ հաջող է, թե՛ կայուն։ Բավական է ասել, որ Հնդկաստանն ու Չինաստանը ծրագրում են 2015 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։ Հաղորդվում է, որ անցած տարի Հնդկաստանի հետ Չինաստանի առևտրական հաշվեմնացորդը կազմել է մոտ 39 մլրդ դոլար։ Վերջերս Պեկինում տեղի ունեցած ռազմավարական ու տնտեսական երկխոսության ժամանակ Հնդկաստանն ու Չինաստանը, որոնք համաշխարհային տնտեսության մեջ ամենաարագ աճն են գրանցում, համաձայնագիր ստորագրեցին ծրագրային ապահովման, տեղեկատվական տեխնոլոգիաների և ենթակառուցվածքի մշակման բնագավառի համատեղ աշխատանքի վերաբերյալ։ Ստորագրված հուշագիրը չինական պետական ընկերություններին հնարավորություն կընձեռի քննարկելու հնդկական ընկերությունների հայտերը ծրագրային ապահովման և ՏՏ նախագծերի իրականացման վերաբերյալ։ Առանձնապես հատկանշական է, որ վերջերս Չինաստանի կողմից համակարգչային անվտանգության ոլորտի ծրագրային ապահովման ցուցակից ամերիկյան «Symantec»-ի և ռուսական «Կասպերսկու լաբորատորիայի» հեռացման ֆոնի վրա ՉԺՀ արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Յան Ցուշանն ասել է, որ, չնայած հնդկական միջավայրում տարածված կարծիքին, չինական պետական ընկերությունները երբեք չեն խոչընդոտել հնդկական ՏՏ ընկերությունների մուտքին չինական շուկա։ Նա բերել է Tata Consultancy Services-ի օրինակը, որին հաջողվեց խոշոր պայմանագրեր շահել չինական կառավարությունից, իշխանության տեղական մարմիններից և պետական ձեռնարկություններից։ Բացի այդ, կան նաև մեծ թվով հնդկական ընկերություններ, որոնք համագործակցում են Չինաստանում գործող անդրազգային կորպորացիաների հետ։ Իր հերթին, Չինաստանը կօգնի Հնդկաստանին արդիականացնելու իր հսկայական և դեռևս արդյունավետորեն չգործող երկաթուղային ցանցը։ Այսպիսով, կողմերից յուրաքանչյուրը կզբաղվի նրանով, ինչն իրեն ավելի լավ է հաջողվում։ Խիստ հատկանշական է նաև այն, որ շուտով Շանհայում բացվելիք BRICS զարգացման բանկը գլխավորելու է Հնդկաստանի ներկայացուցիչը։ Բացի այդ, Պեկինում համարում են, որ Հնդկաստանում վերջերս կայացած ընտրություններում հաղթանակ տարած հնդիկ քաղաքական և պետական գործիչ Նարենդրա Մոդին «բազմափորձ մենեջեր» է, որը կկենտրոնանա գործընկերության տնտեսական կողմի վրա՝ կարևորելով ազգային շահերը բարեփոխումների խորացման, տնտեսության աճի և բարեկեցության բարձրացման համար։ Այնպես որ, հույսեր կան, որ Չինաստանն ու Հնդկաստանը հետագայում կլինեն «լավ հարևաններ ու բարեկամներ, որոնց ռազմավարական համագործակցությունն ու գործընկերությունը հսկայական նշանակություն ունեն և՛ երկու երկրների ժողովուրդների, և՛ ամբողջ աշխարհի համար», իսկ երկկողմ հարաբերությունների զարգացումը կայուն և դինամիկ աճի ուղեծիր է դուրս եկել։ Փորձագետների կարծիքով, հավանաբար շուտով տեղի կունենա «ոլորտների սահմանազատում». Հնդկաստանը՝ Հարավային Ասիայում, որտեղ նա Հարավային Ասիայի երկրների միավորման առաջատար անդամներից է, Չինաստանը՝ Արևելյան Ասիայում։
Եվ վերջում, իմ կարծիքով, մի կարևոր մանրամասն. Հնդկաստանը, թերևս միակ երկիրն է, որ Չինաստանի վրա բազմակողմանի հզոր պատմական ազդեցություն է գործել։ Ընդ որում, խոսքը միայն բուդդայականության մասին չէ։ Բուդդայականության հետ մեկտեղ Հնդկաստանից Չինաստան են եկել ճարտարապետության առանձնահատկություններ, հնդկական փիլիսոփայությունն ուժեղ ներգործություն է ունեցել չինականի վրա, հարստացրել է այն և նպաստել նեոկոնֆուցիականության զարգացմանը։ Այս հանգամանքը Չինաստանում ընդունում են բոլորը, չնայած իրենց շատ բարձր ինքնագնահատմանը, ընդ որում, այդ բանն անում են շատ հանգիստ, արժանապատվորեն և առանց պատմական փաստերի խեղման։ Հետևաբար և, առճակատում, կարծես, հասարակ մարդկանց միջև չկա և չի կարող լինել, և հիմա միայն քաղաքական գործիչներից է կախված հայտարարված նպատակի իրականացումը՝ չին-հնդկական կապերը դարձնել «դարի առավել կարևոր երկկողմ գործընկերությունը»։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ