«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իսկ աղջնակը գտավ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»

Իսկ աղջնակը գտավ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»
05.07.2013 | 00:24

«Ուրվագծով» լսում էի Պետրոս Ղազարյանին: Հրավիրել էր ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնից մի դասախոսի և իր հերթապահ հարցերն էր հնչեցնում՝ մարդիկ լավ, շքեղ կյանքի են ձգտում, դրա համար էլ չեն արժևորում կրթությունը, նախընտրում են կաշառքով լուծել հարցերը և այլն: Դասախոսն էլ՝ Ատոմ Վարդանյանը, հիշեց, թե ինչպես է մի ուսանող իր ընկերների մոտ պարծեցել, որ ինքը գիրք չի կարդում, նրանք էլ, որոնք կարդացողներն են, հայացքները փախցրել են այդ պահին: Մի խոսքով, եզրահանգումն այն էր, որ այս սերունդը կարդացող չէ, մտածում է լավ ավտոմեքենա ունենալու, լավ կյանքով ապրելու մասին, ու շրջապատում էլ այդպիսիք են ավելի շատ հարգանք-պատիվ վայելում: Դե, ծեծված խոսքեր են: Կարծես մյուս սերունդների մեջ չի եղել այդ տեսակը, հիմա է ծաղկում ապրել:
Երկու օր առաջ գնացել էի Աբովյանի կենտրոնական գրադարան: Ներս մտավ մի կին՝ տասներորդ դասարան փոխադրված դստեր ուղեկցությամբ: Ասաց, որ գյուղից են եկել, դուստրն ուզում է անպայման կարդալ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»: Պարզվում է՝ գյուղական գրադարանում փնտրել են, չի եղել: Գրադարանավարուհին համբերատար բացատրում էր, որ եթե գրանցված չեն Աբովյանում, ապա այնտեղի գրադարանից չեն կարող օգտվել: Կինն էլ ասում էր՝ ախր շատ է ուզում կարդալ, շատ, հետո՞ ինչ, որ պարտադիր ընթերցանության ցուցակում Մարկես չի պահանջվում: Մի խոսքով, համոզվելով, որ ապարդյուն է պնդելը (իսկ գրադարանավարուհին ասում էր, որ ինքը չի կարող խախտել օրենքը, առաջարկում էր, որ գիրքը կարող է տալ Աբովյանի գրանցում ունեցող որևէ անձի անունով), նրանք հեռացան: Քիչ անց կնոջն իր դստեր հետ հանդիպեցի գրախանութում: Էլի Մարկես էին ուզում: Ես էլ հետաքրքրվեցի, թե ինչու է այդքան շատ ցանկանում Մարկես կարդալ անպայման, երբ մինչ Մարկեսին հասնելը կա այլ, բազմաթիվ գրքեր կարդալու անհրաժեշտություն: Կինն էլի իրենը պնդեց՝ դե, ինտերնետում կարդացել է Մարկեսի խոսքերը, շատ է դուրը եկել, ուզում է այս արձակուրդներին անպայման նրա և Կաֆկայի գրքերը կարդալ, ավարտին հասցնել: Հետո էլ հավելեց, որ շատ-շատ գրքեր թե՛ հայ գրականությունից, թե՛ արտասահմանյան գրականությունից արդեն հասցրել է կարդալ: Աղջնակը գլուխը խոնարհած լսում էր միայն և ոչ մի կերպ չմիջամտեց խոսակցությանը: Վերջը Մարկեսի բաղձալի գիրքը գտնվեց, գրավաճառն առաջարկեց, աղջիկն էլ ուրախացած վերցրեց, սկսեց թերթատել: Մայրը հաշվեց մոտը մնացած գումարը, տեսավ, որ կհերիքի այլ ծախսերին ևս, վճարեց գրքի համար, և երկուսն էլ երջանկացած հեռացան:
Հիմա ես այդ աղջնակի օրինակով համոզվեցի, որ նա հանուն լավ կյանքի չի զոհաբերի իր սիրած գրողին ընթերցելու վայելքը, չի էլ ամաչի իր ընթերցասիրության համար: Ու Պետրոս Ղազարյանին էլ, որ հարցնում էր՝ ինչի՞ է պետք փիլիսոփայությունը, հումանիտար գիտությունների նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրել, առաջարկում եմ մեկ-մեկ էլ փնտրել, եթեր հրավիրել այդպիսի դեռահասների: Նրանք գուցե կարողանան «արթնացնել» իրենց շատ ու շատ հասակակիցներին և համոզիչ դարձնել, որ Հյուգոյի «Թշվառները» կամ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» ձեռքի տակ ունենալն ու ընթերցելն ավելի մեծ հարստություն է, քան՝ շքեղ ավտոմեքենան:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ