Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Չանե՞լ ոչինչ, թե՞ անել ամեն ինչ. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ

Չանե՞լ ոչինչ, թե՞ անել ամեն ինչ. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ
12.02.2013 | 00:45

Քաղաքականությունն էլ պիտի տրամաբանություն ունենա, նույնիսկ նախընտրականը: Թվում է` աքսիոմ է, բայց հայերս մեծագույն հմտությամբ ու լրջությամբ աքսիոմը թեորեմ ենք դարձնում` մեր դավանած, հասկացած, կարեցած քաղաքականությունը տրամաբանություն չունի: Մեր վարած քաղաքականությունը դեմ է քաղաքականությանը` իր տրամաբանությամբ, զարգացումներով, նպատակներով, հեռանկարները ոչնչացնելու հաստատակամությամբ: Արդեն կանոն է, որ մենք օրվա մեջ տեսնում ենք միայն օրը, հաջորդ օրը մեզ համար հեռավոր ապագա է: Ժամանակի զգացողության կորուստը կորուստներից ամենաանդառնալին է, որ մենք դադարել ենք նույնիսկ զգալ:
Նախագահական այս ընտրությունների ամենաբնորոշ գիծը, իրադարձությունների զարգացման ընթացքից դատելով, դառնում է անորոշությունը, որի համար ամբողջ հասարակությունը պարտական է մեկ մարդու` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի անհավասարակշիռ բնավորությանը, անսանձ երևակայությանը և վերջնական որոշում ընդունելու անկարողությանը: Դեռ նախաքննության փուլում գտնվող մահափորձը Պարույր Հայրիկյանի դեմ ստեղծեց մի իրավիճակ, որ սահմանադրորեն նախագահի թեկնածուն կարող է որոշել ընտրությունների օրը: Առաջին օրերի կիսահերոսական կեցվածքը ակնհայտորեն Հայրիկյանին չբերեց ակնկալված արդյունքները, և նա որոշեց մինչև վերջին պահն ու վերջին շանսը խաղարկել իրավիճակը: Այլապես ինքը Հայրիկյանը չէր լինի: Այն Հայրիկյանը, որ Գերագույն խորհրդի նախագահի ընտրության ժամանակ Աֆրիկայից հեռագրում էր` ինձ ընտրեք, որ կարողանամ վերադառնալ Հայաստան, տեղ հասա` հրաժարական կտամ: Հիմա Հայրիկյանը, որ կենդանակերպի նշանով Խեցգետին է, դրսևորում է տիպիկ Երկվորյակի վարքագիծ: Նա չի կարողանում որոշում ընդունել, նա չի կարողանում ընդունել փաստերը, իրավիճակի ցանկացած փոփոխություն փորձում է շրջել իր օգտին` չընկալելով, որ այդ ընթացքում ոչինչ չշահելով` կորցնում է ամենակարևորը` իր նկատմամբ հարգանքը: Որովհետև նույնիսկ Պարույր Հայրիկյանի ամենաջերմեռանդ կողմնակցի համար դժվար է պատասխանել այն հարցին, թե այս մտածելակերպն ու այս վարքագիծն ունեցող մարդը կարո՞ղ է նախագահ լինել: Ընտրությունները հետաձգելու պահանջով դիմում եմ Սահմանադրական դատարան, հետո` չեմ դիմում, հետո` նորից դիմում եմ, ոչ, չեմ դիմում. ինչքա՞ն կարելի է խաղալ: Հիվանդանոցից` ասուլիս, ասուլիսից` հիվանդանոց, մեկ` լավ եմ, մեկ` վատացա, մեկ` թևս է ցավում, մեկ` գիշերը չեմ քնում, մեկ` լուրջ հաշվարկներ եմ արել, լուրջ ծրագրեր եմ կազմել: Ընտրարշավին չեմ մասնակցել 10 օր, բայց 10 օր ամենալուսաբանվող թեկնածուն եմ եղել: Իմ վարկանիշը չի փոխվել, բայց հստակ հաշվարկներ ունեմ, որ իմ վարկանիշն աճում է. ինչքա՞ն կարելի է խաղալ: Վերջապես փետրվարի 10-ին, վերջին պահին դիմել Սահմանադրական դատարան ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու դիմումով ու դուրս գալով ՍԴ-ից` հայտարարել, որ 24 ժամում կարող է դիմումը հետ վերցնել, և ընտրությունները փետրվարի 18-ին կկայանան. ինչքա՞ն կարելի է խաղալ: Անգամ ընտրություններից ու քաղաքականությունից շատ հեռու գտնվող մարդու համար պարզ է, որ ոչ Հրանտ Բագրատյանը, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց թեկնածությունները չեն հանի հօգուտ Պարույր Հայրիկյանի, բայց պարզ չէ Պարույր Հայրիկյանին: Նույնիսկ երբ նրանք բացահայտ մերժում են: Ստացվում է` արդյունք պետք չէ, գործընթացն է կարևորը: Եվ այդ գործընթացի ձգձգման իր անկոտրում ջանքերում նախագահի թեկնածուն պարզապես ժամանակ չի ունենում նկատելու, որ վարկաբեկում է ընտրությունն ու նախագահի պաշտոնը` դարձնելով օրենսդրության ու իր երևակայության պատանդ: Որքան էլ հայրենասիրական ու գաղափարական լավագույն նկատառումներով փորձենք այս վարքագիծը բացատրել, Պարույր Հայրիկյանը պիտի տեսնի, որ հաջողության հասնելու համար իր թիկունքում չունի ամենակարևորը` իրեն առաջնորդ ճանաչող ժողովրդին, որ ինքը ոչ 2003-ի Ստեփան Դեմիրճյանն է, ոչ էլ 2008-ի Լևոն Տեր-Պետրոսյանը, և իր բոլոր նախաձեռնությունները օրենսդրության ընձեռած հնարավորությունների շրջանակում էլ մնալու են` չունենալով քաղաքական հետևանքներ և մարդկանց համար մնալով օտար խաղեր, որոնց ոչ հաջողությունը, ոչ անհաջողությունն իրենց կյանքում ոչինչ չեն փոխում:

Առավել ևս` նրա մտքի զիգզագները վանում են, որովհետև հնարավոր չէ պատկերացնել մի նախագահի, ով որևէ որոշում ինքնուրույն չի կայացնում, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Հրանտ Բագրատյանի ստորագրությունը ստանալուց հետո միայն, ինչպես խոստանում է Պարույր Հայրիկյանը, եթե նրանք հանեն իրենց թեկնածությունը, և ինքը դառնալով միասնական թեկնածու` ձայների 80 տոկոսով ընտրվի նախագահ: Պատկերացնո՞ւմ եք` ինչ արագությամբ են որոշումներն ընդունվելու Հայաստանում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն վերաբերող մեկ հարցի վերաբերյալ որոշում կայացնում է մայիսից սեպտեմբեր մտածելուց հետո, իսկ Հրանտ Բագրատյանն ընդհանրապես ամեն ինչ հանգեցնում է թվերի փիլիսոփայությանը: Կամ` ընտրեք ինձ նախագահ, և ես հրաժարական կտամ ու կդառնամ արտաքին գործերի նախարար: Աբսուրդը ինչքա՞ն կարելի է խաղարկել: Եվ` ինչո՞ւ: Իսկ գուցե պետք էր պարզապես շոկից դուրս գալ ու նյարդե՞րը բուժել` հանուն հասարակության:
Վարդան Սեդրակյանը շարունակում է ամեն օր նույն նկարչաերաժշտական տեսահոլովակը հրամցնել ընտրողներին: Դա, իհարկե, վկայում է նրա հաստատակամությունը, եթե ասելիքի բացակայություն չէ: Տիեզերքը կարող է խոստումներ տալ, բայց տիեզերական ուժերին պատասխանատվության չես կանչի չկատարած խոստումների համար:
Անդրիաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը, հավանական չի համարում նախագահի մյուս թեկնածուների միավորումը և վստահեցնում է, որ որևէ դեպքում իր քայլերն ու դիրքորոշումը չեն փոխվելու. «Մարդիկ, ովքեր ասում են, որ իմ պահանջն իրատեսական չէ, համաձայն են ապրել ոչ սահմանադրական կուսակցության կառավարման ներքո, ես համաձայն չեմ և պայքարում եմ դրա դեմ»: Իսկ հասարակությունը եթե հետաքրքրվում է, հետաքրքրվում է միայն նրա առողջությամբ:
Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն «իր Հայաստանի» ու «Սերժի Հայաստանի» պայքարն անվանում է բարու ու չարի պայքար, հայտարարում է, որ չի վախենում պարտվելուց, ոչ էլ առավել ևս` հաղթելուց: Պարբերաբար հեռախոսում է Հրանտ Բագրատյանի ու Պարույր Հայրիկյանի հետ, բայց պնդում է, որ փետրվարի 18-ը վճռորոշ օր է լինելու: Չի հաստատում ու չի էլ հերքում, որ համաձայն չէ միասնական թեկնածու ընդունել Պարույր Հայրիկյանին: Թեպետ շատ ավելի վաղ հենց ինքն էր առաջ քաշում ընդհանրական թեկնածուի գաղափարը` ի դեմս իրեն:
Արման Մելիքյանը հիշեցնում է այլմոլորակայինի, որ իր կամքին հակառակ հայտնվել է Երկրում ու դժգոհ է ամեն ինչից, բայց այլմոլորակայինի համառությամբ համոզված է, որ ինքը կոնկրետ պահանջներ է դրել, որ այդպես էլ մնում են անհայտ, ու այդ պահանջներին միանալը բավական է, որ ընտրություններով իշխանափոխություն կատարվի, որ երբեք չի եղել: Իսկ գուցե նա սովորի մեխն ուղիղ խփե՞լ, հետո բողոքի: Կամ գոնե ծրագիր ունենա:
Հրանտ Բագրատյանը սկսել է խոսել նաև քաղաքականության մասին` նույնքան անկեղծ ու պարզ, որքան տնտեսագիտության: Բայց այդպես էլ «մեծ քաղաքականություն» չի հասկանում, օրինակ, չի հասկանում, որ իր թեկնածությունը պիտի հանի Պարույր Հայրիկյանի օգտին: Ավելին, ասում է. «Եթե ինքն ուզում է միասնական թեկնածու, առաջին հերթին թող ինքը հանի թեկնածությունը»: Լինելով ինքնաբավ տնտեսագետ, պատրաստ չէ լինելու ջենթլմեն, համենայն դեպս, Պարույր Հայրիկյանի պատկերացրածի պես:
Սերժ Սարգսյանը շարունակում է ծրագրված ընտրարշավը և չծրագրված հանդիպումները հանրապետության տարածքով և թվում է միակ մարդը, ով բացարձակապես անտարբեր է այլ թեկնածուների հայտարարություններին ու մանևրներին և անվարան հանդարտությամբ շարունակում է իր ընթացքը:
Արամ Հարությունյանը մեկօրյա հացադուլից հետո հանեց թեկնածությունը և խոստացավ ակտիվ քաղաքականությամբ զբաղվել ընտրություններից հետո: Դա ավանդույթ է նրա դեպքում, խոստումը որևէ հաստատում չի ստացել նախկինում, թեև Արամ Հարությունյանը առաջին անգամ չէր առաջադրում իր թեկնածությունը: Պարզապես մավրը հեռանում է, երբ ավարտում է գործը:
Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է: Համենայն դեպս` որոշել է: ՀԱԿ-ի փոխարեն ՀԱԿ անունով կուսակցությամբ: Թեպետ 68 տարեկան է, համաձայն է այդ տարիքում դառնալ շարքային ընդդիմադիր կուսակցության ղեկավար: Բայց կուսակցությունը դեռ պիտի կայանա: Դատելով գործող ՀԱԿ-ի արձագանքներից, ՀԱԿ կուսակցությունը լինելու է ՀՀՇ-ի, որ փետրվարի 23-ին արտահերթ համագումար է հրավիրել, ու անկուսակցականների միաձուլում, «դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսություն» և դառնալու է «ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը». համենայն դեպս, Լևոն Տեր-Պետրոսյանը ջանք չի խնայելու: 28 ստորագրությամբ հայտն արդեն ներկայացվել է արդարադատության նախարարություն: Անունները` առաջին տողից հետո, հուսատու ոչինչ չեն ասում, որովհետև անվերջ սեփական առանցքի շուրջ պտտվելու արտոնություն միայն Երկրագունդն ունի: Թեկուզ մի քիչ թեք: Իսկ քաղաքականության մեջ ամենաահեղ մրցակիցը ժամանակն է, որովհետև վաղը չես անի այսօրվա չարածդ, ոչ էլ այսօր` երեկվա: Իրավիճակի ու պահանջարկի փոփոխությունը խայտառակ արագ ու դանդաղ է լինում, շատ դժվար է ժամանակի, տեղի, անձի համադրումը: Լևոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար չի հեռանալու քաղաքականությունից ու փորձելու է իր և քաղաքականության մեջ որոշակի տարածք պահպանելով` ներգործել, այդպես ավելի անվտանգ է, փորձելու է վերադարձնել ընդդիմադիր առաջնորդի դերը, բայց միայն խանգարելու է իրական ընդդիմության ձևավորմանն ու հրապարակ գալուն, որովհետև այդ ռեսուրսներով արմատական փոփոխության չես հասնի, իսկ փոփոխության ցանկությունը ոչինչ չի փոխում: Նա գիտի, բայց չի փոխվում: Լևոն Տեր-Պետրոսյանը առավել հավանական է, որ նոր կուսակցությունը ձևավորի ոչ այնքան ընդդիմադիր դաշտում, որքան իշխանական միջակայքում` ԲՀԿ-ից ու նրանցից, ովքեր իրենց գոյությունը քաղաքական ասպարեզում տեսնում են միայն երկրորդի կարգավիճակում, ովքեր առաջնորդվում են գործընթացի մաս կազմելու ցանկությամբ, բայց չգիտեն, թե ուր են գնում ու ինչու: Նրանք պատրաստ են ծափահարելու, ու դա այն ամենն է, որ նրանց սպասում է ապագայում, թեպետ ծափերն իրենց չեն ուղղվելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Քվեաթերթիկների հաստատված նմուշն արդեն ուղարկվել է տպարան, սկսվել է 7 թեկնածուների էլեկտրոնային քվեարկությունը: Իսկ ընտրությունների օրը դեռ հայտնի չէ: Ընտրությունների ամենամեծ ինտրիգն այս ընթացքով դառնում է` իսկ ընտրողը կգնա՞ ընտրության հարցը: Նախագահական ընտրությունների գործընթացը դեռ օրենսդրական շրջանակներում է: Իսկ տրամաբանությա՞ն: Տրամաբանության և քաղաքականության անսպասելի բախումը ակնհայտ է դարձնում արժեհամակարգի բացակայությունը: Արժեհամակարգի, որ պիտի լինի ոչ միայն քաղաքականության հիմքում, այլև կյանքի: Մենք բոլորս անկրկնելի ենք, մեզնից ոմանք անփոխարինելի են, անդառնալին միայն ժամանակն է: 2018 թվականն իր պատմությունը գրում է այս ընտրություններով: Ինչքան էլ զիգզագներ տանք, հետուառաջենք, սոփեստության, դեմագոգիայի ու ճարտասանության հնարքներ գործադրենք, ապրում ենք մի ափաչափ երկրում, որտեղ բոլորը բոլորին տեսանելի են, առեղծվածներ Նոյի ժամանակներից չկան, իսկ գաղտնիքներն առավոտից կեսօր են տևում: Շտկեք ձեր ողնաշարը, ձեզ չի հաջողվելու խուսափել ապրելու աշխատանքից, որ պահանջում է գործիմացություն, չի խրախուսում ոչինչ չանելը, բայց թույլ չի տալիս ամեն ինչ անել:
Հետհետգրություն
Պարույր Հայրիկյանը փետրվարի 11-ին, ժամը 12.25-ին հետ է վերցրել ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու դիմումը Սահմանադրական դատարանից` նախքան ՍԴ-ն դիմումը վարույթ կընդուներ կամ կմերժեր վարույթ ընդունել: Ընտրությունները փետրվարի 18-ին են: Ծերուկն անտանելի էր դարձել` թերևս վերջին անգամ: Հասկանանք ու մոռանանք:

Դիտվել է՝ 2480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ