Մինչ՝ «Akıncı»-ն իր նոր տանը՝ եղբայրական հողերում, թող հավերժ լինի մեր միասնությունը» խորագրի ներքո թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարն ու Ալիևն Ադրբեջանում «Akıncı» անօդաչու թռչող սարքերի համար նոր անգարի բացումն են նշում, ԱԹՍ-ների Ակադեմիայի պայմանները ստուգում ու մինչ սեփական արտադրությունը Թուրքիայից հարձակողական ԱԹՍ-ների նոր խմբաքանակի գնման մասին են խոսում, ՀՀ ՊՆ նախարարն ու ԳՇ պետը վարչական համալիրում վոլեյբոլի առաջնությանն են ուշիուշով հետևում, հաղթողներին պարգևատրում, այդկերպ տղաների մարզական ու բարոյահոգեբանական վիճակն են ստուգում ու գոտեպնդելով բարոյական հաղթանակների են պատրաստում:
Հիմա ո՞նց չասեմ…
Դուք ինչո՞վ եք զբաղված, պարոնա՛յք սպաներ:
Հիմա դրա ժամանա՞կն է:
ՈՒրիշ գործ չունե՞ք անելու:
Կամ դուք ու՞մ, ինչի՞ վրա եք հույս դրել:
Թե՞ այսպես էլ պետք է լինի:
Ասե՞մ, թվարկե՞մ, թե հիմա դուք՝ էնտուիզիազմով վոլեյբոլի մրցաշար նայելու փոխարեն, զօրուգիշեր ինչեր պետք է անեիք, ինչով պետք է զբաղված լինեիք:
Թե՞ դուք ամեն ինչ գիտեք, ու ամեն ինչ ձեր վերահսկողության տակ է:
Հետախուզությունը ձեզ չի՞ զեկուցում հակառակորդի սպառազինության, տեղաշարժի, նոր բնագծերն ու աջաջնագիծը գերժամանակակից պայմաններով կահավորման, սահմանի գրեթե ողջ երկայնքով տարվող ինժեներական աշխատանքների, սահմանամերձ հատվածներում բունկերների ու ռադիոլոկացիոն կայանների, էլ չեմ խոսում ամեն րոպե թշնամու հնարավոր հարձակման մասին :
Չէ դուք իրո՞ք պարապ եք, թե՞ առաջնայինը երկրորդականից, իսկ տվյալ դեպքում՝ հարյուրերոդականից չեք տարբերում:
Որ իմանամ ամեն ինչ այնքան լավ է, «все под контролем», դուք էլ՝ հարգանք ու պատիվ վայլող, վստահության արժանի, կասեմ՝ լավ, թող վոլեյբոլը գեղեցկացնի մեր բանակը:
Ե՞րբ եք հասկանալու, որ պատերազմը չի ավարտվել, որ մենք առ այսօր պատերազմի մեջ ենք, պարզապես ժամանակավոր դադար է:
Որ թշնամին անխնա զինվում է, ժամ առ ժամ թարմացնում է իր արսենալը, որ չի հրաժարվում իր ծավալապաշտական նկրտումներից, որ խիստ հավանական, պարտադրված պատերազմի կանխումը՝ ռազմական բալանսի վերականգնումն է, որ նոր օկուպացիաները բացառելու միակ հույսն ու ապավենը՝ հայոց, ձեր դեպքում՝ Հայաստանի բանակն է:
Լավ էլ ի՞նչ արհավիրք ու փորձանք պետք է գա մեր ազգի գլխին, որ սթափվեք, իրական գործով զբաղվեք:
Զինվորին ֆուտբոլ ու վոլեյբոլ խաղացնելով, ելակ ուտեցնելով բանակի արդյունավետությունն ու մարտունակությունը չես բարձրացնի:
Ձեր արածը՝ ձևապաշտություն ու ֆորմալիզմ է:
Առանց այն էլ վարկաբեկել եք հաղթանակած բանակի համբավը, անարգել ու պատվազրկել ավանդ ունեցած ու հաղթանակներ կերտած բարձրաստիճան սպաներին:
Հասկանում եմ՝ տաք, հով ու զով, բարձր աշխատավարձով ու ապահով ձեր «ասաբնյակներում» «լռված եք», որ ուսադիրները պահելու խնդիր կա:
Բայց թուրքը, որ եկավ ո՛չ քեզ է խնայելու, ո՛չ շարքային քաղաքացուն:
Ավելին՝ դու ավելի շատ բան ես կորցնելու, ավելի շատ վտանգի տակ ես լինելու, քան ցանկացած ոք:
Ինչևէ, զուգահեռ իրականության մեջ զբաղված ենք լեթարգիկ ինքնախաբեությամբ ու անմիտ իմիտացիաներով:
Հավանական պատերազմը ոչ-ոք չի բացառել ու չի չեղարկել, պարոնա՛յք սպաներ:
Սթափվե՛ք…
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ