Խիստ անհասկանալի, հաճախ էլ գործնականում անիրագործելի ուղեցույցով երեկվանից մեկնարկեց ուսումնական տարին։ Պետք է ԿԳՄՍ նախարարին ու իր ուղեցույցի հեղինակներին դպրոցից դպրոց տանեին, որպեսզի տեսնեին, թե իրականում 6, երբեմն էլ անգամ 6-ը չլրացած առաջին դասարանցիներն ինչպես էին «տառապում» դիմակի ձեռքը։ Նրանց մուտքը դպրոց ազդարարվեց անհարմարություններով, նրանք ոչ թե ծանոթացան ուսուցչի և իրենց դասարանի հետ, այլ շարունակ մտածում էին, թե ինչ անեն, որ կարողանան դիմակն իջեցնել, օդ շնչել, դեմքից հեռացնել այն։ Շատ փոքրիկներ էլ դիմակի հետ «անհամատեղելի» էին, նիհար ու փոքրադեմ երեխաների գրեթե ողջ դեմքը ծածկված էր, մյուսներն ավելի ճարպիկ էին գտնվել՝ ընդամենը բերանն էին փակել։ Սակայն ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, մեր երեխաները արտոնյալ չեն, իմա՝ բոլորին դիմակի «քաշել»։ Բնականաբար մատղաշ սերունդն այս երկրում չի կարող արտոնյալ լինել, որովհետև ունի ապագան չտեսնող, երկրի վաղվա օրն արհամարհած պետության ղեկավարներ, որոնց համար արտոնյալների այլ դաս կա. դա միայն իրենք են։ Կառավարության հատուկ որոշմամբ «արտոնյալներ» սահմանվեցին. դիմակ չեն կրի վարչապետը, ԱԺ նախագահը, նախագահը և որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Իրենք, այո, արտոնյալներ են։
Իսկ իրականում բոլորն էլ հասկանում են, չէ՞, որ 6 տարեկան երեխայից պահանջել 2-3 ժամ դիմակով անշարժ դասին նստել գրեթե անհնար է. նա դա կհանի, լավագույն դեպքում քթի վրա չի պահի, ստացվում է՝ գոնե տարրական դասարանների համար այս որոշումը լրիվ աննպատակ ու անտեղի է։ Ուրեմն ինչու՞ են նաև նրանց ներքաշել այս «դիմակահանդեսում»։
Նախ հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, դպրոցներում ուսումնական գործընթացն անվտանգ կազմակերպելու նպատակով սեպտեմբեր ամսվա համար բյուջեից հատկացվել է 646 787 500 դրամ լրացուցիչ գումար։ Այս գումարով պետք է ուսումնական հաստատություններն ապահովեն ախտահանման միջոցներ ու եռաշերտ բժշկական դիմակներ ինչպես աշակերտների, այնպես էլ մանկավարժական ու վարչական անձնակազմի համար: Մինչդեռ ինչ է իրականում կատարվում. երեկ արդեն դպրոցներում երեխաներից պահանջել են իրենց հետ բերել ևս մեկ դիմակ։ Ստացվում է՝ ծնողն առավոտյան գնում է դիմակ, երեխան դրանով դպրոց է հաճախում, ևս մեկն էլ տանում է՝ ընթացքում փոխելու նպատակով։ Իսկ որտե՞ղ մնաց պետության գումարով գնած դիմակը։ Այսինքն, վերևում նստած որոշել են, որ ոչ թե մի ուղղությամբ դրամներ գրպանեն, այլ երկու։ Համ բյուջեի հատկացումը գնա ոմանց գրպանը, համ էլ աշակերտներին դիմակ պարտադրելով, իրենց բիզնեսը զարգացնել (մամուլը բազմիցս անդրադարձել է այն հարցին, թե դիմակների բիզնեսն ումն է և ովքեր են դրա բարձրաստիճան տերերը)։
Դեռ չենք խոսում այն մասին, որ երեխաներին հորդորել են իրենց հետ նաև բերել ալկոգելներ։ Դպրոցում ձևի համար մի քանի ալկոգել կդրվի, բայց իրականում երեխան իր գնածով կախտահանի ձեռքերը։ Հայտնի միտքը վերաձևակերպելով կարելի է ասել՝ կորցնում է քաղաքացին, կորցնում է պետությունը, շահում են երեխաների առողջության վրա էլ բիզնես անող պաշտոնյաները։ Իսկ դուք ասում եք՝ համաճարակ է, փաստորեն, իրականում լավ էլ հնարավորություն է, այն էլ ինչպիսի բիզնես հնարավորություն։
Իսկ եթե մեկ տնից 2 երեխա է դպրոց հաճախում, պատկերացնու՞մ եք, թե ինչքան է այդ ընտանիքի բյուջեն տուժելու՝ շաբաթը շուրջ 12 դիմակ պետք է գնել։ Մարդիկ կան` հացի, աշխատանքի խնդիր ունեն, հիմա էլ պարզվելու է, որ կրթության իրավունքն էլ ոտնահարվում է, քանի որ առանց դիմակի դպրոց չի կարելի մուտք գործել։ ՈՒ թող չասեն, ըստ ուղեցույցի, դպրոցը տրամադրում է դիմակ։ Այդ դեպքում ինչու՞ են 2-րդ դիմակը պահանջում։
Եվ այսքանից հետո դեռ իրենց իրավունք են վերապահում մարդկանց վրա համավարակի տարածման մեղքը բարդելու, ավելին, համարում, թե «կան ուժեր, որոնց կյանքը վիրուսային պայմաններում դարձել է ավելի լուսավոր ու բարգավաճ», քանի որ քննադատում են կառավարությանը։ Իրականում իսկապես որոշ պաշտոնյաներ համավարակի օրերին այնքան լավ են զգում, որ մարդկանց առողջության հաշվին բիզնես են «լուսավոր ու բարգավաճ» դարձնում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ