Կորոնավիրուսի առնչությամբ նախարարությունը լավատես չէ
05.05.2020 | 00:46
Առողջապահության նախարարությունում պատրաստվում են ամենաանկանխատեսելի սցենարին: «Իրատեսի» հետ զրույցում նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հուսադրող տեսակետ չհայտնեց կորոնավիրուսով վարակված անձանց թվի նվազման առումով. «Պետք է պատրաստ լինենք ֆորս-մաժորների, վարակակիրների թիվը, ըստ երևույթին, գնալով ավելի է մեծանալու: Կանխատեսումներն ու վերլուծությունները դրական չեն: Դեռևս տանելի բեռնվածության մակարդակում ենք, բայց պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց բուժօգնության: Մեր հիմնական նպատակն այս պահի դրությամբ դա է»:
Նա հավելեց, որ սարքերի, մահճակալների, բուժաշխատողների առումով այս պահի դրությամբ, կարծես, խնդիր չկա, բայց կարևոր է, որ, սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, հնարավորինս խստագույն ռեժիմում պահպանվեն պարետի սահմանած որոշումները. «Եթե հանկարծ վարակի բռնկում լինի, ապա կայծակնային որոշումներ են կայացվելու, նոր, ավելի խիստ սահմանափակումներ են մտցվելու: Մենք հիմա գնում ենք մեղմացման ճանապարհով, բայց, կրկնում եմ, Աստված մի արասցե, եթե բռնկում լինի, խստագույն որոշումներ են ընդունվելու»:
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների մի քանի պատգամավորներ «Իրատեսի» հետ զրույցում նշեցին, որ իրենց համար էլ հասկանալի չէ, թե նախարարությունն ու կառավարությունն ինչ ճանապարհով են գնում, ինչ մեխանիզմներով առաջնորդվում: Նրանք վստահ չեն նաև, որ կառավարությունը, իրենց հետ քննարկումներ անցկացնելիս կամ իրավիճակը ներկայացնելիս մինչև վերջ բաց ու թափանցիկ է. «Ասում են՝ ազգովին պետք է պայքարենք այս մարտահրավերի դեմ, քանի որ կառավարությունը միայնակ չի կարող մարդուց մարդուն փոխանցվող վարակի դեմն առնել: Ստացվում է՝ պատասխանատվությունը թողնում են մարդու ուսերին՝ «Եթե չես ուզում վարակվել, պատասխանատու եղիր» բանաձևումով: Մարդիկ, իհարկե, պարտավոր են պատասխանատու լինել իրենց վարքագծի համար, բայց կառավարությունն էլ պետք է հրաժարվի իրարամերժ հայտարարություններից ու գործելաոճից»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ