«ՈՒժեղ, թույլ, մեծ, փոքր` բոլորը հավասար են համավարակի առջև և խոցելի»
21.04.2020 | 00:44
Կորոնավիրուսի տարածմամբ Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին զրուցում ենք ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ։
-Պարոն Ավագյան, տարբեր մեկնաբանություններ կան կորոնավիրուսի վերաբերյալ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պանդեմիա է հայտարարել, ոմանք ասում են, թե պետք չէ լուրջ մոտենալ այս վարակին, և կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը ավելի շուտ քաղաքական խաղեր են ու քաղաքական ենթատեքստ ունեն։ Ձեր կարծիքով՝ իրականում որքանո՞վ է վտանգավոր կորոնավիրուսը։
-COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի բացասական հետևանքներն ավելի քան առարկայնացել են մեր օրերում։ Կարծում եմ՝ դրա գոյության և կործանիչ հետևանքների մասին կասկածները աստիճանաբար փարատվում են։ Իրավիճակն առավել խոցելի է դարձնում այն գիտակցությունը, որ 21-րդ դարի բժշկությունն ու զարգացած առողջապահական համակարգերն ի զորու չեն չեզոքացնելու անդառնալի հետևանքները։ Միամտություն կլինի պնդել, որ իրավիճակից օգտվելու փորձեր չեն լինի։ Միշտ էլ գտնվում են մարդիկ, ովքեր ստեղծված օբյեկտիվ հետևանքները փորձում են իրենց համար կառավարելի շղթայի մեջ գցել։ Բացառություն չեն նաև քաղաքականությունն ու օրվա քաղաքական իշխանությունները։ Ակնհայտ է, որ աշխարհում փաստացի կան կառավարություններ, որ համավարակի պատրվակով փորձում են ընդլայնել իրենց իրավասությունները՝ կենտրոնացնելով պետական ռեսուրսները։ Կառավարման տարբեր համակարգեր ունեցող, զարգացած և զարգացող երկրներում փորձեր արվեցին ոտնձգություններ անելու ազատ խոսքի ու մամուլի նկատմամբ, կրճատելու խորհրդարանի լիազորություններն ու դրանք փոխանցելու գործադիրին և այլ օրինակներ։ Ցայտուն օրինակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչն էր, ուղղված բոլոր երկրների ղեկավարներին՝ ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից։ Սակայն տարբեր երկրների ղեկավարներ այս հարցին էլ են մոտենում սպեկուլյատիվ՝ արտաքնապես դրական արձագանքելով կոչին, սակայն այլ դրսևորումներ ցուցաբերելով ներքաղաքական կյանքում՝ չսառեցնելով որևէ ներքաղաքական գործընթաց իրենց հակառակորդների դեմ։
-Տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ են որդեգրել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Մի մասն ընդհանրապես ոչինչ չի ձեռնարկում. համարում են, որ բնակչության մի հատվածը պետք է վարակվի, բուժվի, ու այդպես սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Մյուս մասը, այդ թվում՝ Հայաստանը, որոշակի սահմանափակումներ է մտցրել։ Ըստ Ձեզ՝ ո՞ր մոտեցումն է ավելի արդյունավետ։
-Այն հանգամանքը, որ տարբեր առողջապահական համակարգեր որդեգրել են միմյանցից էականորեն տարբերվող առողջապահական մոտեցումներ, վկայում է այն մասին, որ միանշանակ լուծումներ այս պահին առկա չեն։ Ցավոք, համավարակի ընթացքը ցույց է տալիս, որ պայքարի այս կամ այն միջոցն արդյունավետ համարել կարելի է միայն մեծ վերապահումով, քանի որ նոր կորոնավիրուսը չբացահայտված, չուսումնասիրված է, և չենք կարող միանշանակ պնդել կոնկրետ գործողությունների արդյունավետությունը։ Վերջին օրերին ներկայացվել են նոր տվյալներ առ այն, որ հիվանդների մահացության պատճառը ոչ թե թոքաբորբն է, այլ հեմոգլոբինի վրա ազդեցությունը, որի պատճառով թթվածնի տեղափոխումը տարբեր օրգան համակարգեր խախտվում է։ Պարբերաբար ի հայտ են գալիս բուժման նոր մեթոդներ, պրեպարատներ, սակայն դրանք պիտի անցնեն կլինիկական հետազոտությունների փուլերը, ինչի համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ։ Չենք կարող չարձանագրել, որ այս իրավիճակում տեսանելի հաջողություններ են գրանցել և գործընթացը քիչ թե շատ վերահսկելի են դարձրել այն երկրները, որտեղ առողջապահական համակարգը միաձիգ է և կառավարվում է մեկ կենտրոնից։ Այսինքն, համաճարակաբանները, վիրուսոլոգները և կլինիցիստներն աշխատում են համակարգված։ Ապակենտրոնացված համակարգերում առավել քիչ են գրանցված հաջողությունները, և կազմակերպման տեսանկյունից համակարգը կաղում է։ Եթե ձևակերպելու լինենք այսօրվա արդյունավետ գործողությունները, ապա առողջապահության կազմակերպիչների համար առաջնայինը կլինի վիրուսի տեմպի նվազումը և բոլոր վարակակիրների շփումների շրջանակի բացահայտումը։
-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների, առողջապահական համակարգի գործողություններն այս ընթացքում։ Դրանք համարժե՞ք են իրավիճակին։
-Կարևոր եմ համարում շեշտել, որ համավարակի վերաբերյալ սթափ տեսակետ իշխանությունները ձևավորեցին շատ ավելի ուշ, քան անհրաժեշտ էր։ Այս հանգամանքով պայմանավորված՝ ձեռնարկված միջոցառումները ևս ուշացած էին։ Իսկ ինչ վերաբերում է ընտրված գործիքակազմին, ապա դրա համալիր պատկերի մասին տեղեկությունը հասկանալի պատճառներով մեզ հասանելի չէ։ Դրա սահմանափակվածությունն էլ թույլ չի տալիս անել վերջնական եզրահանգումներ։ Սակայն արտակարգ դրության ավարտից հետո մասնագիտական հանրույթին հետաքրքրող հարցադրումների պատասխանները հետևողականորեն գտնելու հնարավորություն կունենանք։
-Այս օրերին բոլորը խոսում են բժիշկների, բուժաշխատողների սխրանքի մասին։ Ընդհանրապես, մեր հասարակությունում բժիշկները համարժեք գնահատական ստանու՞մ են։ Խոսքը և՛ ֆինանսական, և՛ բարոյական գնահատականի մասին է։
-Ամբողջ աշխարհում թիվ մեկ խնդիրը մինչև հիմա էլ մասնագետների (բժիշկներ, բուժանձնակազմ) սակավությունն է։ Շատ երկրներում փորձել են տարբեր առիթներ օգտագործել բժիշկներին կրճատելու, «նեղացնելու» համար։ Ի պատիվ մեր բուժաշխատողների՝ մեր երկիրը նման խնդրի առաջ չկանգնեց, չնայած նրանք էլ բազմաթիվ անհամաձայնություններ ունեին առողջապահության կազմակերպիչների վարած քաղաքականության առնչությամբ։ Փառք ու պատիվ մեր բոլոր բուժաշխատողներին, ովքեր, այս օրերին իրենց կյանքը վտանգելով, փրկում են հարյուրավոր կյանքեր, մեր ժողովուրդն էլ շատ բարձր է գնահատում կատարված աշխատանքը։ Սակայն մենք ունենք բազմաթիվ օրինակներ որոշ մարդկանց հիշողության կորստի հետ կապված, ովքեր վտանգն անցնելուց հետո շատ արագ մոռացության կմատնեն այս մարդկանց անձնուրաց աշխատանքը։ Ցավալի արձանագրում պիտի անենք այս հարցում ևս։ Բժիշկներին հիշում ենք վերջին պահին, և հասարակության հավաքական հիշողությունը ևս կարճ է։
-Ասում են՝ կորոնավիրուսի պանդեմիայից հետո կյանքը բոլորովին այլ է լինելու։ Դուք ինչպե՞ս եք ընկալում այդ խոսքը։ Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, լինելու կյանքը ապագայում։
-Մենք ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ ապրել այս վարակից առաջացած խնդիրների և հետևանքների հետ։ Կարծում եմ՝ այս համավարակն առաջին հերթին կյանքի վերարժևորման առիթ պիտի ծառայի։ Անհրաժեշտ է վերարժևորել սոցիալ-տնտեսական և հասարակական հարաբերությունների բավականին լայն շրջանակ։ Վարակը ցույց տվեց, որ ուժեղ, թույլ, մեծ, փոքր` բոլորը հավասար են համավարակի առջև և խոցելի։ Շատ ինստիտուտներ աշխատում էին բոլորի իրավահավասարությունը վերականգնելու ուղղությամբ, սակայն մի փոքր վիրուսը լուծեց այդ խնդիրը։ Իսկ ինչ վերաբերում է այն փաստարկին, որ աշխարհի կառուցակարգերը հիմնովին փոփոխվելու են, ապա ասեմ, որ համակարծիք չեմ այդ պնդմանը։ Մարդկության պատմության ընթացքում անկանխատեսելի և անկառավարելի արհավիրքները քիչ չեն եղել։ Սակայն որոշ ժամանակ անց աշխարհը վերադարձել է իր բնականոն կյանքին։
Զրուցեց
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԸ
Մեկնաբանություններ