«Ես հստակ տեղեկություն ունեմ, որ պատվաստանյութի անվան տակ ցանկանում են իրականություն դարձնել մարդկանց «չիպավորման» ծրագիրը»
10.04.2020 | 12:45
«Իրատեսի» զրուցակիցն է հասարակական, քաղաքական գործիչ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
-Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 900-ը, մահվան 10 դեպք կա: Ինչպե՞ս եք գնահատում կառավարության աշխատանքը կորոնավիրուսի դեմ պայքարում:
-Իշխանությունները համավարակի սկզբից դրսևորել են հանցավոր անգործություն։ Գործ ունենալով դեռևս լիովին չուսումնասիրված վարակի հետ` համաճարակային գործելակարգի կանոններին հետևելու փոխարեն՝ նրանք զբաղված էին «դինոզավրի գրիպ» նկարելով և «թու-թու-թու» ասելով։ Որոշել եմ շանս անունը փոխել և դնել «Կորոնավիրուս», որ Փաշինյանը իմանա՝ «ում շունն է կորոնավիրուսը»։
Արդեն գաղտնիք չէ, որ «COVID-19»-ը կենսաբանական զենք է։ Համոզմունք ունեմ, որ Չինաստանի, Իրանի և Իտալիայի բռնկումները ծրագրված են եղել կրոնական հենքի վրա։ Այս հանգամանքը հաշվի առնելով` չեմ կարող չֆիքսել նաև Հռոմ-Երևան էժան ավիատոմսերի գովազդը վարչապետի մակարդակով և քաղավիացիայի ղեկավարի փախուստը վարակը Հայաստան բերելուց հետո։ Փաստենք, որ Հայաստանում բռնկումը եղավ Իտալիայից եկած քաղաքացու միջոցով։
Կորոնավիրուսի ախտորոշման էքսպրես թեստերի ճշգրտությունն ընդամենը 15-20 % է։ Վերջնական պատասխան ստանալու համար անհրաժեշտ է PCR-հետազոտություն կատարել, ինչը համեմատաբար թանկարժեք է, և ոչ բոլորին է կատարվում։ PCR-հետազոտությամբ հաճախ ժխտվում են էքսպրես թեստի դրական արդյունքները։ Որպես ապացույց բերեմ Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Արցախ մեկնող երկու պատգամավորի մոտ էքսպրես թեստի դրական պատասխանը հերքվել է PCR-թեստի միջոցով։ Հետևաբար՝ համոզված եմ, որ Հայաստանում ունենք ոչ թե 900, այլ շուրջ 100 վարակակիր: Ցավում եմ մահվան բոլոր դեպքերի համար, սակայն վստահ եմ, որ մահվան այդ դեպքերի պատճառը ոչ թե կորոնավիրուսն է եղել, այլ որևէ սոմատիկ հիվանդություն, որով տառապել են բուժառուները: Այստեղ տեղին է հիշել նաև առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող անձի այն հրահանգը, որ այս հիվանդները չեն դիահերձվում։
Իմ դատողական գնահատմամբ՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները ի սկզբանե ծրագրված հանցավոր անգործություն ցուցաբերեցին, դիտավորյալ թույլ տվեցին, որ վարակը Հայաստան մուտք գործի, այնուհետև արտակարգ դրություն հայտարարելու համար սկսեցին հանրությանը գիտակցաբար կեղծ տեղեկություններ տրամադրել։ Վերջին հանգամանքը կարևոր էր այն առումով, որ Փաշինյանի իշխանությունը գիտակցում էր՝ սոցիալական հզոր բունտ էր հասունանում, իսկ արտակարգ դրություն հայտարարելով ու մարդկանց մեջ վախ ու տագնապ ներմուծելով՝ կկարողանային կանխել սոցիալական պայթյունը:
- Փաստորեն, ըստ Ձեզ, վարակակիրների թիվը ոչ թե ավելանում է, այլ պարետատունն է այդպիսի թվեր ցույց տալիս:
- Այո, վարակակիրների թիվն ուռճացված է, ավելին՝ կառավարության նախավերջին նիստի ժամանակ, Փաշինյանը հայտարարեց՝ նպատակ ունեն ավելի մեծ թվով վարակակիրներ ունենալ։ Նրա փոխարեն ես նպատակ կունենայի ավելի շատ հետազոտված քաղաքացի և ավելի քիչ վարակակիր ունենալ։ Փաշինյանի այս հայտարարությունը բոլորիս մտածելու տեղիք պետք է տա։
-Այս ամենին զուգահեռ առողջապահության նախարարի՝ պատվաստանյութերի մասին քարոզչությունը չի դադարում:
- Այո, ճիշտ եք նկատել, ու ես հստակ տեղեկություն ունեմ, որ պատվաստանյութի անվան տակ ցանկանում են իրականություն դարձնել մարդկանց «չիպավորման» ծրագիրը։ Եթե որոշ քաղաքացիներ տեղյակ չեն, ապա նշեմ՝ «չիպը» (կրիչը) մաշկի տակ տեղադրվում է ներարկման միջոցով։ Վստահելի աղբյուրներից ահազանգեր եմ ստացել, որ պատվաստանյութի անվան տակ իրագործվելու է «չիպավորման» համաշխարհային ծրագիրը։ Հենց այս գործառույթի համար էր իշխանություններին անհրաժեշտ սկզբում ծաղրել վարակը և վտանգների մասին աղաղակող մարդկանց, այնուհետև հայտարարել իրականից մի քանի անգամ բարձր թվեր, համացանցում համալիրի լուսանկար ու Golden Palace-ից տեսանյութ տեղադրել, ու այդ ֆոնի ներքո ԱԺ-ում սարսափ և խուճապ առաջացնող օրենքներ անցկացնել։ Ի վերջո մարդիկ կհոգնեն այս վիճակից ու մշտապես «վերահսկվող» լինելու հանգամանքից, չեն ցանկանա տուգանքի վախով ապրել ու առանց գիտակցելու, մանիպուլյացիայի ազդեցությամբ կգնան ու կպատվաստվեն, այսինքն` «կչիպավորվեն»։
- Փաստորեն՝ համաշխարհային «բլեֆ» է կորոնավիրուսը:
- Իհարկե, պատահական չէ, որ վարակի տարածման առաջին օրերից իրենց վարակված լինելու մասին մի շարք հայտնի մարդիկ հայտարարեցին։ Դա ավելի տպավորիչ է և ազդեցիկ: Եթե ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ այսպիսի բլեֆներ ու կենսաբանական հարձակումներ իրականացվում են 10 տարին մեկ անգամ, քանի որ մարդկանց հիշողությունը վատը 10 տարի անց մոռանում է։ Կրկնում եմ՝ այս բլեֆի նպատակը մարդկանց համատարած չիպավորումը և լուրջ բիզնես եկամուտներ ստանալն է։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը նույնպես արհեստական է, դրա հետևանքով հարուստները հարստանալու են, աղքատները` ավելի աղքատանալու։ Առանց կորոնավիրուսի էլ Հայաստանը գտնվում էր տնտեսական ճգնաժամի մեջ, որովհետև քաղաքացիները կեղեքվում են, բյուջեն՝ թալանվում։ Ցավոք, մենք մութ ու ցուրտ տարիներին ենք վերադառնում, իսկ դա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հիմք ունի։
- Անչափահաս յուրաքանչյուր երեխայի համար, եթե նրա ծնողը չգրանցված աշխատող է ու հաշվառված չէ նպաստառուների ցուցակում, պետությունը 26500 դրամ է հատկացնելու: Այս գումարով ի՞նչ կարող է անել ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին:
- Իրականում ողջունում եմ այդ որոշումը, մնում է միայն՝ այս գումարը հասնի քաղաքացիներին։
- Ի դեպ, կառավարական կաբինետի ներկայացուցիչներն ու պատգամավորներն իրենց՝ պարգևավճարներից հրաժարվելն ու այն ֆինանսների նախարարության հաշվեհամարին փոխանցելը մեծ զոհողություն են համարում:
- Որքան էլ ես կոշտ գնահատականներ հնչեցնող քաղաքական գործիչ լինեմ, այնուամենայնիվ, դաստիարակությունս թույլ չի տալիս նրանց արժանի պատասխան տալ։
Հավելեմ միայն, որ պետական աշխատողները շարունակում են առատ պարգևավճարներ ստանալ, նրանք ոչ մի բանից էլ չեն հրաժարվել։ Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ 50 հազար դրամից բարձր բոլոր պարգևավճարները մշտապես փոխանցվել են Աննա Հակոբյանի հիմնադրամներին, որոնք, ի դեպ, մշտապես մերժել են սատարել արտերկրում բուժման կարիք ունեցող երեխաներին և զինվորականներին։
Այս կառավարությունը կատարյալ անգործունյա է։ Կոշտ չեմ լինի, եթե ասեմ, որ մոտ ապագայում կառավարության շատ անդամներ, այդ թվում նաև վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քրեական պատասխանատվության կենթարկվեն: Միակ հորդորս այն է, որ Փաշինյանի գլխավորությամբ՝ բոլորը հրաժարական ներկայացնեն ու երկիրը վերջնական կործանման չտանեն:
-Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք է գրանցվել: Վիրուսն Արցախ է «տարել» ՀՀ-ից ընտրության մեկնած քաղաքացին: Ընտրություններն այնտեղ պե՞տք է հետաձգվեին, թե՞ ոչ:
-Այո՛, ես մինչ ընտրություններն էլ, այժմ էլ պնդում եմ՝ արցախյան ընտրությունները պե՛տք է հետաձգվեին` առաջնային համարելով հանրային առողջությունը: Բակո Սահակյանը, որ պատասխանատու է Արցախ կորոնավիրուսի ներթափանցման համար, սեփական շահը գերադասեց պետական ու հանրային շահից: Դրա համար, վստահ եմ, արցախցին նրանից հաշիվ պետք է պահանջի։ Այս իրավիճակում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի կազմակերպումը հանցավոր գործունեության դրսևորում կլինի։ ՈՒզում եմ հիշեցնել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ Արցախի ընտրությունները պետք է տեղի ունենան։ Նա, փաստորեն, հաստատում է՝ որոշակի «պլաններ» ունի Արցախի հետ կապված (իսկ նրա հող հանձնելու պլանների մասին մենք վաղուց գիտենք, ինչն ինքն էլ չի թաքցնում) և լիովին անտարբեր է արցախցու առողջության ու ճակատագրի նկատմամբ։
-Գեներալ Վիտալի Բալասանյանը հավաքած ձայներով զիջում էր անգամ Մասիս Մայիլյանին։ Ձեր կարծիքով, ինչու՞ պատերազմի մեջ գտնվող արցախցին չցանկացավ պատերազմի բովով անցած նախագահ ունենալ:
-Վիտալի Բալասանյանը նախագահի թեկնածուներից այն միակն էր, ով կարող էր «ոչ» ասել Արցախում ադրբեջանցիների վերաբնակեցման լևոնական ծրագրին, «ոչ» ասել Հայաստանի վրա սորոսականների թեթև ձեռքով հարձակված պղծությանը՝ Ստամբուլյան կոնվենցիային։ Բոլորն են արձանագրում, որ Մասիս Մայիլյանին ձայներով ապահովել են Սամվել Բաբայանի կողմնակիցները։ Ցավում եմ, որ Արցախի ազատագրման մեջ մեծ ներդրում ունեցած մարդը սատարեց ակնհայտ Սորոսի թեկնածուին ու Արցախի անվտանգությունը դրեց հարվածի տակ։ Թեև վերջին օրերին լուրեր պտտվեցին, որ գեներալ Բաբայանը դադարեցրել է համագործակցությունը պարոն Մայիլյանի հետ, սակայն տեսանք, որ այդ լուրը նրա կողմնակիցներին չի հասել։ Անշուշտ, ընտրություններն աննախադեպ թվով ընտրակեղծիքներով և ընտրախախտումներով են անցել։ Օրինապաշտ երկրում դրանք ընտրությունները չեղարկելու հիմք կարող էին լինել: Ինչևէ, արցախցին իր ընտրությամբ էլ ավելի դժվարացրեց ազգանվեր ու պետականամետ մարդկանց պայքարը, բայց հայը երբեք չի պարտվել ու հաղթելու է նաև այս անգամ։
Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ