«ԳԻՏԵՍ, ՉԷ՞, ԵՍ ՆԿԱՐԻՉ ԵՄ»
Ժամանակին աշխատում էի խորհրդային մի փոքր ձեռնարկությունում։ Գործընկերս տեղյակ էր, որ մտերիմ էի նկարիչների հետ։ Մի օր ռուսական սրբապատկեր ցույց տալով, խնդրեց, որ օգնեմ դրա գինը պարզելու։ (Սրբապատկերը ագուցված էր մետաղյա հոծ շրջանակով, և կասկած կար, որ այն արծաթից է, սրբապատկերն էլ գուցե միջնադարյան ժամանակներից է հասել մեր օրերը)։
Գինը որոշելուց առաջ պետք էր արժեքը հստակեցնել։ Հայաստանի պետական պատկերասրահում որոշեցի միանգամից դիմել տնօրենին։ Նախասենյակը դատարկ էր, կիսաբաց էր տնօրենի աշխատասենյակի դուռը։ Առանց թույլտվության ներս մտա և դիմեցի փառահեղ այրին. «Ընկեր Իսաբեկյան, մի հարցով եմ դիմում Ձեզ, եթե կարելի է»։ «Ասա, տղա ջան, լսում եմ»,- պատասխանեց տնօրեն, ճանաչված գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանը։ Սեղանի առջև ինչ-որ աշխատակցուհի ինչ-որ հարցի շուրջ զրուցում էր նրա հետ, ես անպատեհ էի ներս մտել։ Սակայն տնօրենը բարեկրթորեն դուրս վռնդեց աշխատակցուհուն (որն ինչ-որ խնդիր էր փորձում պարզել)` ասելով, դու՛րս արի, մի՛ խանգարիր, տեսնում ես մարդու հետ խոսում եմ։ (Շրջվեցի, ենթադրելով, որ առանձնասենյակում կարևոր մեկը կա, «մարդը», որի հետ նա զրուցում էր։ Առանձնասենյակում այլ մեկը չկար։ Իհարկե շատ շոյվեցի, ժողովրդական նկարիչը ինձ ոչ միայն մարդատեղ է դնում, այլև օգնության ձեռք է մեկնում)։
ՈՒշի ուշով զննեց սրբապատկերը, բութը քսեց մետաղյա շրջանակին և ասաց, ոնց որ թե արծաթ է։ Հետո ավելացրեց` մեր արվեստաբանները դժվար թե սրա գինն իմանան, Դրամփյանը հիվանդ է, գտնվում է Լենինգրադում, հենց որ լավացավ ու վերադարձավ, նրան ցույց կտամ, մի հայացքով կգնահատի։ Նորից ուշադիր զննեց ու ասաց, որպես գեղանկար, ասեմ քեզ, որ լավ գործ է։ Ես խնամքով փաթաթում էի սրբապատկերը, ու մեկ էլ տնօրենը դիմեց ինձ. «Գիտես, չէ՞, ես նկարիչ եմ»։
Գիտեի։
ՄԱՐՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐԻ ԹԹՎԱՍԵՐԸ
Երբեմն ինքնակամ հայտնվում էի Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի (ներկայիս Հայաստանի գեղարվեստի ակադեմիա) հանրահայտ բուֆետում, հյուրընկալվելով դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնում սովորող ընկերներիս` Մկրտիչին և Վարդանին։ Վերոնշյալ բուֆետը էապես տարբերվում էր ինձ հանդիպած մյուս բազմաթիվ բուֆետներից, որոնց հաճախորդն էի դարձել Ռուսաստանի կայարաններում և հայաստանյան հիմնարկ-ձեռնարկություններում։ Եվ այսպես, գեղարվեստա-թատերական ինստիտուտի բուֆետում եմ։ Ընդամենը կես ժամը բավական էր, որ լիուլի զմայլվեի հարևան սեղանի տիրակալ Խորեն Աբրահամյանի մաքրամաքուր հայերենով, կամ հիանայի կերպարվեստի խնդիրների շուրջը ծավալվող բանավեճով, որի մասնակիցներն էին և՛ ճանաչված վարպետները, և՛ սկսնակ նկարիչներն ու քանդակագործները։
Ներս մտավ Մարտին Պետրոսյանը, մոտեցավ բուֆետապանուհուն և գնեց մի քանի տարա թթվասեր։ Թթվասերը վաճառվում էր անսովոր փոքր չափի ապակյա տարաներով։ Ընկերներս բացատրեցին, որ այդ թթվասերը շատ բարձրորակ է, արտադրվում է անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի փորձակայանում և տրամադրվում է միայն կենտկոմի ճաշարանին ու մեր ինստիտուտի բուֆետին։ (ՈՒշադրությունս գամված էր տիար Մարտինի վրա, որն ինձ համար հայտնություն էր)։ Բանն այն է, որ մի անգամ Մինաս Ավետիսյանը, պատասխանելով այն հարցին, թե ում է համարում իրեն մրցակից, ասել էր` Մարտին Պետրոսյանին։ Եվ ավելացրել` «Եթե Մարտինը բացվի, նրան հասնել չի լինի»։ Տղաներին հարցրի, այնուամենայնիվ, Մարտինն ինչու՞ է թթվասերի դասակով զինվում։ Մկրտիչն ու Վարդանը պատասխանեցին ամենայն լրջությամբ, որ իր հրաշալի կտավներում շեշտված ճերմակ գույնը Մարտինը ստանում է թթվասերի օգնությամբ։
Հավատացի։
ՆՎԻՐԵՔ ԻՆՁ ՄԱԿԱՆՈՒՆ
«Կերպարվեստ» պարբերականի հերթական համարի պատրաստման բերկրալի և տանջալի օրերն էին։ Միության քարտուղար, գեղանկարիչ և նկարիչների կյանքի հանրագիտակ Խաչատուր Ազիզյանն առաջարկեց նյութ նվիրել նկարիչների մականուններին։ Սիրով համաձայնեցի, չէ՞ որ տեղյակ էի, որ յուրաքանչյուր երրորդ նկարիչ մի պատվական մականունով էր օժտված, որոնք ծնվել էին կերպարվեստային միջավայրերում, «Պիոներպալատում», Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, գեղարվեստա-թատերական ինստիտուտում և արվեստանոցներում։ Շուրջ 200 մականուն լույս ընծայվեց, մեկը մյուսից կայծկլտուն։ Օրինակ, տոհմիկ ազնվականի արտաքինով, փոքրամարմին Սարո Գալենցին շնորհել էին «Քինդեր անակնկալ» պատվանունը։ Արժե՞ թվարկել մականուններից մի քանիսը։ Ըստ իս` այո։ Ահավասիկ Էդուարդ Աբաջյան` «Գել», Գագիկ Աբրահամյան` «Փետուր», Գայանե Ավշարովա` «Միկրոֆոն», Համլետ Ասատրյան` «Փոթորիկ», Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան` «Կայծակ», Ալեքսանդր Գրիգորյան` «Կենտավրոս», Տիգրան Թոքմաջյան` «Հայրենիքի ձայն», Խաչիկ Հակոբյան` «Սովմին», Սերգեյ Համբարձումյան` «Սրսուռ», Վանիկ Համբարձումյան` «Շոգ օրվա ընկեր», Հովհաննես Հարությունյան` «Ոսկեբերան», Սարգիս Մանգասարյան` «Զեփյուռ», Անդրեյ Շուգարով` «Անդրեյ Բալկոնսկի», Սարո Սարուխանյան` «Հանգած հրաբուխ», Աշոտ Հովհաննիսյան` «Դեղձ» և այլն։ «Մականունների տերևաթափ» անվանումով նյութը տպագրվեց և, բարեբախտաբար, անտարբերության չմատնվեց։ Պարբերականն անվճար տարածվում էր միության անդամների միջև։ Նկարչուհիներից մեկը եկավ իր օրինակը վերցնելու։ Վերցրեց պարբերականի թարմ համարը, ծանոթացավ բովանդակությանը, հայտնեց իր գոհունակությունը և խորացավ խնդրո առարկա հրապարակման մեջ։ Անուն առ մականուն կարդում էր և ժպտում կամ ծիծաղում, երբեմն էլ մեկնաբանում մականվան օրինաչափությունը։ Երկու ժամ անց ավարտեց ընթերցումն ու անսպասելի այլայլվեց։ Հարցրինք հուզմունքի պատճառը։ Պատասխանը ցնցող էր, իսկ ու՞ր է իմ մականունը, էս ինչ անհասկանալի խտրականություն է, հետո ինչ, որ ես կոչում չունեմ և արվեստանոցից զրկված եմ, մականու՞ն էլ չունենամ։ Խաչատուրի հետ փորձեցինք բացատրել տիկնոջը, որ մականունն ինքնաբուխ, հանկարծաստեղծ երևույթ է, ինչպես անեկդոտը և դեպքերի բերմամբ է դաջվում այս կամ այն անձին և այլն։ Տիկինը համառորեն չէր ընդունում մեր փաստարկները։ Կարճ ժամանակ անց նրա աչքերում արցունք հայտնվեց։ Փրկօղակը սուրճն էր և ծխախոտը։ Ծխում էր միայն նա։ Ես վաղուց էի ծխախոտին հրաժեշտ տվել, տիար Խաչատուրը` 1 ամիս առաջ։ Ի վերջո, հանդարտվեց, ժպտաց և հարցրեց, եթե ինքն իր համար մականուն գտնի, կտպագրե՞նք։ Իհարկե, միահամուռ արձագանքեցինք «մեղադրյալներս»։ Բայց այդպես էլ նա իր մականունը չներկայացրեց մեզ, կամ չէր գտել, կամ էլ գտել էր, բայց սրտով չէր եղել։
ՇԻՐՎԱՆԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ
Գեղանկարիչ Շիրվան Մկրտչյանը վաղուց խոստացել էր իր մի նկարը նվիրել ինձ, ըստ իմ ցանկության` բնանկար կամ նատյուրմորտ։
Դեպքից դեպք հանդիպում էինք Հայաստանի նկարիչների միության ցուցահասրահներում և ամեն հանդիպման ժամանակ պնդում էր` չեմ մոռացել խոստումս, ուղղակի ուզում եմ սրտիս ուզած նկարը նվիրել քեզ։ Ես ամեն անգամ ամոթխած ժպտում էի և սպասում մեր հաջորդ հանդիպմանը։ Անցան տարիներ։ Մի օր երեկոյան անսպասելի զանգահարեց և ասաց. «Առանց նախաճաշելու առավոտյան արի ինձ մոտ, իշխան ենք ուտելու»։ Առավոտ կանուխ Շիրվանի արվեստանոցում էի։ Գազօջախի վրա դրված կաթսան հրապուրիչ բլբլթում էր։ Սեղանը կազմ-պատրաստ էր մեր գրոհին։ Վերցրածս անապակ գինին դրեցի սեղանին։ Նկարիչն այն վերցրեց ու դրեց պահարանի մեջ, մեկնաբանելով արարքը այս կերպ. էդ գինին կխմենք հաջորդ անգամ, ես ավելի լուրջ խմիչք ունեմ։ Սեղանին հայտնվեց տնական թունդ օղին։ Այնուհետև նա ինձ խնդրեց, որ մոտենամ կաթսային և տեսնեմ` ձուկը եփվե՞լ է, թե՞ ոչ։ Կանգնեցինք կաթսայի գլխին, բացեցինք կափարիչը։ Շիրվանը խոստովանեց, որ առաջին անգամ է ձուկ եփում։ Ես էլ չզլացա և խոստովանեցի, որ անտեղյակ եմ եփելու նրբություններին, միայն գիտեմ, որ ձուկը համարում են եփած, երբ աչքերը դուրս են պրծնում։ Երեք իշխան կար կաթսայում, երեքի աչքերն էլ միաժամանակ դուրս պրծան։ Նստեցինք սեղանի շուրջ, վայելեցինք իշխանն ու օղին նկարչական հոգեշահ միջավայրում։ Երկու ժամ անց մեր փառահեղ ճաշկերույթն ավարտվեց։ Շիրվանն անսպասելի ցույց տվեց երկու չքնաղ բնանկար` ասելով, որը հավանում ես, այն էլ քոնն է։ Ընտրեցի մեկը, չնայած երկու բնանկարն էլ սիրով կներառեի հավաքածուիս մեջ։ Շիրվանը երկու նկարն էլ փաթաթեց և մեկնեց ինձ, վերցրու, երկուսն էլ քոնն են, մեկը խոստացածս նկարն է, մյուսը ուշացման համար լրացուցիչ նվեր է։
Աշխարհիկ վայելքս համալրվեց գեղագիտական վայելչանքով։ Դուրս էի ելնում, երբ նկարիչը մի խորհրդավոր, կլորավուն փաթեթ դրեց պայուսյակս, ասելով` էս օղին էլ տանը կխմես և կհիշես մեր այս հանդիպումը։ Խմեցի և հիշեցի։
ՀԵՏԳՐՈՑ
ԿԵրպարվեստի ցանկացած նմուշում, անգամ եթե բնանկարը խոր աշնանային երեկո է պատկերում, կամ էլ քանդակը` մետաղաձույլ մի հզոր զանգված, լույս կա։ Գունեղ և խորունկ լուսարձակումներ կան արվեստանոցներում։ Անգամ եթե կեսգիշերն անց է, և քուն են մտել ստեղծագործողն ու նրա ստեղծագործությունները։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ