Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Մեկնարկել են ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված անվճար սքրինինգային հետազոտությունները

Մեկնարկել են ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու  վերահսկմանն ուղղված անվճար սքրինինգային հետազոտությունները
10.03.2015 | 12:21

Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ԱՇՀՀ) սրտի և արյունատար անոթների` սրտամկանի սուր ինֆարկտի, սրտի իշեմիկ հիվանդության, հիպերտոնիայի, գլխուղեղի անոթների, ծայրամասային զարկերակային և այլ հիվանդությունների մեծ խումբ են, որոնք բնութագրվում են սրտանոթային համակարգի ախտահարմամբ:
Ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի` կան արյան շրջանառության համակարգի հիվանդությունների 100-ից ավելի տեսակներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2012 թ. տվյալների համաձայն՝ աշխարհում ԱՇՀՀ-ից մահացել է շուրջ 17,5 մլն մարդ, որը մահացության բոլոր պատճառների ավելի քան 31 %-ն է:
Անդրադառնալով ԱՇՀՀ-ից մահացությանն ըստ հիվանդությունների` (նոզոլոգիաների)` նշենք, որ 7,4 մլն մարդ մահացել է սրտի իշեմիկ հիվանդությունից և 6,7 մլն մարդ` կաթվածից (ինսուլտից):
ԱՇՀՀ-ից մահվան դեպքերի ավելի քան 75 %-ը գրանցվել է ցածր, միջին եկամուտ և կենսամակարդակ ունեցող երկրներում: Ավելին, մինչև 70 տարեկանների մահացության 16 մլն դեպքերի 82 %-ը բաժին է ընկնում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին, որից 37 %-ի պատճառը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են:
Համաշխարհային և ապացուցողական բժշկության տվյալների համաձայն` արյան շրջանառության համակարգի հիվանդությունների զարգացման և մահվան դեպքերի մոտ 80 %-ը պայմանավորված է վարքագծային, կենսաբանական և սոցիալ-տնտեսական ռիսկային այնպիսի գործոնների համադրության վնասակար ազդեցությամբ, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, ծխախոտի օգտագործումը, ավելցուկային քաշը, ֆիզիկական թերակտիվությունը, անառողջ սնունդը, ալկոհոլի չարաշահումը, շաքարախտը, բարեկեցության և կրթական ցածր մակարդակը, ինչպես նաև բուժհաստատությունների անմատչելիությունը:
Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության և հիվանդացության տարածվածությունը առողջապահական համակարգի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներից մեկն է: Եվրոպական երկրներից մեր երկրի հիվանդացության տարածվածության պատկերը չի տարբերվում:
Մեզ հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն Դիանա Անդրեասյանը նշեց, որ 2013 թվականի վիճակագրության համաձայն՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության կշիռն ընդհանուր մահացության կառուցվածքում կազմել է 48 %:
Հայաստանում վերջին քսան տարիներին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության և հիվանդացության իրավիճակային վերլուծության նպատակով կատարվել է համեմատական վերլուծություն: 2013 թվականին, 1990 թվականի համեմատ, արյան շրջանառության համակարգի հիվանդությունների մահացության ցուցանիշն աճել է 1,4 անգամ (2 117 դեպքով), իսկ կյանքում առաջին անգամ ախտորոշված նոր դեպքերի թվաքանակը` 1,7 անգամ (23 305 դեպքով):
Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության ցուցանիշների վերլուծությունն ըստ սեռային բաշխվածության փաստում է, որ կանանց շրջանում (52 %) մահացությունը տղամարդկանց (48 %) համեմատ ավելի բարձր է:
Ըստ հիվանդությունների պատճառների՝ կանանց մեջ գերակշռում է մահացությունը ուղեղանոթային հիվանդություններից, իսկ տղամարդկանց մեջ` սրտի իշեմիկ հիվանդություններից, մասնավորապես, սրտամկանի սուր ինֆարկտից։
Հիվանդացության տեսակետից ամենատարածված նոզոլոգիաներն են արյան ճնշման բարձրացումով բնութագրվող հիվանդությունները, որոնց տարածվածությունը արյան շրջանառության համակարգի հիվանդությունների կառուցվածքում կազմում է շուրջ 51 %։
2013 թ. գրանցված արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության դեպքերի վերլուծությունը մարզային կտրվածքով փաստում է, որ այդ հիվանդություններից մահացության բեռը զգալիորեն բարձր է Տավուշի, Լոռու և Արագածոտնի բնակչության շրջանում։
Անդրադառնալով հիվանդացության և մահացության տարածվածության հիմնախնդրին, ուսումնասիրվել է նաև այդ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների տարածվածությունը:
Դիանա Անդրեասյանը տեղեկացրեց նաև, որ համաձայն առողջապահության համակարգի գործունեության գնահատման զանգվածային հետազոտության տվյալների՝ Հայաստանի 20 և բարձր տարիքի բնակչության գերակշռող մասը ապրում է ոչ առողջ ապրելակերպով, ավելին, տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմում է 55 %, իսկ ալկոհոլի չարաշահումը՝ 13 %, զարկերակային բարձր ճնշումը արձանագրվել է բնակչության 37 %-ի մոտ, ավելցուկային քաշը և ճարպակալումը` 57 %, և ֆիզիկական թերակտիվությունը` 50 %.
Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից խուսափելու միակ և ապացուցված մեթոդն այն ժամանակին կանխելն է՝ պարբերաբար անցնելով համապատասխան հետազոտություններ` արյան ճնշման և գլյուկոզի մակարդակի որոշման նպատակով:
Նշենք, որ 2015 թվականի հունվարից Հայաստանում մեկնարկել են Համաշխարհային բանկի ֆինանսավորված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված անվճար սքրինինգային հետազոտությունները, որոնք իրականացվում են թիրախային բնակչության շրջանում զարկերակային գերճնշման և շաքարախտի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով: Ծրագրի շրջանակում 35-68 տարեկան բոլոր քաղաքացիները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա և անցնել զարկերակային գերճնշման ու շաքարախտի անվճար հետազոտություններ:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ