Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Ընտանիքը չի ցանկանում՝ հանրությունը տեղեկանա, որ իրենց տանը կա հաշմանդամություն ունեցող անձ

Ընտանիքը չի ցանկանում՝ հանրությունը տեղեկանա,  որ իրենց տանը կա հաշմանդամություն ունեցող անձ
02.12.2014 | 00:16

1992 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2007 թ. մարտի 30-ին Նյու Յորքում ստորագրվեց Հաշմանդամ անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան:
Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի կոնվենցիային միացել է 2006 թ. դեկտեմբերին, իսկ վավերացրել է 2010 թ. մայիսի 17-ին: Մեր երկրում հաշմանդամների թիվը մոտ 177 հազար մարդ է:
Հաշմանդամների հիմնախնդիրները բազմաբնույթ են` շրջակա միջավայրի մատչելիություն, հավասար պայմանների ապահովում, բժշկասոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում, զբաղվածության խնդիրների լուծում և այլն: Պակաս կարևոր չէ նաև հասարակության կողմից հաշմանդամ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումը, ինչի ուղղությամբ զգալի աշխատանքներ են իրականացնում հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններն ու պետական կառույցները:
Արմավիրի մարզում գործող «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպությունը արդեն երկար տարիներ աշխատանքներ է իրականացնում հաշմանդամների շրջանում։ ՀԿ նախագահ Մարգարիտ Սեդրակյանը տեղեկացնում է, որ Արմավիրի մարզում ապրում է հաշմանդամություն ունեցող 12960 մարդ, այդ թվում 1-ին խմբի` 694, 2-րդ խմբի` 5785, 3-րդ խմբի՝ 5587 հաշմանդամ։ 691-ը մանկուց հաշմանդամներ են։
Մարգարիտ Սեդրակյանը նշում է, որ Արմավիրում հաշմանդամների շրջանում գերակշռում են մտավոր խնդիրներ ունեցող երեխաներն ու երիտասարդները. «Մարզկենտրոնում և գյուղերում հանդիպումների ընթացքում պարզվում է, որ նման խնդիրներ ունեցողներն ավելի շատ են։ Մարզկենտրոն Արմավիրի հատուկ դպրոց հաճախելիս նույնպես ակնառու է դառնում, որ հիմնականում մտավոր խնդիրներ ունեցողներն են»,- ասում է մեր զրուցակիցը։
Մարգարիտ Սեդրակյանը դժվարանում է ասել, թե մարզում ինչու են հատկապես շատ մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամները։ Մեր հարցադրմանը՝ արդյո՞ք դա ատոմակայանի ազդեցության հետևանք է, մեր զրուցակիցը նշեց, որ որևէ հետազոտություն այդ առումով չի արվել. «Գիտեք, որ ատոմակայանի հետ կապված ցանկացած հետազոտություն կամ հարցադրում որոշակի արգելքների է հանդիպում։ Բայց խնդիրն ինձ մտահոգել է։ Գուցե ճառագայթումը որոշակի հիվանդությունների պատճառ է դառնում»։
Խոսելով հաշմանդամների խնդիրների մասին՝ ՀԿ նախագահը նկատում է, որ ամենամեծ խնդիրը կարծրատիպն է. ընտանիքը չի ցանկանում, որպեսզի հանրությունը, նույնիսկ հարևանը տեղյակ լինեն, որ իրենց տանը նման երեխա կա։ Բացի այդ, հանրությունը չգիտի՝ ինչպես վերաբերվի հաշմանդամություն ունեցող անձանց, որ չվիրավորի նրանց։ Սակայն կա հարցի մյուս կողմը. որքան հաշմանդամներն ավելի շատ դուրս գան իրենց պարփակված վիճակից, շփվեն հանրության հետ, այնքան մարդիկ ավելի շատ կսովորեն նրանց ներկայությանը։ Հաշմանդամների մեկուսացմանը նպաստում են նաև շենք-շինությունների (մշակույթի տներ, առողջապահական հաստատություններ, կրթօջախներ, խանութներ և այլն), փողոցների ոչ հարմարեցված լինելը նման մարդկանց ելումուտին։ Արգելքները բազմաբնույթ են, և դրանք կարգավորելու համար հսկայական ներդրումներ են անհրաժեշտ։ Ընդ որում, որքան հեռանում ենք մարզկենտրոններից և քաղաքներից, հաշմանդամություն ունեցողների խնդիրներն այնքան մեծանում են։
«Հույսի Մեծամոր» կազմակերպությունը փորձում է որոշակիորեն թեթևացնել հաշմանդամություն ունեցողների խնդիրները։ Կառուցել են թեքահարթակներ, բացել են կավագործության խմբակ, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաներն անվճար սովորում են կավի հետ աշխատել։ Աշխատանքները հաճախ ցուցադրվում են։ Երեխաներին սովորեցնում են նաև հուլունքագործություն։ Մեծամորի մշակույթի տան բեմը վերանորոգելով՝ կազմակերպել են մշակութային միջոցառում՝ ընդգրկելով տարբեր խնդիրներ ունեցող պատանիների և երիտասարդների, որպեսզի բեմ դուրս գան և կարողանան դրսևորել իրենց ունակությունները։ Ստեղծվել է երգչախումբ, որում ծրագրվում է ներառել նաև որոշակի խնդիրներ ունեցող անձանց։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ