Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Լսելու միակ հնարավորությունը չլսող երեխաների համար

Լսելու միակ հնարավորությունը չլսող երեխաների համար
26.09.2014 | 11:57

Պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան գերմանական հիմնադրամի շնորհիվ լսողական խնդիրներ ունեցող 3-ամյա Սևակ Ղազարյանը շատ շուտով կվիրահատվի ու կսկսի լսել։ Երեխայի մոտ ախտորոշվել է ծանրալսության 4-րդ աստիճան։ Սա այն աստիճանն է, երբ լսողական սարքերն այլևս չեն կարող օգնել։
Հայաստանում յուրաքանչյուր 1000 երեխայից 1-3-ը լսողական խնդիրներ ունեն, և այդ 3-ից 1-ն ունենում է վիրահատության կարիք։ Երեխաներին կարող է օգնել միայն խխունջային ներպատվաստումը։ Մեր երկրում նման վիրահատություն սկսել են իրականացնել 2004-ից։ Առաջին երեխան՝ Արտյոմը, որ վիրահատվել է, այսօր 12 տարեկան է։ Լսում է, հաճախում է հանրակրթական դպրոց, շփվում իր հասակակիցների հետ։
Նշված բժշկական միջամտությունը բավականին թանկ արժե։ Սարքը, վիրահատությունն ու հետվիրահատական ընթացքն արժեն մոտ 10 միլիոն դրամ։ Նման վիրահատություն Հայաստանում իրականացվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Մեզ մոտ տարեկան շուրջ 10 երեխա վիրահատվում է։ Վիրահատությունները կատարվում են կա՛մ երեխաների ծնողների, կա՛մ միջազգային դոնորների, տարբեր կառույցների աջակցության միջոցով։ Հիմնադրամն աշխատում է ոլորտի մասնագետների և ծնողների վերապատրաստման ուղղությամբ։ Հիմնադրամի հայաստանյան գործունեության համակարգող ԼԻԼԻԹ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ նկատում է, որ վիրահատությունը միայն երեխայի խոսել-լսելու ունակությունը զարգացնելու առաջին քայլն է, ինչից հետո պետք է հետևողականորեն աշխատեն երեխայի հետ։ ՈՒստի ստացվում է, որ երեխայի ծնողը մասամբ դառնում է մասնագիտական թիմի անդամ։ Լինում են դեպքեր, որ երեխային վիրահատում են, բայց քանի որ ծնողները համապատասխան մոտեցում և աշխատանք չեն տանում, երեխան այդպես էլ չի խոսում. նորմալ չի լսում, չի կարողանում արձագանքել, ուստի ծնողի կրթությունը, նրա հետ աշխատանքը շատ կարևոր են։
Լենհարդի անվան հիմնադրամն ապահովում է նաև խոսքի պրոցեսորների թարմացումը։ Հիմնադրամը Գերմանիայում հավաքագրում է տեղացի երեխաների` օգտագործման համար պիտանի վերջին սերնդի պրոցեսորները, որոնց կարիքը գերմանացի շահառուներն այլևս չունեն, և պետական օղակների գիտությամբ ու թույլտվությամբ դրանք տրամադրում է հայաստանցի մանուկներին:
Լիլիթ Աբրահամյանը նշում է, որ խխունջային ներպատվաստման մասին ինֆորմացիան Հայաստանում քիչ է, վիրահատությունը բավականին թանկ արժե, ուստի շատ երեխաներ ընդհանրապես զրկվում են վիրահատման հնարավորությունից։ Ընդ որում, մասնագետները նշում են, որ վիրահատությունը պետք է կատարվի հնարավորինս շուտ՝ 5 տարեկանից ոչ ուշ։ 5 տարեկանից հետո, որպես կանոն, բժիշկը չի կարող երաշխավորել վիրահատությունից սպասվող արդյունքը: Սակայն եթե հիվանդությունը ձեռք է բերվել խոսքի զարգացումից հետո, ապա վիրահատությունը կարելի է կատարել ցանկացած տարիքում։
Լիլիթ Աբրահամյանը նշում է, որ մեզ մոտ շատ դեպքերում ծնողները բավականին ուշ են տեղեկանում իրենց երեխայի լսողական խնդիրների մասին։ Հայաստանում ներդրված է նորածին երեխայի աուդիոլոգիական սկրինինգի ծրագիրը, որի օգնությամբ բացահայտվում է՝ երեխան լսողական խնդիրներ ունի՞, թե՞ ոչ։ Այսօր արդեն ծրագիրը գործում է երևանյան գրեթե բոլոր ծննդատներում, և խիստ անհրաժեշտ է, որ բոլոր նորածինները ծնվելուն պես անցնեն այդ ուսումնասիրությունները։
Նշենք, որ պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգի ամբողջ հասույթը կտրամադրվի խխունջային ներպատվաստման կարիք ունեցող 3-ամյա Սևակ Ղազարյանի վիրահատությանն աջակցելու նպատակով։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ