Հայաստանի կառավարության ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է մշակել ազգային դեղային քաղաքականության հայեցակարգ, որը կարող է նպաստել Հայաստանում դեղերի գների նվազմանը` մինչև 20-30 տոկոս: Այս մասին այսօր հայտարարել է առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս ՈՒլիխանյանը`«Դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումները» թեմայով քննարկման ժամանակ: ՈՒլիխանյանի խոսքով` ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում դեղորայքի գնային քաղաքականությունը թելադրում են արտերկրի դեղագործական կազմակերպությունները: Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը, դեղերի գնային քաղաքականությունը կարգավորելու և դեղերի գների իջեցումն ապահովելու նպատակով, այսուհետ դեղորայքի ներմուծմամբ զբաղվող կազմակերպություններին հնարավորություն կտրվի եվրոպական շուկայում գտնել ավելի էժան դեղորայք և ներմուծել`միաժամանակ պահպանելով դեղերի շրջանառության համար նախատեսված բոլոր պահանջները: Խորհրդականը նշել է նաև, որ դեղերի գների նվազումը դրանց որակի վրա չի ազդի: