Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Շուն պահեք

Շուն պահեք
20.01.2014 | 15:31

Թյուր կարծիք կա, թե շների և մարդու մերձեցումը (թե` ընկերությունը) սկսվել է փոխադարձ, (թե` երկուստեք) համաձայնությամբ, կամ թե մայր բնության մեկ հրամանով` «ապրեք միասին»:

Ամենևին. շունն է ավելի զգացել մարդու կարիքը և շունն է դավաճանել (մեր լեզվով ասած) իր գայլ եղբայրներին և անցել գայլի ամենաոխերիմ թշնամու` մարդու կողմը: Իսկ հետագա՞ն. իսկ հետագան` ծառայություն ու անսահման նվիրվածություն` հանուն (և գուցե ոչ միայն) մի կտոր ոսկորի: Ծանոթ պատկեր է:
Շուն պահե՛ք։ Դա շատ հարցերում է շահավետ: Նախ` ձեզ վրա կդադարեն հաչելուց և կհաչեն ձեր շան վրա և, որ ավելի կարևոր է` ձեր շան մակարդակով:
Դա ձեզ թույլ կտա հասկանալ, թե ովքեր են հաչողները, կամ էլ` կծողները, և կողքից դատել` նույնիսկ մի երկուսի կողերը ջարդելով՝ «Ոնց թե դու իմ շանը զարկես, դե զարկելը հիմի դու տես...» նշանաբանով, արտաքնապես ցույց տալով, թե իրոք մտածում ես, թե իրականում քո շանն են խփում, ոչ թե քեզ:
Շուն պահե՛ք. եթե պարզվի, որ նա մեծ է և համարձակ` մշտապես շրջապատը կպահեք լարվածության տակ, չէ՞ որ բոլորը կմտածեն. «եթե շունն է այսքան զորավոր, ապա ինչպիսին է տերը»:
Եթե փոքր է ու աղմկոտ` կմտածեն տիրոջ մեծահոգության, լայն սրտի մասին և այլն, և այլն։
Շունն էլ հավատարմություն կխաղա, քանի դեռ կամ ատամները չեն թափվել, կամ էլ` սեփական կյանքին իրոք վտանգ չի սպառնում, կարևորը տիրոջ առաջ պոչ խաղացնելն է:
Լավ տերն էլ իր հերթին սովորեցնում և ստիպում է, որ միայն իր ձեռքից հաց վերցնի և միայն իր հրամանները կատարի:
Պատմությանը շատ դեպքեր են հայտնի, երբ շունը հանուն տիրոջ զոհել է իր կյանքը, բայց հայտնի չէ դեռ մի դեպք, թե տերն է հանուն շան զոհվել. լավ ընկերություն է...
Եվ եթե հասկանայինք շների լեզուն, իսկ վերջին ժամանակներս կարծես թե սկսել ենք հասկանալ, ապա կտեսնենք, որ շներն են լայնաբերան խոսում իրենց տերերի հետ ընկերության մասին, և` ոչ տերերը:
Շուն պահե՛ք. և եթե փոշմանեք` կփոշմանեք շների դավաճանության համար, որը շատ ավելի թեթև է տարվում:
Շուն պահե՛ք, բայց մի՛ շնացեք. դեռ գայլերի հետ հանդիպում կա... նաև շների արած սխալների համար:
Եվ ընդհանրապես` «մենք բոլորս էլ շուն ենք մի քիչ, շուն եղբայր...»:


Արամ ԹԱՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2585

Մեկնաբանություններ