ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ի՞նչ են որոնում մեր օրերի արքիմեդները

Ի՞նչ են որոնում մեր օրերի արքիմեդները
13.09.2013 | 00:17

Աչքներդ լույս լինի, մի գիշեր էլ, որ քնենք ու արթնանանք, կպարզվի, որ անդամակցելու ենք Շանհայի միությանը: Հրաշալի գաղափար է: ՀՀ կառավարությունը, ի հեճուկս 2013-ի իր գործունեության խորհրդարանի հաստատած ծրագրի, իրադարձությունների զարգացման բերումով այժմ մանրադիտակով ու խոշորացույցով ուսումնասիրում է գլոբուսը` որոնվում են միություններ: Տնտեսական, քաղաքական, ռազմական: Միով բանիվ` այլընտրանքային: Մայր ցամաքը նշանակություն չունի: Դա միակ նվերն է, որ իր ծննդյան օրվա նախօրեին իրեն կարող էր մատուցել որևէ երիտասարդ պետություն: Եվ թող որևէ սինլքոր չասի, որ դա նորություն է, անակնկալ է, շոկ է, դես է, դեն է, դա խորապես ուսումնասիրված, քննված-քննարկված, եփված-թափված-կոփված որոշում է: Եթե դուք չեք տեսնում ծովը, չի նշանակում, որ դադարել են մակընթացություններն ու տեղատվությունները: Պատմական զուգորդումներ, գեղարվեստական համեմատություններ, հեքիաթ-մեքիաթ միշտ էլ կարելի է գտնել, անվիճելիորեն այդ տարրերն առավել հասկանալի ու տպավորիչ են դարձնում խոսքը, բայց արդյո՞ք ազդում են իրադարձությունների ընթացքի վրա:
Զարգացման եվրասիական բանկը 2013 թ. հրապարակել է Եվրամիության և Եվրասիական միության (ապագա) տնտեսական մոդելների համեմատական ուսումնասիրության արդյունքները: Ընդունեք, որ ապրիորի ուսումնասիրություն է, բայց` արմատական: Զարգացման եվրասիական բանկի ուշադրության կենտրոնում եղել է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների փորձի հնարավոր կիրառումը Մաքսային միության և գործընկեր երկրների խոր տնտեսական համագործակցության զարգացման նպատակով: Այն գործընկեր երկրների, որ Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունեն: Այսինքն` Հայաստանի, Մոլդովայի, Տաջիկստանի: Տնտեսագետներին թողնելով ուսումնասիրությունների գնահատականը, մեջբերեմ մի քանի տվյալներ։
Հայաստանի համար ակտուալ են Եվրամիության փոխհարաբերությունները Միջերկրածովյան երկրների հետ, որոնք ենթադրում են հարևան տնտեսությունների առավելագույնս կարճ տարածությունների ճանապարհով ինտեգրումը: Հայաստանը շահագրգիռ է աշխատուժի ազատ տեղաշարժի, կապիտալի, ապրանքների և ծառայությունների, ռուսական ֆոնդային շուկայի հնարավորությունների օգտագործմամբ: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի (Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան) հետ փոխգործակցության մեջ կարող է կիրառվել ԵՄ-ի և Նորվեգիայի համագործակցության մոդելը, այսինքն` մասնակցություն ՄՏՏ-ի մի շարք համաձայնագրերին` առանց Մաքսային միությանն անդամակցելու: Փոխշահավետ են ՄՄ-ի և ՄՏՏ-ի ներդրողների համար հեշտացված մուտքը և նրանց աջակցությունը տեղական կառավարությունների կողմից: Նկատի ունենալով բյուջեի քրոնիկ դեֆիցիտը` ներդրումների հոսքը դրականորեն կազդի աշխատավարձի վրա, կնպաստի գործազրկության նվազմանը և հարկային հատկացումների աճին, կբարելավի տեղական բնակչության կենսամակարդակը: Մաքսային միության երկրների ընկերությունների համար ներդրումների նպատակով հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի լեռնահանքային ոլորտը, տեքստիլ արդյունաբերությունը, ագրոտնտեսական համալիրը, հիդրոէներգետիկան: Պետական գնումների շուկա մուտք ստանալով Հայաստանում, ՄՄ-ի ներդրողները կստանան լրացուցիչ շուկա, իսկ Հայաստանի կառավարությունը կարող է նվազեցնել ծախսերը: ՄՄ-ի ընկերությունները կարող են նպաստել արդյունավետությունը մեծացնող նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ազդակ դառնալ արդյունաբերության, գյուղտեխնիկայի մոդեռնացման համար: ՄՏՏ-ում Հայաստանի տնտեսության խոր ինտեգրումը կարևոր նշանակություն ունի միասնական տնտեսական շուկայի կայացման համար, որին կարելի է հասնել ՄՏՏ-ի համապատասխան համաձայնագրերին միանալով: ՄՏՏ-ի տարողունակ և դիվերսիֆիկացված աշխատաշուկան կարող է ներառել լրացուցիչ աշխատանքային ռեսուրսներ և ապահովել եկամուտների ու սոցիալական պաշտպանվածության առավել բարձր մակարդակ: Եվրասիական գործընկերության շրջանակներում հնարավոր է և՛ երկկողմ, և՛ բազմակողմ համագործակցություն: Շեշտը, սակայն, պետք է դրվի երկկողմանի պայմանավորվածությունների վրա, որոնք հաշվի են առնում յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունը:
Արտահանման համար Հայաստանն ունի մետաղներ (պղինձ, մոլիբդեն, ոսկի) և գյուղմթերքներ (գինի, կոնյակ, հյութեր), բայց այդ ռեսուրսներն այնքան մեծ չեն, որ արտահանումը դառնա տնտեսության շարժիչ ուժ: Հայաստանի ապրանքների ցածր մրցունակությունը բնութագրվում է ՄՄ անդամ երկրների արտահանման կառուցվածքի հետ ընդհանրություններով:

Հայաստանին բնորոշ է արտաքին առևտրի նշանակալից բացասական բալանսը: Հումքի արտահանումից ստացված ցածր հարկերի պատճառով Հայաստանում հարկագոյացումը կատարվում է երկրի ներսում: Իբրև հետևանք` բյուջեն կատարվում է քրոնիկ դեֆիցիտով և կախման մեջ է արտաքին ներդրումներից կամ արտերկրում աշխատող հայրենակիցների տրանսֆերտներից: Արտահանվող բոլոր ապրանքատեսակներից Հայաստանն առավել մրցունակ է հանքանյութերի առումով, որը հնարավոր է դառնում հանքանյութերի բազմազանության հաշվին, սպառման աղբյուրներն անփոփոխ են:
ՄՏՏ մուտք գործելու համար երկիրը պետք է ստորագրի հետևյալ համաձայնագրերը` ՄՏՏ-ի անդամ երկրների միասնական տնտեսական քաղաքականության, ՄՏՏ-ի անդամ երկրներում կապիտալի ազատ տեղաշարժի և տարադրամային միասնական քաղաքականության, աշխատուժի ազատ տեղաշարժի վերաբերյալ, ճյուղային համաձայնագրեր, պետությունների գործունեության տեխնիկական կարգավորման, պետական կարգավորման միասնական մեխանիզմների մշակման:
Եվրամիության հետ ասոցացման համար բանակցությունները 29 կետերի շուրջ են` 1.տնտեսական հարցեր, 2.ապրանքների ազատ տեղաշարժ և մաքսային միություն, 3.աշխատողների ազատ տեղաշարժ, 4.հաստատությունների իրավունքների և ծառայությունների մատուցման ազատություն, 5.կապիտալի ազատ տեղաշարժ, 6.տնտեսական և դրամագոյացման քաղաքականություն, 7.հարկահավաքություն, 8.սոցիալական քաղաքականություն և զբաղվածություն, 9.սեկտորալ և կառուցվածքային քաղաքականություն, 10.գյուղատնտեսություն և գյուղական տարածքների զարգացում, 11.սննդամթերքի անվտանգություն, անասնապահական և ֆիտոսանիտարական կարգավորում, 12.ձկնորսություն, 13.ֆինանսական ծառայություններ, 14.տեղեկատվական հասարակություն և լրատվամիջոցներ, 15.տրանսպորտային քաղաքականություն, 16.էներգետիկա, 17.տրանսեվրոպական ցանցեր, 18.տարածաշրջանային քաղաքականություն և կառուցվածքային միջոցների համակարգում, 19.շրջակա միջավայր, 20.մրցակցային քաղաքականություն, 21.ձեռներեցություն և արդյունաբերական քաղաքականություն, 22.պետական գնումներ, 23.ընկերությունների մասին օրենք, 24.ինտելեկտուալ սեփականության մասին օրենք, 25.սպառողի իրավունքների և նրա առողջության պաշտպանություն, 26.կրթություն և մշակույթ, 27.գիտություն և հետազոտություններ, 28.արդարադատություն, ազատություններ և անվտանգություն, 29.արդարադատության մարմիններ և հիմնական իրավունքներ:
Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների հիմքում 1999-ին ուժի մեջ մտած Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն է, որի նպատակն է ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ հարգանքի խրախուսումը, օրենքի և մարդու իրավունքների գերակայությունը, շուկայական տնտեսության ամրապնդումը, առևտրի ազատականացումը և համագործակցությունը հարցերի լայն շրջանակով: Համագործակցության հիմնական ոլորտներն են` հարկային և մաքսային օրենսդրություն, ընկերությունների իրավական կարգավորում, բանկային օրենսդրություն, հակամոնոպոլ օրենսդրություն, առողջապահություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, սպառողների իրավունքների պաշտպանություն, միջուկային էներգետիկա ¥տեխնիկական հրահանգներ, ստանդարտներ և նորմեր¤: Եվրամիությունը պարտավորվել է աջակցել Հայաստանին բոլոր այս հարցերում` ներառյալ փորձի փոխանակումը, սեմինարների կազմակերպումը: Գործընկերության և համագործակցության համաձայնագրի համապատասխան` Հայաստանն ու ԵՄ-ն ստանձնել են հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների պարտավորություններ, որոնք գրանցված կամ ընդունված չեն Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում, և ընդունել են համապատասխան օրենսդրական ակտեր: Ըստ ԳՀՀ-ի 12-րդ հոդվածի` կողմերը բարելավում են ապրանքների արտահանումը` միջոցներ են ձեռնարկվել կարգավորելու և լիցենզավորելու տեքստիլ արտադրանքը, որ Հայաստանն արտահանում է ԵՄ: Հայաստանը շարունակում է մասնակցել ԵՄ-ի ֆինանսավորած տարածաշրջանային ծրագրերին: Համագործակցությունը և համաձայնագրերի կատարումը նշանակալից արդյունքներ են տվել: Հայաստանի պաշտոնատար անձինք և փորձագետները հաջողություն են գրանցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական երկխոսությունը, առևտուրը, էներգետիկան, տրանսպորտը, վիճակագրությունը, օրենսդրության մերձեցումը ԵՄ չափանիշներին, ժողովրդավարության զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանության օրենքների նախագծումը, անլեգալ միգրացիայի և մարդկանց առևտրի կանխումը: Որոշ փորձագետներ արձանագրել են նվազ արդյունավետություն և առավել սերտ համագործակցություն են պահանջում սպառողների իրավունքների պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, տեղեկատվության և հեռահաղորդակցության, լեռնահանքային արդյունաբերության, սոցիալական, մշակույթի, մաքսատնային գործընթացների, այլընտրանքային էներգետիկայի, ինտելեկտուալ սեփականության, գյուղատնտեսության (սուբսիդավորում և լիցենզավորում), շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում: Հարևանության եվրոպական քաղաքականությանը Հայաստանը միացել է 2004 թ., 7 տարի (2007-2013 թթ.) ներառող գործողությունների ծրագիրը ընդունվել է 2006-ին: Գործողությունների ծրագիրը Հայաստանի համար առանձնացրել է հետևյալ ուղղությունները` եվրոպական ստանդարտների և մեխանիզմների ներդրում հարկահավաքության ոլորտում, ԱՄՀ-ի նորմաներին համապատասխան` ազատ տնտեսական գոտու ստեղծում, սպառողների պաշտպանության օրենսդրական միջոցների կիրառում, հակադեմպինգային օրենսդրության բարելավում և կառուցվածքային բարեփոխումներ այդ ոլորտում, ինտելեկտուալ և տեխնոլոգիական սեփականության պաշտպանության բարելավում, համագործակցություն վիճակագրության և կարգավորման ոլորտում: Հարևանության քաղաքականությամբ Հայաստանի շահագրգռվածությունը բացատրվում է ոչ այնքան ԵՄ-ին անդամակցելու ցանկությամբ, որքան ԵՄ-ի աջակցության ապահովմամբ: Ընդ որում` ապրանքաշրջանառությունը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև 2006 թ. 736 միլիոն դոլարից 2011 թ. դարձել է 1674 միլիոն դոլար: ԵՄ ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կազմել են 2009 թ.` 3059 միլիոն դոլար, 2010 թ.` 3128 միլիոն դոլար: Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին ԵՄ աջակցությունը ներառում է իրավական և վարչական բարեփոխումները և անցումային շրջանի սոցիալական հետևանքների վերացումը:
Զարգացման եվրասիական բանկի կատարած ուսումնասիրության մեջ կան հետաքրքիր այլ թվեր ու փաստեր ևս, իսկ եզրակացությունը մեկն է` Մաքսային միությունը այն դրախտն է, որի նպատակը միասնական տնտեսական տարածքի ձևավորումն է և, հարկավ, Եվրասիական միության ստեղծումը ոչ միայն հետխորհրդային երկրների համար, այլև Վանկուվերից Վլադիվոստոկ: Իսկ Հայաստանը այդ ամենի համար այն հենման կետն է, որ որոնում էր Արքիմեդը` երկրագունդը շուռ տալու համար: Փառք Աստծո, չգտավ: Իսկ դուք համեմատեք` ինչից ենք հրաժարվում ու ինչն ենք նախընտրում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Հիշեցնեմ. Վրաստանը բոլորովին էլ մտադիր չէ վերագործարկել աբխազական երկաթուղին: Համենայն դեպս, չթե խալաթներ գնեք (ճիշտ կլինի` զոլավոր), Ռուսաստանը մոդեռնացնում է տնտեսությունը, հազիվ թե բոլորիս խալաթներ տրամադրի, իսկ Բելառուսն ու Ղազախստանը ոչ ժամանակ ունեն, ոչ էլ տրամադիր են: Հետո էլ` ազգային արժանապատվություն կա. մի խալաթն ինչ է, որ օտարը տա:

Դիտվել է՝ 1819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ