ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Չինական դիվանագիտության գաղտնի զենքը (մաս երկրորդ)

Չինական դիվանագիտության գաղտնի զենքը (մաս երկրորդ)
15.07.2013 | 13:27

սկիզբը` այստեղ

Նույն ժամանակներում Կոնֆուցիոսի փիլիսոփայությանը զուգընթաց Չինաստանում սկիզբ է առնում ոչ պակաս կարևոր մի ուսմունք, որն ունի կիրառական մեծ նշանակություն ռազմական գործում, միջազգային հարաբերություններում և դիվանագիտությունում:

Դա օտարերկրացիների համար միանգամայն անծանոթ հարավասիական քաղաքակրթության արժեքային համակարգ է: Այդ համակարգի հիմքում ընկած է այսպես կոչված «ստրատագեման»: Մեր ականջին անսովոր ստրատագեմա բառը նշանակում է ռազմավարական պլան, որն իր մեջ պարունակում է թշնամու համար նախատեսված ինչ-որ ծուղակ, որևէ խորամանկ քայլ:

Ստրատագեմիզմի հիմնադիրը մեծ զորավար Սուն Ցզին է: Նա ստեղծել և զարգացրել է ռազմական փիլիսոփայական-կիրառական մի ամբողջական տեսություն` 36 այսպես կոչված ստրագեմաներ, որոնք պատրաստի բանաձևեր են կյանքի բոլոր իրադրություններում ճիշտ կողմնորոշվելու և հաղթելու համար:

«Ռազմական արվեստը մոլորեցնելու արվեստ է», «Թշնամուն նախընտրելի է հաղթել առանց զենք բանեցնելու», «Հաղթանակի համար պետք է օգտվել խորամանկությունից և խաբեությունից», «Հակառակորդը երբ վստահ է քո բարեկամական զգացմունքների և խաղաղասիրական նպատակների նկատմամբ, կորցնում է զգոնությունը: Այդ ընթացքում պատրաստվում ես հարձակվել հակառակորդի վրա, և ընտրվում է հարմար պահը, սակայն այնպես, որ վերջինս չգուշակի այդ մասին»: «Եթե թշնամին առանց նախնական պայմանավորվածության հանկարծ որոշում է կնքել հաշտություն, ապա նա լարում է որոգայթ»: «Եթե թշնամին հարձակվում է, մենք սկսում ենք բանակցել, եթե թշնամին սկսում է բանակցել, մենք հարձակվում ենք»:

Սրանք ստրատագեմայի բազմաթիվ պոստուլատներից ընդամենը մի քանիսն են, որոնցով առաջնորդվել են չինացի զորավարները, քաղաքագետներն ու դիվանագետները:

Այսօր էլ չինական մտածողությունը ստրատագեմային է, որի համար մեկնակետ է հնարամտությունների, որոգայթների, խարդավանքների, ապատեղեկատվության, «կեղծ նպատակների» հնուց կուտակված հարուստ շտեմարանը:

Շվեյցարացի անվանի չինագետ Հարո ֆոն Զեգները, ուսումնասիրելով չինական հին ձեռագրերը և ժամանակակից չինարենը, հանգել է եզրակացության, որ ստրատագեմաներ գոյություն ունեն բոլոր էթնոսներում և կուլտուրաներում: Դրանք կարելի է գտնել և՛ Աստվածաշնչում, և՛ Գրիմ եղբայների հեքիաթներում, և՛ հունական դիցաբանությունում, և՛ աֆրիկյան առասպելներում:

Ռուս չինագետ Վ. Մյասնիկովը այն կարծիքն է հայտնում, որ մյուս ժողովուրդները չեն վերծանել իրենց ստրատագեմները, մինչդեռ չինացիները դրանք, ինչպես բազմապատկման աղյուսակ, ունեն իրենց ձեռքի տակ և մանկությունից օգտագործում են կյանքի ամենատարբեր իրադրություններում:

(Ինձ մոտ ծագում է բնական հարց: Իսկ հայ մշակույթո՞ւմ: Անշուշտ, մենք էլ ունենք մեր ստրատագեմաները, որոնք ուսումնասիրման կարիք ունեն):

Արդյունքում` ստրատագեմիզմը դարձել է չինական ազգային սեփականություն և գաղտնի է պահվել օտարներից: Այն եղել է և այսօր էլ չինական դիվանագիտության գաղտնի զենք է:

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան

սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ