Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Նպատակն է` արդիականացնել ներկայիս առողջապահական համակարգը»

«Նպատակն է` արդիականացնել  ներկայիս  առողջապահական համակարգը»
04.06.2013 | 11:14

Առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր շրջան է սկսվում։ Առողջապահության նախարարի հանձնարարականով մշակվել է «ՀՀ բժշկական, հանրային առողջապահական և դեղագիտական մասնագիտությունների» նոր ցանկը։ Փորձագետների և պրակտիկ բժիշկների կարծիքով` այդ ցանկի վերանայումը ժամանակի հրամայականն էր և վաղուց սպասված էր. «Ինչպես մասնագիտությունների հստակեցումը, այնպես էլ նրանց աշխատանքային բնութագրումների սահմանումը կարելի է առաջին քայլը համարել օրենսդրական բարեփոխումների գործում։ Մյուս կողմից` նոր ցանկը կարևորվում է այն առումով, որ ցանկացած նեղ մասնագետ առաջին հերթին խորացած տիրապետի ընդհանուր մասնագիտությանը»,- մեզ հետ զրույցում նշեցին բժիշկները։ Չնայած դրան, նախարարին կից կոլեգիայի վերջին նիստի ժամանակ նոր ցանկը «ընդդիմախոսներ» է ունեցել։ Ո՞րն է եղել դրա պատճառը և ընդհանրապես, նոր ցանկի շուրջ զրուցեցինք կոլեգիայի անդամների հետ։


ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (պրոֆեսոր, Հայաստանի գլխավոր գինեկոլոգ)
-17 տարի առաջ հաստատված մասնագիտությունների ցանկի արդիականացումը շատ կարևոր է, քանի որ դրանից հետո մասնագետները կպատրաստվեն ըստ հստակ ուղղությունների։ Դրա համար կստեղծվեն ուսումնական նոր ծրագրեր ինչպես նախադիպլոմային, այնպես էլ հետդիպլոմային շրջանների համար։
-Դրանով արդյոք չի՞ սահմանափակվի բժշկի մտահորիզոնը։ Նկատի ունեմ բժշկությունը։
-Ո՛չ։ Այս նոր ցանկի կիրառման դեպքում, ինչպես նշեցի, ուսուցում պետք է իրականացվի նախադիպլոմային և հետդիպլոմային շրջաններում։ Այսինքն` ապագա նեղ մասնագետը սկզբում ստանում է ընդհանուր մասնագիտություն, այնուհետև խորանում իր ընտրած նեղ մասնագիտացման մեջ և աստիճանաբար զարգացնում է այն։
ՎԻԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ (ակադեմիկոս, առողջապահության նախարարին կից էթիկայի կոմիտեի նախագահ)
-Անպատճառ ուսուցման հետ կապված խնդիրներ կառաջանան։ Սակայն մինչ այդ ուզում եմ ասել, որ այդքան էլ կողմնակից չեմ այսքան նեղ մասնագիտությունների ստեղծմանը։ Կոլեգիայի նիստին, երբ ներկայացվում էր այս հարցը, ես փորձեցի ճշտել` համեմատած այլ երկրների հետ ինչո՞ւ է մեր երկրում մասնագիտացումների թիվն ավելի շատ։ Կարծում եմ, Հայաստանում այդպիսի փոքր նեղ մասնագիտությունների անհրաժեշտություն չկա։ Նման բան կարող են իրականացնել ՌԴ-ում, ԱՄՆ-ում։ Բացի այդ, ցանկում ընդգրկված են մասնագիտություններ, որոնք հստակեցման կարիք ունեն։ Մասնագիտությունները հետդիպլոմային շրջանում են հստակեցվում, մինչդեռ շատ ճիշտ կլինի, որ այդ գործընթացը սկսվի նախադիպլոմային շրջանից, որպեսզի ուսուցման ընթացքում առաջին և երկրորդ կուրսից այդ ծրագրերը կիրառվեն։ Դրա համար հարգարժան նախարար Դերենիկ Դումանյանին ասացի, որ մասնագիտությունների այս նոր ցանկը հաստատելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել բժշկական համալսարանի նախադիպլոմային ծրագրերը, որոնք խիստ անհրաժեշտ են ապագա մասնագետի պատրաստման գործում։
ՍԱՄՎԵԼ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ (առողջապահության նախարարության աշխատակազմի, անձնակազմի կառավարման վարչության պետ)
-Առաջինը, ինչ վերաբերում է բժշկական կրթական համապատասխան ծրագրերին` նեղ մասնագիտացման առնչությամբ, ապա դրա շուրջ մտավախությունը տեղին չեմ համարում։ Այն պարզ պատճառով, որ Երևանի պետական բժշկական համալսարանն ունի անհրաժեշտ բոլոր ամբիոնները, և պրոֆեսորադասախոսական կազմը ամբողջությամբ ի զորու է ուսուցանելու ցանկում ընդգրկված բոլոր նեղ մասնագիտությունները։ Այս ամբողջ ցանկը բացառապես վերաբերում է հետդիպլոմային կրթությանը։ Նախադիպլոմային էտապում ուսանողը ստանում է ընդհանուր մասնագիտություն, որից հետո հաջորդ քայլը հիմնական մասնագիտությունն է (որը կլինիկական օրդինատուրայով է ենթադրվում), այնուհետև` նեղ մասնագիտություն ձեռք բերելու գործընթացն է սկսվում, որն իրականացվելու է լրացուցիչ կրթական ծրագրերով` հետդիպլոմային շրջանակներում։ Այնպես որ, կրթական մասով մտավախությունները հիմնավորված չեն։ Ինչ վերաբերում է այն բանին, թե այս ցանկով շատ են մանրացել բժշկական մասնագիտությունները, ապա ճիշտ հակառակն է։ Մասնագիտությունների ցանկի ամբողջ նպատակն է խոշորացնել մասնագիտությունները։ Հիմնական մասնագիտությունը ստանալուց հետո ուսանողը, այսինքն` կլինոօրդինատորը, դուրս է գալու աշխատաշուկա։ Այսինքն` այդ հիմնական մասնագիտության շրջանակներում նա հնարավորություն է ստանում լիարժեք աշխատելու։ Այն բոլոր դեպքերում, երբ որևէ բժշկական կազմակերպության անհրաժեշտ կլինի (հիմնականում դա վերաբերում է երրորդային մակարդակի կազմակերպություններին), որ իրենց մոտ աշխատեն ոչ թե ընդհանուր մասնագիտության տիրապետող բժիշկներ, այլ նեղ մասնագետներ` որոշակի ոլորտի, ապա այդ պարագայում հիմնական մասնագիտություն ունեցողները մասնագիտացում կանցնեն այդ պրոֆիլով։
-Նեղ մասնագիտությունների ցանկը եվրոպական առողջապահական կազմակերպությունների պահա՞նջն է, թե՞ Հայաստանի նախաձեռնությունը։
-Խնդիրը բարձրացրել է առողջապահության նախարարը։ Այս ցանկի նպատակն է արդիականացնել Հայաստանի ներկայիս առողջապահական համակարգը` այն համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին։ Բժշկական մասնագիտությունների ցանկ ունենալը ցանկացած երկրի առողջապահության համակարգի համար այնքան պարտադիր բան է, որ որևէ այլ երկրի պահանջի կարիք չի ենթադրվում։ Այս ցանկի արդիականացումը հանրապետության առողջապահական համակարգում վաղուց հասունացած էր, և շատ խնդիրներ կային, որոնց լուծումներն անմիջականորեն կապված էին այս նոր ցանկի հաստատման հետ։


Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Հ. Գ.- Առողջապահության ոլորտին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կոլեգիայի նիստում հանձնարարել է նոր ցանկով նախատեսվող կադրերի պատրաստման հարցը քննարկել կրթության և գիտության նախարարության և Երևանի պետական բժշկական համալսարանի հետ։

Դիտվել է՝ 3225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ