ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Նախարարն իր խոսքն ասաց

Նախարարն իր խոսքն ասաց
30.05.2013 | 16:10

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, առողջապահության նախարարությունում «ամպրոպ» է եղել։ «Եթե սրանից հետո լսեմ, որ դեղերը հիվանդներին չեն հասնում, ինձնից չնեղանաք»,- մայիսի 29-ին ասել է առողջապահության նախարար ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ նախարարությունում հրավիրված կոլեգիայի նիստում` անդրադառնալով ինսուլինի հասանելիության խնդրին։ Հարցը մեկընդմիշտ պարզելու համար նախարարը «առերեսում» է կատարել մարզպետարանների բուժվարչությունների պետերի և նախարարության պատասխանատուների միջև։ Մինչ վերջիններս փորձել են խնդիրը մեկը մյուսի վրա գցել, նախարարը բոլոր պատճառաբանություններն անհիմն է համարել, նշելով, որ չի հանդուրժի բյուրոկրատական քաշքշուկ այս հարցում. «Պետությունը հնարավոր ամեն բան անում է ինսուլինի հասանելիությունը բարձրացնելու համար և անընդունելի է, որ ոչ օպերատիվ աշխատանքների կազմակերպման պատճառով տեղերում ամբողջ արվածը ջուրը լցվի և տուժի հիվանդը»։ Ի դեպ, նկատենք, որ խոսքը վերաբերել է ոչ միայն Սյունիքի, այլև բոլոր մարզերին, այդ թվում` նաև Երևանին։ Ըստ ամենայնի, ոչ միայն ինսուլինի հետ կապված խնդրի վերաբերյալ, այլև շատ այլ հարցերի, որոնք ստացել են հասարակական հնչեղություն, նախարարի համբերությունը հատել է։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, նախարարի համար անհասկանալի է եղել, թե ինչու մարզերում վթարների և պատահարների դեպքում մարզկենտրոնի արդիականացված բժշկական կենտրոնները չեն ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն, այլ ուղարկում են Երևան։ «Մեզնից պահանջում են ռեանիմոբիլ ուղարկել, բայց հարց է` ինչո՞ւ չեն պահանջում համապատասխան բարձրակարգ մասնագետ։ Չէ՞ որ մինչև շտապօգնության մեքենան հասնի տեղ, մինչև հիվանդին տեղափոխի մայրաքաղաք, հիվանդին փրկելու գործում ժամանակ ենք կորցնում։ Ինչո՞ւ ենք արդիականացնում մարզային բժշկական կենտրոնները` դրանք դարձնելով գերժամանակակից, եթե նման դեպքերում տեղում անհրաժեշտ օգնությունը չի ցուցաբերվելու»,- ասել է նախարարը և հնչեցրած «ինչու»-ների պատասխանը ստանալու համար հանձնարարել խիստ և խոր ուսումնասիրություն իրականացնել տեղերում խնդիրը պարզելու համար։ Ի դեպ, նկատենք, որ մահացու ելքով վերջերս վթարային երկու դեպք տեղի ունեցավ. մեկը Տավուշի, մյուսը Լոռու մարզերի ճանապարհներին։ Երկու վթարներից տուժածներն էլ տեղափոխվել էին մայրաքաղաք։ Եվ նշված երկու դեպքերը, հավանաբար, վերջինը չեն լինի, եթե տեղերում բուժաշխատողները փորձեն խուսափել պատասխանատվությունից։ Նկատենք, որ կոլեգիայի նիստում նախարարի աչքից չի վրիպել նաև քաղաքացի Ամալյա Նազարեթյանին հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու աղմկահարույց դեպքը։ Մայիսի 30-ին նախարարի հանձնարարությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովն ուսումնասիրելու է տիկին Նազարեթյանի առողջական վիճակը։ Գուցե Դերենիկ Դումանյանի այս մոտեցումը որոշ մարդկանց սրտով չի եղել, քանի որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, կոլեգիայի նիստից հետո շատերի տրամադրությունը «կարգին» չէր։ Բայց, ինչպես ասում են, ավելի լավ է նրանց «քիթը կախվի», քան ժողովուրդը «լաց լինի»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ