ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իշխանությունը իր հնարած հայելու առաջ

Իշխանությունը իր  հնարած հայելու առաջ
26.04.2013 | 01:27

Երևանի ավագանու ընտրություններին մնացել է ինը օր, իսկ քաղաքական դաշտի վերադասավորման գործընթացները կարծես նախորդում են ընտրություններին, թեև, բնականաբար, ամբողջանալու են ընտրություններից հետո:

Չափազանց հստակ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նախագահական ընտրություններից առաջ պոկվեց ընդդիմադիր ուժերից, այնպես էլ հիմա «Բարև, Երևան» դաշինքը փորձում է միայնակ կրել ընդդիմադիրի ծանր շինելը: Ընդդիմադիր մյուս ուժերի նախընտրական բանակցություններին, առաջարկություններին, քննարկումներին «Բարև, Երևանը» գործնականում չմիացավ, որքան էլ տարբեր կոչեր ու հայտարարություններ հնչեցին: Գուցե պատճառը հետընտրական ալիքն էր, վստահությունը, որ փետրվարից մայիս քաղաքականության մեջ կարճ ժամանակ է հաջողությունը երկրորդելու համար: Կամ` անցած տարիների բավականին դառը փորձառությունը, որ քաղաքական դաշտում բոլորն առաջին են, և ոչ մեկը պատրաստ չէ ընդունել մյուսի «առաջին»-ությունը, ուրեմն և որևէ բանակցություն միայն քաղաքական առօրյա է ու չունի գործնական հետևանք: Բոլոր դեպքերում, ինչպես նախագահական ընտրություններում, այս անգամ էլ պայքարը երկրորդ պատվավոր տեղի համար է: Ի տարբերություն նախագահականի, այս ընտրություններում երկրորդը լինելը պարտվել չի նշանակում:
Ավագանի դառնալու ցանկություն ունեցող վեց կուսակցություններն ու մեկ դաշինքը վերջին մի քանի օրերին հատկապես ակտիվացրին իրենց ջանքերը: Հրապարակային քաղաքականության մեջ միանշանակ առաջատարը դարձավ ԲՀԿ-ն, բայց բնավ էլ ոչ մայրաքաղաքային իր ծրագրերի ու դրանց պահանջարկի պատճառով: Պարզապես նորից հայտնվեց «անձնական կարծիք», որը կուսակցության ճակատագրում որոշակիության հեռանկար է ուրվագծում: Դիվանագետ Վարդան Օսկանյանը մոռացավ «դիվանագիտությունը» և դիվանագիտության կանոնները ու ցանկություն հայտնեց, որ սեպտեմբերին ԲՀԿ-ն խորհրդարանում հայտարարի իր ընդդիմադիր լինելը: Առաջին հայացքից անձնական այս կարծիքը միանգամայն տեղավորվում է նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ` ընտրողը, հատկապես մայրաքաղաքում, վիճակագրության համաձայն, նախընտրում է ընդդիմությանը ձայն տալ: Անհասկանալի այլընտրանքի ընտրության հնարավորություն ընտրողին դեռ չի տրվել, գայթակղությունը մեծ է, որ կարող է և չընտրել, երբ կա հասկանալի ընդդիմություն: Բայց Վարդան Օսկանյանը դիվանագետ չէր լինի, եթե խաղն այդքան միագիծ լիներ, նրա հայտարարությունը վերաբերում է որքան ընտրողին, նույնքան իշխանությանը, որ կարող է վերջնականապես «կորցնել» կոալիցիոն նախկին գործընկերոջն ու ստանալ ֆինանսական հնարավորություններով համարժեք մրցակցի: Գագիկ Ծառուկյանի «սուքիասյանացումը» այս պարագայում քաղաքականապես ծառայելու է կուսակցության օգտին, որովհետև ընտրողը ենթագիտակցորեն սիրում է տուժածին ու զոհին: Թեպետ ԲՀԿ-ի ընդդիմադիրացումը ամենայն հավանականությամբ կմնա անձնական կարծիքի մակարդակում, ուղղակի որոշակի ժամանակ կխաղա արժանահավատ տարբերակի դեր ու կմոռացվի: Պատճառը կուսակցության ղեկավարը չէ միայն, որ «ձևով ու բովանդակությամբ» բնավ նման չէ ընդդիմադիրի, պատճառը նաև կուսակցության ստեղծման ձևն ու բովանդակությունն է եղել:

ԲՀԿ-ն ի սկզբանե այլընտրանք է ստեղծվել ՀՀԿ-ին` իշխանության սահուն փոխանցում ապահովելու համար, և ԲՀԿ-ի անդամներից շատ քչերն են պատրաստ ընդդիմադիրի դերին ու գործունեությանը: Այն էլ` գործնականում, այն էլ` Հայաստանի պես խիստ անձնավորված ու խիստ անհատականացված քաղաքականություն ու քաղաքական դաշտ ունեցող երկրում: Բիզնեսի, շարժական ու անշարժ գույքի, «պատվի ու հեղինակության», ազդեցության լծակների կորստին, որով հատկանշվում է իրական ու կառուցողական ընդդիմադիրի կյանքը Հայաստանում, ոչ բոլորը կարող են պատրաստ լինել: Ի վերջո, ընդդիմադիր ԲՀԿ-ն առանձնապես ոչ մեկին չի ուրախացնելու: Հազիվ թե ընդդիմադիր դաշտում ԲՀԿ-ին գրկագլխաբաց դիմավորեն: ՀԱԿ-ի համար ԲՀԿ-ի ամբողջ հմայքը «համեստ» բուրժուական կյանքն է, իսկ իբրև գործընկեր ԲՀԿ-ն վտանգավոր է, որովհետև հարուստ է և ուժեղ, առանձնապես մեծ քնքշանքով կամ ակնածանքով էլ լցված չէ, որ ինտելեկտուալ դաշտում գոնե ընդունի իր երկրորդությունը: Եվ հետո, ՀԱԿ-ի` իշխանությունից մաս պոկելու պատմական ծրագիրը կատարելուց հետո, գործունեությունը կարող է ավարտվել, որովհետև հետայդու իշխանության համար պայքարում առաջինը թե՛ քաղաքական դաշտում, թե՛ ընտրողների համար կլինի ԲՀԿ-ն: «Ժառանգությունը» ևս ԲՀԿ-ին սրտատրոփ չի սպասում այլևս, որովհետև համարում է, որ ժամանակն անցավ` ԲՀԿ-ն Րաֆֆի Հովհաննիսյանին պետք էր փետրվար, մարտին, ապրիլին արդեն ԲՀԿ-ն ոչ թե գործընկեր, այլ մրցակից է: Ընդ որում` ԲՀԿ-ի ու «Ժառանգության» միջև յուրօրինակ մրցակցություն կա` ո՞ր երկրորդն է ավելի մեծ ու ազդեցիկ` խորհրդարանակա՞ն ընտրություններում երկրորդը դարձած քաղաքական ուժը, թե՞ նախագահական ընտրություններում երկրորդը դարձած Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ուժը: ՀՅԴ-ի համար ԲՀԿ-ն գուցե դառնա նախընտրելի դաշնակից, եթե ընդդիմություն լինելու պարագայում ԲՀԿ-ն գնա դեպի քաղաքականացում: Բոլոր դեպքերում, թե՛ ՀՅԴ-ի ներսում, թե՛ ԲՀԿ-ի ներսում դիրքորոշումների ու նախընտրությունների որոշակիացման անհրաժեշտություն կլինի: Իհարկե, սոցիալական ուղղվածությամբ օրինագծերում ՀՅԴ-ն կստանա 5+37-ի հնարավորություն (եթե ընդդիմություն դարձած ԲՀԿ խմբակցությունը պահպանվի գործող կազմով. ՕԵԿ-ի փորձը համոզիչ ապացույց էր, որ իշխանությունից այս ու այն կողմ որևէ քայլը ոչ միայն լծակների կորուստ, ազդեցության դաշտի անհամեմատ նեղացում է բերում, այլև կուսակիցների զանգվածային կուսակցալքում), թեպետ կուսակցությունների քաղաքական կյանքը խորհրդարանում չի սկսվում ու ավարտվում: Ժողովրդի համար ԲՀԿ-ի դիրքը քաղաքական դաշտում առանձնապես չի կարևորվելու, որովհետև պարոն Ծառուկյանից ակնկալվել ու ակնկալվում են ոչ թե օրենքներ, ոչ թե ներքին ու արտաքին քաղաքական կյանքի դարակազմիկ որոշումներ, այլ զանգվածային բարեգործությունից անհատական օգնություն տրամագծով արվող քայլերը: Եվ այս կետում ո՛չ պարոն Ծառուկյանն է մեղավոր, ո՛չ բարերարվածները, կյանքն է այդպիսին: Գագիկ Ծառուկյանն ընտրությունից ընտրություն (հիշո՞ւմ եք խորհրդարանական ընտրությունները) բոցաշունչ ելույթներ է ունենում, մարդիկ էլ սպասում են փոխհատուցման: Այնուամենայնիվ, ինչքան աղքատիկ է հայոց քաղաքական ասպարեզի ռազմամարտավարական զինանոցը, որ ընդամենը մեկ «անձնական կարծիք» կարողանում է բազում ակնկալիքներ բերել, որոնց մեկ տոկոսն է միայն ենթակա կատարման:
Իսկ հանրապետակա՞նը: ՀՀԿ-ն կարող է հանգիստ շունչ քաշել ու այլևս տարատեսակ բուֆերների, բանակցողների, միջնորդների առաքելությունը ավարտված համարել, առավել ևս, որ ցանկացած միջնորդ ցանկացած գործում երբեք չի մոռանում իր միջնորդչեքը: Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համար իսկապես դժվար իրավիճակ է ստեղծվում` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Բարև, Երևանը» այն մրցակիցներն են, որ քաղաքում քարը քարի վրա չեն թողնում: Նրանց քննադատությունը հիմնավոր է ու գաղափարական, որովհետև նրանք պայքարը չեն համարում միայն Երևանի ավագանու համար, ընտրական մեծ ցիկլի վերջնազարկը նրանց համար քաղաքական դաշտում սեփական տեղն ու դիրքը հնարավորինս ամրապնդելու ու հերթական ցիկլից առաջ լավագույն դիրքեր ապահովելու հնարավորություն է նախ, հետո միայն համայնքային ընտրություն, որի հաղթողը քաղաքական խնդիրներով չի զբաղվելու, որքան էլ ընտրությունները քաղաքականացվեն ու կուսակցականացվեն: «Առաքելությունն» ու ՕԵԿ-ը ևս մրցակիցներ են, բայց դաշնակից-մրցակիցներ: Իհարկե, սակավ հավանական է, որ «Առաքելությունը» կարողանա ընտրություններում իր խոսքն ասել, ի տարբերություն ՕԵԿ-ի, որը, ի դեմս արտակարգ իրավիճակների նախարարի, արտակարգ էլ մայրաքաղաք է խոստանում: ՀՀԿ-ի համար այս ընտրությունները նախ և առաջ հոգեբանական վերականգնման հնարավորություն են: Տրամաբանորեն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պետք է մտածեին հնարավորինս շատ ձայներ հավաքելու մասին, բայց ստացվել է այնպես, որ բոլորը պայքարում են մեկի դեմ: Ավանդական հայկական ընտրություն:
Այս ընթացքը, կարծես, ստվերել է շատ ավելի կարևոր գործընթաց` կառավարության կազմավորումը: Գուցե սպասելիքները մեծ չեն, գուցե անակնկալների ակնկալիքը մեծ չէ, գուցե այս անգամ իրականություն է դառնալու ավանդական մխիթարությունը, որ այս կառավարությունը անցումային է, ժամանակավոր, երեք ամիս է գործելու (վեց ամիս, մեկ տարի), որից հետո նոր կառավարություն է կազմավորվելու ու արմատական փոփոխություններ են լինելու: Այս տարբերակը, իհարկե, չի բացառվում, առավել ևս, որ կառավարության կազմում ընթացիկ փոփոխություններ` մեկ-երկու նախարարի, այս կամ այն կերպ լինում են, բայց այդ փոփոխությունները կառավարության գործունեության ուղղվածության վրա չեն ազդում: «Ժառանգությունը» կարծես «մոռացավ» իր նոր Հայաստանի նոր կառավարման մեջ ունեցած պահանջները, ավելի շուտ, ասացին` մոռացիր, դա քո խաղալիքը չէ: ԲՀԿ-ն իր տարբեր անդամների շուրթերով բացառում է հետընտրական կոալիցիայի կազմավորման հնարավորությունը, ուստի նոր կառավարությունը լինելու է ՀՀԿ+ՕԵԿ շրջանակում, բնականաբար` ՀՀԿ-ի գերակայությամբ: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում հնչած քննադատությունը իշխանության ու կառավարության հասցեին հիմնավորում է, որ թեպետ վարչապետ չի փոխվել, բայց կառավարությունն ուղղակի պարտավոր է գործունեության բովանդակությունը փոխել: Իհարկե, շատ հեշտ է ճգնաժամին հղումով հիմնավորել վերստին օրընթաց քաղաքականություն վարելը, բայց այդ քաղաքականության հետևանքները, տնտեսական ու բարոյական աղետից բացի, քաղաքական աղետ են խոստանում նույն կառավարությանը: Հայերը հրապարակ են դուրս գալիս ազգային խնդիրներով ու հանուն արդարության, անկախության տարիների փորձը հաստատում է, որ սոցիալ-տնտեսական խնդիրները յուրաքանչյուրը փորձում է յուրովսանն լուծել երկրում կամ երկրից դուրս, այդ խնդիրները դեռ ընդհանրական լուծման ազդակ չեն դարձել: Բայց դա օրինաչափություն չէ: Կառավարության համար հանգիստ կյանքի երաշխիք չէ նաև արտագաղթը, որը երկրից դուրս է բերում ոչ միայն ակտիվ աշխատուժը, այլև ընդվզող զանգվածը: Ռուսաստանի Դաշնություն մեկնող ու այնտեղի աշխատանքով Հայաստանում հարազատներին պահողների թիվն ու հնարավորությունները կարող են կրճատվել` ներգաղթյալների նկատմամբ ՌԴ-ի վարած նոր քաղաքականության հետևանքով: Վիզային սահմանափակումները, արտասահմանյան անձնագրերին անցումը, ՌԴ ներքին աշխատաշուկայում կատարվող աշխատանքի աշխարհագրության, ծավալի, որակի, վարձատրության փոփոխությունները, բնականաբար, հանգեցնելու են տրանսֆերտների նվազման: Եվ սա Հայաստանի Հանրապետության իշխանության խնդիրն է` իր արտագաղթյալների մասով: Ընտրություններն ավարտվեցին, իշխանությանը մնում է կատարել իր խոստումները` նախ և առաջ հանուն իր հանգստության: Ինչ վերադասավորումներ էլ կատարվեն կամ չկատարվեն ընդդիմադիր դաշտում, սոցիալ-հոգեբանական վիճակը բավարար պատճառ է հրապարակում կեսմիլիոնանոց ընդդիմադիր զանգված ունենալու համար: Հայաստանի Հանրապետության բնակչության թվի հետ համեմատ` այս թիվը ոչ միայն տպավորիչ է, այլև վտանգավոր նույնիսկ ամենաապահով ու ամենահաստատուն իշխանության համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Փոփոխությունների չինական դասական մեծ գիրքը, որ կյանքի բոլոր երևույթների բացատրությունն ունի, ուսուցանում է. «Լուրջ փորձությունների միջով անցնելով` դրանցով իսկ մեծ ձեռքբերումներ ունեցար, որոնք դեռ օգտագործված չեն: Վեհանձն մարդը կկարողանար հաղթահարել այդ ծանր շրջանը` անցնելով այն առանց թուլակամության ու հիասթափության և կվայելեր իր ձեռքբերումները: Իսկ նա, ով դիմակայման ունակ չեղավ, ստորացավ, ողբալով ավերման ընթացքի համար, այժմ դեռ նույն իրավիճակում է գտնվում, քանզի տեղի ունեցած ավերումներն ընկալում է որպես անվերադարձ և ծանր կորուստ` տևական անդադար ավերում»: Եվ` ինչո՞ւ է Չինաստանի տնտեսական աճը դանդաղում:

Դիտվել է՝ 2556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ