ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հանրապետությունում արձանագրվել է բոտուլիզմի 20 դեպք

Հանրապետությունում արձանագրվել է բոտուլիզմի 20 դեպք
06.04.2013 | 18:09

Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականին արձանագրվել է սննդային թունավորման, մասնավորապես՝ բոտուլիզմի 20 դեպք` 34 տուժածով, որից 3-ը մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սննդի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանի փոխանցմամբ, սննդային թունավորման դեպքերն արձանագրվել են Լոռու, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Շիրակի, Վայոց Ձորի, Արմավիրի մարզերում և Երևանում: Բոլոր թունավորումներն, ըստ Մ.Բաբայանի, առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, լեչոյի, շուշանի, ծիծակի պահածոների օգտագործման հետևանքով:

Վերջինիս խոսքով`բոտուլիզմից խուսափելու համար պետք է զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից: Սննդամթերքն էլ անհրաժեշտ է պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով: «Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե: Մի գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից: Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի»,- հորդորել է Բաբայանը:
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, կոպի իջեցում, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:
Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (15-2 մթնոլորտ) և 120-130 ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում դրանք հնարավոր չէ ապահովել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ