Սպիտակուցներով հարուստ նախաճաշը` ձու, մածուն, կօգնի պահպանել կազմվածքը և լինել ֆիզիկապես և հոգեպես ներդաշնակ: Այս մասին, ինչպես գրում է The Daily Mail-ը, հայտարարել են Միսսուրի համալսարանի աշխատակիցները: Գիտնականները պարզել են, որ սպիտակուցներ պարունակող սնունդը վերահսկում է ախորժակը:
Համաձայն ուսումնասիրության՝ ամերիկացի երիտասարդների 60 տոկոսը պարբերաբար բաց է թողել նախաճաշը, իսկ ահա գիտնականները հավաստիացնում են, որ ճիշտ նախաճաշը դիետայի լավագույն տարբերակներից է: Ըստ հետազոտողների՝ աղջիկները, ովքեր սպիտակուցներով հարուստ նախաճաշ են ունենում, երեկոյան հրաժարվում են յուղային և քաղցր ուտեստներից, իսկ նրանք, ովքեր չեն նախաճաշում, երեկոյան պահանջում են հացեղեն և յուղային սնունդ:
«Սպիտակուցներով հարուստ նախաճաշով պայմանավորված կարող է փոխվել ձեր ողջ օրվա ուտելիքը: Արդյունքները վկայում են, որ առավոտվա ճիշտ չափաբաժինը կարող է կանխել շատակերությունը և բարելավել սննդի որակը` փոխարինելով վնասակար սննդին»,- մեկնաբանել են հեղինակները:
Իսկ ահա նրանք, ովքեր հրաժարվում են նախաճաշից, գիտնականները առաջարկում են խախտել իրենց ավանդույթն ընդամենը երեք օր, որի ընթացքում իրենց օրգանիզմը կհասցնի հարմարվել սնման նոր ռեժիմին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ