ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Կանաչ» ռեակտորի ստեղծման գործում Բիլ Գեյթսը ներդրել է 35 մլն դոլար

«Կանաչ» ռեակտորի ստեղծման գործում Բիլ Գեյթսը ներդրել է 35 մլն դոլար
05.03.2013 | 00:05

Մեր թերթը, որը հիանալի հասկանում է, թե ինչ դեր ունեն էներգետիկան և էներգակիրները ոչ միայն առանձին մարդկանց ու երկրների ճակատագրերում, այլև դրանց նշանակությունը համաշխարհային քաղաքական իրադարձություններում ու հակամարտություններում, կանոնավորապես անդրադառնում է այդ ոլորտի նոր միտումներին ու հայտնագործություններին։ Այսպես, առանց համեստություն խաղալու նշենք, որ դեռ մի քանի տարի առաջ մենք Հայաստանում առաջիններից մեկն սկսեցինք լուսաբանել գազի ու նավթի արդյունահանման ասպարեզում տեղի ունեցող փոփոխությունները, խոսել «թերթաքարային հեղափոխության» և գլոբալ գործընթացների համար նրա նշանակության մասին։ Այն ժամանակ շատերը բավական հոռետեսորեն ընդունեցին դա, առավել ևս, որ նույն տրամադրություններն ունեին նաև մեր «ավագ եղբայրները»։

Հիմա Ռուսաստանում միայն շատ հաստագլուխներն են շարունակում «թերթաքարային հեղափոխությունը» առասպել համարել, և նույնիսկ «Նորին մեծություն Գազպրոմն» է հարկադրված ընդունել, որ թերթաքարային գազի ու նավթի նոր հանքերի շահագործման հետևանքով բնական գազի գներն ընկել են։ Իսկ Իգոր Սեչինը, որը դուրս է եկել ՌԴ կառավարությունից ու գլխավորում է «Ռոսնեֆտ» պետական ընկերությունը, սակայն դրանով, որոշ դիտորդների գնահատմամբ, միայն ամրապնդել է դիրքերը Մոսկվայի քաղաքական-տնտեսական հիերարխիայում, և այսօր, ըստ էության, դարձել է երկրորդ դեմքը Պուտինից հետո, այժմ մտադիր է թեթևակի փոփոխության ենթարկել նավթային ոլորտը, ավելի շատ համատեղ ձեռնարկություններ ստեղծել արևմտյան ֆիրմաների հետ, որոնք անհրաժեշտ տեխնոլոգիաներ ունեն Արևմտյան Սիբիրի և Արկտիկայի` յուրացման բարդություններ ունեցող հանքերի շահագործման համար։ Եվ դա, չնայած Արևմուտքի հետ Կրեմլի թվացյալ կոշտ դիմակայությանը։ Այնպես որ, գիտությունը, հաստատ, տեղում չի դոփում, և նոր էներգետիկան սկսում է ակտիվորեն ներգործել քաղաքականության վրա։
ՈՒ հիմա, այս մանրամասն ներածականից հետո, կցանկանայի խոսել այդ ոլորտում տեղի ունեցող նոր ճեղքումների մասին։ Առավել ևս, որ բառացիորեն օրերս նախագահ Օբաման առաջարկեց ստեղծել էներգետիկ անվտանգության` նավթի ու գազի եկամուտներից ֆինանսավորվող հիմնադրամ, որի նպատակը պետք է լինի հետազոտություններ կատարելը ԱՄՆ-ում վառելիքի գլխավոր սպառողների` մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար էներգիայի այլընտրանքային աղբյուրների անցնելու ուղիների մշակման համար։
Եվ այսպես, ինչ նոր բան ունենք մենք համաշխարհայինի էներգետիկայի ոլորտում 2013-ի սկզբի դրությամբ։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, անցած տարվա հոկտեմբերից մինչև ընթացիկ տարվա հունվար Իսպանիան էապես ավելացրել է էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը։ Այնտեղ, պարզվում է, փաստորեն լուծվում է էլեկտրականության պահանջարկի ընդլայնման ու բավարարման հարցը։ Իսպանիան այդ պահանջարկը բավարարում է վերականգնվող աղբյուրների, մասնավորապես հողմայինի հաշվին, իսկ ընդհանուր առմամբ էլեկտրականության մեկ քառորդն արտադրվում է էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներով։ Վատ չէ վիճակը նաև Գերմանիայում, որտեղ անցյալ տարի կառուցվել է 1008 հողմակայան` 2439 մեգավատ ընդհանուր հզորությամբ։ Հողմաէներգետիկայի տեղական միավորման ներկայացուցիչները հայտարարել են, որ միայն հունվարին իրենք արտադրել են հսկայական` վեց տերավատ-ժամ էլեկտրաէներգիա։ Անգամ ոչ ամենահարուստ և տեխնոլոգիական առումով զարգացած Ղրիմում արևային և հողմային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի բաժինը կազմել է ընդհանուր արտադրության 30 տոկոսը։ Երկար ժամանակ ասվում էր, թե հողմային և արևային էներգիան շատ թանկ է և անշահութաբեր։ Բայց հիմա տվյալներ կան, որ արևի էներգիան ածխի էներգիայից էժան է դառնում։ Մեքսիկայում էլեկտրաէներգիայի ստացման վերջին տվյալների համաձայն, նրբաշերտ լուսազգայուն տարրերի միջոցով արտադրված էլեկտրականությունը կվաճառվի կիլովատ-ժամը 5,8 ցենտով, ինչը շատ ավելի էժան է ածխի էներգիայից, որի արժեքը տատանվում է կիլովատ-ժամը 10-14 ցենտի միջև։ Այս փաստը հատկանշական է նրանով, որ ԱՄՆ-ում էլեկտրականության միջին սպառողական մանրածախ գինը կազմում է կիլովատ-ժամը 11,4 ցենտ, ինչը կրկնակի բարձր է մեքսիկական արևային էլեկտրաէներգիայի գնից։
Հետաքրքիր հայտնագործություններ կան նաև ատոմային էներգիայի ասպարեզում։ Ինչպես հայտնի է, միջուկային սինթեզը, որպես կանոն, համարվում է վտանգավոր էներգետիկա` ռադիոակտիվ թափոնների պարունակած սպառնալիքի առումով։ Բայց Մադրիդի պոլիտեխնիկական ինստիտուտում արտոնագրված` իներցիոն պահմամբ ջերմամիջուկային ռեակտորի նախագիծը, որտեղ սինթեզը տեղի է ունենում 1000 մեգավատ լազերային ճառագայթման միջոցով, իսկ որպես վառելիք օգտագործվում է ջրածնի իզոտոպը, փորձագետների գնահատմամբ, պետք է իր ավանդը մուծի աղտոտման վտանգի խնդրի լուծման գործում։ Բացի այդ, ջրածինը կարող է կորզվել ջրից (այդ տեխնոլոգիայի մասին` ստորև), և դա թույլ կտա էապես տնտեսել ատոմակայանների վառելիքը, ինչպես նաև հարմարեցնել խցի և, համապատասխանաբար, կայանի չափսերը։
Շատ հետաքրքրական, և գլխավորը` հեռանկարային հայտնագործություններ են արվել ջերմային էներգիայի ստացման ոլորտում։ Այսպես, Օհայոյի նահանգի համալսարանում ինժեներներն ածխի օգտագործման «մաքուր» տեխնոլոգիայի հաջող փորձարկում են կատարել, որը թույլ է տալիս էներգիա ստանալ առանց ածխի այրման, միայն տեղի ունեցող քիմիական ռեակցիայի հաշվին։ Նրանք իրենց փորձերում միայն փոշիացված ածուխ ու հատիկավոր երկաթօքսիդ են օգտագործել։ Ինչպես հայտարարում են գիտնականները. «Մենք լիովին վերահսկում ենք այդ քիմիական ռեակցիաները, որոնց ընթացքում ածուխը երբեք չի այրվում, այլ միայն էներգիա է ստեղծում, միևնույն ժամանակ, արտազատվող ածխաթթու գազը գտնվում է ռեակտորի ներսում և կարող է կուտակվել հատուկ խցերում` վերամշակման կամ պահպանման համար»։ Ներկայումս տեխնոլոգիան պատրաստ է լայնածավալ արտադրության մեջ փորձարկմանը։ Ակտիվ հետազոտություններ են կատարվում կենսադիզելի, կենսագազի, բուսական յուղի և անգամ աղբի ջերմային ցուցանիշների բարելավման ուղղությամբ։ Բացի այդ, վերջերս ճապոնացի գիտնականները հայտնաբերել են, որ ձյունը էներգիայի, փաստորեն, անվճար աղբյուր է։ Նրանք ասում են, թե ձյունը կարելի է այրել, քանի որ արդյունաբերական քաղաքներում դրա 70 տոկոսը մեթան է, որը ձյան մեջ ներծծվում է մթնոլորտից։ Ավտոմայրուղու մերձակայքից հավաքված մեկ տոննա ձյունից կարելի է ստանալ մինչև 100 լիտր մեթան։ Այդ գազն օգտագործվում է որպես վառելիք, իսկ «զտված» ձյունը կիրառվում է լավորակման համակարգերում։ Այժմ Ճապոնիայում արմատավորված է մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ձյունից ստանալ մեթան, ուստի երկրի հյուսիսում գտնվող Մուրորան քաղաքում այն կուտակում են հատուկ ամբարներում։
Իսկ ի՞նչ է կատարվում նախագահ Օբամայի ասած առաջնային` ավտոմոբիլային ոլորտում։ Ինչպես պնդում են փորձագետները, ապագան բենզինով և անգամ էլեկտրականությամբ աշխատող մեքենաներինը չէ։ «Daimler» կոնցեռնը հայտարարել է ջրածնային վառելիքով աշխատող շարժիչների համատեղ մշակման վերաբերյալ «Nissan» և «Ford» ընկերությունների հետ եռակողմ համաձայնագրի ստորագրման մասին։ Իսկ օրերս նույնպիսի պայմանագիր են կնքել BMW և «Toyota» կոնցեռնները։ Այսինքն, ավտոարտադրողները լրջորեն ձեռնամուխ են եղել առավել հեռանկարային վառելիքով աշխատող ավտոմեքենաների շարժիչների մշակմանը։ Ընդ որում, նրանք դա մտադիր են անել ոչ թե միայնակ, այլ պատկառելի խմբավորումներով։ Ինչպես հայտնի է, ջրածինը պարունակում է զգալի քանակությամբ էկոլոգիապես մաքուր վառելիք, սակայն նրա արտադրությունը շատ թանկ էր, ուստի և առևտրային առումով աննպատակահարմար։ ԱՄՆ-ի Փրինսթոնի և Ռատգերի համալսարանների գիտնականները ևս մի քայլ են արել էժան ջրածնի ստացման ճանապարհին։ Նրանք հիմք են ընդունել «Fe-Fe- հիդրոգենազներ» կոչվող խմորիչների միջոցով ջրից ջրածին կորզող մանրէների կենսագործունեությունը։ Հետազոտողները հայտնաբերել են սինթետիկ կատալիզատորների ստեղծման համար խմորիչների օգտագործման եղանակները, որոնց միջոցով մարդը կարող է ջրից ջրածին կորզել, և գտել են ռեակցիայի ժամանակ արտազատվող թթվածնի պատճառով կատալիզատորի արդյունավետության կտրուկ նվազման կարևոր խնդրի լուծումը։ Փորձերի միջոցով գիտնականները հայտնաբերել են, որ իրենք ստացել են թթվածնի ներգործությանը չենթարկվող կատալիզատոր։ Ավելին, այն կարող է արտադրվել էժան և լայնորեն տարածված բաղադրիչներից, մասնավորապես երկաթից։ Իսկ ավտոհսկաները ծրագրում են մինչև 2017 թ. ստեղծել միասնական շարժիչ կայանք և հայտարարում են. «Մենք համոզված ենք, որ վառելիքային «խցիկներով» փոխադրամիջոցներն առանցքային դեր կխաղան»։ Այսինքն, ապագան «ջրածնամոբիլինն» է։
Ի դեպ, էներգիայի այլընտրանքային աղբյուրների հետազոտման գործում զգալի միջոցների ներդրումը մի տեսակ մոդայիկ միտում է դարձել։ Իսկ չէ որ դեռ վերջերս «գաղտնաբանության» շատ սիրահարներ պնդում էին, թե հենց խոշոր ֆինանսական կորպորացիաներն ու նավթահսկաներն են ամեն կերպ արգելակում զարգացումը։ Բայց հիմա սովորական բան են դարձել հաղորդումներն այն մասին, որ այս կամ այն մեծահարուստը ներդրումներ է անում էներգետիկայի նոր ոլորտներում։ Մի երկու տարի առաջ Բիլ Գեյթսը` «Microsoft» կորպորացիայի հիմնադիրն ու աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, ասաց, որ մտադիր է մասնակցելու նոր տիպի հեղաշրջիչ միջուկային ռեակտորի ստեղծմանը։ Խոսքը այնպիսի ռեակտորի մասին է, որը խիստ աննշան քանակությամբ միջուկային թափոններ է թողնում։ Նման կայանքում վառելիքի այրումը տեղի է ունենում շատ դանդաղ, ինչը թույլ կտա առանց լրալիցքավորման և միջուկային վառելիքի փոխման 100 տարով ապահովել էլեկտրաէներգիայի անընդհատ արտադրությունը։ «Կանաչ» ռեակտորի ստեղծման գործում Բիլ Գեյթսը ներդրել է մոտավորապես 35 մլն դոլար և աշխատանքներում ներգրավել է Չինական ազգային միջուկային կորպորացիան։ Կան նաև ավելի տարաշխարհիկ ներդրումներ։ Այսպես, ամերիկյան «Avetec» ընկերությունը վերջերս 300 հազար դոլար է ստացել միլիարդատեր Փիթեր Տիլից` առցանց վճարումների («PayPal») համացանցային հսկայի հիմնադրից` «արհեստական պտտահողմ» կայանքով էկոլոգիապես մաքուր էներգիայի ստացման աշխատանքներն ավարտելու համար։ Ընկերությունը հուսով է, որ կկարողանա մոտ ժամանակներս ցուցադրել իր նոր տեխնոլոգիայի աշխատանքային նախատիպը։
Եվ իհարկե, մեր դիտարկումը թերի կմնար, եթե չպատմեինք հունվարյան համաշխարհային սենսացիայի մասին։ Լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ «Ճապոնիան սկսել է ապագայի վառելիքի փորձնական արդյունահանումը» և խոստանում է դրա արդյունաբերական արդյունահանումը յուրացնել արդեն 2018-ին։ Ճապոնական «Տիկյու» հետազոտական նավը Հոնսյու կղզու առափնյա մասում կատարել է շելֆի փորձնական հորատում` մեթանհիդրատներից բնական գազ ստանալու նպատակով։ Մեթանի հիդրատը բնության մեջ առավել տարածված գազաբեր հիդրատն է, որն արտաքուստ փխրուն կիսահալ սառույց է հիշեցնում։ Օվկիանոսի հատակին դրա հսկայական պաշարներ կան, բայց յուրացումը մինչև օրս համարվում էր անշահավետ։ Ճապոնացի մասնագետները համոզված են, որ գտել են բավական արդյունավետ տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան օգտագործելու Ճապոնիայի առափնյա ջրատարածքների հանքավայրերը։ Ճապոնիայի ափերը ողողող ջրերի հատակին հիդրատների պարունակած մեթանի կանխատեսվող պաշարները կարող են կազմել 4-20 տրիլիոն խորանարդ մետր և, մասնագետների կանխատեսումներով` դրանք երկրին կհերիքեն մոտավորապես 100 տարի։ Իսկ ամբողջ աշխարհում հիդրատները կարող են երկու անգամ ավելի շատ գազ պարունակել, քան ածխի, նավթի ու սովորական բնական գազի համաշխարհային պաշարները միասին։ Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ Ռուսաստանում պնդում են, որ «մեթանի հեղափոխություն» չի լինի, քանի որ, բացի թանկ լինելուց, ծովային հանքավայրերից մեթանհիդրատի գազի արդյունահանման գլխավոր խնդիրն այն է, որ հորատելիս մեթանը ցնդում է հիդրատներից և «գնում» մթնոլորտ։ Մինչև հիմա անհասկանալի է մնում, թե ինչպես կարելի է այն հավաքել։ Բացի այդ, մեթանհիդրատները կայուն են միայն խորքային բարձր ճնշման պայմաններում։ Սակայն այս ամենը (էկոլոգիային վնաս է, թանկ է, հեքիաթ է) մենք արդեն «անցել ենք» հենց վերջերս` կապված «թերթաքարային էներգետիկայի» հետ։
Այնպես որ, վերը շարադրվածի կապակցությամբ կարելի է ասել միայն, որ թեև այն կանխատեսումները, թե «նավթ» բառը մարդկությունը շուտով կմոռանա, իհարկե, չափազանցված են, սակայն «նավթի դարը», դուր գա, թե ոչ, կարող է շատ ավելի շուտ անցնել` երկրագնդի վրա նավթի պաշարների վերջանալուց դեռ շատ առաջ։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ