«Չինովնիկը որն օգտագործում է պաշտոնն ինքնահարստացման կամ մտերիմների և այլոց հարստացման, շահ ստանալու նպատակով, կոռումպացված անձ է»: Այս ձևակերպումը «Հակակոռուպցիոն» ՀԿ-ի և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանինն է, ով մեզ հետ զրույցում երկրում առկա կոռուպցիայի գործոնով պայմանավորեց արտագաղթը, ինչպես նաև արտաքին պարտքի մեծությունը: Ավելին, ըստ պարոն Մարգարյանի, իշանական բոլոր թևերը կոռումպացված են: «Սա չի նշանակում, որ գործադիրում, նախարարություններում ազնիվ մարդիկ չկան: Սա բացառում եմ: Բայց կան նախկին և ներկա պաշտոնյաներ, որոնց ունեցվածքն էջեր է կազմում: Սա ևս փաստ է»,-ընդգծեց մեր զրուցակիցը` հընթացս հավելելով, որ փաստերի հրապարակումից հետո սկսվելու է գործնական քայլերի փուլը: Ըստ այդմ, դիմելու են եվրոպական կառույցներին, որպեսզի օրենքի շրջանակում կալանքներ դրվեն նրանց հաշիվների վրա, և Հայաստանի պետբյուջե վերադարձվեն գողացված, թալանված գումարները: Մեկ այլ «պատժի» էլ են ենթարկվելու կոռումպացված պաշտոնյաները: «Հակակոռուպցիոնը» հայց կներկայացնի միջազգային դատարան, թե ինչպես է, օրինակ, երկրորդ նախագահն այդքան հարստություն դիզել:
«Հայաստանը դարձել է «փող լվանալու» երկիր: Գումարները գալիս են, պարտքերը կուտակվում են քաղաքացու ուսերին, սակայն փողը գնում է չինովնիկի գրպանը,-նշեց մեր զրուցակիցը և հարցին՝ «սև ցուցակը» մե՞ծ է լինելու, պատասխանեց: «Հիմնականը խորհրդարանն է, որտեղ կենտրոնացված է կոռումպացված էլեմենտը, որը, մանդատ ձեռք բերելով, իր համար «կռիշա» է ստեղծել: Նրանք մեծածավալ թալանի մասնակից են: Հիմնական թիրախը լինելու է գործադիր և օրենսդիր մարմինը»:
Մարգարյանը նաև շեշտեց, որ այս ամենի փորձը կա Եվրոպայում, Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում: Մինչ հունվարի վերջ- փետրվարի կես «Հակակոռուպցիոն» ՀԿ-ն դառնալու է եվրոպական հակակոռուպցիոն ոստիկանական կազմակերպության անդամ:
Այս ամենը, ըստ Գառնիկ Մարգարյանի, ունի նաև քաղաքական ենթատեքստ: «Սա քրտնաջան աշխատանք է ենթադրում, որի նպատակն է համակարգը մաքրելը և համակարգային փոփոխության հասնելը»,-վստահեցրեց ՀԿ-ի ղեկավարը:
Ներկայացնում ենք հիշյալ թեմային առնչվող հեռուստակամուրջը ռուսատանյան գործընկերների հետ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ