ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Մագնիտսկու օրենքի» ռուսական տարբերակը

«Մագնիտսկու օրենքի» ռուսական տարբերակը
11.01.2013 | 00:26

Այն, որ Օբամայի ու Մեդվեդևի «վերաբեռնումը» դատապարտված է ձախողման, վաղուց էր հայտնի: Այն, որ «սառը պատերազմ» բառակապակցությունը վաղուց զարդարում է երկու երկրների հարաբերությունների առավել հոռետեսական կանխատեսումները, նոր երևույթ չէ և բավական կայուն է: Բայց, ցանկացած պարագայում, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ապագա փոխհարաբերությունների բացասական, թեև, այնուամենայնիվ, հուզական ու երևակայական գնահատականներից կոնկրետ քաղաքական միջոցառումների հուն անցնելը շատերի համար այնքան էլ հաճելի երևույթ չէր: Սակայն «Թվիթերի» ՌԴ արտգործնախարարության պաշտոնական էջն ընդգծում է, թե «Վաշինգտոնում երևի մոռացել են` հիմա ո՛ր թվականն է, ու դեռևս հավատում են, թե «սառը պատերազմը» չի ավարտվել», առճակատման կանխավայելումն էլ այս օրերին բառացիորեն ողողել է ռուսական լրատվամիջոցները: Միխայիլ Գորբաչովն էլ հայտարարել է, թե ռազմական առավելության չձգտելու խոստումը «մոռացության է մատնվել», և աշխարհում նոր «սպառազինությունների մրցավազքի» մեկնարկ է տրվել: Եվ, որ ամենահետաքրքրականն է, այսօվա շուռ եկած աշխարհում, որտեղ գաղափարախոսությունը կանոնավորապես զիջում է առանձին քաղգործիչների ու տնտեսական խմբերի օգտապաշտական և անգամ անձնական խնդիրներին, «սառը պատերազմը» ծավալվում է ոչ թե Մերձավոր Արևելքի ճգնաժամի նկատմամբ տարբեր մոտեցումների, և անգամ ոչ թե «ԽՍՀՄ-ը վերածնելու» Կրեմլի նախաձեռնությանը Վաշինգտոնի բացասական վերաբերմունքի, այլ թե՛ քաղաքականությունից, թե՛ տնտեսությունից հեռու ընկած խնդիրների շուրջ:

Եվ այսպես, դեկտեմբերի 6-ին ամերիկյան Սենատը Ռուսաստանին ԱՄՆ-ի կանոնավոր առևտրական գործընկերոջ կարգավիճակ շնորհեց` չեղարկելով հին, իրոք «սառը պատերազմի» վերապրուկ հանդիսացող «Ջեքսոն-Վենիկի» ուղղումը, որը 38 տարի խանգարում էր կարգավորել առևտրական հարաբերությունները ԽՍՀՄ-ի, ապա նաև Ռուսաստանի հետ: Միաժամանակ ամերիկացի օրենսդիրներն ընդունեցին «Մագնիտսկու օրենքը» աղմկոտ գործերին մասնակից ռուս չինովնիկների նկատմամբ պատժամիջոցների մասին (ամերիկյան մուտքի թույլտվության մերժում, տեղական բանկերում եղած հաշիվների սառեցում): Փորձագետների գնահատմամբ, նախագահ Օբաման «ամենևին հակված չէ վեճ սարքելու, որի հետևանքով նա կարող է Ռուսաստանի շահերի պաշտպանների հարվածի տակ հայտնվել մի այդպիսի դավամիտ հարցով, և ամենայն հավանականությամբ, մինչև Նոր տարի իր ստորագրությունը կդնի օրենքի տակ: Նույնիսկ, եթե Օբաման օգտվեր վետոյի իր իրավունքից, հաստատվում է, որ Կոնգրեսը հեշտորեն կհաղթահարեր այն. դրա համար պահանջվում է պալատներից յուրաքանչյուրի ձայների երկու երրորդը, իսկ օրենքը շատ ավելի է հավաքել»: «Կոռումպացված չինովնիկների» ցուցակները պետք է հրապարակվեն 120 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ «Մագնիտսկու օրենքը» կամ «Մագնիտսկու ցուցակը» հիշատակվում է փաստաբան Սերգեյ Մագնիտսկու գործի կապակցությամբ: Նա փորձել էր մերկացնել Ռուսաստանի իշխանության բարձրագույն ատյաններում գործող հանցավոր սխեման, որով, ինչպես նա էր պնդում, «մի քանի տարի շարունակ բյուջեից տասնյակ միլիարդավոր ռուբլի էր քաշվել, խլվել էր ռուս ձեռնարկատերերի բիզնեսը, իսկ տերերը բանտ էին նետվել սարքովի մեղադրանքներով»: Այդ սխեմայում գործել են ՆԳՆ շատ սպաներ, դատախազության, հարկային մարմինների աշխատակիցներ, դատավորներ, փաստաբաններ: Նշվում է, որ «հնարավոր է, բյուջեից 5,4 մլրդ ռուբլու հափշտակման «կնքահայրը» Անատոլի Սերդյուկովն է»` այսօր արդեն պաշտպանության նախկին նախարարը, որը վերջերս Ռուսաստանում բացահայտված կոռուպցիոն ցանցի գլխավոր գործող անձանցից է: Սակայն 2008-ին Մագնիտսկին ձերբակալվեց` հարկերի վճարումից խուսափելու գործում արևմտյան գործարարներին օգնելու մեղադրանքով: Բառացիորեն մեկ տարի հետո փաստաբանը մեռավ «Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարանի հիվանդանոցում: Մահվան պաշտոնական պատճառը մի քանի անգամ փոխվեց, ինչը կասկածանքների տեղիք տվեց ինչպես Ռուսաստանի իրավապահ և ընդդիմադիր շրջանակներում, այնպես էլ Արևմուտքում: Դրանից հետո, ԱՄՆ-ի Կոնգրեսում օրինագիծ առաջադրվեց այն անձանց մուտքը ԱՄՆ արգելելու մասին, ովքեր ենթադրաբար կոռուպցիային և Մագնիտսկու մահվանը մասնակից են եղել: Այնուհետև, Եվրախորհրդարանի կոմիտեն միաձայն հավանություն տվեց մարդու իրավունքների մասին զեկույցի ուղղմանը և Եվրամիության երկրներին կոչ արեց պատժամիջոցներ կիրառել «Մագնիտսկու գործին» հանցակից 60 ռուս չինովնիկների նկատմամբ:
Եվ ահա, երկար քննարկումից և որևէ խմբագրմամբ դրա ընդունմանը Սպիտակ տան դիմադրությունից հետո, օրենքը հաջողությամբ հաստատվեց: Ինչպես մեկնաբանում են լրատվամիջոցները, Կոնգրեսը հաստատել է ամերիկյան բիզնեսի առաջնային խնդիրը, բայց միաժամանակ «Մոսկվայի ձեռքին խփել մարդու իրավունքների խախտման համար», և քվեարկել է հօգուտ այն բանի, որ «ռուս կաշառասուն չինովնիկները հականե-հանվանե նշվեն ու ամոթահարվեն»: Ավելին, հաղորդվում է, որ բրիտանական համայնքների պալատը, որը դեռ գարնանը կառավարությանը կոչ էր արել շրջանառության մեջ դնել «Մագնիտսկու օրենքի» բրիտանական տարբերակը, հիմա, հաստատապես, կմեծացնի ճնշումը: Մեծ է հավանականությունը, որ նույնպիսի գործողություններ կձեռնարկվեն նաև Կանադայում ու Եվրոպայում: Հատկանշական է, որ սենատոր Ջոն Մակքեյնը` օրենքի նախաձեռնողներից մեկը, այն անվանում է «ռուսամետ», քանի որ «դա օրենք է օրենքի գերակայության մասին, մարդու իրավունքների ու այն արժեքների վերաբերյալ հաշվետվության, որոնք թանկ են ռուսների համար»: Ընդհանուր առմամբ, Արևմուտքում տարածում է գտել այն պնդումը, որ արևմտյան երկրներ մուտքի արգելքը կխփի կաշառասունների «ամենացավոտ տեղին», որ ձեռնարկված միջոցն ուղղված չէ ռուսական կառավարության դեմ, որը «տեսականորեն պետք է նույնքան անողոք բացահայտի նրանց, ովքեր միլիարդներ են գողացել ռուս հարկատուներից ու գանձարանից»:
Սակայն Ռուսաստանում, մեծ հաշվով, համակարծիք չեն այդ դիրքորոշմանը ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականում: Լրատվամիջոցները միաձայն աղմուկ են բարձրացրել, որ օրենքը «սադրիչ միջամտություն է Ռուսաստանի ներքին գործերին», որ ամերիկացիները որոշել են «պատժել Պուտինին», որ Մոսկվայի ու Վաշինգտոնի քաղաքական հարաբերությունները «Մագնիտսկու ցուցակի» պատճառով կտուժեն, և որ «այդ աննախադեպ օրենքը նախադեպը չի ունեցել անգամ «սառը պատերազմի» վատթարագույն օրերին»: Ռուսաստանի արտգործնախարարությունում օրենքի ընդունումն անվանել են «աբսուրդի թատրոնի ներկայացում», ուր ամերիկյան օրենսդիրները ցուցադրել են «սոսկ համաշխարհային գործերում Ռուսաստանի սկզբունքային և հետևողական գծի համար վրեժ լուծելու իրենց ոխակալ ցանկությունը»: Եվ ընդգծել են` «նրանց ջանքերը խղճուկ տեսք ունեն»: Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա երկկողմ հարաբերությունների հեռանկարների վրա, և խոստացվել է ի պատասխան ձեռնարկել ինչպես «հայելային միջոցներ» (կմտցվի այն անձանց ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան կարգելվի), այնպես էլ «ասիմետրիկ»` այլ ոլորտներում: Պետդումայում արդեն պատրաստ է արձագանքի ամբողջ երկու տարբերակ` «արտասահմանում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների խախտման հետ կապված ԱՄՆ-ի քաղաքացիների» ցուցակը, և այն ամերիկացիների մուտքը Ռուսաստան արգելելու մտադրությունը, որոնք մասնակից են եղել Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում և առհասարակ աշխարհում մարդու իրավունքների խախտմանը: Վլադիմիր Պուտինը դեռ վաղուց նախազգուշացրել էր Վաշինգտոնին, որ «Մագնիտսկու օրենքի» ընդունման դեպքում Մոսկվան հարկադրված կլինի «հրապարակելու մյուս կողմի պաշտոնատար անձանց ցանկը, որը նման միջոցների կդիմի Ռուսաստանի հանդեպ»: Ճիշտ է, նա չէր նշել` արդյոք դա նշանակո՞ւմ է, թե «հակընդդեմ ցուցակի» մեջ կմտցվեն Կոնգրեսի այն բոլոր անդամները, ովքեր կողմ են քվեարկել օրենքին, ինչպես նաև նախագահ Բարաք Օբաման, եթե ստորագրի այն: Եվ իհարկե, ռուսները, ինչպես միշտ, մտադիր են գործի դնել «սանիտարական մահակը» և, օրինակ, հրաժարվել հավի ու խոզի մսի գնել ԱՄՆ-ից. «Սենատորների ու կոնգրեսականների համար հեշտ չի լինի իրենց ֆերմերներին բացատրել, թե ինչու իրենց գլխին նման փորձանք բերեցին»: Իսկ թե այդ «առևտրական պատժամիջոցներն» ինչպես կհամադրվեն առևտրի ու բիզնեսի ոլորտում բաղձալի և խիստ կարևոր ներողամտության հետ, քարոզչական էքստազի թոհուբոհում շատերի համար կարևոր չէ: Միաժամանակ, սկանդալից անմիջապես հետո ռուսական պաշտոնատար անձինք հանդիպում ունեցան ՈՒոլ սթրիթի պաշտոնյաների հետ, փորձելով ներդրումների համար միջոցներ գտնել: Այնպես որ, շատ հավանական է, որ Մոսկվան շուտով կփորձի «ամերիկացի կապիտալիստներին» պարզաբանել, որ, առհասարակ, ինքն այնքան էլ նեղացած չէ «Մագնիտսկու օրենքի» համար, իսկ աղմուկը թեթև շղարշ էր միայն:
Սակայն հարկ է նշել, որ կոռուպցիայի դեմ ուղղված նման պատժամիջոցները, ըստ էության, «ամերիկյան գյուտ» չեն: Կոնգրեսականների նախաձեռնությունից դեռ շատ առաջ ռուս ընդդիմադիրները քանիցս նշել էին, որ միայն անձնական շահերին ու գրպանին հասցվող հարվածները կարող են սթափեցուցիչ ազդեցություն գործել ռուսական վերնախավի վրա: Ավելին, հիմա էլ ընդդիմության մեջ, իսկ, գլխավորը, ռուսական համացանցային տարածությունում բազմաթիվ կարծիքներ են հնչում, որ «Մագնիտսկու օրենքը» որոշակի հույսեր է ներշնչում, քանի որ Արևմուտքի հետ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ գործողության մեջ է մտնում իրավական նորմ, որն ուղղված է ոչ թե տնտեսության դեմ, այլ «այն նույն ղեկավարության, որը ոչ մի կերպ չի հրաժարվում սպանելու մոլուցքից»: Դրանից էլ հենց նոր օրենքի արդյունավետությունը կարող է շատ ավելի մեծ լինել, քան բրեժնևյան ժամանակների առևտրային սահմանափակումները: Եվ դրանք արդեն ոչ թե խոսքեր են, ոչ թե ժողովրդավարության կոչեր, այլ կոնկրետ ու գործուն միջոցառումներ:
Իսկ հիմա ուշադրություն դարձնենք ևս մեկ, առայժմ չիրացված, բայց մեծ հնչողություն գտած մի հանգամանքի: Ամերիկյան սենատում տեղի ունեցածն անվանել են «ապագա առևտրային համաձայնագրերի համար մի նախադեպ, որն աշխարհին ազդարարում է, որ մարդու իրավունքների չարամիտ խախտումները չեն կարող անպատիժ մնալ»: Օրենքը, ինչպես պնդում են, առաջադրում է ստանդարտներ, որոնք պետք է կիրառվեն լայնապարփակ ընդգրկմամբ: Արդյունքում ընդունվել է մի վարկած, որը տարածվում է միայն Ռուսաստանում մարդու իրավունքները խախտողների վրա: Բայց սենատում խիստ հատկանշական ու անգամ ծրագրային հնչեց այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ն աներկբա դիրք է գրավում մարդու իրավունքները խախտողների նկատմամբ. «Այս օրենքը օրինակ է մեզ համար: Աշխարհը զգուշացված է»: Այնպես որ, պետք չէ բացառել, որ մենք նոր մոտեցումներ ենք նկատում Արևմուտքի գործողություններում ու ծրագրերում: Եվ այստեղ մնում է միայն ավելացնել` ամբողջ նախկին խորհրդային տարածքում «ականջ ունեցողը թող լսի»:


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ