ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Զուրաբիշվիլին ցանկանում է հանդիպել Պուտինի ու Էրդողանի հետ

Զուրաբիշվիլին ցանկանում է հանդիպել Պուտինի ու Էրդողանի հետ
28.12.2020 | 09:52

Քչերն էին ենթադրում, որ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի միջև ղարաբաղյան պատերազմի դադարեցման եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո իրադարձությունները Անդրկովկասում այսքան արագ կզարգանան: Թեպետ Hürriyet-ը, հանգամանալից վերլուծելով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը, նախազգուշացնում էր, որ «արտաքուստ իրադարձությունների տեսանելի ընթացքը այսբերգի միայն վերջրյա հատվածն է, իսկ սառցալեռան հիմնական մասը խոր ջրերի տակ է, որտեղ ծավալվել, ծավալվում ու ակնհայտորեն շարունակվելու է միջազգային տերությունների պայքարը»: Իրոք, Անդրկովկասում սերտ շաղկապված են Ռուսաստանի, Արևմուտքի. Թուրքիայի և Իրանի շահերը: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը վաղուց ինտեգրված է գործընթացների բարդ կոնգլոմերատի մեջ, որ տեղի են ունենում Սիրիայից Լիբիա, գործընթացների, որ արմատներով գնում են Վրաստան: Այս ուղղություններից ցանկացածում տեղաշարժերն անմիջապես հանգեցնում են աշխարհաքաղաքական գործոնների փոփոխության: Դատեք ինքներդ: Դեռ վերջերս գերմանական Cicero-ն գրում էր. «Վրաստանը զարգանում էր Արևմուտքի համար դրական ուղղությամբ, հետևում թողնելով ոչ միայն ԵՄ թեկնածուներին նախկին Հարավսլավիայից, այլև ԵՄ որոշ անդամների»: Եվ հանկարծ Բրյուսելը սկսեց անհանգստություն հայտնել, որ Թբիլիսին կարող է արևմտյան ճանապարհից շեղվել: Ինչու՞: Թուրքիայի Haber7-ը հաղորդում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ելույթ ունենալով «Վրաստանի դեսպանների կոնֆերանս-2020»-ում, աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկին՝ մասնակցել 6 երկրների համագործակցության պլատֆորմին՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Ադրբեջան-Հայաստան: Haber7-ի գնահատականով՝ դա ենթադրում է շփումներ Թբիլիսիի ու Մոսկվայի միջև ամենաբարձր մակարդակով: Վրաստանի ընդդիմությունը այդ հեռանկարը սվիններով ընդունեց, հայտարարելով, որ «պլատֆորմը, որին կարող է մասնակցել Ռուսաստանը, անընդունելի է Վրաստանի համար» և մեղադրեց Զուրաբիշվիլիին, որ նրա դիրքորոշումը «հակասում է երկրի ազգային անվտանգության շահերին»: Բայց դա ոչինչ չի փոխում սկզբունքորեն: Թեպետ պաշտոնապես Վրաստանի նախագահը ընդգծել է, որ «իր երկրի ինտեգրումը ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին արտաքին քաղաքականության գերակայություն է», կառուցել տարածաշրջանային խաղաղությունը նա մտադիր է այլ գործընկերների հետ: Մեկ հպանցիկ հայացքը աշխարհագրական քարտեզին բավական է՝ հասկանալու, որ որքան շահեկան էր Վրաստանի ռազմավարական դրությունը որպես Արևելքի ու Արևմուտքի միջև հանգուցային կետի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոյության պայմաններում, հատկապես Մետաքսի ճանապարհին: Վրաստանն այդ առավելությունները ծառայեցնում էր իր շահերին: Հիմա իրավիճակը փոխվել է և պետք է շտապել նոր որոշումներում: Շատ քիչ ժամանակ է անցել նոյեմբերի 10-ի համաձայնագրի ստորագրումից, իսկ դեկտեմբերի 4-ին Ստամբուլից Չինաստան է ուղևորվել առաջին բեռնատար գնացքը և դեկտեմբերի 20-ին հասել է Սիան: Երկու շաբաթում գնացքն անցել է 2 մայրցամաք, 2 ծով ու 5 երկիր՝ հաղթահարել 8693 կիլոմետր՝ Թուրքիայով, Վրաստանով, Ադրբեջանով, Կասպից ծովով, Ղազախստանով: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ գնացքն անցել է Տրանսկասպիական միջին «Արևելք-Արևմուտք» միջանցքով, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով: «Պատմական ճանապարհորդությունը» ներառել է 2300 կմ Թուրքիայով, 220 կմ Վրաստանով, 430 կմ Ադրբեջանով, 420 կմ Կասպից ծովով (լաստով), 3200 կմ Ղազախստանով, 2100 կմ Չինաստանով: 754 մետրանոց վագոնաշարը կենցաղային տեխնիկա էր տեղափոխում: Բայց եթե Վրաստանը բացառապես արևմտյան լոբբիստների ճնշման տակ հեռանա տարածաշրջանային նոր անվտանգության ստեղծումից ու «Էրդողանի պլատֆորմից», իր տարածքով անցնող հաղորդակցուղիների լոգիստիկ հանգույցը կարող է այլ ուղղությամբ տեղափոխվել: Habertürk-ը ուշադրություն է դարձնում՝ որքան արագ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց Բարդա-Աղդամ երկաթուղու նախագծման ու կառուցման հրամանագիրը և հանձնարարեց վերականգնել Նախիջևանի Ինքավար Հանրապետության երկաթուղին: «Ադրբեջանի երկաթուղին» անոնսել է նոր երկաթգծի կառուցումը մինչև «Ստեփանակերտ» կայարան, թեպետ ըստ ամենայնի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ չգտնվող Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավում շինարարությունը կատարելու է Ռուսաստանը: Հեռանկարում մինչև Թուրքիայի տարածք վերականգնված ու երկարացված երկաթուղին կարող է դառնալ Թուրքիայի միջանցի մաս, իսկ Հայաստանի տարածքում գտնվող հատվածը կվերահսկեն ռուս սահմանապահները: Անկարան արդեն հայտարարել է, որ պատրաստ է կառուցել երկաթուղին Թուրքիայի տարածքից Նախիջևան: Քննարկվում է նաև Կարս-Գյումրի-Նախիջան-Մեղրի-Բաքու երկաթուղային հատվածի վերականգման հարցը՝ Թուրքայից՝ Հայաստանի միջով: Տարածաշրջանի տրանսպորտային ու էներգետիկ կոնֆիգուրացիայի փոփոխությունները Վրաստանի համար կարող են մեծ կորուստների վերածվել, եթե Թբիլիսին չօգտագործի նոր հնարավորությունները: Պետական կողմնորոշում ունեցող ռուսական բիզնեսի օրինակը ցույց է տվել՝ երբ բեռները Վրաստանից գործնականում ամբողջությամբ անհետացել են երկաթուղուց և ոչբարեկամանական մերձբալթայն երկրների նավահանգիստներից, ստիպելով նրանց տրանսպորտի աշխատողներին արցունքոտ նամակներ գրել՝ բեռնափոխադրումները վերականգնելու խնդրանքով: Դա է հիմա պահի գլխավոր ջիղը: Եվ ոչ միայն: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ Ռուսաստանը երկաթուղիով Ադրբեջան է ուղարկել Ղարաբաղի խաղաղապահների համար նախատեսված բեռը, այդ ակցիաները տեղի են ունենում Բաքվի ու Մոսկվայի միջև ստորագրված հուշագրով: Մեծ է Ստեփանակերտի օդանավակայի շահագործման հավանականությունը, որ հիպոթետիկ ունակ է ընդունել ծանր ռազմատրանսպորտային ավիացիա: Օդանավակայանը կարող է դառնալ քաղաքացիական բեռների փոխադրման կենտրոն, իսկ հեռանկարում՝ Լեռնային Ղարաբաղի տնտեսական աճի կարևոր բաղադրիչ: Ռուսաստանից ուղիղ երթուղին կվերացներ լոգիստիկայի ու մատակարարման բազում խնդիրներ, կստեղծեր նոր օպերացիոն հնարավորություններ 15-րդ խաղաղապահ բրիգադի զորամիավորման համար: Դա կարող է օգնել Ադրբեջանից Նախիջևանի ինքնավարություն ճանապարհի կառուցման նախագծին: Առաջարկներ կան վերականգնելու երկաթուղային հաղորդակցությունը և ստեղծելու երկաթուղագիծ, որ կարող է միացնել Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը: Պատահաբար չէ Չինաստանի Սիան քաղաքը եղբայրական հարաբերություններ կառուցում Գյումրիի հետ: Փոփոխությունները Ղարաբաղում ու Անդրկովկասում նոր փուլ են մտնում: Թուրքական ԶԼՄ-ները հղում անելով Էրդողանին, հաղորդում են, որ «Թբիլիսին արդեն դուրս է եկել Անկարայի վրա՝ նպատակ ունենալով քննարկել տարածաշրջանում անվտանգության ու համագործակցության 6-ի պլատֆորմի ձևաչափով դիվանագիտական ջանքերի ձևավորումն ու պրակտիկ իրագործումը», որ Էրդողանն այդ թեման քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նա «այդ նախագծին դրական է վերաբերվել»: Բայց կան բազում ստորջրյա խութեր, որ անհրաժեշտ է հաղթահարել ենթադրվող նախագծի մասնակիցներին: Սալոմե Զուրաբիշվիլին օպորտունիզմ է դրսևորում Ֆրանսիայի նկատմամբ, որի կողմնորոշումն ուներ նախկինում: Փարիզը դեմ է Անկարայի հետ ցաննկացած ալյանսի և զգուշանում է տարածաշրջանում որևէ ալյանսի ստեղծումից առանց ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մասնակցության: Ծագում է նաև ՆԱՏՕ-ի ներկայության հարցը Վրաստանում: Նախկինում Անկարան Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամակցության կողմնակից էր, բայց հայտնի չէ՝ հիմա իրեն ինչպես կպահի: Հայտնվել է նաև ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ցրման հեռանկարը: Հաշվի առնելով այս փաստերը՝ Չինաստանի «Ժենմին ժիբաոն» կանխատեսում է, որ «ղարաբաղյան պատերազմից հետո սկսվել է Անդրկովկասում խոշոր արտաքին խաղացողների պայքարի նոր փուլը, որ այնտեղ պահպանվի լարումը»: Տեղաշարժերը տարածաշրջանում թափ են հավաքում և պետք է պատրաստ լինել իրադարձությունների հետագա զարգացումներին:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Վրաստանի արտոնյալ կարգավիճակը վերանում է, եթե իսկապես տարածաշրջանում ապաշրջափակվեն ճանապարհները, եթե Անկարան բացի Հայաստանի հետ սահմանը, եթե գործի Ռուսաստան-Հայաստան երկաթուղին, բայց այս ամենը վարկած է, հիպոթետիկ դատողություններ, որ Անկարային ու Բաքվին ձեռնտու է ներկայացնել տեսանելի ապագա: Նույնը՝ Մոսկվային: Պատերազմի ժամանակ ռուսները գրում էին, որ ԱՄՆ-ը օգտագործում է Թուրքիային՝ զսպելու Ռուսաստանի ու Իրանի ներգործության տարածումը տարածաշրջանում, հիմա ստացվում է, որ Թուրքիան ու Ռուսաստանը ԱՄՆ-ի՞ն են դուրս մղում տարածաշրջանից: Ո՞րն է իրականությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ձեռնտու է միայն ու միայն Բաքվին, որպեսզի չլինի որևէ կառույց, որը ԵԱՀԿ մանդատն ունենալով՝ կզբաղվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակով, և հարցը լուծվի Մոսկվա-Անկարա ձևաչափով, որին դեմ չէ նաև Մոսկվան, թեպետ հրապարակային չի առարկում Մինսկի խմբի գոյությանը: Ի՞նչն է ձեռնտու Հայաստանին ու Արցախին: Առաջին հերթին՝ Մինսկի խմբի ձևաչափի անփոփոխ գործունեության շարունակումը: Երկրորդ՝ միայն Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի լուծումից հետո կարող են վերականգնվել տրանսպորտային հաղորդակցուղիները ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետը կարող է գործել, երբ հստակ լինեն միջպետական հարաբերությունները՝ սա պիտի լինի 2021-ին ՀՀ դիվանագիտության խնդիրը: Միայն Հայաստանի ինքնիշխանության վերականգնումից ու Արցախի կարգավիճակի որոշարկումից հետո կարող են դիվանագիտական հարաբերություններ հաստատվել Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի միջև: Ինչ պահանջներ ու ցանկություններ էլ ունենան Անկարան ու Բաքուն, Հայաստանը նրանց հետ պաշտոնապես չի պատերազմել, ուստի Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարող լինել հաղթածի ու պարտվածի հարաբերություններ: Ինքնին հասկանալի է, որ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին ևս ձեռնտու է տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցության արգելքների վերացումը, այլապես Վրաստանը պատրաստակամություն չէր հայտնի Էրդողանի առաջարկած 6-ի պլատֆորմին մասնակցել: Եվ չի բացառվում, որ նրանք պատրաստ են ներդրումներ անել ապագա ճանապարհների կառուցման ու նոր պայմաններում ձևավորվող տնտեսության մեջ: Իրոք, պետք է պատրաստ լինել իրադարձությունների հետագա զարգացումներին, բայց հետագա իրադարձությունները չպետք է ծավալվեն Անկարա-Մոսկվա առանցքի շուրջ՝ դա, միանշանակ, կորստաբեր է Հայաստանի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 21424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ